Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Մնա Աստծու սիրո մեջ

 ԳԼՈՒԽ 7

Կյանքը արժեքավո՞ր է քեզ համար այնքան, որքան Աստծու

Կյանքը արժեքավո՞ր է քեզ համար այնքան, որքան Աստծու

«Կյանքի աղբյուրը քեզ մոտ է» (ՍԱՂՄՈՍ 36։9)

1, 2. Ո՞ր ունակությունն է հատկապես կարևոր դրսևորել այսօր և ինչո՞ւ։

ՄԵՐ երկնային Հայրը մեզ անգին նվեր է տվել։ Դա մեր կյանքն է։ Նա մեզ ստեղծել է որպես բանական էակներ, ինչի շնորհիվ կարողանում ենք դրսևորել նրա հատկությունները (Ծննդոց 1։27)։ Նաև կարողանում ենք խորհրդածել Աստվածաշնչի սկզբունքների շուրջ։ Կիրառելով դրանք՝ հոգևոր հասուն մարդիկ ենք դառնում, ովքեր սիրում են Եհովային և իրենց «ըմբռնողականությունը գործադրելով՝ այն մարզում են ճիշտն ու սխալը զանազանելու համար» (Եբրայեցիներ 5։14

2 Այսօր առավել քան երբևէ կարևոր է գործի դնել Աստվածաշնչի սկզբունքների շուրջ խորհրդածելու ունակությունը, քանի որ կյանքը չափազանց բարդացել է և անհնար է կյանքի ամեն իրավիճակի համար օրենք սահմանել։ Օրինակ՝ բժշկությունը բավականին զարգացել է, և արյան հետ կապված բազմաթիվ նորարարություններ՝ բուժմեթոդներ, պրեպարատներ և սարքավորումներ են օգտագործվում։ Սա հատկապես հետաքրքրում է մեզ, որովհետև ուզում ենք առողջության հետ կապված հարցերում ևս հնազանդվել Եհովային։ Եթե մենք հասկանանք աստվածաշնչյան համապատասխան սկզբունքները, կկարողանանք իմաստուն որոշումներ կայացնել, ուստիև մեր խիղճը մաքուր կպահենք և կմնանք Աստծու սիրո մեջ (Առակներ 2։6–11)։ Քննենք այդ սկզբունքներից մի քանիսը։

ԿՅԱՆՔԸ ԵՎ ԱՐՅՈՒՆԸ ՍՈՒՐԲ ԵՆ

3, 4. Ե՞րբ առաջին անգամ խոսվեց արյան սուրբ լինելու մասին, և ո՞ր երկու սկզբունքներն են ընկած այդ խոսքերի հիմքում։

3 Այն, որ կյանքը և արյունը փոխկապակցված են և սուրբ, Եհովան  առաջին անգամ ցույց տվեց, երբ Կայենը սպանեց Աբելին։ «Լսի՛ր,— ասաց Եհովան Կայենին,— եղբորդ արյունը երկրից բարձրաձայն կանչում է ինձ» (Ծննդոց 4։10)։ Եհովայի տեսանկյունից Աբելի արյունը ներկայացնում էր նրա կյանքը, որը դաժանաբար խլվեց։ Ուստի նրա արյունը փոխաբերական իմաստով կանչում էր, որ Աստված վրեժխնդիր լինի (Եբրայեցիներ 12։24

4 Նոյի Ջրհեղեղից հետո Աստված թույլ տվեց մարդկանց ուտել կենդանիների միսը, բայց առանց արյան։ Նա ասաց. «Միայն թե միսը իր հոգով, այսինքն՝ իր արյունով, մի՛ կերեք։ Բացի դրանից, ես կպահանջեմ ձեր հոգիների արյունը» (Ծննդոց 9։4, 5)։ Այս պատվերը վերաբերում է Նոյից սերած բոլոր մարդկանց և հաստատում է այն, որ արյունը խորհրդանշում է բոլոր կենդանի էակների կյանքը, կամ՝ հոգին, ինչը երևում էր Կայենին ասած Աստծու խոսքերից։ Այդ պատվերը նաև ցույց է տալիս, որ Եհովան՝ կյանքի Աղբյուրը, պատասխանատվության կկանչի բոլոր նրանց, ովքեր հարգանք չեն դրսևորում կյանքի և արյան հանդեպ (Սաղմոս 36։9

5, 6. Ինչպե՞ս է Մովսիսական օրենքը ցույց տալիս, որ արյունը սուրբ է և թանկ (տես նաև « Հարգանք կենդանիների կյանքի հանդեպ» շրջանակը)։

5 Այս երկու սկզբունքները հստակ երևում են Մովսիսական օրենքում։ Ղևտական 17։10, 11-ում կարդում ենք. «Եթե.... որևէ մեկը որևիցե արյուն ուտի, ապա իմ երեսը կուղղեմ արյուն ուտող այդ հոգու դեմ և անպատճառ նրան կվերացնեմ իր ժողովրդի միջից, քանի որ մարմնի հոգին արյան մեջ է, ու ես այն նախատեսել եմ զոհասեղանի համար, որպեսզի քավություն անեք ձեր հոգիների համար, քանի որ արյունն է քավություն անում, և հոգին դրա մեջ է» * (տես  «Արյան քավիչ զորությունը» շրջանակը)։

6 Եթե մորթված կենդանու արյունը չէին քսելու զոհասեղանին, ապա պետք է գետին թափեին։ Այդպես փոխաբերական իմաստով կյանքը վերադարձվում էր դրա Տիրոջը (2 Օրենք 12։16; Եզեկիել 18։4)։ Հարկ է նշել, սակայն, որ իսրայելացիներից չէր  պահանջվում ծայրահեղ լինել՝ կենդանու մսից քամել արյան վերջին կաթիլը։ Բավարար էր միայն այն, որ նրանք ինչպես հարկն է մորթեին և արյունը թափեին նրա միջից։ Այդպես նրանք ցույց կտային իրենց հարգանքը կյանքի Աղբյուրի հանդեպ։

7. Դավիթն ինչպե՞ս ցույց տվեց իր հարգանքը արյան սրբության հանդեպ։

7 Դավիթը, ով Աստծու «սրտին հաճելի մարդ» էր, լավ էր  հասկացել արյան վերաբերյալ Աստծու օրենքի հիմքում ընկած սկզբունքը (Գործեր 13։22)։ Մի անգամ, երբ նա շատ ծարավ էր, իր ռազմիկներից երեք հոգի մտան թշնամու բանակատեղի, այնտեղ գտնվող ջրհորից ջուր հանեցին ու բերեցին Դավթին։ Ինչպե՞ս վարվեց Դավիթը։ «Մի՞թե կխմեմ իրենց հոգիները վտանգի ենթարկած մարդկանց արյունը»,— ասաց նա։ Դավթի համար այդ ջուրը ասես նրանց արյունը լիներ, քանի որ կյանքի գնով էին բերել։ Ուստի ծարավը հագեցնելու փոխարեն՝ նա ջուրը «Եհովայի առաջ թափեց» (2 Սամուել 23։15–17

8, 9. Կյանքի և արյան վերաբերյալ Աստծու տեսակետը փոխվե՞ց քրիստոնեական ժողովի կազմավորվելուց հետո։ Բացատրիր։

8 Նոյին տված պատվերից մոտ 2400 տարի և Օրենքի ուխտից 1500 տարի անց, երբ նոր էր կազմավորվել քրիստոնեական ժողովը, Եհովան ներշնչեց կառավարիչ մարմնին, որ հետևյալ նամակը գրի բոլոր ժողովներին. «Սուրբ ոգուն և մեզ հաճելի եղավ, որ ոչ մի ավել բեռ չդնենք ձեզ վրա, բացի այս անհրաժեշտ բաներից. հեռու մնալ կուռքերին զոհաբերված բաներից, արյունից, խեղդված կենդանիներից և պոռնկությունից» (Գործեր 15։28, 29

9 Ինչպես տեսնում ենք, կառավարիչ մարմինը գիտեր, որ արյունը սուրբ է և այն սխալ օգտագործելը նույնքան դատապարտելի է, որքան կռապաշտությամբ զբաղվելը և անբարոյություն գործելը։ Ճշմարիտ քրիստոնյաները նույն դիրքորոշումն ունեն այսօր։ Ավելին, Աստվածաշնչի սկզբունքների շուրջ խորհրդածելով՝ նրանք կարողանում են այնպիսի որոշումներ կայացնել արյան գործածության վերաբերյալ, որոնք հաճելի են Եհովային։

ԱՐՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ինչպե՞ս կբացատրեմ բժշկին արյան մանր բաղադրամասերի վերաբերյալ իմ դիրքորոշումը

10, 11. ա) Ինչպե՞ս են Եհովայի վկաները վերաբերվում ամբողջական արյան և հիմնական բաղադրիչների փոխներարկմանը։ բ) Արյան հետ կապված ո՞ր հարցերում քրիստոնյաները գուցե տարբեր տեսակետ ունենան։

10 Եհովայի վկաները հասկանում են, որ «հեռու մնալ.... արյունից» նշանակում է հրաժարվել արյան փոխներարկումից, ինչպես նաև արյուն չտալ ուրիշներին ներարկելու համար և ոչ էլ պահեստավորել սեփական արյունը իրենց իսկ ներարկելու համար։ Հարգելով Աստծու օրենքը՝ նրանք նաև հրաժարվում են արյան  չորս հիմնական բաղադրիչների՝ էրիթրոցիտների, լեյկոցիտների, թրոմբոցիտների և պլազմայի ներարկումից։

11 Ներկայումս արյան հիմնական բաղադրիչներից ստանում են մանր բաղադրամասեր, որոնք գործածվում են տարբեր կերպերով։ Կարո՞ղ է քրիստոնյան ընդունել դրանք։ Նա կհամարի՞ դա արյան ներարկում։ Յուրաքանչյուրն անձամբ պետք է որոշում կայացնի։ Նույնը կարելի է ասել բուժման այնպիսի մեթոդների մասին, որոնցից են՝ հեմոդիալիզը (արյունատարրալուծում), հեմոդիլյուցիան (արյունանոսրացում) և սել սելվիջը՝ «սել սեյվեր» սարքի միջոցով արյան պահպանումը՝ առանց շրջանառությունը կանգնեցնելու (տես «Արյան մանր բաղադրամասեր և վիրաբուժական մեթոդներ» հավելվածը)։

12. Ինչպե՞ս պետք է որոշում կայացնենք խղճի վրա թողնված հարցերի դեպքում։

12 Արդյոք Եհովայի համար էակա՞ն է, թե անձնական որոշման վրա թողնված հարցերում ինչ ընտրություն կկատարենք։ Իհարկե,  քանի որ նրան խորապես հետաքրքրում են մեր մտքերն ու մղումները (կարդա՛  Առակներ 17։3; 24։12)։ Ուստի Եհովայից առաջնորդություն խնդրելուց և տվյալ բուժմեթոդի կամ պրեպարատի մասին հետազոտություն անելուց հետո պետք է հետևենք Աստվածաշնչով մարզված մեր խղճի ձայնին (Հռոմեացիներ 14։2, 22, 23)։ Ոչ ոք չպետք է պարտադրի մեզ անել այն, ինչ իր խիղճն է թելադրում, և ոչ էլ մենք պետք է հարցնենք ուրիշին. «Ի՞նչ կանեիր դու իմ փոխարեն»։ Նման հարցերում յուրաքանչյուր քրիստոնյա պետք է իր բեռը կրի * (Գաղատացիներ 6։5; Հռոմեացիներ 14։12; տես  «Արյունը սուրբ համարո՞ւմ եմ» շրջանակը)։

ՕՐԵՆՔՆԵՐ, ՈՐ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ ԵՆ ԵՀՈՎԱՅԻ ՀԱՅՐԱԿԱՆ ՍԵՐԸ

13. Ի՞նչ են ցույց տալիս Եհովայի օրենքներն ու սկզբունքները։

13 Աստվածաշնչում գրված օրենքներն ու սկզբունքները ցույց են տալիս, որ Եհովան ոչ միայն իմաստուն Օրենսդիր է, այլև հոգատար Հայր, ով հետաքրքրված է իր երեխաների բարօրությամբ (Սաղմոս 19։7–11)։ Թեև արյունից հեռու մնալու պատվերը չէր տրվել առողջապահական նկատառումներով, սակայն, դրան հետևելով, պաշտպանված ենք լինում արյան փոխներարկման հետ կապված բարդություններից (Գործեր 15։20)։ Իրականում մասնագետներից շատերը անարյուն վիրաբուժությունը ժամանակակից բժշկության մեջ համարում են «ոսկե ստանդարտ»։ Ճշմարիտ քրիստոնյաների համար այս առաջընթացը կրկին անգամ ակնհայտ է դարձնում Եհովայի անսահման իմաստությունը և հայրական մեծ սերը (կարդա՛  Եսայիա 55։9; Հովհաննես 14։21, 23

14, 15. ա) Ո՞ր օրենքներից է երևում Աստծու սերն ու հոգատարությունը իր ժողովրդի հանդեպ։ բ) Ինչպե՞ս կարող ես կիրառել անվտանգության վերաբերյալ օրենքների հիմքում ընկած սկզբունքները։

14 Իր ժողովրդի հանդեպ Աստծու հոգատարությունը երևում է Իսրայելին տված շատ օրենքներից։ Օրինակ՝ քանի որ հնում իսրայելացիները տան կտուրին ժամանակ էին անցկացնում կամ որոշ գործեր էին անում, Աստված պատվիրել էր, որ նրանք իրենց  տանիքին եզրապատ շինեն, որպեսզի որևէ մեկն այնտեղից վայր չընկնի (2 Օրենք 22։8; 1 Սամուել 9։25, 26; Նեեմիա 8։16; Գործեր 10։9)։ Նա նաև պատվիրել էր, որ պոզահարելու սովորություն ունեցող ցլերին տերերը հսկողության տակ պահեն (Ելք 21։28, 29)։ Այս ու նմանատիպ պատվերներին չենթարկվելով՝ մարդիկ անտարբերություն ցույց կտային ուրիշների բարօրության հանդեպ և արյունապարտ կդառնային։

15 Իսկ դու ինչպե՞ս կարող ես կիրառել այդ օրենքների հիմքում ընկած սկզբունքները։ Լավ կլինի մտածես, թե որքանով են անվտանգ քո մեքենան, վարելու սովորությունները, կենդանիները, տունը, աշխատանքային միջավայրը, ընտրած ժամանցը։ Որոշ երկրներում վթարներից երիտասարդների մահացության հիմնական պատճառը անտեղի ռիսկի դիմելն է։ Իսկ այն երիտասարդները, ովքեր ուզում են մնալ Աստծու սիրո մեջ, թանկ են գնահատում կյանքը և սուր զգացողություններ չեն փնտրում՝ վտանգի ենթարկելով իրենց։ Նրանք չեն մտածում, թե երիտասարդ են և իրենց ոչինչ չի լինի, այլ վայելում են երիտասարդությունը՝ հեռու մնալով փորձանքներից (Ժողովող 11։9, 10

16. Աբորտի հարցում Աստվածաշնչի ո՞ր սկզբունքն է կիրառելի (տես նաև ծանոթագրությունը)։

16 Աստված թանկ է գնահատում նույնիսկ չծնված երեխայի կյանքը։ Հին Իսրայելում, եթե ինչ-որ մեկը վնաս հասցներ հղի կնոջը, ինչի հետևանքով կինը կամ պտուղը՝ չծնված երեխան, մահանար, Աստծու աչքում նա մարդասպան կլիներ և «հոգու դիմաց հոգի պիտի տար» * (կարդա՛  Ելք 21։22, 23)։ Պատկերացրու՝ ինչ է Եհովան զգում, երբ տեսնում է, թե ինչպես են ամեն տարի անհամար չծնված երեխաներ սպանվում մարդկանց եսասիրության և սեռական սանձարձակության պատճառով։

17. Ի՞նչը կարող է մխիթարել նրանց, ովքեր նախքան ճշմարտությունն իմանալը աբորտ են արել։

17 Իսկ եթե կինը աբորտ է արել նախքան ճշմարտությունը իմանալը, Աստված կների՞ նրան։ Նա Հիսուսի թափած արյան հիման  վրա ներում է բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն զղջում են (Սաղմոս 103։8–14; Եփեսացիներ 1։7)։ Քրիստոսն ինքն ասաց. «Ես եկա ոչ թե արդարներին կանչելու, որ զղջան, այլ մեղավորներին» (Ղուկաս 5։32

 ՎԱՆԻՐ ՎՆԱՍԱԿԱՐ ՄՏՔԵՐԸ

18. Ինչպե՞ս է Աստվածաշունչը բացահայտում, թե հիմնականում ինչն է մարդուն դրդում սպանության։

18 Ուրիշներին վնաս չպատճառելը դեռ բավական չէ։ Եհովան ուզում է, որ մեր սրտից արմատախիլ անենք այն, ինչը դրդում է մարդասպանության՝ ատելությունը։ «Ամեն ոք, ով ատում է իր եղբորը, մարդասպան է»,— գրեց Հովհաննես առաքյալը (1 Հովհաննես 3։15)։ Այդպիսի անհատը ոչ թե պարզապես չի սիրում իր հավատակցին, այլ ցանկանում է, որ նա մահանա։ Նրա թշնամանքը կարող է արտահայտվել այնպիսի զրպարտությամբ և կեղծ մեղադրանքով, որի հիման վրա անմեղ մարդը լուրջ պատժի կենթարկվի (Ղևտական 19։16; 2 Օրենք 19։18–21; Մատթեոս 5։22)։ Ուստի անչափ կարևոր է, որ մենք մեր սրտից արմատախիլ անենք վնասակար մտքերը և թույլ չտանք, որ դրանք տեղ գտնեն մեր ներսում (Հակոբոս 1։14, 15; 4։1–3

19. Ի՞նչ են սովորում Սաղմոս 11։5 և Փիլիպպեցիներ 4։8, 9 համարներից նրանք, ովքեր ձգտում են ապրել աստվածաշնչյան սկզբունքներով։

19 Նրանք, ովքեր Եհովայի պես թանկ են գնահատում կյանքը և ուզում են մնալ նրա սիրո մեջ, հեռու են մնում ամեն տեսակ բռնությունից։ Սաղմոս 11։5-ում Եհովայի մասին կարդում ենք. «Բռնություն սիրողին ատում է Նրա հոգին»։ Այս համարը ոչ միայն բացահայտում է Եհովայի անձնավորությունը, այլև պարունակում է սկզբունք, որով պետք է առաջնորդվենք մեր կյանքում։ Աստծուն սիրող մարդկանց այն մղում է հրաժարվել ժամանցի ցանկացած ձևից, որը բռնություն գործադրելու ցանկություն կարող է առաջացնել։ Այն, որ Եհովան «խաղաղության Աստված» է, մղում է իր ծառաներին, որ իրենց սիրտն ու միտքը լցնեն այնպիսի բաներով, որոնք նպաստում են խաղաղությանը՝ սեր են առաջ բերում, առաքինի են ու գովասանքի արժանի (կարդա՛  Փիլիպպեցիներ 4։8, 9

ՄԱՔՈՒՐ՝ ԱՇԽԱՐՀԻ ԱՐՅՈՒՆԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ

20–22. Ի՞նչ դիրք են բռնում քրիստոնյաները աշխարհում և ինչո՞ւ։

20 Աստծու աչքում Սատանայի ողջ աշխարհը արյունապարտ է։ Քաղաքական համակարգը Աստվածաշնչում ներկայացված է  վայրի գազանի տեսքով, որը միլիոնավոր կյանքեր է խլել, այդ թվում Եհովայի ծառաների (Դանիել 8։3, 4, 20–22; Հայտնություն 13։1, 2, 7, 8)։ Բիզնեսն ու գիտությունը, համագործակցելով այս գազանի հետ, ստեղծում են հրեշավոր զենքեր և դրանցից հսկայական շահույթ են ստանում։ Որքա՜ն ճիշտ է հետևյալ խոսքը. «Ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է» (1 Հովհաննես 5։19

21 Քանի որ Հիսուսի հետևորդները «աշխարհի մի մասը չեն» և չեզոք են մնում քաղաքական հարցերում ու պատերազմների ժամանակ, նրանք անձամբ արյունապարտ չեն լինում և մասնակից չեն դառնում դրան * (Հովհաննես 15։19; 17։16)։ Ընդօրինակելով իրենց Առաջնորդին՝ նրանք իրենց հալածողներին նույն բռնությամբ չեն պատասխանում։ Հակառակը՝ նրանք սեր են դրսևորում իրենց թշնամիների հանդեպ և անգամ աղոթում են նրանց համար (Մատթեոս 5։44; Հռոմեացիներ 12։17–21

22 Քրիստոնյաները հեռու են մնում նաև «Մեծ Բաբելոնից»՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունից, որը  արյունապարտության ամենամեծ բաժինն է կրում։ Աստծու Խոսքն ասում է. «Նրա մեջ է մարգարեների, սրբերի և երկրի վրա մորթված բոլոր մարդկանց արյունը»։ Ուստի Աստված զգուշացնում ու կոչ է անում մեզ. «Դո՛ւրս եկ նրա միջից, ի՛մ ժողովուրդ» (Հայտնություն 17։6; 18։2, 4, 24

23. Ի՞նչ է նշանակում դուրս գալ Մեծ Բաբելոնից։

23 Դուրս գալ Մեծ Բաբելոնից ավելին է նշանակում, քան հրաժարվել որևէ կրոնական կազմակերպության անդամ լինելուց։ Դա նշանակում է նաև ատել այն չար գործերը, որ կեղծ կրոնը հանդուրժում կամ նույնիսկ խրախուսում է։ Դրանցից են՝ անբարոյությունը, քաղաքական գործերին խառնվելը և հարստանալու ձգտումը (կարդա՛  Սաղմոս 97։10; Հայտնություն 18։7, 9, 11–17)։ Որքա՜ն հաճախ է դրանց պատճառով արյուն թափվում։

24, 25. ա) Ինչի՞ հիման վրա է Աստված ողորմություն դրսևորում զղջացող մարդու հանդեպ, ով արյունապարտ է։ բ) Ի՞նչ է հիշեցնում սա մեզ Իսրայելի պատմությունից։

24 Նախքան ճշմարտությունն ընդունելը մեզնից յուրաքանչյուրը այս կամ այն կերպով աջակցել է Սատանայի համակարգին, ուստիև ինչ-որ չափով արյունապարտ է եղել։ Սակայն քանի որ փոխել ենք մեր ապրելակերպը, հավատ ենք զարգացրել Քրիստոսի քավիչ զոհի հանդեպ և մեր կյանքը նվիրել ենք Աստծուն, նրա հավանությանն ենք արժանացել և հոգևոր պաշտպանություն ենք գտել (Գործեր 3։19)։ Այս պաշտպանությունը հիշեցնում է մեզ հին Իսրայելի ապաստանի քաղաքները (Թվեր 35։11–15; 2 Օրենք 21։1–9

25 Ո՞րն էր այդ քաղաքների նշանակությունը։ Եթե իսրայելացին պատահաբար մեկ ուրիշի մահվան պատճառ դառնար, պետք է փախչեր ապաստանի քաղաքներից որևէ մեկը։ Երբ դատավորները քննում էին գործը և վճռում, որ նա իսկապես առանց դիտավորության է սպանել, նա պետք է ապրեր ապաստանի քաղաքում, մինչև քահանայապետը մահանար։ Դրանից հետո նա ազատ էր ապրելու այնտեղ, որտեղ կուզեր։ Սրանից երևում է, թե Եհովան որքան ողորմած է և որքան թանկ է համարում մարդու կյանքը։ Այսօր բոլոր նրանք, ովքեր անգիտակցաբար խախտել են կյանքի և արյան վերաբերյալ Աստծու  օրենքները, պաշտպանված են Քրիստոսի քավիչ զոհի հիման վրա։ Գնահատո՞ւմ ես այդ պաշտպանությունը։ Ինչպե՞ս ես ցույց տալիս քո գնահատանքը։ Օրինակ՝ հրավիրո՞ւմ ես մարդկանց մտնել Աստծու պաշտպանության ներքո՝ հաշվի առնելով, որ «մեծ նեղությունը» շատ արագ մոտենում է (Մատթեոս 24։21; 2 Կորնթացիներ 6։1, 2

ԳՆԱՀԱՏԻՐ ԿՅԱՆՔԸ՝ ՔԱՐՈԶԵԼՈՎ ԲԱՐԻ ԼՈՒՐԸ

26–28. Ինչո՞վ է մեր ծառայությունը նման Եզեկիելի գործին, և ուրիշ ի՞նչ է հարկավոր Աստծու սիրո մեջ մնալու համար։

26 Այն, ինչ այսօր անում է Աստծու ժողովուրդը, նման է Եզեկիել մարգարեի գործին, ում Եհովան հանձնարարել էր ծառայել որպես դետ Իսրայելի տան համար։ «Դու պետք է լսես իմ բերանի խոսքը և նրանց նախազգուշացնես իմ անունից»,— պատվիրեց նրան Աստված։ Եթե Եզեկիելը չկատարեր այս պատվերը, պատասխանատու կլիներ այն մարդկանց արյան համար, ովքեր կկործանվեին, երբ Աստված Երուսաղեմի վրա իր դատաստանը բերեր (Եզեկիել 33։7–9)։ Մարգարեն հնազանդվեց Աստծուն և արյունապարտ չեղավ։

27 Մոտենում է Սատանայի աշխարհի դատաստանի օրը։ Եհովայի վկաների համար պարտականություն և միևնույն ժամանակ պատիվ է հռչակել Աստծու «վրեժխնդրության օրը» և Թագավորության լուրը (Եսայիա 61։2; Մատթեոս 24։14)։ Լիարժեքորեն մասնակցո՞ւմ ես այս կարևոր գործին։ Պողոս առաքյալը ամենայն լրջությամբ էր վերաբերվում քարոզելու իր հանձնարարությանը։ Այդ իսկ պատճառով նա կարող էր հանգիստ խղճով ասել. «Ես մաքուր եմ բոլոր մարդկանց արյունից, որովհետև ես ինձ ետ չպահեցի Աստծու ամբողջ խորհուրդը ձեզ պատմելուց» (Գործեր 20։26, 27)։ Նա շատ լավ օրինակ է մեզ համար։

28 Ինչ խոսք, Եհովայի հայրական ջերմ սիրո գրկում մնալու համար մենք ոչ միայն պետք է կյանքին ու արյանը վերաբերվենք այնպես, ինչպես Եհովան, այլև պետք է լինենք մաքուր և սուրբ նրա աչքում։ Իսկ թե ինչպես կարող ենք դա անել, կքննենք հաջորդ գլխում։

^ պարբ. 5 «Մարմնի հոգին արյան մեջ է» խոսքերի վերաբերյալ մի գիտական պարբերագրում ասվում է. «Այն ունի ոչ միայն փոխաբերական, այլև ուղղակի իմաստ։ Արյան բջիջների յուրաքանչյուր տեսակն էլ անհրաժեշտ է կյանքի համար» (Scientific American)։

^ պարբ. 12 Տես «Արթնացե՛ք»-ի 2007թ. ապրիլ-հունիս համարը, էջ 3–12։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

^ պարբ. 16 Աստվածաշնչագետները նշում են, որ Ելք 21։23-ում նշված խոսքերը «անհնար է, որ վերաբերվեն միայն կնոջը հասցված վնասին»։ Ուշագրավ է նաև այն, որ Աստվածաշունչը ոչինչ չի ասում պտղի քանի շաբաթական լինելու մասին, որպես թե այն կարող է որևէ կերպ ազդել Եհովայի դատավճռի վրա։

^ պարբ. 70 Լրացուցիչ տեղեկությունների համար տես «Արյան մանր բաղադրամասեր և վիրաբուժական մեթոդներ» հավելվածը։

Իմացիր ավելին

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ)

Ինչու պետք է սուրբ լինենք

Երբևէ ձանձրացե՞լ ես «Ղևտական» գիրքն ընթերցելիս։ «Ղևտական» գրքում կան անգին գոհարներ, որոնք կօգնեն քեզ սուրբ երկրպագություն մատուցելու։