Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Մնա Աստծու սիրո մեջ

 ԳԼՈՒԽ 11

Քո ամուսնությունը պատվական դարձրու

Քո ամուսնությունը պատվական դարձրու

«Ուրախացիր քո երիտասարդության կնոջ հետ» (ԱՌԱԿՆԵՐ 5։18)

1, 2. Ի՞նչ հարց ենք քննարկելու և ինչո՞ւ։

ԵԹԵ ամուսնացած ես, վայելո՞ւմ ես ամուսնական կյանքի երջանկությունը, թե՞ ընտանեկան լուրջ խնդիրներ ունես։ Օտարացե՞լ եք իրարից։ Ամուսնացած լինելը պարզապես կարգավիճա՞կ է դարձել։ Եթե այո, ապա հավանաբար ցավ ես զգում, որ ձեր ջերմ զգացմունքները սառել են։ Լինելով քրիստոնյա՝ դու ուզում ես, որ քո ամուսնությունը փառք բերի Եհովային, ում սիրում ես, սակայն քո իրավիճակը միայն մտահոգություն ու ցավ է պատճառում քեզ։ Նույնիսկ այս դեպքում մի՛ մտածիր, թե այլևս ոչինչ հնարավոր չէ փոխել։

2 Այսօր քրիստոնյա շատ զույգեր կան, որոնք մի ժամանակ պարզապես մի հարկի տակ էին ապրում։ Սակայն նրանք գտել են իրենց փոխհարաբերությունները ամրապնդելու և թարմացնելու կերպեր, ու հիմա նրանց ամուսնությունը ծաղկում է։ Դու նույնպես կարող ես բարեփոխել քո ամուսնական կյանքը ու երջանիկ լինել։ Ինչպե՞ս։

ՄՏԵՐՄԱՑԻՐ ԱՍՏԾՈՒ ԵՎ ԿՈՂԱԿՑԻԴ ՀԵՏ

3, 4. Ինչպե՞ս է Աստծու հետ մտերմանալը մտերմացնում նաև կողակիցներին։

3 Դու և կողակիցդ կմտերմանաք իրար հետ, եթե ձգտեք ավելի մտերմանալ Աստծու հետ։ Ինչպե՞ս։ Պատկերացնենք օրինակով։ Ենթադրենք՝ դու և կողակիցդ կանգնած եք սարի  ստորոտին, բայց հակադիր կողմերում։ Քանի դեռ դուք ստորոտին եք, ձեր միջև հեռավորությունը մեծ է։ Որքան շատ բարձրանաք դեպի գագաթ, այնքան այդ հեռավորությունը կկրճատվի, և դուք ավելի մոտ կլինեք իրար։

4 Սար բարձրանալու ջանքերը կարելի է համեմատել Եհովային ծառայելու համար ներդրած ջանքերի հետ։ Քանի որ դու սիրում ես Եհովային, կարելի է ասել՝ արդեն սկսել ես բարձրանալ սարը։ Բայց այն, որ քո և կողակցիդ միջև զգացմունքները սառել են, նշանակում է՝ դուք սարի հակադիր կողմերում եք։ Սկզբում ձեր միջև հեռավորությունը բավականին մեծ է։ Սակայն որքան ավելի շատ ջանք եք թափում բարձրանալու՝ Եհովային մոտենալու համար, այնքան ավելի եք մոտենում իրար։ Փաստորեն՝ Եհովայի հետ մտերմանալը  մտերմացնում է նաև ձեզ։ Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում գործնականում։

Աստվածաշունչը կամրացնի ձեր միությունը, եթե կիրառեք ձեր ստացած գիտելիքները

5. ա) Ո՞րն է Եհովայի և կողակցի հետ մտերմանալու կերպերից մեկը։ բ) Ի՞նչ արժեք ունի ամուսնությունը Եհովայի աչքում։

5 «Սարը բարձրանալու» կերպերից մեկը ամուսնության վերաբերյալ Աստծու տեսակետով առաջնորդվելն է (Սաղմոս 25։4; Եսայիա 48։17, 18)։ Ահա թե ինչ ասաց Պողոս առաքյալը. «Թող ամուսնությունը բոլորի համար պատվական լինի» (Եբրայեցիներ 13։4)։ Ի՞նչ է սա նշանակում։ «Պատվական» բառը ցույց է տալիս, որ ամուսնությունը թանկարժեք է, արժեքավոր։ Հենց այսպիսին է Եհովայի տեսակետը ամուսնության վերաբերյալ։

ԵՀՈՎԱՅԻ ՀԱՆԴԵՊ ՍԵՐԸ ՈՐՊԵՍ ՄՂԻՉ ՈՒԺ

6. Ի՞նչ են ցույց տալիս Պողոսի խոսքերը ամուսնության վերաբերյալ, և դա հիշելը ինչո՞ւ է կարևոր։

6 Քանի որ երկուսդ էլ Աստծու ծառաներ եք, գիտեք, որ ամուսնությունը անգին է և սուրբ։ Եհովան ինքն է հիմնել ամուսնական կառույցը (կարդա՛  Մատթեոս 19։4–6)։ Սակայն եթե ձեր մեջ խնդիր կա, միայն գիտակցելը, որ ամուսնությունը պատվական է, բավարար չէ մղելու համար ձեզ, որ միմյանց վերաբերվեք սիրով ու հարգանքով։ Այդ դեպքում ի՞նչը կօգնի։ Եթե ուշադրություն դարձնենք Եբրայեցիներ 13։4-ի համատեքստին, կնկատենք, որ այն, ինչ Պողոսն ասաց, իրականում ոչ թե մաղթանք է, այլ հորդոր (Եբրայեցիներ 13։1–5)։ Ուստի ամուսնությունը պետք է դարձնել պատվական։ Պողոսի այս հորդորը հիշելը կօգնի քեզ վերագտնել կողակցիդ հանդեպ հարգանքը ու թարմացնել զգացմունքներդ։ Բայց ինչպե՞ս։

7. ա) Սուրբգրային ի՞նչ պատվերներ ենք կատարում և ինչո՞ւ։ բ) Ի՞նչ է լինում հնազանդության արդյունքում։

7 Մտածիր, թե ինչպես ես վերաբերվում սուրբգրային այլ պատվերների, օրինակ՝ աշակերտներ պատրաստելու գործին կամ ժողովի հանդիպումներին մասնակցելուն (Մատթեոս 28։19; Եբրայեցիներ 10։24, 25)։ Ինչ խոսք, այս պատվերներին  հնազանդվելը երբեմն դժվար է լինում։ Նրանք, ում քարոզում ես, գուցե բացասաբար են արձագանքում։ Աշխատանքից հետո էլ թերևս այնքան հոգնած ես լինում, որ ժողովի հանդիպումներին ներկա լինելու համար քեզանից մեծ ջանքեր են պահանջվում։ Սակայն, չնայած դրան, դու շարունակում ես Թագավորության լուրը քարոզել և ժողովներին ներկա լինել։ Ոչ ոք չի կարողանում քեզ կանգնեցնել, նույնիսկ Սատանան։ Ինչո՞ւ։ Քանի որ դու ամբողջ սրտով սիրում ես Եհովային, և դա մղում է քեզ կատարելու նրա կամքը (1 Հովհաննես 5։3)։ Արդյունքում՝ ներքին խաղաղություն և ուրախություն ես զգում, ինչն էլ իր հերթին ուժ է տալիս քեզ (Նեեմիա 8։10)։ Ի՞նչ ենք սովորում սրանից։

8, 9. ա) Ի՞նչը կարող է մղել հնազանդվելու ամուսնությունը պատվական դարձնելու պատվերին և ինչո՞ւ։ բ) Ի՞նչ պետք է անես ամուսնությունդ պատվական դարձնելու համար։

8 Ինչպես որ Աստծու հանդեպ խոր սերը մղում է քեզ կատարել քարոզելու և ժողովներին մասնակցելու պատվերը, այնպես էլ կարող է մղել, որ հնազանդվես Պողոսի հորդորին. չնայած դժվարություններին՝ ամուսնությունդ պատվական դարձնես (Եբրայեցիներ 13։4; Սաղմոս 18։29; Ժողովող 5։4)։ Եհովայի աչքից աննկատ չեն մնա ամուսնությունդ պատվական դարձնելու քո ջանքերը, և նա կօրհնի քեզ այնպես, ինչպես որ օրհնում է քարոզելու և ժողովներին մասնակցելու պատվերը կատարելու համար (1 Թեսաղոնիկեցիներ 1։3; Եբրայեցիներ 6։10

9 Իսկ ինչպե՞ս կարող ես ամուսնությունդ դարձնել պատվական։ Պետք է խուսափես այնպիսի արարքներից, որոնք կվնասեն քո ամուսնությունը, և անես քայլեր, որոնք ավելի կամրապնդեն ձեր միությունը։

ԽՈՒՍԱՓԻՐ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԴ ՔԱՆԴՈՂ ԽՈՍՔԵՐԻՑ ՈՒ ԱՐԱՐՔՆԵՐԻՑ

10, 11. ա) Ի՞նչը կարող է վնասել ամուսնությունը։ բ) Ի՞նչ հարց պետք է տաս կողակցիդ։

10 Մի քրիստոնյա կին գրում է. «Ես աղոթում եմ Եհովային, որ ինձ ուժ տա՝ դիմանամ»։ Դիմանա ինչի՞ն։ Նա բացատրում  է. «Ամուսինս անընդհատ խոսքով ցավեցնում է ինձ։ Ճիշտ է, ֆիզիկական վերքեր չունեմ, բայց այնպիսի արտահայտությունները, ինչպիսիք են՝ «հոգնել եմ քեզանից» կամ «դու ոչ մի բանի պիտանի չես», խոր վերքեր են բացում իմ սրտում»։ Այս կնոջ խոսքերը ցույց են տալիս, թե վիրավորական խոսքերը ինչ լուրջ խնդիր կարող են լինել ընտանիքում։

11 Որքա՜ն ցավալի է, որ քրիստոնյա ընտանիքներում ևս վիրավորական խոսքեր են ասում իրար և էմոցիոնալ այնպիսի վերքեր հասցնում, որոնք դժվարությամբ են բուժվում։ Ինչ խոսք, այդպիսի ամուսնությունը պատվական չես անվանի։ Իսկ ինչպե՞ս կարելի է շտկել իրավիճակը։ Օրինակ՝ կարող ես խոնարհությամբ հարցնել կողակցիդ, թե ինչպես են քո խոսքերն ազդում նրա վրա։ Եթե նա ասի, որ հաճախ դրանք վիրավորական են իր համար, ապա պետք է պատրաստ լինես փոխել քո խոսելաձևը (Գաղատացիներ 5։15; կարդա՛  Եփեսացիներ 4։31

12. Ո՞ր դեպքում է հնարավոր, որ քո մատուցած երկրպագությունը Աստծու աչքում ունայն լինի։

12 Միշտ հիշիր, որ այն, թե ինչպես ես խոսում կողակցիդ հետ, անդրադառնում է Եհովայի հետ ունեցած քո փոխհարաբերությունների վրա։ Աստվածաշունչն ասում է. «Եթե որևէ մեկը կարծում է, թե ճիշտ է երկրպագում Աստծուն, բայց չի սանձում իր լեզուն, այլ խաբում է իր սիրտը, այդ մարդու երկրպագությունը ունայն է» (Հակոբոս 1։26)։ Քո խոսքը անմիջական կապ ունի քո մատուցած երկրպագության հետ։ Աստվածաշունչը թիկունք չի կանգնում այն մտքին, որ եթե մարդը ծառայում է Աստծուն, ապա նշանակություն չունի, թե ինչ է տեղի ունենում նրա տանը։ Ուստի սխալ է այդպես մտածելը։ Այս հարցը շատ լուրջ է (կարդա՛  1 Պետրոս 3։7)։ Գուցե դու հմտորեն և նախանձախնդրությամբ ես անում քո ծառայությունը, սակայն եթե կծու խոսքերով գիտակցաբար ցավ ես պատճառում քո կողակցին, նշանակում է՝ անարգանքով ես վերաբերվում ամուսնական  կառույցին, ինչի պատճառով քո մատուցած երկրպագությունը հնարավոր է՝ Աստծու աչքում ունայն լինի։

13. Ինչպե՞ս կարող է ամուսինը կամ կինը անուղղակի ձևով ցավ պատճառել կողակցին։

13 Կողակիցները նաև պետք է ուշադիր լինեն, որ անուղղակի ձևով էմոցիոնալ ցավ չպատճառեն միմյանց։ Ահա երկու օրինակ. միայնակ մայրը հաճախակի զանգահարում և խորհուրդ է հարցնում իր ժողովում ծառայող ամուսնացած մի եղբորից, և ամեն անգամ նրանք երկար խոսում են։ Ամուրի եղբայրը ամեն շաբաթ բավականին երկար ծառայում է ամուսնացած քրոջ հետ։ Թեև այս ամուսնացած անհատները ճիշտ մղումներ ունեն, սակայն նրանք հաշվի չեն առնում, թե ինչ կզգան իրենց կողակիցները։ Մի կին ասում է. «Երբ ամուսինս չափից շատ ժամանակ և ուշադրություն է հատկացնում որևէ քրոջ, դրանից ես վիրավորված ու անարժեք եմ զգում»։

14. ա) Ի՞նչ սկզբունք է գրված Ծննդոց 2։24-ում։ բ) Ի՞նչ հարցեր պետք է տաս ինքդ քեզ։

14 Բնական է, որ անհատը ցավ է զգում, երբ իր կողակիցը անտեսում է ամուսնության վերաբերյալ հետևյալ հիմնական սկզբունքը. «Տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը» (Ծննդոց 2։24)։ Թեև ամուսնացողները շարունակում են հարգել իրենց ծնողներին, բայց ամուսնանալուց հետո նրանք առաջին հերթին իրենց կողակցի հանդեպ են պատասխանատվություն կրում։ Նույն սկզբունքը կիրառելի է նաև հավատակիցների հետ փոխհարաբերություններում։ Թեև ամուսնացած քրիստոնյաները սիրում են նրանց, բայց առաջին հերթին իրենց կողակցի հանդեպ են պատասխանատվություն կրում։ Այդ պատճառով, երբ նրանք չափից շատ մտերմանում կամ շատ ժամանակ են անցկացնում հավատակիցների հետ, հատկապես հակառակ սեռի, նրանց ընտանիքում լարվածություն է առաջանում։ Իսկ դուք նման խնդիր ունե՞ք։ Հարցրու ինքդ քեզ. «Իմ կողակցին բավականաչափ ժամանակ և ուշադրություն  հատկացնո՞ւմ եմ։ Արտահայտո՞ւմ եմ իմ սերը նրա նկատմամբ»։

15. Ըստ Մատթեոս 5։28-ի՝ ինչո՞ւ պետք է ամուսնացած քրիստոնյան չափից ավելի ընկերական չլինի հակառակ սեռի որևէ անձնավորության հետ։

15 Այն ամուսնացած քրիստոնյան, ով չափից ավելի ուշադիր է հակառակ սեռի որևէ անձնավորության հանդեպ, ով  իր կողակիցը չէ, կրակի հետ է խաղ անում։ Ցավոք, որոշ ամուսնացած քրիստոնյաներ թույլ են տվել, որ իրենց մեջ ռոմանտիկ զգացմունքներ առաջանան այն մարդկանց հանդեպ, ում հետ շատ ընկերական են դարձել (Մատթեոս 5։28)։ Արդյունքում՝ նրանք այնպիսի արարք են գործել, որով է՛լ ավելի են անարգել իրենց ամուսնությունը։ Նկատի առնենք, թե ինչ է Պողոս առաքյալն ասել այս առնչությամբ։

«ԹՈՂ.... ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԱՆԿՈՂԻՆԸ ՉՊՂԾՎԻ»

16. Ի՞նչ զգուշացում տվեց Պողոս առաքյալը։

16 «Թող ամուսնությունը բոլորի համար պատվական լինի» ասելուց անմիջապես հետո Պողոս առաքյալը զգուշացրեց. «Եվ ամուսնական անկողինը՝ չպղծվի, քանի որ Աստված դատելու է պոռնիկներին ու շնացողներին» (Եբրայեցիներ 13։4)։ «Ամուսնական անկողին» ասելով՝ Պողոսը նկատի ուներ սեռական հարաբերությունները։ Այդ հարաբերությունները միայն ամուսնական զույգի միջև են համարվում մաքուր։ Քրիստոնյաները առաջնորդվում են սուրբգրային հետևյալ խորհրդով. «Ուրախացիր քո երիտասարդության կնոջ հետ» (Առակներ 5։18

17. ա) Ինչո՞ւ քրիստոնյան չպետք է թույլ տա, որ բարոյականության հարցում աշխարհի տեսակետը ազդի իր վրա։ բ) Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հոբին։

17 Նա, ով սեռական հարաբերություն է ունենում մեկի հետ, ով իր կողակիցը չէ, արհամարհում է բարոյականության վերաբերյալ Աստծու օրենքները։ Ճիշտ է, շատերն այսօր ընդունելի են համարում արտամուսնական սեռական հարաբերությունները, սակայն քրիստոնյաները չպետք է թույլ տան, որ ուրիշների տեսակետը ազդի իրենց հայացքների վրա։ Նրանք գիտակցում են, որ ոչ թե մարդը, այլ Աստված է «դատելու պոռնիկներին ու շնացողներին» (Եբրայեցիներ 10։31; 12։29)։ Ուստի ճշմարիտ քրիստոնյաները Եհովայի տեսակետն են որդեգրում (կարդա՛  Հռոմեացիներ 12։9)։ Հիշիր, թե ինչ ասաց Հոբ նահապետը. «Աչքերիս հետ  ուխտ եմ կապել» (Հոբ 31։1)։ Այո՛, քրիստոնյան ուխտ կկապի իր աչքերի հետ, որպեսզի ոտք չդնի անհավատարմության տանող ճանապարհին՝ ծուռ մտքով չնայի հակառակ սեռի որևէ անհատի, ով իր կողակիցը չէ (տես «Աստվածաշնչի տեսակետը ամուսնալուծության և անջատ ապրելու վերաբերյալ» հավելվածը)։

18. ա) Որքա՞ն լուրջ մեղք է շնությունը։ բ) Ի՞նչ ընդհանուր բան կա շնության և կռապաշտության միջև։

18 Որքա՞ն լուրջ մեղք է շնությունը Եհովայի աչքում։ Մովսիսական օրենքը օգնում է հասկանալ Եհովայի տեսակետը։ Իսրայելում շնությունն ու կռապաշտությունը այն մեղքերից էին, որոնց համար մարդը մահվան էր դատապարտվում (Ղևտական 20։2, 10)։ Ի՞նչ ընդհանուր բան կա շնության և կռապաշտության միջև։ Եթե իսրայելացին կուռք պաշտեր, կխախտեր Եհովայի հետ իր կապած ուխտը։ Նույն ձևով էլ, եթե շնություն գործեր, կխախտեր կողակցի հետ կապած ուխտը։ Երկու դեպքում էլ նրա արածը դավաճանություն կլիներ (Ելք 19։5, 6; 2 Օրենք 5։9; կարդա՛  Մաղաքիա 2։14)։ Երկու արարքների համար էլ Եհովան՝ հավատարմություն սիրող Աստվածը, նրան պատասխանատվության կկանչեր (Սաղմոս 33։4

19. Ի՞նչը կօգնի, որ վճռականությամբ դիմադրենք շնություն գործելու գայթակղությանը։

19 Քրիստոնյաներն, ինչ խոսք, Մովսիսական օրենքի տակ չեն։ Սակայն հիշելով, որ հին Իսրայելում շնությունը լուրջ մեղք էր համարվում՝ նրանք վճռական կլինեն նման բան չանելու։ Մտածիր. կգնա՞ս եկեղեցի, ծնկի գաս կուռքի առջև ու աղոթես։ «Ոչ մի դեպքում»,— կասես դու։ Իսկ եթե քեզ մեծ գումա՞ր առաջարկեն դրա դիմաց։ «Երբե՛ք»՝ կլինի քո պատասխանը։ Եհովայի դեմ անհավատարմություն գործելու միտքն անգամ գարշելի է ճշմարիտ քրիստոնյայի համար։ Քրիստոնյայի արձագանքը պետք է նույնը լինի նաև կողակցին հավատարիմ մնալու հարցում, որքան էլ մեծ լինի շնություն գործելու գայթակղությունը (Սաղմոս 51։1, 4; Կողոսացիներ 3։5)։ Մենք երբեք չենք ցանկանա անել մի բան, ինչը  կուրախացնի Սատանային, մեծ անպատվություն կբերի Եհովայի վրա ու կանարգի ամուսնությունը, որը սուրբ է Աստծու աչքում։

ԻՆՉՊԵՍ ԱՄՐԱՊՆԴԵԼ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ

20. Ի՞նչ է տեղի ունեցել որոշ ամուսնությունների հետ։

20 Ամուսնական կառույցն անարգող վարքից խուսափելուց բացի, հարկավոր է որոշ քայլեր անել, որոնք կնպաստեն ձեր միության ամրապնդմանը։ Որո՞նք են դրանք։ Նախ ի՞նչը կօգնի, որ կողակցիդ հանդեպ հարգանքդ վերագտնես։ Բերենք օրինակ։ Ամուսնությունը կարելի է նմանեցնել մի տան, իսկ ջերմ խոսքերը, մտածված, հաճելի արարքները, ինչպես նաև կողակցի հանդեպ հարգանքի ու գնահատանքի այլ դրսևորումները՝ դեկորատիվ իրերի, որոնք գեղեցկացնում են տունը։ Եթե միմյանց հետ մտերիմ եք, ապա ձեր ամուսնությունը նման կլինի մի տան, որը գեղեցիկ կահավորված է և ջերմություն է հաղորդում։ Իսկ եթե միմյանց հանդեպ ձեր ուշադրությունը նվազում է, դեկորատիվ իրերը աստիճանաբար անհետանում են՝ թողնելով տանը դատարկ ու սառը պատեր։ Քանի որ ուզում ես հետևել ամուսնությունը պատվական դարձնելու վերաբերյալ Աստծու պատվերին, դու կմղվես փոխելու իրավիճակը։ Չէ՞ որ եթե մի բան թանկագին է, ապա պետք է այն վերանորոգել ու կարգի բերել։ Իսկ ի՞նչը կօգնի։ Աստվածաշունչն ասում է. «Տունը իմաստությամբ կկառուցվի և խորաթափանցությամբ կհաստատվի։ Գիտելիքների շնորհիվ ներքին սենյակները ամեն տեսակ թանկարժեք ու հաճույք պատճառող արժեքավոր բաներով կլցվեն» (Առակներ 24։3, 4)։ Տեսնենք՝ ինչպես են այս խոսքերը կիրառելի ամուսնության դեպքում։

21. Ինչպե՞ս կարող եք ամրապնդել ամուսնական միությունը (տես « Ինչպես ավելի երջանիկ զույգ դառնալ» շրջանակը

21 Անեղծ սերը, աստվածավախությունը և ամուր հավատը այն «արժեքավոր բաներից» են, որոնք լցնում են տունը և ամուսնությունը դարձնում են երջանիկ (Առակներ 15։16,  17; 1 Պետրոս 1։7)։ Դրանք նպաստում են ամուսնական ամուր միությանը։ Նկատեցի՞ր, թե Առակներից մեջբերված խոսքերում ինչի շնորհիվ էին սենյակները լցվելու թանկարժեք բաներով։ Գիտելիքների։ Այո՛, կիրառելով Աստվածաշնչից ստացած գիտելիքները՝ ամուսնական զույգերը կկարողանան փոխել իրենց մտածելակերպը և դարձյալ բոցավառել միմյանց հանդեպ սերը (Հռոմեացիներ 12։2; Փիլիպպեցիներ 1։9)։ Ուստի ամեն անգամ, երբ միասին քննարկեք Աստվածաշնչից մի հատված, օրինակ՝ օրվա խոսքը, կամ «Արթնացե՛ք»-ից ու «Դիտարանից» ամուսնությանը վերաբերող հոդված, դա նման կլինի մի արժեքավոր բան զննելուն, որով կարող եք գեղեցկացնել ձեր տունը։ Իսկ երբ Եհովայի հանդեպ սիրուց մղված կիրառեք ձեր գտած խորհուրդները, այդ արժեքավոր իրը կբերեք ձեր տուն, և տունը կլցվի գույներով ու ջերմությամբ։

22. Ինչպիսի՞ զգացում կունենաս, եթե ամեն ինչ անես, որ քո ամուսնական միությունն ամրապնդես։

22 Տունը դարձյալ դեկորատիվ գեղեցիկ իրերով զարդարելու համար բավականաչափ ժամանակ ու ջանքեր կպահանջվեն։ Եթե ձգտես այդպես վարվել, բավարարվածության զգացում կունենաս այն բանի գիտակցումից, որ հնազանդվում ես Աստվածաշնչի պատվերին. «Միմյանց պատվելու մեջ առաջինը եղեք» (Հռոմեացիներ 12։10; Սաղմոս 147։11)։ Իսկ ամենակարևորը՝ ամուսնությունդ պատվական դարձնելու քո ջանքերը կօգնեն, որ մնաս Աստծու սիրո մեջ։

Իմացիր ավելին

Թող Եհովան ամրացնի ու պաշտպանի ձեր ընտանիքը

Ի՞նչ քայլեր կարող ես ձեռնարկել, որպեսզի անբարոյություն չգործես և չքաղես դրա դառը պտուղները