Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Մնա Աստծու սիրո մեջ

 ՀԱՎԵԼՎԱԾ

Արյան մանր բաղադրամասեր և վիրաբուժական մեթոդներ

Արյան մանր բաղադրամասեր և վիրաբուժական մեթոդներ

Արյան մանր բաղադրամասեր։ Դրանք ստանում են չորս հիմնական բաղադրիչներից՝ էրիթրոցիտներից, լեյկոցիտներից, թրոմբոցիտներից և պլազմայից։ Էրիթրոցիտների կազմության մեջ է մտնում, օրինակ, հեմոգլոբին սպիտակուցը։ Մարդու կամ կենդանու հեմոգլոբինից ստացված պատրաստուկները օգտագործվում են սուր անեմիա ունեցող և մեծ քանակությամբ արյուն կորցրած պացիենտներին բուժելու համար։

Պլազման, որի 90 տոկոսը ջուր է, պարունակում է տարատեսակ հորմոններ, անօրգանական աղեր, ֆերմենտներ և սննդանյութեր, այդ թվում հանքային նյութեր և գլյուկոզա։ Պլազմայի բաղադրության մեջ են մտնում նաև մակարդմանը նպաստող գործոններ, հակամարմիններ ու սպիտակուցներ, օրինակ՝ ալբումին։ Որոշ հիվանդությունների դեպքում բժիշկները նշանակում են գամմա-գլոբուլին, որը ստանում են այդ հիվանդության դեմ իմունիտետ ունեցող մարդկանց պլազմայից։ Լեյկոցիտներից ստանում են ինտերֆերոններ և ինտերլեյկիններ, որոնք օգտագործվում են որոշ վիրուսային հիվանդություններ և քաղցկեղ բուժելու համար։

Պե՞տք է քրիստոնյան ընդունի այնպիսի բուժման ձև, որում օգտագործվում են արյան մանր բաղադրամասեր։ Աստվածաշունչը կոնկրետ չի խոսում այս մասին, ուստի յուրաքանչյուրը պետք է անձամբ որոշում կայացնի՝ լսելով իր խղճի ձայնին։ Ոմանք գուցե հրաժարվեն բոլոր մանր բաղադրամասերից՝ հաշվի առնելով այն, որ Աստծու Օրենքը իսրայելացիներից պահանջում էր կենդանի մորթելիս արյունը «գետին թափել» (2 Օրենք 12։22–24)։ Ուրիշներն էլ, ովքեր հրաժարվում են արյունից կամ դրա հիմնական  բաղադրիչներից, հնարավոր է՝ համաձայնվեն այնպիսի բուժում ընդունել, որում օգտագործվում են մանր բաղադրամասեր՝ մտածելով, որ դրանք չեն ներկայացնում այն մարդու կամ կենդանու կյանքը, որի արյունից դրանք ստացվել են։

Արյան մանր բաղադրամասերի վերաբերյալ որոշում կայացնելիս մտածիր հետևյալ հարցերի շուրջ. «Գիտակցո՞ւմ եմ, որ եթե հրաժարվում եմ արյան բոլոր մանր բաղադրամասերից, նշանակում է՝ հրաժարվում եմ նաև այնպիսի դեղամիջոցներից, որոնց բաղադրության մեջ կան դրանք, և որոնք օգտագործվում են որոշ հիվանդությունների դեմ պայքարելու կամ արյունահոսությունը դադարեցնելու համար։ Կարո՞ղ եմ բացատրել իմ բժշկին, թե ինչու եմ դեմ որոշ բաղադրամասերին, իսկ որոշներին՝ ոչ»։

Վիրաբուժական մեթոդներ։ Վիրաբուժական բարդ միջամտության ժամանակ հաճախ օգտագործվում են հեմոդիլյուցիա և սել սելվիջ մեթոդները։ Հեմոդիլյուցիայի ժամանակ սարքի միջոցով պացիենտի օրգանիզմից դուրս է բերվում որոշ քանակության արյուն և փոխարենը ներարկվում են այլ լուծույթներ՝ օրգանիզմում արյան ծավալը պահպանելու համար, իսկ վիրահատության վերջում դուրս բերված արյունը հետ է մղվում օրգանիզմ։ Սել սելվիջ մեթոդը կիրառելիս «սել սեյվեր» սարքի միջոցով հավաքվում է վերքից արտահոսած արյունը, մաքրվում է, ֆիլտրվում և հոսում է դեպի պացիենտի օրգանիզմ։ Քանի որ տարբեր վիրաբույժներ տարբեր կերպ են կիրառում այս մեթոդները, ճիշտ կլինի, եթե քրիստոնյան նախապես խոսի իր բժշկի հետ՝ իմանալու համար, թե ինչպես է նա անելու դա։

Նման բուժմեթոդների վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ հարցրու ինքդ քեզ. «Եթե իմ արյունը դուրս է բերվելու իմ օրգանիզմից  և, հնարավոր է, որ դրա շրջանառությունը որոշ ժամանակով ընդհատվի, այդ արյունը հանգիստ խղճով կհամարե՞մ իմ օրգանիզմի մի մաս, որը չի անջատվել ինձնից, ուստիև չի պահանջվում այն «գետին թափել» (2 Օրենք 12։23, 24)։ Աստվածաշնչով մարզված իմ խիղճը չի՞ անհանգստացնի, եթե տվյալ բուժմեթոդի ժամանակ իմ արյունից որոշ քանակություն դուրս հոսի, դրան որոշ նյութեր խառնվեն, և այն վերադառնա իմ օրգանիզմ՝ առանց շրջանառությունից կտրվելու։ Գիտակցո՞ւմ եմ, որ եթե մերժում եմ բոլոր այն պրոցեդուրաները, որոնց ժամանակ օգտագործվելու է իմ արյունը,  նշանակում է՝ հրաժարվում եմ նաև արյան ախտորոշումից, հեմոդիալիզից և արյան արհեստական շրջանառության սարքից»։

Քրիստոնյան պետք է ինքը որոշի, թե ինչպես է վիրահատության ժամանակ օգտագործվելու իր արյունը։ Նույնը վերաբերում է անալիզներին ու այն բուժմեթոդներին, որոնց դեպքում օրգանիզմից փոքր քանակությամբ արյուն է վերցվում, որոշ նյութեր են խառնվում և հետո ներարկվում։