Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Մնա Աստծու սիրո մեջ

 ԳԼՈՒԽ 6

Ժամանցի ճիշտ ընտրություն

Ժամանցի ճիշտ ընտրություն

«Ամեն բան Աստծու փառքի համար արեք» (1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐ 10։31)

1, 2. Ի՞նչ պետք է հաշվի առնենք ժամանցի ընտրության առնչությամբ։

ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ մի ախորժելի միրգ ես վերցրել և պատրաստվում ես ուտել։ Հանկարծ նկատում ես, որ վրան փչացած տեղ կա։ Ի՞նչ կանես։ Կուտե՞ս միրգը՝ ներառյալ փչացած հատվածը։ Ամբողջ միրգը դե՞ն կնետես։ Թե՞ կկտրես փչացած մասը, իսկ մնացածը կուտես։ Այս երեքից ո՞րը կանես։

2 Որոշ առումով զվարճությունները նման են այս մրգին։ Բոլորս էլ ցանկանում ենք երբեմն զվարճանալ։ Սակայն հավանաբար ինքդ էլ նկատել ես, որ մեծ մասամբ ժամանցի այսօրվա ձևերը «փչացած» են։ Ուրեմն ի՞նչ պետք է անես։ Ոմանք գուցե հանդուրժեն «փչացած տեղերը» և «ուտեն» այն, ինչ առաջարկում է այս աշխարհը։ Ոմանք էլ գուցե բոլորովին հրաժարվեն զվարճություններից, որպեսզի համոզված լինեն, որ պաշտպանված են ցանկացած բացասական ազդեցությունից։ Իսկ ոմանք գուցե, զգուշություն դրսևորելով, խուսափեն վնասակար զվարճություններից և ընտրեն ժամանցի համեմատաբար ավելի առողջ ձևեր։ Ի՞նչ ընտրություն պետք է անես, որ մնաս Աստծու սիրո մեջ։

3. Ի՞նչ կքննենք հիմա։

3 Մեծամասնությունս կընտրենք երրորդ տարբերակը։ Ճիշտ է, մենք զվարճանալու կարիք ունենք, սակայն ուզում ենք ժամանցի այնպիսի ձևերից օգտվել, որոնք չեն վնասի մեզ բարոյական առումով։ Բայց նախևառաջ պետք է իմանանք, թե ինչպես տարբերել ժամանցի օգտակար ձևերը վնասակար ձևերից։ Մինչ այդ եկեք տեսնենք, թե ինչպես կարող  է ժամանցի ընտրությունը ազդել Եհովային մատուցած մեր երկրպագության վրա։

«ԱՄԵՆ ԲԱՆ ԱՍՏԾՈՒ ՓԱՌՔԻ ՀԱՄԱՐ ԱՐԵՔ»

4. Ինչպե՞ս է նվիրումը մտքում վառ պահելը անդրադառնում ժամանցի ընտրության վրա։

4 Դեռևս 1946թ.-ին մկրտված մի տարեց Վկա տարիներ առաջ ասաց. «Ես միշտ լսում եմ մկրտության ելույթներն այնպես, կարծես՝ մկրտվողներից մեկն եմ»։ Ինչո՞ւ։ Նա բացատրում է. «Այդպես իմ նվիրումը վառ եմ պահում մտքումս, ու դա օգնում է, որ մնամ հավատարիմ»։ Անշուշտ, կհամաձայնվես նրա հետ։ Երբ հիշեցնում ես ինքդ քեզ, որ խոստացել ես Եհովային ողջ կյանքում ծառայել իրեն, դա օգնում է, որ պահես հավատարմությունդ (կարդա՛  Ժողովող 5։4)։ Իրականում նվիրմանդ մասին մտորելը ազդում է ոչ միայն քրիստոնեական ծառայության հանդեպ քո վերաբերմունքի, այլև կյանքիդ յուրաքանչյուր ոլորտի վրա։ Դու ավելի վճռական ես դառնում բոլոր հարցերում, այդ թվում ժամանցի ընտրության հարցում վարվել Պողոս առաքյալի հետևյալ խոսքերի համաձայն. «Ուրեմն ուտեք թե խմեք և ուրիշ ինչ էլ որ անեք, ամեն բան Աստծու փառքի համար արեք» (1 Կորնթացիներ 10։31

5. Ի՞նչ եզրակացության կարող ենք գալ՝ համեմատելով Ղևտական 22։18–20 և Հռոմեացիներ 12։1 համարները։

5 Ամեն բան, ինչ անում ես քո կյանքում, անդրադառնում է Եհովային  մատուցվող քո երկրպագության վրա։ Հռոմեացիներին գրած իր նամակում Պողոսը ազդեցիկ խոսքերով արտահայտեց այս ճշմարտությունը։ Նա հավատակիցներին հորդորեց. «Ձեր մարմինները ներկայացրեք որպես զոհ՝ կենդանի, սուրբ և Աստծուն ընդունելի, այսինքն՝ սուրբ ծառայություն մատուցեք ձեր բանականությամբ» (Հռոմեացիներ 12։1)։ «Մարմինը» ներառում է միտքը, սիրտը և ողջ ուժերը։ Այս ամենը մենք ներդնում ենք Աստծուն ծառայելու մեջ (Մարկոս 12։30)։ Պողոսը այսպիսի բոլորանվեր ծառայությունը համեմատում է «զոհի» հետ։ Այս բառը հիշեցնում է մեզ այն զգուշացումը, որ տրվել է Մովսիսական օրենքում՝ արատ ունեցող զոհը անընդունելի է Աստծուն (Ղևտական 22։18–20)։ Նմանապես, եթե քրիստոնյայի մատուցած հոգևոր զոհը որևէ կերպ արատավորվել է, այն ընդունելի չի լինի Աստծուն։ Բայց ինչպե՞ս կարող է դա լինել։

6, 7. Ո՞ր դեպքում քրիստոնյան կարատավորի իր մարմինը, և ի՞նչ հետևանքներ դա կունենա։

6 Պողոսը Հռոմում ապրող քրիստոնյաներին զգուշացրեց. «Ձեր [մարմնի] անդամները մեղքին մի՛ ներկայացրեք»։ Նաև հորդորեց նրանց «սպանել մարմնի գործերը» (Հռոմեացիներ 6։12–14; 8։13)։ Իր նամակի սկզբում նա «մարմնի գործերի» որոշ օրինակներ էր նշել։ Մեղավոր մարդկանց մասին կարդում ենք. «Նրանց բերանը լի է անեծքով.... Նրանց ոտքերը շտապում են արյուն թափելու.... Աստծու հանդեպ վախ չկա նրանց աչքի առաջ» (Հռոմեացիներ 3։13–18)։ Քրիստոնյան կարատավորի իր մարմինը, եթե իր մարմնի «անդամներով» նման մեղավոր գործեր անի։ Օրինակ՝ եթե այսօր քրիստոնյան գիտակցաբար նայի անբարո տեսարաններ, ինչպիսին պոռնկագրությունն է, կամ դիտի բռնության դաժան տեսանյութեր, ապա նա այդպես իր աչքերը կներկայացնի մեղքին, ինչի հետևանքով իր ամբողջ մարմինը կարատավորի։ Այս դեպքում նրա մատուցած ծառայությունը կդառնա անընդունելի զոհ Աստծու համար, քանի որ այն արդեն արատավոր է (2 Օրենք 15։21; 1 Պետրոս 1։14–16; 2 Պետրոս 3։11)։ Որքա՜ն անխոհեմ քայլ կլինի դա։

 7 Պարզ է, որ ժամանցի ընտրությունը լուրջ հարց է քրիստոնյաների համար։ Ուստի մենք պետք է համոզված լինենք, որ մեր ընտրած զվարճությունը ոչ թե կարատավորի, այլ պատվաբեր կդարձնի Եհովային մատուցած մեր զոհը։ Եկեք հիմա քննենք, թե ինչպես կարող ենք տարբերել ժամանցի օգտակար ձևերը վնասակար ձևերից։

«ԶԶՎԵՔ ՉԱՐԻՑ»

8, 9. ա) Ի՞նչ երկու տիպի կարելի է բաժանել ժամանցի ձևերը։ բ) Ժամանցի ո՞ր ձևերից ենք հրաժարվում և ինչո՞ւ։

8 Ընդհանուր առմամբ կարելի է առանձնացնել ժամանցի երկու տիպ։ Մեկում ժամանցի այն ձևերն են, որոնք քրիստոնյան հաստատ չի ընտրի։ Մյուսում այն ձևերն են, որոնք առանձին քրիստոնյաներ գուցե ընդունելի կամ անընդունելի համարեն։ Եկեք նախ նկատի առնենք առաջին տիպը՝ այն զվարճությունները, որոնցից քրիստոնյան կհրաժարվի։

9 Ինչպես նշվեց առաջին գլխում, ժամանցի որոշ ձևեր ընդգրկում են այնպիսի բաներ, որոնք Աստվածաշունչը բացահայտորեն դատապարտում է։ Օրինակ՝ կան այնպիսի վեբ կայքեր, ֆիլմեր, հեռուստահաղորդումներ և երգեր, որոնք ունեն վայրագ կամ դիվային բնույթ, պարունակում են պոռնկագրություն և խրախուսում են անբարոյություն ու այլասերվածություն։ Զվարճության այս ապականված ձևերը բնական և ընդունելի են ներկայացնում այն գործերը, որոնք ոտնահարում են Աստվածաշնչի սկզբունքներն ու օրենքները։ Ճշմարիտ քրիստոնյաները մերժում են ժամանցի այս ձևերը (Գործեր 15։28, 29; 1 Կորնթացիներ 6։9, 10; Հայտնություն 21։8)։ Ամեն անգամ հրաժարվելով ժամանցի նման ձևերից՝ Եհովայի առաջ դու փաստում ես, որ իսկապես «զզվում ես» ու «հեռանում ես չարից»։ Նման կերպով դու ցույց ես տալիս, որ «կեղծավորությունից զերծ հավատ» ունես (Հռոմեացիներ 12։9; Սաղմոս 34։14; 1 Տիմոթեոս 1։5

10. Ժամանցի վերաբերյալ ո՞ր մտածելակերպն է վտանգավոր և ինչո՞ւ։

10 Սակայն ոմանք այն կարծիքին են, որ անբարոյություն  դիտելը վնասակար չէ։ Նրանք այսպես են տրամաբանում. «Ես ընդամենը նայում եմ։ Անձամբ երբեք նման բան չեմ անի»։ Այդպես նրանք փորձում են իրենք իրենց խաբել, և դա վտանգավոր է (կարդա՛  Երեմիա 17։9)։ Եթե մեզ համար զվարճալի է դիտել մի բան, ինչը Եհովան դատապարտում է, կարո՞ղ ենք ասել, որ իսկապես զզվում ենք չարից։ Անընդհատ դիտելով, լսելով և կարդալով բաներ, որոնք պարունակում են դատապարտելի արարքներ՝ մենք կբթացնենք մեր խիղճը (Սաղմոս 119։70; 1 Տիմոթեոս 4։1, 2)։ Այդ սովորությունը նաև կանդրադառնա նման արարքների հանդեպ մեր վերաբերմունքի և մեր վարքի վրա։

11. Ինչո՞ւ կարելի է ասել, որ Գաղատացիներ 6։7-ը ճշմարիտ է նաև ժամանցի ընտրության հարցում։

11 Իրողությունն այն է, որ կանոնավորաբար անվայել տեսարաններ դիտելու պատճառով որոշ քրիստոնյաներ անբարոյություն են գործել։ Նրանք իրենց դառը փորձով են համոզվել, որ «մարդ ինչ որ ցանի, այն էլ կհնձի» (Գաղատացիներ 6։7)։ Ուստի եթե դու քո մտքում լավ բաներ ցանես, բարիք կհնձես (տես « Ինչպիսի՞ ժամանց եմ ընտրում» շրջանակը)։

ԱՌԱՋՆՈՐԴՎԵՆՔ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՈՎ

12. Ինչպե՞ս է Գաղատացիներ 6։5-ը առնչվում ժամանցի ընտրությանը, և այս առումով ի՞նչ առաջնորդություն ունենք։

12 Այժմ անդրադառնանք ժամանցի երկրորդ տիպին։ Ինչպե՞ս վարվել, եթե ժամանցի տվյալ ձևի վերաբերյալ Աստվածաշնչում կոնկրետ բան չի ասվում՝ ո՛չ դրական, ո՛չ բացասական։ Այս պարագայում յուրաքանչյուր քրիստոնյա անձամբ է որոշում, թե ինչն է իր համար ընդունելի (կարդա՛  Գաղատացիներ 6։5)։ Սակայն այս դեպքում ևս ունենք առաջնորդություն։ Աստվածաշնչում կան սկզբունքներ՝ հիմնարար ճշմարտություններ, որոնք օգնում են հասկանալ Եհովայի մտածելակերպը։ Ուշադրություն դարձնելով այդ սկզբունքներին՝ մենք կհասկանանք, թե տարբեր հարցերում, այդ թվում  նաև ժամանցի ընտրության հարցում «որն է Եհովայի կամքը» (Եփեսացիներ 5։17

13. Ի՞նչը կմղի մեզ հրաժարվել ժամանցի այն ձևերից, որոնք գուցե տհաճ լինեն Եհովային։

13 Ինչ խոսք, բարոյականության սկզբունքների ընկալումը կամ խորաթափանցությունը տարբեր քրիստոնյաների մոտ տարբեր է (Փիլիպպեցիներ 1։9)։ Բացի այդ, ժամանցի հարցում էլ մարդկանց ճաշակները տարբեր են։ Ուստի չպետք է  ակնկալենք, որ բոլոր քրիստոնյաները նույն ընտրությունը կանեն։ Ինչքան շատ թույլ տանք, որ աստվածաշնչյան սկզբունքները ներթափանցեն մեր սիրտն ու միտքը, այնքան ավելի մեծ ցանկություն կունենանք հրաժարվելու ժամանցի այն ձևերից, որոնք գուցե տհաճ լինեն Եհովային (Սաղմոս 119։11, 129; 1 Պետրոս 2։16

14. ա) Ժամանցի հետ կապված՝ ուրիշ ի՞նչ հանգամանք պետք է հաշվի առնենք։ բ) Ի՞նչը կօգնի, որ Թագավորության շահերը առաջին տեղում դնենք։

14 Ժամանցի ընտրության հարցում հարկավոր է հաշվի առնել ևս մեկ հանգամանք՝ քո ժամանակը։ Այն, թե ինչպիսի ժամանց ես ընտրում, ցույց է տալիս, թե ինչն ես ընդունելի համարում։ Մինչդեռ այն, թե որքան ժամանակ ես դրան հատկացնում, ցույց է տալիս, թե ինչն ես կարևոր համարում։ Քրիստոնյաների համար, ինչ խոսք, ամենակարևորը հոգևորն է (կարդա՛  Մատթեոս 6։33)։ Ուրեմն ի՞նչ կարող ես անել, որ Թագավորության շահերը քո կյանքում առաջին տեղում լինեն։ Պողոս առաքյալն ասաց. «Ամենայն ուշադրությամբ հետևեք, որ վարվեք ոչ թե անմիտների պես, այլ իմաստունների պես, և ձեզ համար գնեք հարմար ժամանակը» (Եփեսացիներ 5։15, 16)։ Դա նշանակում է, որ մեր ժամանակը պետք է ճիշտ օգտագործենք՝ հստակ սահմաններ դնենք, թե որքան ժամանակ ենք տրամադրելու ժամանցին։ Դա կօգնի, որ բավարար ժամանակ ունենանք «ավելի կարևոր» բաների համար՝ այն գործերի, որոնք կնպաստեն մեր հոգևոր առողջությանը (Փիլիպպեցիներ 1։10

15. Ինչո՞ւ է խելամիտ չմոտենալ անթույլատրելիի սահմանին։

15 Ժամանցի որևէ ձև ընտրելիս խելամիտ կլինի ուշադիր լինել և չմոտենալ անթույլատրելիի սահմանին։ Ի՞նչ է դա նշանակում։ Հիշենք մրգի օրինակը։ Այն ուտելու համար կկտրենք ոչ միայն փչացած մասը, այլև մի փոքր ավելին։ Նույնը կարելի է ասել ժամանցի մասին։ Իմաստուն քրիստոնյան կհրաժարվի ժամանցի ոչ միայն դատապարտելի ձևերից, այլև նրանցից, որոնք կասկածելի են, և թվում է՝ պարունակում են այնպիսի տարրեր, որոնք վնասակար են հոգևոր  առողջության համար (Առակներ 4։25–27)։ Աստծու Խոսքին կառչած լինելը կօգնի մեզ մնալ ապահով գոտում։

«ԻՆՉԸ ՈՐ ՄԱՔՈՒՐ Է»

Եթե ժամանցի ընտրության հարցում հետևենք Աստվածաշնչի սկզբունքներին, հոգևորապես պաշտպանված կլինենք

16. ա) Ինչպե՞ս ենք արտացոլում Եհովայի տեսակետը բարոյականությանն առնչվող հարցերում։ բ) Աստվածաշնչի սկզբունքները կիրառելը ինչպե՞ս կդառնա քո կենսակերպը։

16 Ժամանց ընտրելիս ճշմարիտ քրիստոնյան նախևառաջ հաշվի է առնում Եհովայի տեսակետը։ Աստվածաշունչը բացահայտում է տարբեր հարցերի հետ կապված Եհովայի վերաբերմունքը և սահմանած չափանիշները։ Օրինակ՝ Սողոմոն թագավորը նշեց մի քանի բաներ, որ Եհովան ատում է՝ «ստախոս լեզու, անմեղ արյուն թափող ձեռքեր, չար ծրագրեր հնարող սիրտ, չարիք գործելու համար արագ վազող ոտքեր» (Առակներ 6։16–19)։ Ինչպե՞ս պետք է վարվենք, երբ իմանում ենք Եհովայի տեսակետը։ Սաղմոսերգուն ասաց. «Ո՛վ դուք Եհովային սիրողներ, ատեցե՛ք չարությունը» (Սաղմոս 97։10)։ Մեր ընտրած ժամանցի ձևից հստակ երևում է՝ արդյոք իսկապես ատում ենք այն, ինչ Եհովան է ատում (Գաղատացիներ 5։19–21)։ Հիշիր նաև, որ այն, թե ինչպիսի մարդ ես իրականում, ավելի շատ երևում է նրանից, թե ինչ ես անում, երբ մենակ ես (Սաղմոս 11։4; 16։8)։ Ուրեմն, եթե սրտանց ցանկանում ես քո կյանքում արտացոլել բարոյականության վերաբերյալ Եհովայի տեսակետը, ապա միշտ ընտրություն կանես Աստվածաշնչի սկզբունքներին ներդաշնակ։ Ժամանակի ընթացքում դա կդառնա քո կենսակերպը (2 Կորնթացիներ 3։18

17. Նախքան ժամանցի որևէ ձև ընտրելը ի՞նչ հարցեր պետք է տաս ինքդ քեզ։

 17 Ուրիշ ի՞նչ կարող ես անել համոզված լինելու համար, որ ժամանցի ընտրության հարցում Եհովայի տեսակետին համաձայն ես վարվում։ Մտածիր՝ ինչպես այն կազդի քեզ և Եհովայի հետ ունեցած քո փոխհարաբերությունների վրա։ Օրինակ՝ նախքան որևէ ֆիլմ դիտելը հարցրու ինքդ քեզ. «Այս ֆիլմը չի՞ վնասի իմ խիղճը»։ Քննենք մի քանի սկզբունքներ, որոնք կիրառելի են այս դեպքում։

18, 19. ա) Ինչպե՞ս է Փիլիպպեցիներ 4։8-ի սկզբունքը օգնում որոշելու՝ զվարճության ճիշտ ձև ենք ընտրել, թե ոչ։ բ) Ուրիշ ո՞ր սկզբունքները կարող են օգնել, որ ճիշտ ընտրություն կատարես (տես ծանոթագրությունը)։

18 Կարևոր սկզբունք ենք գտնում Փիլիպպեցիներ 4։8-ում, որտեղ ասվում է. «Ինչը որ ճշմարիտ է, ինչը որ լուրջ ուշադրության է արժանի, ինչը որ արդար է, ինչը որ մաքուր է, ինչը որ սեր է առաջ բերում, ինչի մասին որ լավն են խոսում, ինչը որ առաքինի է, և ինչը որ գովասանքի է արժանի, շարունակ այս բաների մասին մտածեք»։ Ճիշտ է, Պողոսն այստեղ խոսում է ոչ թե զվարճությունների, այլ սրտի խորհրդածությունների մասին, որոնք պետք է կենտրոնացած լինեն Աստծուն հաճելի բաների վրա (Սաղմոս 19։14)։ Այդուհանդերձ, նրա խոսքերը կարող են սկզբունք հանդիսանալ ժամանցի ընտրության հարցում։ Ինչպե՞ս։

19 Հարցրու քեզ. «Իմ ընտրած ֆիլմերը, տեսախաղերը, երգերը և ժամանցի այլ ձևերը լցնո՞ւմ են միտքս մաքուր բաներով»։ Մտածիր, օրինակ՝ թե որևէ ֆիլմ նայելուց հետո ի՞նչ պատկերներ են տպված լինում քո մտքում։ Եթե ֆիլմը հաճելի, մաքուր և թարմացնող էր, ապա կարելի է ասել, որ ճիշտ ընտրություն էիր արել։ Սակայն եթե ֆիլմից հետո անմաքուր մտքեր են առաջանում, նշանակում է՝ քո ընտրությունը լավը չէր, նույնիսկ վնասակար էր (Մատթեոս 12։33; Մարկոս 7։20–23)։ Ինչո՞ւ։ Որովհետև անմաքուր մտքերը խաթարում են քո ներքին խաղաղությունը, վնասում են Աստվածաշնչով մարզված խիղճդ և կարող են վտանգել անգամ  Աստծու հետ քո փոխհարաբերությունները (Եփեսացիներ 5։5; 1 Տիմոթեոս 1։5, 19)։ Ուստի այս աղետալի հետևանքներից խուսափելու համար վճռականորեն հրաժարվիր դրանցից * (Հռոմեացիներ 12։2)։ Ընդօրինակիր սաղմոսերգուին, ով աղոթեց Եհովային. «Աչքերս հեռացրո՛ւ անարժան բաներ տեսնելուց, կենդանի՛ պահիր ինձ քո ճանապարհին» (Սաղմոս 119։37

ՀԱՇՎԻ ԱՌ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ

20, 21. Ինչպե՞ս է 1 Կորնթացիներ 10։23, 24-ը առնչվում ժամանցի ճիշտ ընտրությանը։

20 Պողոսը նշեց մի կարևոր սկզբունք, որ պետք է նկատի առնենք, երբ անձնական հարցերի վերաբերյալ որոշում ենք կայացնում։ Նա ասաց. «Ամեն բան օրինավոր է, բայց ամեն բան չէ, որ օգտակար է։ Ամեն բան օրինավոր է, բայց ամեն բան չէ, որ կերտում է։ Թող ամեն մեկը ոչ թե իր օգուտը փնտրի, այլ իր դիմացինի օգուտը» (1 Կորնթացիներ 10։23, 24)։ Ինչպե՞ս է այս սկզբունքը առնչվում ժամանցի ճիշտ ընտրության հարցին։ Հարկավոր է, որ մտածես հետևյալ հարցի մասին. «Զվարճության իմ ընտրությունը ինչպե՞ս է ազդում ուրիշների վրա»։

21 Քո խիղճը գուցե թույլ տա այնպիսի բան ընտրել, որը քեզ համար «օրինավոր» կամ ընդունելի է։ Սակայն եթե նկատես, որ քո հավատակիցները, որոնց խիղճը նման բան թույլ չէր տա իրենց, դա անընդունելի են համարում, գուցե որոշես հրաժարվել քո ընտրությունից։ Ինչո՞ւ։ Քանի որ, անկասկած, չես ուզի մեղք գործել քո եղբայրների դեմ՝ նրանց համար ավելի դժվար դարձնելով Աստծուն հավատարիմ մնալը։ Իսկ համաձայն Պողոսի խոսքերի՝ այդպես վարվելով՝ մեղք գործած կլինես Քրիստոսի դեմ։ Ուստի ճիշտ կլինի՝ հետևես այս կարևոր հորդորին. «Գայթակղության պատճառ  մի՛ եղեք» (1 Կորնթացիներ 8։12; 10։32)։ Այսօր ճշմարիտ քրիստոնյաները ականջ են դնում այս խոսքերին։ Լինելով խորաթափանց ու նրբանկատ՝ չեն ընտրում զվարճության այնպիսի ձևեր, որոնք թեև «օրինավոր» են, բայց չեն «կերտում» (Հռոմեացիներ 14։1; 15։1

22. Ինչո՞ւ քրիստոնյաները պետք է ընդունեն, որ հավատակիցները կարող են միևնույն հարցի վերաբերյալ տարբեր տեսակետ ունենալ։

22 Սակայն մյուս կողմից՝ այն քրիստոնյան, որի խիղճը կարող է որոշ բաներ թույլ չտալ իրեն, չպետք է պահանջի, որ ժողովում բոլորը ժամանցի ընտրության հարցում հետևեն իր խիստ հայացքներին։ Նա նման կլինի մի վարորդի, ով ուզում է, որ բոլոր մյուս վարորդները մայրուղու վրա իր ուզած արագությամբ ընթանան։ Դա խելամիտ չէ։ Ընդհակառակը՝ քրիստոնեական սերը կմղի նրան, որ ընդունի և հարգի հավատակցի ընտրությունը, որի տեսակետը թեև տարբերվում է իր տեսակետից, բայց աստվածաշնչյան սկզբունքների սահմաններում է։ Այդպես նրա «խոհեմությունը հայտնի կլինի բոլոր մարդկանց» (Փիլիպպեցիներ 4։5; Ժողովող 7։16

23. Ինչպե՞ս կարող ես համոզված լինել, որ ճիշտ ես վարվում ժամանցի ընտրության հարցում։

23 Այսպիսով՝ ինչպե՞ս կարող ես համոզված լինել, որ ճիշտ ես վարվում ժամանցի ընտրության հարցում։ Մերժիր այն բոլոր ձևերը, որոնք պարունակում են անվայել, անբարո արարքներ, որոնք հստակ դատապարտվում են Աստվածաշնչում։ Հետևիր Աստվածաշնչի սկզբունքներին։ Դրանք կօգնեն քեզ ճիշտ ընտրություն անելու այնպիսի զվարճությունների հարցում, որոնց մասին կոնկրետ ոչինչ չի ասվում։ Խուսափիր այն զվարճություններից, որոնք կվնասեն քո խիղճը, ինչպես նաև պատրաստ եղիր հրաժարվելու այն ժամանցից, որը կվիրավորի ուրիշների, հատկապես հավատակիցներիդ զգացմունքները։ Այսպես վարվելու քո վճռականությունը փառք կբերի Աստծուն և կօգնի, որ դու և քո ընտանիքը մնաք Աստծու սիրո մեջ։

^ պարբ. 19 Ժամանցի ճիշտ ձև ընտրելու համար կարող են օգտակար լինել նաև հետևյալ աստվածաշնչյան համարներում ամփոփված սկզբունքները՝ Առակներ 3։31; 13։20; Եփեսացիներ 5։3, 4; Կողոսացիներ 3։5, 8, 20։

Իմացիր ավելին

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ)

Ինչպիսի մարդ դու պետք է լինես

Սատանան չի ուզում, որ մենք ունենանք Աստծու հավանությունը։ Ի՞նչ կարող ենք անել, որ պաշտպանենք մեր ու Եհովայի մտերմությունը։

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ)

Զգուշացիր սրտիդ մտադրություններից

Երբեմն մեր սիրտը փորձում է արդարացնել սխալը։ Ի՞նչը կարող է օգնել մեզ իմանալու, թե իրականում ինչ կա մեր սրտում։