Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Մնա Աստծու սիրո մեջ

 ԳԼՈՒԽ 8

Աստված սիրում է մաքուր մարդկանց

Աստված սիրում է մաքուր մարդկանց

«Մաքուրի հետ մաքուր ես» (ՍԱՂՄՈՍ 18։26)

1–3. ա) Ինչո՞ւ է մայրը հոգ տանում, որ երեխան լինի մաքուր և կոկիկ։ բ) Ինչո՞ւ է Եհովան ուզում, որ իր երկրպագուները լինեն մաքուր, և ի՞նչն է մղում մեզ մաքուր լինել։

ՄԱՅՐԸ իր փոքրիկ տղայի հետ պատրաստվում է դուրս գալ տնից։ Նա հոգ է տարել, որ երեխան լողացած, մաքուր և կոկիկ լինի։ Ծնողը գիտի, որ մաքրությունը կարևոր է երեխայի առողջության համար։ Բացի դրանից, նա հասկանում է, որ իր փոքրիկի արտաքին տեսքից մարդիկ կա՛մ դրական, կա՛մ բացասական կարծիք կունենան իր մասին։

2 Եհովան՝ մեր երկնային Ծնողը, ուզում է, որ իր ծառաները լինեն մաքուր և անբիծ։ Նրա մասին Աստվածաշնչում կարդում ենք. «Մաքուրի հետ մաքուր ես» * (Սաղմոս 18։26)։ Եհովան սիրում  է մեզ և գիտի, որ մաքուր լինելը նպաստում է մեր բարօրությանը։ Նա նաև ակնկալում է, որ մենք, լինելով իր Վկաները, մաքուր լինենք, և մեզ տեսնելով՝ մարդիկ իր մասին դրական կարծիք կազմեն։ Այո՛, մեր մաքուր արտաքինը և լավ վարքը փառք կբերեն Եհովային և իր սուրբ անվանը, իսկ հակառակ դեպքում՝ անարգանք (Եզեկիել 36։22; կարդա՛  1 Պետրոս 2։12

3 Իմանալով, որ Եհովան սիրում է մաքուր մարդկանց՝ մենք մղվում ենք մաքուր լինել։ Ուզում ենք, որ մեր ապրելակերպը պատիվ բերի Եհովային, քանի որ մենք սիրում ենք նրան։ Ուզում ենք նաև մնալ նրա սիրո մեջ։ Ուստի քննենք, թե ինչու է մաքուր լինելը կարևոր, ինչ է դրա մեջ մտնում և ինչպես կարող ենք մաքուր մնալ։ Այդպես մենք կտեսնենք, թե որ ոլորտներում կարիք ունենք բարելավումներ անելու։

ԻՆՉՈՒ Է ՄԱՔՈՒՐ ԼԻՆԵԼԸ ԿԱՐԵՎՈՐ

4, 5. ա) Ո՞րն է գլխավոր պատճառը, թե ինչու է մաքուր լինելը կարևոր։ բ) Ինչպե՞ս է Եհովայի մաքրությունը ակնհայտ իր ստեղծագործության մեջ։

4 Կերպերից մեկը, որով Եհովան առաջնորդում է մեզ, իր օրինակն է։ Նրա Խոսքը հորդորում է «ընդօրինակել Աստծուն» (Եփեսացիներ 5։1)։ Գլխավոր պատճառը, թե ինչու է կարևոր լինել մաքուր, այն է, որ Եհովան՝ այն Աստվածը, որին պաշտում ենք, մաքուր է, անբիծ և սուրբ ամեն առումով (կարդա՛  Ղևտական 11։44, 45

5 Եհովայի մաքրությունը, ինչպեսև նրա շատ այլ հատկություններ ակնհայտ են իր ստեղծագործություններում (Հռոմեացիներ 1։20)։ Երկիր մոլորակն այնպես է ստեղծվել, որ մաքուր բնակավայր լինի մարդկանց համար։ Եհովան դրել է էկոլոգիական շրջապտույտներ, որոնք մաքրում են օդն ու ջուրը։ Որոշ մանրէներ սանիտարների դեր են կատարում՝ աղբը վերածելով անվնաս նյութերի։ Գիտնականները օգտագործում են այս «քաղցած սանիտարներին»՝ մաքրելու համար բնությունը նավթի արտահոսքից կամ այլ աղտոտումներից, ինչը մարդկանց եսասիրության ու ագահության արդյունքն է։ Հստակ է, որ մաքրությունը կարևոր է նրա համար, ով «իր զորությամբ ստեղծել է երկիրը» (Երեմիա 10։12)։ Ուրեմն այն մեզ համար էլ պետք է կարևոր լինի։

6, 7. Ինչպե՞ս է Մովսիսական օրենքը ընդգծում, որ մաքրությունը պահանջ է Եհովայի երկրպագուների համար։

 6 Մեկ այլ պատճառ, թե ինչու է մաքուր լինելը կարևոր, այն է, որ Եհովան՝ տիեզերքի Գերիշխանը, պահանջում է, որ իրեն երկրպագողները մաքուր լինեն։ Իսրայելին տրված Օրենքում մաքրությունը և երկրպագությունը անբաժանելի էին։ Այնտեղ նշվում էր, որ քահանայապետը Քավության օրը պետք է ոչ թե մեկ, այլ երկու անգամ ջրով լվանար իր մարմինը (Ղևտական 16։4, 23, 24)։ Նշանակված քահանաները պետք է լվանային իրենց ձեռքերն ու ոտքերը նախքան Եհովային զոհեր մատուցելը (Ելք 30։17–21; 2 Տարեգրություն 4։6)։ Օրենքում նշվում էր մոտ 70 տարբեր հանգամանք, որոնց դեպքում մարդը ֆիզիկապես և ծիսականորեն անմաքուր էր համարվում։ Անմաքուր վիճակում իսրայելացին չէր կարող որևէ մասնակցություն ունենալ երկրպագության մեջ, իսկ եթե որոշ դեպքերում խախտեր այդ օրենքը, մահապատժի կենթարկվեր (Ղևտական 15։31)։ Եթե որևէ մեկը չհետևեր մաքրվելու սահմանված կարգին, ներառյալ մարմինը և շորերը լվանալու, նա «պետք է վերանար ժողովի միջից» (Թվեր 19։17–20

7 Թեև մենք Մովսիսական օրենքի տակ չենք, սակայն այն օգնում է մեզ հասկանալու Եհովայի տեսակետը այս հարցի վերաբերյալ։ Ակնհայտ է՝ Օրենքն ընդգծում է, որ մաքուր լինելը պահանջ է Աստծուն երկրպագողների համար (Մաղաքիա 3։6)։ Մեր մատուցած երկրպագությունը ընդունելի կլինի նրան, եթե լինի «մաքուր ու անպիղծ» (Հակոբոս 1։27)։ Ուստի անհրաժեշտ է, որ իմանանք, թե ինչ է նա ակնկալում մեզնից այս առնչությամբ։

ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՄԱՔՈՒՐ ԼԻՆԵԼ ԱՍՏԾՈՒ ԱՉՔՈՒՄ

8. Հիմնականում ո՞ր չորս առումներով է Եհովան ուզում, որ մաքուր լինենք։

8 Աստվածաշնչում մաքուր լինելու գաղափարը չի վերաբերում միայն ֆիզիկական մաքրությանը։ Աստծու աչքում մաքուր լինել նշանակում է կյանքի բոլոր ոլորտներում մաքրություն պահել։ Եհովան ակնկալում է, որ մենք մաքուր լինենք հոգևորապես, բարոյապես, մտային և ֆիզիկական առումներով։ Եկեք քննենք դրանք առանձին-առանձին։

9, 10. Ի՞նչ է նշանակում հոգևորապես մաքուր մնալ, և ինչի՞ց են հեռու մնում ճշմարիտ քրիստոնյաները։

 9 Հոգևոր մաքրություն։ Պարզ ասած՝ հոգևոր մաքրություն պահել նշանակում է ճշմարիտ երկրպագությունը չխառնել կեղծի հետ։ Երբ իսրայելացիները պատրաստվում էին դուրս գալ Բաբելոնից և վերադառնալ Երուսաղեմ, Եհովայի տված հետևյալ հրահանգին պետք է հետևեին. «Դո՛ւրս եկեք այդտեղից, մի՛ դիպեք ոչ մի անմաքուր բանի.... մաքո՛ւր մնացեք» (Եսայիա 52։11)։ Իսրայելացիները հայրենի երկիր էին վերադառնում հիմնականում ճշմարիտ երկրպագությունը վերականգնելու համար։ Այդ երկրպագությունը պետք է մաքուր լիներ, այսինքն՝ զերծ Աստծուն անարգող կրոնական ուսմունքներից ու սովորություններից, որ կային Բաբելոնում։

10 Այսօր մենք էլ, որպես ճշմարիտ քրիստոնյաներ, պետք է զգույշ լինենք, որ մեր մատուցած երկրպագությունը չպղծվի կեղծ երկրպագության տարրերով (կարդա՛  1 Կորնթացիներ 10։21)։ Այս առումով զգուշությունը շատ կարևոր է, քանի որ կեղծ կրոնի ազդեցությունը ամենուր է։ Շատ երկրներում տարբեր ավանդույթներ, սովորություններ և ծեսեր կան՝ կապված կեղծ կրոնական ուսմունքների, օրինակ՝ հոգու անմահության գաղափարի հետ (Ժողովող 9։5, 6, 10)։ Ճշմարիտ քրիստոնյաները չեն պահում կեղծ կրոնի հետ կապ ունեցող սովորությունները։ * Նաև չեն ենթարկվում ուրիշների ճնշմանը և մաքուր երկրպագությանն առնչվող աստվածաշնչյան սկզբունքների հարցում փոխզիջման չեն գնում (Գործեր 5։29

11. Ի՞նչ է նշանակում բարոյական մաքրությունը, և ինչո՞ւ է կարևոր, որ մաքուր լինենք այս առումով։

11 Բարոյական մաքրություն։ Բարոյապես մաքուր լինել նշանակում է հեռու մնալ որևէ տեսակ սեռական անբարոյությունից (կարդա՛  Եփեսացիներ 5։5)։ Շատ կարևոր է, որ մենք բարոյապես մաքուր լինենք։ Ինչպես կտեսնենք հաջորդ գլխում, Աստծու սիրո մեջ մնալու համար մենք պետք է «փախչենք պոռնկությունից»։ Իսկ ովքեր չեն զղջում իրենց արածի համար  և շարունակում են նման կյանք վարել, «Աստծու թագավորությունը չեն ժառանգելու» (1 Կորնթացիներ 6։9, 10, 18)։ Աստծու աչքում նրանք գարշելի են։ Ու եթե չհետևեն իրենց բարոյական մաքրությանը, նրանց «բաժինը կրակով ու ծծմբով այրվող լճում կլինի» (Հայտնություն 21։8

12, 13. Ի՞նչ կապ կա մտքերի և գործերի միջև, և ինչպե՞ս կարող ենք մեր միտքը մաքուր պահել։

12 Մտքի մաքրություն։ Մտքերը մղում են գործերի։ Եթե թույլ տանք, որ սխալ ու վատ մտքեր բույն դնեն մեր ներսում, վաղ թե ուշ դրանք մեզ կտանեն վատ գործերի (Մատթեոս 5։28; 15։18–20)։ Բայց եթե մտածենք մաքուր, լավ և դրական բաների մասին, մաքուր վարք կունենանք (կարդա՛  Փիլիպպեցիներ 4։8)։ Ինչպե՞ս կարող ենք մեր միտքը մաքուր պահել։ Կերպերից մեկը խուսափելն է ժամանցի այնպիսի ձևերից, որոնք կարող են պղծել մեր միտք։ * Բացի այդ, եթե կանոնավորաբար ուսումնասիրենք Աստծու Խոսքը, մեր միտքը մաքուր կմնա և կլցվի մաքուր բաներով (Սաղմոս 19։8, 9

13 Աստծու սիրո մեջ մնալու համար շատ կարևոր է, որ հոգևոր, բարոյական և մտային առումներով լինենք մաքուր։ Այս երեք ոլորտների մասին ավելի մանրամասն քննարկվում է գրքի մյուս գլուխներում։ Այժմ քննենք չորրորդ ոլորտի՝ ֆիզիկական մաքրության մասին։

ՖԻԶԻԿԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ ԼԻՆԵԼ

14. Ինչո՞ւ ֆիզիկական մաքրության հարցը միայն անձնական չէ։

14 Ֆիզիկական մաքրության մեջ մտնում է մեր մարմինը և շրջապատը մաքուր պահելը։ Արդյոք սա անձնակա՞ն հարց է, որը չի վերաբերում ուրիշ ոչ ոքի։ Եհովային երկրպագողները նման կերպ չեն մտածում։ Ինչպես արդեն նշվեց, մեր ֆիզիկական մաքրությունը կարևոր է Եհովայի համար ոչ միայն այն պատճառով, որ նպաստում է մեր առողջությանը, այլև քանի որ դա ազդում է նրա հեղինակության վրա։ Հիշիր այն օրինակը, որ բերված է այս գլխի սկզբում։ Մի՞թե փնթի ու թափթփված երեխայի տեսնելով՝ վատ կարծիք չես կազմի նրա ծնողի մասին։ Մենք չենք ուզում, որ մեր ապրելակերպը կամ արտաքինը անարգանք բերի մեր  երկնային Հոր անվան վրա և պատճառ դառնա, որ մարդիկ չլսեն մեր քարոզած լուրը։ Աստծու Խոսքն ասում է. «Ոչ մի ձևով մենք գայթակղության որևէ առիթ չենք տալիս, որպեսզի մեր ծառայությունը չպախարակվի, այլ բոլոր առումներով մեզ երաշխավորում ենք իբրև Աստծու ծառաների» (2 Կորնթացիներ 6։3, 4)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք հետևել մեր ֆիզիկական մաքրությանը։

15, 16. Ի՞նչ է մտնում հիգիենայի լավ սովորությունների մեջ, և ինչպիսի՞ն պետք է լինի մեր հագուստը։

15 Անձնական հիգիենա և արտաքին տեսք։ Թեև երկրից երկիր մշակույթները և կենսապայմանները տարբեր են, միևնույնն է, հնարավոր է ունենալ օճառ և ջուր պարբերաբար լողանալու համար և հետևելու, որ թե՛ մենք, թե՛ մեր երեխաները միշտ մաքուր լինեն։ Օրինակ՝ ուտելուց կամ կերակուր պատրաստելուց առաջ հարկավոր է ձեռքերը օճառով լվանալ։ Չպետք է մոռանալ նաև զուգարանից օգտվելուց կամ երեխայի տակաշորը փոխելուց հետո օճառով լվացվելու մասին։ Լվացվելու  սովորությունը օգնում է խուսափել տարբեր հիվանդություններով վարակվելու վտանգից, իսկ որոշ դեպքերում նույնիսկ փրկում է մեր կյանքը։ Այն նաև կանխում է տարբեր մանրէների և վիրուսների տարածումը, ինչի շնորհիվ մարդը զերծ է մնում աղեստամոքսային տրակտի հիվանդություններից։ Այնպիսի բնակավայրերում, որտեղ կոյուղի չկա, կարելի է արտաթորանքը ծածկել հողով, ինչպես ընդունված էր հին Իսրայելում (2 Օրենք 23։12, 13

16 Մեր հագուստն էլ պետք է պարբերաբար լվացվի, որպեսզի այն թարմ և մաքուր տեսք ունենա։ Պարտադիր չէ, որ քրիստոնյան կրի թանկարժեք կամ նորաձև հագուստ։ Սակայն պարտադիր է, որ այն լինի կոկիկ, մաքուր և համեստ (կարդա՛  1 Տիմոթեոս 2։9, 10)։ Ուր էլ լինենք, մենք ուզում ենք, որ մեր արտաքին տեսքը «զարդարի մեր Փրկչի՝ Աստծու ուսմունքը» (Տիտոս 2։10

17. Ինչո՞ւ մեր տունը և իրերը պետք է լինեն մաքուր և հավաքված։

17 Մեր տունն ու իրերը։ Մեր տունը գուցե շքեղ չլինի, բայց պետք է մաքուր և հավաքված լինի։ Եթե մեքենա ունենք, որով գնում ենք ժողովի հանդիպման կամ ծառայության, ապա այն նույնպես պետք է դրսից և ներսից մաքուր պահենք։ Չմոռանանք, որ մեր տան և ունեցած մյուս իրերի մաքրությունը ինքնին վկայություն է ուրիշների համար։ Չէ՞ որ մարդկանց սովորեցնում ենք, որ Եհովան մաքուր՝ սուրբ Աստված է, որ նա «կործանելու է նրանց, ովքեր կործանում են երկիրը», և որ նրա Թագավորությունը շուտով երկիրը դրախտ է դարձնելու (Հայտնություն 11։18; Ղուկաս 23։43)։ Ինչ խոսք, մենք ուզում ենք, որ մեր տնից և իրերից ակնհայտ լինի, որ մաքրություն պահպանելու սովորություն զարգացնելով՝ մենք պատրաստվում ենք ապրել գալիք նոր աշխարհում։

Մենք պետք է մեր մարմինը և մեզ պատկանող ամեն բան մաքուր պահենք

18. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր հարգանքը Թագավորության սրահի հանդեպ։

18 Երկրպագության վայրը։ Եհովայի հանդեպ սերը մղում է մեզ խնամքով վերաբերվել Թագավորության սրահին, որը ճշմարիտ երկրպագության վայր է։ Մենք ուզում ենք, որ ցանկացած մարդ, ով առաջին անգամ կգա սրահ, լավ տպավորություն ստանա մեր երկրպագության վայրից։ Ուստի որպեսզի այն պատշաճ վիճակում լինի, պարբերաբար պետք է մաքրվի և բարեկարգ վիճակում  պահվի։ Մենք ցույց կտանք մեր հարգանքը Թագավորության սրահի հանդեպ, եթե նպաստենք դրան։ Երկրպագության վայրի մաքրության և նորոգման աշխատանքներին մասնակցելը մեծ պատիվ և առանձնաշնորհում է մեզ համար (2 Տարեգրություն 34։10)։ Նույն մոտեցումը պետք է ունենանք նաև համաժողովների սրահի հանդեպ, որտեղ ավելի մեծ հավաքույթներ ենք անցկացնում։

ՄԱՔՐՎԵՆՔ ՊԻՂԾ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

19. Ֆիզիկապես մաքուր լինելու համար ինչի՞ց պետք է խուսափենք, և ինչպե՞ս է Աստվածաշունչն օգնում մեզ այս հարցում։

19 Ֆիզիկապես մաքուր լինելու համար մենք պետք է խուսափենք այնպիսի պիղծ սովորություններից, ինչպիսիք են՝ ծխելը, ալկոհոլի չարաշահումը և ոչ բժշկական նպատակներով թմրանյութեր ու հոգեմետ դեղեր օգտագործելը։ Աստվածաշնչում չեն թվարկվում այն բոլոր անմաքուր, պիղծ սովորությունները, որ տարածված են այսօր։ Բայց այնտեղ կան սկզբունքներ, որոնք օգնում են հասկանալ Եհովայի վերաբերմունքը դրանց նկատմամբ։ Իսկ երբ գիտենք, թե ինչպես է Եհովան նայում այդ սովորություններին, նրա հանդեպ սիրուց մղված ջանում ենք ապրել այնպես, որ ունենանք նրա հավանությունը։ Այժմ քննենք հինգ սուրբգրային սկզբունք։

20, 21. Ինչպիսի՞ սովորություններից է Եհովան ուզում, որ մենք զերծ լինենք, և ինչ լուրջ պատճառ ունենք այդպես վարվելու համար։

20 «Սիրելինե՛ր, քանի որ այս խոստումներն ունենք, եկեք մաքրենք մեզ մարմնի և ոգու ամեն պղծությունից և սրբությունը կատարելագործենք Աստծու հանդեպ վախով» (2 Կորնթացիներ 7։1)։ Եհովան ուզում է, որ զերծ լինենք այնպիսի սովորություններից, որոնք պղծում են մեր մարմինը և ոգին, այսինքն՝ մտածելակերպը։ Հետևաբար պետք է հեռու մնանք այն սովորություններից, որոնք կախվածություն են առաջ բերում և համարվում են վնասակար թե՛ ֆիզիկական, թե՛ մտային առողջության համար։

21 Աստվածաշնչում հիմնավոր պատճառ է նշվում, թե ինչու պետք է «մաքրենք մեզ.... ամեն պղծությունից»։ 2 Կորնթացիներ 7։1-ի սկզբում ասվում է. «Քանի որ այս խոստումներն ունենք»։ Ի՞նչ խոստումների մասին է խոսքը։ Նախորդող համարներում կարդում ենք Եհովայի տված խոստումները. «Ես կընդունեմ ձեզ։  Ես ձեզ հայր կլինեմ» (2 Կորնթացիներ 6։17, 18)։ Պատկերացրու. Եհովան խոստանում է պաշտպանել ու հոգ տանել քո մասին և սիրել, ինչպես հայրն է սիրում իր որդուն կամ աղջկան։ Նա կկատարի իր այս խոստումները, եթե միայն մենք խուսափենք «մարմնի ու ոգու ամեն պղծությունից»։ Որքա՜ն անխոհեմ կլինի թույլ տալ, որ որևէ պիղծ սովորություն զրկի մեզ ամենաթանկ բանից՝ Եհովայի հետ մեր մտերիմ փոխհարաբերություններից։

22–25. Սուրբգրային ո՞ր սկզբունքները կօգնեն մեզ խուսափելու անմաքուր սովորություններից ու արարքներից։

22 «Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով» (Մատթեոս 22։37)։ Հիսուսը առանձնացրեց այս պատվիրանը որպես մեծագույն (Մատթեոս 22։38)։ Եհովան արժանի է, որ մենք նրան այսպես սիրենք։ Մենք ցույց կտանք, որ Աստծուն սիրում ենք ամբողջ սրտով, հոգով և մտքով, եթե չունենանք այնպիսի սովորություններ, որոնք կկարճացնեն մեր կյանքը և կբթացնեն մեր միտքը։

23 «[Եհովան] է բոլոր մարդկանց տալիս կյանք, շունչ և ամեն բան» (Գործեր 17։24, 25)։ Այո՛, կյանքը նվեր է, որ տվել է մեզ Աստված։ Մենք սիրում ենք նրան, ուստիև ուզում ենք գնահատանքով վերաբերվել նրա տված նվերին։ Այդ իսկ պատճառով մենք հեռու ենք մնում ցանկացած վատ սովորությունից կամ արարքից, որը կվտանգի մեր առողջությունը։ Մենք գիտակցում ենք, որ հակառակ դեպքում արհամարհանք կդրսևորենք կյանքի պարգևի հանդեպ (Սաղմոս 36։9

24 «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես» (Մատթեոս 22։39)։ Անմաքուր սովորություններն ու արարքները վնասում են ոչ միայն անողին, այլև ուրիշներին։ Օրինակ՝ ծխախոտի ծուխը վնասակար ազդեցություն է թողնում նաև նրանց վրա, ովքեր չեն ծխում։ Այն մարդը, ով նման ձևով վնասում է իր շրջապատի մարդկանց, խախտում է մերձավորին սիրելու վերաբերյալ Աստծու պատվիրանը։ Նրա գործերը հերքում են իր խոսքերը, թե սիրում է Աստծուն (1 Հովհաննես 4։20, 21

25 «Շարունակիր հիշեցնել նրանց, որ հպատակվեն և հնազանդվեն կառավարություններին ու իշխանություններին» (Տիտոս 3։1)։ Շատ երկրներում որոշ տեսակի թմրանյութեր ունենալը և օգտագործելը արգելված է օրենքով։ Որպես ճշմարիտ  քրիստոնյաներ՝ մենք հնազանդվում ենք նաև այս օրենքին (Տիտոս 3։1

26. ա) Աստծու սիրո մեջ մնալու համար ի՞նչ պետք է անենք։ բ) Ինչո՞ւ արժե մաքուր լինել Աստծու առաջ։

26 Որպեսզի մնանք Աստծու սիրո մեջ, մենք պետք է մաքուր լինենք բոլոր առումներով։ Ճիշտ է, պիղծ սովորություններից ու արարքներից մաքուր լինելը թերևս հեշտ չէ, բայց հնարավոր է։ * Այն ամենը, ինչ սովորեցնում է Եհովան, մեր օգտի համար է, և նրա սովորեցրածով ապրելը կյանքի լավագույն ուղին է (կարդա՛  Եսայիա 48։17)։ Եթե մաքուր լինենք, բավարարվածության զգացում կունենանք, որը գալիս է այն բանի գիտակցումից, որ դրանով մենք փառք ենք բերում մեր սիրելի Աստծուն և շարունակում ենք մնալ նրա սիրո մեջ։

^ պարբ. 2 Բնագրում «մաքուր» թարգմանված բառը երբեմն վերաբերում է ֆիզիկական մաքրությանը, բայց ավելի հաճախ՝ բարոյական և հոգևոր։

^ պարբ. 67 Անունը փոխված է։

Իմացիր ավելին

Բարոյական մաքրություն— Արտացոլել Աստծու սրբությունը

Եզեկիելի տեսիլքի տաճարի դռներն ու պահապանների սենյակները հատուկ նշանակություն ունեն վերջին օրերում Աստծու ժողովրդի համար։