Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Մնա Աստծու սիրո մեջ

 ՀԱՎԵԼՎԱԾ

Աստվածաշնչի տեսակետը ամուսնալուծության և անջատ ապրելու վերաբերյալ

Աստվածաշնչի տեսակետը ամուսնալուծության և անջատ ապրելու վերաբերյալ

Եհովան ակնկալում է, որ ամուսնացածները հավատարիմ մնան իրար և պահեն ամուսնական ուխտը։ Երբ Եհովան միավորեց առաջին տղամարդուն և կնոջը, ասաց. «Տղամարդը.... կմիանա իր կնոջը, ու նրանք մեկ մարմին կլինեն»։ Հետագայում Հիսուսը կրկնեց այս խոսքերը և ավելացրեց. «Ուրեմն ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի» (Ծննդոց 2։24; Մատթեոս 19։3–6)։ Եհովան և Հիսուսը ամուսնությունը համարում են հարատև միություն, որը դադարում է միայն այն ժամանակ, երբ կողակիցներից մեկը մահանում է (1 Կորնթացիներ 7։39)։ Քանի որ ամուսնությունը սուրբ միություն է, ամուսնալուծությանը չպետք է մատների արանքով նայել։ Չէ՞ որ Եհովան ատում է այն ամուսնալուծությունը, որի համար սուրբգրային հիմք չկա (Մաղաքիա 2։15, 16

 Իսկ ի՞նչ սուրբգրային հիմք կա ամուսնալուծության համար։ Եհովան ատում է շնությունն ու պոռնկությունը (Ծննդոց 39։9; 2 Սամուել 11։26, 27; Սաղմոս 51։4)։ Ամուսնական անհավատարմությունն այնքան նողկալի է Աստծու համար, որ նա թույլ է տալիս դրա հիման վրա ամուսնալուծվել (այն, թե ինչ է մտնում պոռնկության մեջ, տես 9-րդ գլխի 7-րդ պարբերությունը)։ Եհովան իրավունք է տալիս անմեղ կողակցին որոշելու՝ շարունակել ապրել անհավատարիմ կողակցի հետ, թե ոչ (Մատթեոս 19։9)։ Ուստի երբ անմեղ կողակիցը որոշում է ամուսնալուծվել, նրա այդ քայլը ատելի չէ Եհովայի համար։ Սակայն, միևնույն ժամանակ, քրիստոնեական ժողովում ոչ ոք ոչ մեկի չի մղում ամուսնալուծության։ Որոշ դեպքերում հնարավոր է՝ անմեղ կողակիցը որոշի չբաժանվել, հատկապես երբ անհավատարիմ կողակիցը անկեղծորեն զղջում է։ Նրանք, ովքեր սուրբգրային հիմք ունեն ամուսնալուծվելու համար, պետք է իրենք որոշեն՝ գնալ այդ քայլին, թե ոչ, քանի որ ի վերջո իրենք են կրելու իրենց որոշման հետևանքները (Գաղատացիներ 6։5

Որոշ ծայրահեղ իրավիճակներում քրիստոնյաներից ոմանք որոշել են անջատ ապրել կամ ամուսնալուծվել, չնայած որ կողակիցը շնություն չի գործել։ Սակայն այդպիսիներին Աստվածաշունչը պատվիրում է «առանց ամուսնանալու մնալ կամ էլ հաշտվել» կողակցի հետ (1 Կորնթացիներ 7։11)։ Նման դեպքերում քրիստոնյան իրավունք չունի ռոմանտիկ հետաքրքրություն դրսևորել որևէ մեկի հանդեպ (Մատթեոս 5։32)։ Քննենք երեք իրավիճակներ, որոնք կարող են հիմք լինել անջատ ապրելու համար։

Երբ բացարձակապես անտարբեր է ընտանիքի կարիքների հանդեպ։ Ընտանիքը կարող է աղքատության շեմին կանգնել և զուրկ լինել կյանքի համար անհրաժեշտ բաներից, եթե ամուսինը ի վիճակի լինի, սակայն հրաժարվի հոգ տանել ընտանիքի կարիքների մասին։ Աստվածաշունչն ասում է. «Եթե որևէ մեկը հոգ չի տանում.... իր ընտանիքի անդամներին, նա հավատը ուրացել է և անհավատից էլ վատն է» (1 Տիմոթեոս 5։8)։ Եթե ամուսինը չի ուզում փոխվել, կինը թերևս որոշի իր և երեխաների բարօրության համար օրինականապես առանձնանալ։ Իհարկե, երեցները պետք է փորձեն ստուգել կնոջ մեղադրանքը, որ ամուսինը հրաժարվում է հոգալ ընտանիքի կարիքները։ Եթե  պարզվի, որ այն հիմնավոր է, ապա ամուսինը կարող է զրկվել ընկերակցությունից։

Երբ ֆիզիկական ծայրահեղ բռնության է դիմում։ Կողակիցներից մեկը թերևս այնքան բռնի ու դաժան լինի, որ իր արարքներով վտանգի մյուսի առողջությունը և նույնիսկ կյանքը։ Եթե նա քրիստոնյա է, ապա ժողովի երեցները պետք է քննեն մեղադրանքները։ Զայրույթի կատաղի պոռթկումները և բռնությունը կարող են անհատին ընկերակցությունից զրկելու հիմք հանդիսանալ (Գաղատացիներ 5։19–21

Երբ անհնար է դարձնում Աստծուն երկրպագելը։ Կողակիցներից մեկը գուցե մյուսի համար անհնար դարձնի Աստծուն երկրպագելը կամ նույնիսկ ստիպի խախտել Աստծու օրենքը։ Նման դեպքում քրիստոնյան հնարավոր է՝ որոշի օրինականապես առանձնանալ, քանի որ թերևս միայն այդպես կկարողանա հետևել առաջին հերթին «Աստծուն հնազանդվելու և ոչ թե մարդկանց» պատվերին (Գործեր 5։29

Նման բոլոր ծայրահեղ դեպքերում ոչ ոք չպետք է անմեղ կողակցին փորձի համոզել բաժանվել կամ շարունակել ապրել նման պայմաններում։ Թեև հոգևոր հասուն ընկերները և երեցները առաջարկեն իրենց աջակցությունը և փորձեն աստվածաշնչյան խորհուրդներով օգնել, սակայն նրանք չեն կարող ամենայն մանրամասնությամբ իմանալ՝ ինչ է տեղի ունենում կողակիցների միջև։ Միայն Եհովան է տեսնում ամեն բան։ Բայց եթե քրիստոնյա կինը կամ ամուսինը չափազանցնում է իր ընտանեկան խնդիրների լրջությունը, քանի որ ուզում է առանձին ապրել կողակցից, դրանով նա չի պատվում Եհովային և նրա հիմնած ամուսնական կառույցը։ Եթե նույնիսկ անհատը ցանկանա իր նպատակին հասնելու համար մշակած նենգ ծրագիրը ամեն կերպ թաքցնել, Եհովայից ոչ մի կերպ չի կարող թաքցնել, քանի որ «բոլոր բաները մերկ և բացահայտ են նրա աչքերի առաջ, որին մենք պետք է հաշիվ տանք» (Եբրայեցիներ 4։13)։ Սակայն եթե ծայրահեղ իրավիճակը տևական է, ոչ ոք չպետք է քննադատի այն քրիստոնյային, ով ճարահատյալ որոշում է անջատ ապրել։ Ի վերջո, «բոլորս էլ Աստծու դատավորական աթոռի առաջ ենք կանգնելու» (Հռոմեացիներ 14։10–12