Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Մնա Աստծու սիրո մեջ

 ԳԼՈՒԽ 13

Աստծուն տհաճ տոներ և սովորույթներ

Աստծուն տհաճ տոներ և սովորույթներ

«Շարունակեք հավաստիանալ, թե ինչն է ընդունելի Տիրոջը» (ԵՓԵՍԱՑԻՆԵՐ 5։10)

1. Ինչպիսի՞ մարդկանց է Եհովան ձգում դեպի իրեն, և ինչո՞ւ պետք է նրանք հոգևորապես միշտ արթուն լինեն։

ՀԻՍՈՒՍՆ ասաց. «Ճշմարիտ երկրպագուները կերկրպագեն Հորը ոգով և ճշմարտությամբ, որովհետև Հայրը հենց այդպիսի երկրպագուներ է փնտրում իր համար» (Հովհաննես 4։23)։ Երբ Եհովան գտնում է այնպիսի անհատի, ով նման երկրպագություն է ուզում մատուցել իրեն, «ձգում» է նրան դեպի իրեն և իր Որդին, ինչպես որ քեզ է «ձգել» (Հովհաննես 6։44)։ Դա մեծ պատիվ է։ Սակայն Աստվածաշնչի ճշմարտությունը սիրողները պետք է շարունակեն «հավաստիանալ, թե ինչն է ընդունելի Տիրոջը», քանի որ Սատանան մոլորեցնելու մեծ վարպետ է (Եփեսացիներ 5։10; Հայտնություն 12։9

2. Ինչպե՞ս է Եհովան վերաբերվում նրանց, ովքեր փորձում են ճշմարիտ երկրպագությանը խառնել կեղծ կրոնական տարրեր։

2 Տեսնենք, թե ինչ եղավ Սինա լեռան մոտ, երբ իսրայելացիները պահանջեցին Ահարոնից, որ իրենց համար աստված շինի։ Ահարոնը տեղի տվեց և ոսկե հորթ պատրաստեց։ Թեև նա այն ներկայացրեց որպես Եհովային խորհրդանշող արձան ու հայտարարեց՝ «վաղը տոն է Եհովայի պատվին», արդյո՞ք Եհովային դուր եկավ, որ ճշմարիտ երկրպագությանը խառնեցին կեղծ կրոնական տարրեր։ Իհարկե ոչ։ Նա մոտ 3000 կռապաշտների մահվան դատապարտեց (Ելք 32։1–6, 10, 28)։ Ի՞նչ դաս ենք քաղում այս դեպքից։ Եթե ուզում ենք մնալ Աստծու սիրո մեջ, մենք չպետք է դիպչենք «ոչ մի անմաքուր բանի» և պետք է նախանձախնդիր լինենք ճշմարտությունը ցանկացած ապականությունից զերծ պահելու համար (Եսայիա 52։11; Եզեկիել 44։23; Գաղատացիներ 5։9

3, 4. Ինչո՞ւ պետք է Աստվածաշնչի սկզբունքների լույսի ներքո քննենք ժամանակակից տոները և սովորույթները։

 3 Ցավոք, առաքյալների մահից հետո, ովքեր հավատուրացության դեմ պատնեշի պես էին, որոշ քրիստոնյաներ, ում մեջ չկար սեր ճշմարտության հանդեպ, սկսեցին որդեգրել հեթանոսական սովորույթները, տոներն ու «սուրբ» օրերը և դրանք անվանեցին քրիստոնեական (2 Թեսաղոնիկեցիներ 2։7, 10)։ Այդ տոնակատարությունները նկատի առնելիս ուշադրություն դարձրու, թե ինչպես են դրանք արտացոլում աշխարհի ոգին, ոչ թե Աստծու։ Դրանց մեջ մի ընդհանրություն կա՝ այդ տոներն ու սովորույթները բորբոքում են մարմնական ցանկությունների կրակը և փայլ են տալիս կեղծ կրոնական հավատալիքներին և ոգեհարցությանը, բաներ, որոնք բնորոշ են «Մեծ Բաբելոնին» * (Հայտնություն 18։2–4, 23)։ Հիշիր նաև, որ Եհովայի աչքի առաջ են ձևավորվել այն նողկալի հեթանոսական արարողությունները, որոնցից առաջ են եկել ժամանակակից շատ սովորույթներ ու տոներ։ Դրանք այսօր էլ նույնքան նողկալի են Եհովայի համար։ Մի՞թե նրա կարծիքը չպետք է որոշիչ լինի մեզ համար (2 Հովհաննես 6, 7

4 Մենք՝ ճշմարիտ քրիստոնյաներս, գիտենք, որ կան տոներ, որ տհաճ են Եհովային։ Ուստի մեր սրտում պետք է վճռենք չմասնակցել դրանց։ Այժմ տեսնենք, թե ինչու են դրանք տհաճ Եհովային։ Դա մեզ ավելի մեծ վճռականությամբ կլցնի, որ խուսափենք ցանկացած բանից, ինչը կհեռացնի մեզ Աստծու սիրուց։

ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

5. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Հիսուսը ձմռանը չի ծնվել։

5 Աստվածաշնչում չի խոսվում այն մասին, որ մարդիկ նշած լինեն Հիսուսի ծնունդը։ Իրականում հայտնի չէ, թե նա որ օրն է ծնվել։ Սակայն կարող ենք վստահ լինել, որ նա ո՛չ դեկտեմբերի 25-ին է ծնվել, ո՛չ էլ հունվարի 6-ին, երբ Պաղեստինում ցուրտ  եղանակ է լինում։ * Ղուկաս ավետարանագիրը նշում է, որ երբ Հիսուսը ծնվեց, «այդ տեղանքում հովիվներ կային, որոնք դաշտում էին ապրում և գիշերը իրենց հոտերին պահակություն էին անում» (Ղուկաս 2։8–11)։ Եթե նրանք տարին բոլոր դաշտում ապրելիս լինեին, այդ մասին նշելը ավելորդ կլիներ։ Բայց քանի որ ձմռանը Բեթլեհեմում անձրևներ և ձյուն է լինում, հոտերին ծածկի տակ էին պահում։ Ուստի հովիվները դժվար թե այդ եղանակին դաշտում մնային։ Բացի այդ, Հովսեփն ու Մարիամը Բեթլեհեմ էին գնացել, քանի որ Օգոստոս կայսրը հրաման էր արձակել մարդահամար անցկացնել (Ղուկաս 2։1–7)։ Քիչ հավանական է, որ կայսրը դա արած լիներ ձմռանը, այսինքն՝ կարգադրեր, որ առանց այն էլ Հռոմի տիրապետության դեմ ըմբոստանալու պատրաստ մարդիկ ցրտին ճանապարհ ընկնեին ու իրենց նախնիների ծննդավայրը գնային։

6, 7. ա) Որտեղի՞ց են առաջ եկել Ամանորի և Սուրբ Ծննդի հետ կապված սովորությունները։ բ) Ինչո՞վ է քրիստոնյաների նվերներ տալը տարբերվում Ամանորին նվերներ տալուց։

6 Հետևաբար, Սուրբ Ծնունդը * և Ամանորը (կամ՝ Նոր տարին) աստվածաշնչյան ծագում չունեն։ Այդ տոները մեզ են հասել հեթանոսությունից։ Օրինակ՝ Ամանորը հնում հայերը կոչել են Նավասարդ։ Այն նվիրված է եղել հեթանոսական աստվածներ Արամազդին, Անահիտին ու Վանատուրին։ «Հայկական սովետական հանրագիտարանում» այս տոնի մասին ասվում է. «Մինչև Ամանորի տոն դառնալը Նավասարդը ժողովրդի կենցաղում կար որպես աշնանային բերքահավաքի տոն։ Քրիստոնեության մուտքից հետո Ա[մանորը] հարմարեցվել է Քրիստոսի ծննդյան տոնին։ ....XVIII դ.-ում .... հայերը.... հունվարի 1-ն ընդունեցին որպես տարվա սկիզբ և Ա[մանորի] տոն, որը հիմնականում  կրկնում էր ազգային ամանորյա տոների ծեսերը» (հատոր 1, էջ 273)։

Ճշմարիտ քրիստոնյաները նվերներ են անում ոչ թե պարտավորվածությունից, այլ սիրուց մղված

7 Հիշյալ տոնախմբությունները ուղեկցվել են «փոխադարձ նվիրատվություններով [ու] խրախճանքներով». սովորույթներ, որոնք պահպանվել են մինչ օրս։ Սակայն այդ տոներին մարդիկ շատ անգամ հարկադրված են իրար նվերներ տալիս, ինչը հակասում է 2 Կորնթացիներ 9։7-ի սկզբունքին. «Թող ամեն մեկը անի այնպես, ինչպես իր սրտում է որոշել, ո՛չ դժկամությամբ, ո՛չ էլ հարկադրանքով, որովհետև Աստված ուրախությամբ տվողին է սիրում»։ Ճշմարիտ քրիստոնյաները սիրուց մղված են նվերներ տալիս և չեն ակնկալում, որ ի պատասխան իրենց էլ նվերներ կտան, ու դա չեն անում հատուկ օրերի (Ղուկաս 14։12–14; կարդա՛  Գործեր 20։35)։ Նրանք ուրախ են, որ ազատված են Նոր տարվա հետ կապված հոգսերից և ֆինանսական խնդիրներից, որ ունենում են շատերը այդ ժամանակ (Մատթեոս 11։28–30; Հովհաննես 8։32

8. Արդյո՞ք աստղագուշակները ծննդյան առիթով էին նվերներ բերել Հիսուսին։ Բացատրիր։

 8 Ոմանք գուցե ասեն. «Բայց չէ՞ որ աստղագուշակները Հիսուսին ծննդյան առիթով նվերներ բերեցին»։ Ո՛չ։ Իրականում, նվեր տալով՝ նրանք ցույց տվեցին իրենց հարգանքը նշանավոր մարդու հանդեպ, ինչը տարածված սովորություն էր այն ժամանակներում (1 Թագավորներ 10։1, 2, 10, 13; Մատթեոս 2։2, 11)։ Բացի այդ, երբ նրանք եկան, դա այն գիշերը չէր, երբ ծնվել էր Հիսուսը։ Այդ ժամանակ նա արդեն նորածին չէր, և իր ծնողների հետ ոչ թե ախոռում էր, այլ ապրում էր տանը։

 

ԾՆՆԴՅԱՆ ՕՐ

9. Ի՞նչ լույսի ներքո է Աստվածաշնչում ներկայացվում ծննդյան տարեդարձը նշելը։

9 Թեպետ երեխայի ծնվելը մեծ ուրախության առիթ է, սակայն Աստվածաշնչում ոչ մի տեղ չի խոսվում, որ Աստծու ծառաներից որևէ մեկը իր ծնունդը տոնած լինի (Սաղմոս 127։3)։ Արդյոք  գրողները մոռացե՞լ են նշել այդ մասին։ Ո՛չ, քանի որ Աստվածաշնչում հիշատակվում են ծննդյան օրը տոնելու երկու դեպքեր՝ մեկը Եգիպտոսի փարավոնինն էր, մյուսը՝ Հերովդես Անտիպասինը (կարդա՛  Ծննդոց 40։20–22; Մարկոս 6։21–29)։ Երկու դեպքերն էլ բացասական լույսի ներքո է ներկայացվում, հատկապես եթե հաշվի առնենք այն, որ իր ծննդյան տոնախմբության ժամանակ Հերովդեսը գլխատել տվեց Հովհաննես Մկրտչին։

10, 11. Ինչպե՞ս էին առաջին դարի քրիստոնյաները վերաբերվում ծննդյան օրերը տոնելուն և ինչո՞ւ։

10 «Ուորլդ բուք» հանրագիտարանում ասվում է. «Առաջին դարի քրիստոնյաները ծննդյան օրը տոնելը հեթանոսական սովորություն էին համարում» (World Book Encyclopedia)։ Օրինակ՝ հին հույները հավատում էին, թե յուրաքանչյուր մարդ ունի պահապան ոգի, որը այցելում է նրան ծնվելու ժամանակ և պաշտպանում է ողջ կյանքի ընթացքում։ «[Այդ ոգին] գերբնական կապ ուներ այն աստծու հետ, որի ծննդյան օրը ծնվել է այդ մարդը»,— նշվում է մի աշխատությունում (The Lore of Birthdays)։ Ծննդյան տոները հին ժամանակներից սերտ կապ են ունեցել նաև աստղագուշակության և հորոսկոպի հետ։

 

11 Հնում ապրած Աստծու ծառաները չէին տոնում իրենց ծննդյան օրը ոչ միայն այն պատճառով, որ դա հեթանոսական և ոգեհարցական ծագում ուներ, այլև քանի որ դա, ըստ ամենայնի, դեմ էր իրենց սկզբունքներին։ Ինչո՞ւ։ Նրանք համեստ, խոնարհ մարդիկ էին, և իրենց լույս աշխարհ գալը այնքան կարևոր չէին համարում, որ տոնեին * (Միքիա 6։8; Ղուկաս 9։48)։ Կյանքի անգին պարգևի համար նրանք շնորհակալ էին Եհովային և նրան էին փառք ուղղում * (Սաղմոս 8։3, 4; 36։9; Հայտնություն 4։11

12. Ի՞նչ առումով է մահվան օրը ծննդյան օրից ավելի լավ։

12 Աստծուն հավատարիմ բոլոր մարդիկ մահից հետո մնում են նրա հիշողության մեջ, և նրանց ապագա կյանքը երաշխավորված  է (Հոբ 14։14, 15Ժողովող 7։1-ում ասվում է. «Լավ անունը ավելի լավ է, քան թանկարժեք յուղը, և մահվան օրը ավելի լավ է, քան ծննդյան օրը»։ «Լավ անունը» բարի համբավն է, որ ձեռք ենք բերում՝ Աստծուն հավատարմորեն ծառայելով։ Միակ հիշարժան օրը, որ քրիստոնյաներին պատվեր է տրվել նշել, առնչվում է ոչ թե ծննդին, այլ մահվանը՝ Հիսուս Քրիստոսի մահվանը, ում գերազանց անունը մեր փրկության գրավականն է (Եբրայեցիներ 1։3, 4; Ղուկաս 22։17–20

ԶԱՏԻԿ. ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈ՞Ն

13, 14. Ի՞նչ ծագում ունեն Զատիկի հետ կապված սովորությունները։

13 Զատիկը, որը քրիստոնեական աշխարհը ներկայացնում է իբրև Քրիստոսի հարության տոն, իրականում նույնպես կեղծ կրոնական ծագում ունի։ Օրինակ՝ թերևս հարց առաջանա, թե ինչու են այդ տոնի ժամանակ ձու օգտագործում։ «Բրիտանական հանրագիտարանում» (անգլ.) նշվում է. «Ձուն եղել է կյանքի ծագման և հարության խորհրդանիշ»։ Զատիկը կապ ունի պտղաբերության հետ, և «Քրիստոսի հարության տոն» անվանումն ընդամենը դրա հեթանոսական արմատների քողարկման միջոց է։ *

14 Մի՞թե Եհովան կհանդուրժի, որ իր Որդու հարությունը հիշեն պտղաբերության հետ կապված պիղծ սովորությունների միջոցով։ Երբե՛ք (2 Կորնթացիներ 6։17, 18)։ Բացի այդ, Աստվածաշնչում ոչ մի հրահանգ չկա այն մասին, որ հարկավոր է նշել Հիսուսի հարությունը։ Իսկ այն «Զատիկ» կոչելը, որն առնչվում է հեթանոսական աստվածուհու հետ, կրկնակի անհավատարմություն է Աստծու դեմ։

ՏՐՆԴԵԶ. ՏԻՐՈՋՆ ԸՆԴԱՌԱ՞Ջ, ԹԵ՞...

15. Ի՞նչ ծագում ունի Տրնդեզը և ինչի՞ հետ է կապված։

15 Մեկ այլ հայտնի տոն է Տրնդեզը (Տյառնընդառաջ)։ Այն նշվում է փետրվարի 14-ին՝ Հիսուսի ենթադրյալ ծնունդից 40 օր անց։ Տոնելով այդ օրը՝ հավատացյալներն իբր ընդառաջ են գնում Տիրոջը։ Իրականում, սակայն, Տրնդեզը հեթանոսական  ծագում ունի և կապված է կրակապաշտության ու ոգեհարցության հետ։ Ինչպես նշվում է «Հայկական սովետական հանրագիտարանում», «Տ[յառնընդառաջի] մեջ պահպանվել են հինավուրց՝ նախաքրիստոնեական մաքրագործական, հատկապես հրապաշտական ծեսեր։ Այդ օրը եկեղեցիների ու տների բակերում, տանիքներին, փողոցներում վառում են խարույկներ, երգելով ու աղոթելով պտտվում դրանց շուրջ, նորապսակ հարսներին թռցնում բոցերի վրայով (իբր մաքրագործվելու և ծնունդը նվիրագործելու համար), ամուլ կանայք «սուրբ» կրակով այրում են իրենց զգեստի փեշերը ամոքվելու հույսով» (հատոր 12, էջ 23)։ Ինչ վերաբերում է ոգեհարցության հետ կապված սովորույթներին, «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանում կարդում ենք. «Տ[յառնընդառաջի] խարույկի ծխի ուղղությամբ որոշել են, թե որ կողմի դաշտերն են բերրի լինելու. եթե տանը հիվանդ է եղել, նրան երդիկով դուրս են բերել տան կտուրը՝ դեզի մոտ, որ լավանա։ Դեզի վրայով ցատկելը բացատրել են կրակի բուժիչ, մաքրագործ և դիվահալած նշանակությամբ, որ ի զորու է ազատագրելու ամեն.... չար բանից» (էջ 1018, 1019)։

ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐ

16, 17. ա) Ինչո՞ւ ամուսնանալ ցանկացող քրիստոնյաները պետք է տեղի հարսանեկան սովորույթները քննեն Աստվածաշնչի սկզբունքների լույսի ներքո։ բ) Ի՞նչ պետք է հաշվի առնեն քրիստոնյաները՝ կապված, օրինակ, ափսեներ կոտրելու սովորույթի հետ։

16 Շուտով «ոչ մի փեսայի ու հարսի ձայն այլևս չի լսվի [Մեծ Բաբելոնում]» (Հայտնություն 18։23)։ Ինչո՞ւ։ Մասամբ այն պատճառով, որ ոգեհարցության հետ կապված նրա սովորույթները պղծում են ամուսնությունները հենց հարսանիքի օրվանից (Մարկոս 10։6–9

17 Երկրից երկիր հարսանեկան սովորույթները տարբեր են։ Որոշ անմեղ թվացող սովորույթներ, որոնք ենթադրվում է՝ պետք է բախտավորություն բերեն զույգին կամ նրանց հյուրերին, ծագել են Մեծ Բաբելոնից (Եսայիա 65։11)։ Օրինակ՝ հարսի ու փեսայի ոտքերի տակ ափսեներ են դնում, որպեսզի նորապսակները կոտրեն դրանք, իբրև թե չարիքից պաշտպանվելու համար («Հայկական սովետական հանրագիտարան», հատոր 6, էջ 311, 312)։ Հստակ է, որ բոլոր նրանք, ովքեր ուզում են մնալ Աստծու սիրո  մեջ, չպետք է պղծվեն նման սովորույթներով (կարդա՛  2 Կորնթացիներ 6։14–18

18. Աստվածաշնչի ո՞ր սկզբունքներով պետք է առաջնորդվեն թե՛ նորապսակները, թե՛ հարսանիքին հրավիրված ներկաները։

18 Եհովայի ծառաները խուսափում են նաև հարսանեկան այնպիսի սովորություններից, որոնք կարող են վիրավորել քրիստոնյայի արժանապատվությունը կամ վնասել որևէ մեկի խիղճը։ Օրինակ՝ իբրև հումոր չար կատակներ և տհաճ բաներ չեն պատմում, սեքսին առնչվող ակնարկներ չեն անում կամ ասում բաներ, որոնք անհարմար դրության մեջ կգցեն նորապսակներին կամ ներկաներին (Առակներ 26։18, 19; Ղուկաս 6։31; 10։27)։ Քրիստոնյաները չեն ձգտում նաև ճոխ հարսանիքներ կազմակերպել, որոնք արտացոլում են ոչ թե համեստություն, այլ «ապրուստի միջոցները ցուցադրաբար ներկայացնելու» ցանկություն (1 Հովհաննես 2։16)։ Եթե պատրաստվում ես ամուսնանալ, հիշիր՝ Եհովան ուզում է, որ հարսանիքիդ օրը առանձնահատուկ լինի քեզ համար, որի մասին հաճույքով կհիշես, ոչ թե ափսոսանքով։ *

ԿԵՆԱՑՆԵՐ

19, 20. Ի՞նչ է նշվում մի գրքում կենացների ծագման մասին, և ինչո՞ւ է այս սովորությունը անընդունելի քրիստոնյաների համար։

19 Հարսանիքների և խնջույքների ժամանակ ընդունված է կենաց ասելն ու խմելը։ Տարբեր մշակույթներում ալկոհոլի օգտագործման վերաբերյալ մի գրքում ասվում է. «Կենացը.... աշխարհիկ սովորություն է, որ հասել է մեզ հնուց, երբ սուրբ ըմպելիք էին որպես զոհ մատուցում աստվածներին՝ խնդրելով, որ կատարեն իրենց ցանկությունները։ Նման աղոթքները եզրափակվում էին «երկար կյանք» կամ «ողջ լինես» մաղթանքներով» (International Handbook on Alcohol and Culture, 1995)։

20 Իհարկե, շատերը կենացների մեջ ոչ մի կրոնական կամ սնապաշտական բան չեն տեսնում։ Այնուհանդերձ, երբ մարդիկ բաժակները վեր են բարձրացնում, ասես խնդրում են «երկնքին»՝ գերբնական ուժերին, որ օրհնեն իրենց, իսկ դա ներդաշնակ չէ Աստվածաշնչին (Հովհաննես 14։6; 16։23 *

 «ԵՀՈՎԱՅԻՆ ՍԻՐՈՂՆԵՐ, ԱՏԵՑԵ՛Ք ՉԱՐՈՒԹՅՈՒՆԸ»

21. Կրոնական ծագում չունեցող ի՞նչ տոնախմբությունների չի մասնակցի քրիստոնյան և ինչո՞ւ։

21 Աշխարհում օր օրի ընկնում են բարոյական չափանիշները, ինչին ուղղակի կամ անուղղակի նպաստում է Մեծ Բաբելոնը։ Այդ մասին են վկայում շատ երկրներում ամեն տարի անցկացվող կառնավալներն ու դիմակահանդեսները, օրինակ՝ «Ճարպոտ երեքշաբթին» (Mardi Gras)։ Դրանց ժամանակ լինում են լկտի պարեր և գովազդվում է համասեռամոլությունը։ Տեղին կլինի՞, եթե Եհովային սիրողները ներկա լինեն այսպիսի իրադարձությունների կամ դիտեն։ Դրանով նրանք ցույց կտա՞ն, որ իսկապես ատում են այն, ինչ չար է (Սաղմոս 1։1, 2; 97։10)։ Որքա՜ն ավելի իմաստուն կլինի հետևել սաղմոսերգուի օրինակին, ով աղոթեց. «Աչքերս հեռացրո՛ւ անարժան բաներ տեսնելուց, կենդանի՛ պահիր ինձ քո ճանապարհին» (Սաղմոս 119։37

22. Ո՞ր դեպքերում է քրիստոնյայի խղճին թողնված՝ մասնակցել տոնախմբությանը, թե ոչ։

22 Աշխարհիկ տոնախմբությունների օրերին քրիստոնյան պետք է զգույշ լինի, որ այնպիսի տպավորություն չստեղծի, թե ինքը մասնակից է դրան։ «Ուտեք թե խմեք և ուրիշ ինչ էլ որ անեք, ամեն բան Աստծու փառքի համար արեք»,— գրեց Պողոս առաքյալը (1 Կորնթացիներ 10։31, տես « Իմաստուն որոշումներ կայացնել» շրջանակը)։ Իսկ եթե որևէ սովորույթ կամ տոնախմբություն առնչություն չունի կեղծ կրոնի, քաղաքականության կամ հայրենասիրության հետ և չի հակասում Աստվածաշնչի սկզբունքներին, յուրաքանչյուր քրիստոնյա ինքը պետք է որոշի՝ մասնակցել, թե ոչ։ Միևնույն ժամանակ հարկավոր է հաշվի առնել մյուսների զգացմունքները, որպեսզի գայթակղության պատճառ չլինենք։

ՓԱՌԱԲԱՆԻՐ ԱՍՏԾՈՒՆ ԽՈՍՔՈՎ ԵՎ ԳՈՐԾՈՎ

23, 24. Ինչպե՞ս կարող ենք լավ արդյունքների հասնել Եհովայի արդար չափանիշների մասին խոսելիս։

23 Շատերի համար տոները ընկերներով ու ընտանիքով հավաքվելու հարմար առիթներ են։ Հետևաբար, հնարավոր է՝ մարդիկ սխալմամբ եզրակացնեն, թե Եհովայի վկաները ծայրահեղության մեջ են ընկնում կամ իրենց հարազատներին չեն սիրում։ Նման  դեպքում կարող ենք սիրալիր կերպով բացատրել, որ իրականում մենք սիրում ենք մեր ընկերներին և հարազատներին ու նրանց հետ ժամանակ անցկացնելու համար հատուկ առիթի չենք սպասում (Առակներ 11։25; Ժողովող 3։12, 13; 2 Կորնթացիներ 9։7)։ Մենք դա անում ենք տարվա մեջ ցանկացած ժամանակ։ Բայց քանի որ սիրում ենք նաև Աստծուն ու նրա արդար չափանիշները, չենք ուզում նման ուրախ առիթները արատավորել այնպիսի սովորույթներով, որոնք տհաճ են Աստծուն (տես « Ճշմարիտ երկրպագությունը իսկական ուրախության աղբյուրն է» շրջանակը)։

 

24 Եհովայի վկաներից ոմանք լավ արդյունքների են հասել՝ նման մարդկանց հետ քննարկելով «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» * գրքի 16-րդ գլուխը։ Սակայն հիշիր, որ մեր նպատակը պետք է լինի շահել մարդկանց սրտերը, ոչ թե ապացուցել, որ նրանք սխալ են։ Ուստի եղիր մեղմ ու հարգալից, և թող քո «խոսքը միշտ վայելուչ լինի, աղով համեմված» (Կողոսացիներ 4։6

25, 26. Ինչպե՞ս կարող են ծնողներն օգնել, որ իրենց երեխաների մեջ Եհովայի հանդեպ սերն ու հավատը աճի։

25 Մենք՝ Եհովայի վկաներս, տեղեկացված ենք. գիտենք, թե ինչ հիմք ունեն մեր համոզմունքները, ինչու ենք որոշ տոնախմբությունների մասնակցում, իսկ որոշների՝ ոչ (Եբրայեցիներ 5։14)։ Եթե ծնող ես, սովորեցրու քո երեխային տրամաբանել ու խորհել աստվածաշնչյան սկզբունքների շուրջ։ Այդպես կնպաստես, որ նրա հավատը զարգանա, և կօգնես, որ Աստվածաշնչով հիմնավորված պատասխաններ տա նրանց, ովքեր հավատի վերաբերյալ հարցեր կտան։ Այդպես նրա մեջ նաև կարմատավորվի համոզվածությունը, որ Եհովան սիրում է իրեն (Եսայիա 48։17, 18; 1 Պետրոս 3։15

26 Բոլոր նրանք, ովքեր երկրպագում են Աստծուն «ոգով և ճշմարտությամբ», ոչ միայն չեն մասնակցում աստվածաշնչյան սկզբունքներին հակասող տոներին, այլև ձգտում են ամեն ինչում ազնիվ լինել (Հովհաննես 4։23)։ Այսօր, սակայն, ազնվությունը շատերի համար ձեռնտու հատկություն չէ։ Հաջորդ գլխում ևս մեկ անգամ կհամոզվենք, որ Աստծու ճանապարհները լավագույնն են։

^ պարբ. 3 Տես « Մասնակցե՞մ այս տոնին» շրջանակը։ Մի շարք տոների մասին տեղեկություն կարող ես գտնել «Փնտրտուքների ուղեցույցի» օգնությամբ։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

^ պարբ. 5 Համաձայն Աստվածաշնչի տարեգրության և այլ պատմական աղբյուրների՝ Հիսուսը, ամենայն հավանականությամբ, ծնվել է մ.թ.ա. 2թ.-ին՝ հրեական օրացույցով անթանի ամսին, որը համընկնում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին (տես «Գրությունների ըմբռնում» հանրագիտարանը, հատոր 2, էջ 56, 57, անգլ.։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից)։

^ պարբ. 6 Արևմտյան շատ երկրներում Հիսուսի ծնունդը նշվում է ոչ թե հունվարի 6-ին, այլ դեկտեմբերի 25-ին։ Իրականում այդ օրը հեթանոս հռոմեացիները տոնել են արևի աստված Միթրայի (Միհր) ծննդյան օրը, որը հետագայում «քրիստոնեացվել» է և կոչվել Սուրբ ծնունդ։

^ պարբ. 11 Օրենքի ուխտը պահանջում էր, որ կինը ծննդաբերելուց հետո մեղքի զոհ մատուցի Եհովային (Ղևտական 12։1–8)։ Դա հիշեցնում էր իսրայելացիներին, որ մարդիկ իրենց սերնդին մեղք ու անկատարություն են փոխանցում, ինչն էլ մղում էր նրանց հավասարակշռված տեսակետ ունենալ երեխայի ծննդի հանդեպ և հետ էր պահում ծննդյան օրերը տոնելու հեթանոսական սովորությունը որդեգրելուց (Սաղմոս 51։5

^ պարբ. 13 Զատիկը առնչվում է պտղաբերության աստվածուհի Աստարտեի հետ, որին պաշտում էին Փյունիկիայում։ Ըստ մի բառարանի՝ «նա լուսնի վրա նապաստակ ուներ, որը ձվեր էր սիրում, և երբեմն նրան նկարում էին նապաստակի գլխով»։

^ պարբ. 18 Հարսանիքների և ընկերական հավաքույթների մասին տես «Դիտարանի» 2006թ. հոկտեմբերի 15-ի համարը, էջ 18–31։

^ պարբ. 20 Տես «Դիտարանի» 2007թ. փետրվարի 15-ի համարը, էջ 30, 31։

^ պարբ. 24 Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

Իմացիր ավելին

Թագավորը մաքրում է Աստծու ժողովրդին հոգևորապես

Իմացիր, թե ինչ ընդհանրություն ունեն Սուրբ Ծնունդը և խաչը։