Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Աստծու Թագավորությունը իշխում է

 ԳԼՈՒԽ 12

Կազմակերպված՝ ծառայելու «խաղաղության Աստծուն»

Կազմակերպված՝ ծառայելու «խաղաղության Աստծուն»

ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱՆ

Եհովան հոգ է տանում, որ իր ժողովուրդը գնալով ավելի կազմակերպված ծառայի իրեն

1, 2. 1895-ին ի՞նչ փոփոխություն եղավ «Դիտարան» ամսագրի հետ, և ի՞նչ արձագանք այն գտավ։

ՋՈՆ ԲՈՆԵՏԸ, ով նախանձախնդիր Աստվածաշունչ ուսումնասիրող էր, անակնկալի եկավ, երբ ստացավ 1895-ի հունվարի «Դիտարանի» իր օրինակը։ Ամսագիրը նոր և գրավիչ շապիկ ուներ։ Վրան պատկերված էր փարոս, որը մթության մեջ իր լույսն էր տարածում փոթորկոտ ծովի վրա։ Ամսագրում այս փոփոխության վերաբերյալ հայտարարություն կար, որը վերնագրված էր «Մեր նոր շապիկը»։

2 Հիացած՝ Բոնետը նամակ գրեց եղբայր Ռասելին. «Ուրախ եմ տեսնել, թե ինչպես է փարոսը զարդարում մեր ամսագիրը։ Այն շատ գեղեցիկ է»։ Մեկ ուրիշ հավատարիմ եղբայր՝ Ջոն Բրաունը, գրեց. «Պատկերն անչափ տպավորիչ է։ Ամուր հիմքերի վրա հաստատված աշտարակը դիմակայում է ալիքների ուժգին հարվածին»։ Այս նոր շապիկը առաջին փոփոխությունն էր, որ մեր եղբայրները տեսան այդ տարի, բայց վերջինը չէր։ Նոյեմբերին նրանք իմանալու էին ավելի մեծ փոփոխության մասին, որը կրկին կապ ուներ փոթորկոտ ծովի հետ։

3, 4. Ի՞նչ խնդրի մասին խոսվեց 1895թ. նոյեմբերի 15-ի «Դիտարանում», և ի՞նչ փոփոխության մասին հայտարարություն եղավ։

3 1895թ. նոյեմբերի 15-ի «Դիտարանում» տպագրվեց ծավալուն մի հոդված, որում ներկայացվում էր մի խնդիր։ «Փոթորկոտ ալիքները» խաթարում էին Աստվածաշունչ ուսումնասիրողների ընկերության, կամ՝ կազմակերպության մեջ տիրող խաղաղությունը։ Եղբայրների միջև գնալով ավելի ուժգին վիճաբանություններ էին լինում այն հարցի շուրջ, թե ով է առաջնորդելու իրենց ժողովը։ Օգնելու համար, որ եղբայրները տեսնեն, թե ինչպես կարող են արմատախիլ անել մրցակցության պառակտիչ ոգին, հոդվածում կազմակերպությունը համեմատվում էր նավի հետ։ Ապա պարզ ասվում էր, որ առաջնորդություն վերցնողները թերացել են հոգալ այս «նավի» մասին, որպեսզի այն պատրաստ լինի փոթորկոտ եղանակին։ Ի՞նչ պետք է արվեր։

4 Հոդվածում ասվում էր, որ լավ նավապետը հետևում է, որ նավի վրա առկա լինեն փրկարար բոլոր միջոցները, և երբ հանկարծ փոթորիկ սկսվի, անձնակազմը պատրաստ լինի փակելու տախտակամածի բոլոր դռները, որպեսզի նավի մեջ ջուր չլցվի։ Նույն ձևով էլ կազմակերպության մեջ առաջնորդություն  վերցնողները պետք է հոգ տանեն, որ բոլոր ժողովները պատրաստ լինեն փոթորկոտ իրավիճակներին։ Այդ նպատակով փոփոխություն էր լինելու, որի մասին հայտարարվեց նույն հոդվածում։ Այնտեղ ասվում էր, որ «ամեն ժողովում պետք է երեցներ ընտրվեն», որպեսզի «հովվեն հոտին» (Գործ. 20։28)։ Այս փոփոխությունը իսկույնևեթ ուժի մեջ էր մտնելու։

5. ա) Ինչո՞ւ էր երեցների հետ կապված կարգադրությունը ժամանակահարմար։ բ) Ի՞նչ հարցերի մասին կխոսվի այս գլխում։

5 Երեցների հետ կապված այդ առաջին կարգադրությունը ժամանակահարմար քայլ էր ժողովի կայուն կառույց հիմնելու ուղղությամբ։ Այն օգնեց եղբայրներին չմոլորվել Առաջին համաշխարհային պատերազմի փոթորկահույզ ալիքներում։ Հաջորդ տասնամյակներում կազմակերպչական այլ բարեփոխումներ եղան, որոնք նպաստեցին, որ Աստծու ժողովուրդը ավելի պատրաստված լինի Եհովային ծառայելու։ Աստվածաշնչյան ո՞ր մարգարեությամբ էր կանխագուշակվել այս զարգացումը։ Ի՞նչ փոփոխությունների ես անձամբ ականատես եղել, և ի՞նչ արդյունքներ են դրանք բերել։

«Խաղաղությունը կնշանակեմ որպես քո վերակացու»

6, 7. ա) Ի՞նչ է նշանակում Եսայիա 60։17-ը։ բ) Ի՞նչ ենք հասկանում «վերակացու» և «հանձնարարատու» բառերից։

6 Ինչպես քննարկեցինք 9-րդ գլխում, Եսայիան մարգարեացավ, որ Եհովան օրհնելու է իր ժողովրդին՝ նրան շատացնելով (Ես. 60։22)։ Սակայն Եհովայի օրհնությունը դրանով չէր սահմանափակվելու։ Այդ նույն մարգարեության մեջ նա ասում է. «Պղնձի փոխարեն ոսկի կբերեմ, երկաթի փոխարեն՝ արծաթ, փայտի փոխարեն՝ պղինձ և քարերի փոխարեն՝ երկաթ։ Խաղաղությունը կնշանակեմ որպես քո վերակացու և արդարությունը՝ որպես քո հանձնարարատու» (Ես. 60։17)։ Ի՞նչ է նշանակում այս մարգարեությունը։ Ինչպե՞ս է այն առնչվում մեզ այսօր։

Ոչ թե վատը դարձավ լավը, այլ լավը դարձավ ավելի լավը

7 Եսայիայի մարգարեության մեջ ասվում է, որ մի նյութը փոխարինվելու է մյուսով։ Ուշադրություն դարձրու, որ ոչ թե վատն է դառնալու լավը, այլ լավը դառնալու է ավելի լավը։ Այն, որ եղած նյութերը փոխարինվում են ավելի բարձրակարգ նյութերով, օրինակ՝ պղինձը ոսկով, մատնանշում է առաջընթաց, բարեփոխում։ Այսպես Եհովան հայտնում է, որ իր ժողովրդի վիճակը գնալով ավելի լավանալու է։ Ի՞նչ բարեփոխումների մասին է խոսքը։ «Վերակացու» և «հանձնարարատու» բառերից հասկանում ենք, որ բարեփոխումները առնչվում են կազմակերպչական հարցերին։

8. ա) Ո՞վ է իրականացնում կազմակերպչական փոփոխությունները։ բ) Ինչի՞ն են նպաստում այդ փոփոխությունները (տես նաև « Նա խոնարհությամբ ընդունեց խրատը» շրջանակը)։

8 Իսկ ո՞վ է իրականացնում կազմակերպչական այդ փոփոխությունները։ Եհովան ասում է. «Պղնձի փոխարեն ոսկի կբերեմ»։ Պարզ է, որ ժողովում բարեփոխումները Եհովան է անում, ոչ թե մարդիկ։ Այն ժամանակվանից, երբ Հիսուսը նշանակվեց Թագավոր, Եհովան նրա միջոցով է անում այս փոփոխությունները։ Ի՞նչ օգուտներ ենք քաղում մենք այդ փոփոխություններից։ Մարգարեությունն ասում է, որ դրանք նպաստելու են արդարությանն ու խաղաղությանը։ Երբ ընդունում ենք Աստծու առաջնորդությունը և համապատասխան փոփոխություններ ենք անում, մեր մեջ խաղաղություն է տիրում, և արդարության  հանդեպ սերը մղում է մեզ ծառայելու Եհովային, որին Պողոս առաքյալը կոչեց «խաղաղության Աստված» (Փիլիպ. 4։9

9. Ի՞նչ է ընկած ժողովներում կարգուկանոնի և միասնության հիմքում և ինչո՞ւ։

9 Եհովայի մասին Պողոսը նաև գրեց. «Աստված ոչ թե անկարգության Աստված է, այլ խաղաղության» (1 Կորնթ. 14։33)։ Հետաքրքիր է, որ Պողոսը անկարգությունը հակադրում է խաղաղության հետ, ոչ թե կարգուկանոնի։ Ինչո՞ւ։ Քանի որ կարգուկանոնը ինքնին չի երաշխավորում խաղաղ պայմաններ։ Օրինակ՝ զինվորները կարգուկանոնով կարող են շարժվել դեպի ճակատ, բայց նրանց կարգուկանոնը տանում է պատերազմի, ոչ թե խաղաղության։ Ուստի մենք՝ քրիստոնյաներս, պետք է հիշենք, որ հաստատված ցանկացած կարգ, որի նպատակը և հիմքը խաղաղությունը չէ, վաղ թե ուշ կխախտվի։ Դրան հակառակ՝ Աստծու տված խաղաղությունը հաստատում է այնպիսի կարգուկանոն, որը հարատև է։ Որքա՜ն երախտապարտ ենք, որ մեր կազմակերպությունը առաջնորդում և ուղղում է մի Աստված, ով «խաղաղություն է տալիս» (Հռոմ. 15։33)։ Աստծու տված խաղաղությունը առաջ է բերում կարգուկանոն և միասնություն, ինչը ակնհայտ է ամբողջ աշխարհի մեր բոլոր ժողովներում (Սաղ. 29։11

10. ա) Վաղ տարիներին ի՞նչ փոփոխություններ են եղել մեր կազմակերպության մեջ (տես « Ինչպես վերակացություն անելու կարգը բարելավվեց» շրջանակը)։ բ) Ի՞նչ հարցեր հիմա կքննարկենք։

10 « Ինչպես վերակացություն անելու կարգը բարելավվեց» շրջանակում համառոտ ներկայացվում է, թե վաղ տարիներին ինչ փոփոխություններ են եղել մեր կազմակերպության մեջ։ Իսկ վերջին ժամանակներում ի՞նչ փոփոխություններ է Եհովան արել Թագավորի միջոցով։ Ինչպե՞ս են դրանք նպաստել ժողովների խաղաղությանն ու միությանը։ Ինչպե՞ս են օգնել անձամբ քեզ ծառայելու «խաղաղության Աստծուն»։

Ինչպես է Քրիստոսը առաջնորդում Աստծու ժողովրդին

11. ա) Ի՞նչ բացահայտվեց Աստվածաշնչի խոր ուսումնասիրության մի ծրագրի արդյունքում։ բ) Ի՞նչ վճռեցին անել Կառավարիչ մարմնի եղբայրները։

11 1964–1971թթ.-ին Կառավարիչ մարմնի նախաձեռնությամբ Աստվածաշնչի խոր ուսումնասիրության մի ծրագիր իրականացվեց, որի ընթացքում քննվեցին տարբեր հարցեր, այդ թվում այն, թե ինչպես է գործել քրիստոնեական ժողովը առաջին դարում։ * Բացահայտվեց, որ առաջին դարում վերակացությունը իրականացվել է մի խումբ երեցների կողմից, ոչ թե մի երեցի կամ վերակացուի (կարդա՛  Փիլիպպեցիներ 1։1; 1 Տիմոթեոս 4։14)։ Հետո այս հարցի հետ կապված ավելի շատ պարզաբանումներ եղան, և Կառավարիչ մարմինը հասկացավ, որ կազմակերպության մեջ կազմակերպչական փոփոխություններ պետք է արվեն, և դա Թագավորի՝ Հիսուսի առաջնորդությունն է։ Կառավարիչ մարմնի եղբայրները պատրաստ էին հետևել նրա առաջնորդությանը։ Նրանք անմիջապես փոփոխություններ արեցին երեցների հետ կապված կարգադրության մեջ՝ ներդաշնակեցնելով այն Սուրբ Գրքին։ Որո՞նք են այն փոփոխություններից մի քանիսը, որ տեղի ունեցան 1970-ականների սկզբներին։

12. ա) Ի՞նչ փոփոխություն եղավ Կառավարիչ մարմնի կառույցում։ բ) Նկարագրիր, թե ինչպես է կազմակերպված Կառավարիչ մարմնի աշխատանքը (տես « Ինչպես է Կառավարիչ մարմինը առաջ տանում Թագավորության շահերը» շրջանակը, էջ 130)։

12 Առաջին փոփոխությունը եղավ հենց Կառավարիչ մարմնի կառույցում։ Օծյալ եղբայրների այդ խումբը կազմված էր «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերության»  (Փենսիլվանիա) տնօրենների խորհրդի յոթ անդամներից։ 1971թ.-ին Կառավարիչ մարմնի անդամների թիվն ավելացավ՝ 7-ից դառնալով 11։ Այլևս Կառավարիչ մարմինը չէր նույնացվում տնօրենների խորհրդի հետ։ Կառավարիչ մարմնի անդամներից յուրաքանչյուրը ոչնչով բարձր չէր մյուսներից, և ամեն տարի նախագահողը փոխվում էր այբբենական կարգով։

13. ա) 40 տարի շարունակ ինչպե՞ս էր վերակացությունն իրականացվում ժողովում։ բ) Ի՞նչ արեց Կառավարիչ մարմինը 1972թ.-ին։

13 Մյուս փոփոխությունը առնչվում էր բոլոր ժողովներին։ 1932–1972թթ. ժողովի վերակացությունը հիմնականում իրականացվում էր մեկ եղբոր կողմից։ Մինչև 1936 թվականը այդ եղբայրը կոչվում էր ծառայողական ղեկավար։ Դրանից հետո նա սկսեց կոչվել ժողովի ծառայող, հետո՝ ժողովի վերակացու։ Այս նշանակված եղբայրը նախանձախնդրորեն հոգ էր տանում հոտի հոգևոր բարօրության մասին։ Նա սովորաբար ժողովին առնչվող որոշումները կայացնում էր առանց մյուս ծառայողների հետ խորհրդակցելու։ Սակայն 1972թ.-ին Կառավարիչ մարմինը այս կարգում պատմական մեծ փոփոխություն մտցրեց։ Ի՞նչ փոփոխություն էր դա։

14. ա) 1972-ի հոկտեմբերի 1-ից ի՞նչ փոփոխություն ուժի մեջ մտավ։ բ) Ինչպե՞ս է երեցների խորհրդի կոորդինատորը կիրառում Փիլիպպեցիներ 2։3-ը։

14 Այդուհետ ժողովում վերակացություն անելու պատասխանատվությունը միայն մեկի ուսերին չէր լինելու։ Այն բոլոր եղբայրները, ովքեր կհամապատասխանեին սուրբգրային պահանջներին, աստվածապետական կարգով կնշանակվեին ծառայելու որպես երեցներ։ Նրանք միասին կազմելու էին երեցների  խորհուրդ, որը վերակացություն էր անելու տվյալ ժողովում։ Այս փոփոխությունը ուժի մեջ մտավ 1972-ի հոկտեմբերի 1-ից։ Այսօր երեցների խորհրդի կոորդինատորը իրեն համարում է ոչ թե հավասարների մեջ առաջինը, այլ բոլորից «փոքրը» (Ղուկ. 9։48)։ Այսպիսի խոնարհ եղբայրները իրոք որ օրհնություն են մեր ժողովների համար (Փիլիպ. 2։3

 Մեր Թագավորը ճիշտ ժամանակին անհրաժեշտ հովիվներ է կարգել հոտին հոգալու համար

15. ա) Ի՞նչ օգուտներ է բերել ժողովներում երեցների խորհուրդ նշանակելու փոփոխությունը։ բ) Ի՞նչն է ցույց տալիս, որ մեր Թագավորը իմաստությամբ է առաջնորդում։

15 Ժամանակը ցույց տվեց, որ ժողովի մասին հոգալու պատասխանատվությունը երեցների խորհրդի անդամներով կրելու կարգը բավականին արդյունավետ է։ Տեսնենք, թե ինչ օգուտներ է դա տվել։ Առաջինն ու ամենակարևորը այն է, որ երեցը, ինչ պատասխանատվություն էլ որ ունենա, չի մոռանում, որ Հիսուսն է ժողովի գլուխը (Եփես. 5։23)։ Երկրորդ՝ ինչպես գրված է Առակներ 15։2-ում, «խորհրդատուների շատության դեպքում հաջողություն է լինում»։ Երբ երեցները ժողովի հոգևոր բարօրությանը առնչվող հարցերի շուրջ խորհրդակցում են և հաշվի են առնում միմյանց կարծիքները, կարողանում են սուրբգրային սկզբունքների վրա հիմնված որոշումներ կայացնել (Առակ. 27։17)։ Եհովան օրհնում է այդպիսի որոշումները, և դրանք դրական արդյունքների են հանգեցնում։ Երրորդ՝ քանի որ ավելի շատ եղբայրներ են համապատասխանում երեց ծառայելու չափանիշներին, կազմակերպությունը կարողանում է իրականացնել անհրաժեշտ վերակացությունը և հովվական  գործը ժողովներում, որոնց թիվը շարունակ ավելանում է (Ես. 60։3–5)։ Միայն պատկերացրու՝ 1971-ին ամբողջ աշխարհում կային 27000 ժողովներ, իսկ 2013-ին՝ ավելի քան 113000։ Հստակ է, որ մեր Թագավորը, իմաստություն դրսևորելով, ճիշտ ժամանակին անհրաժեշտ հովիվներ է կարգել հոտին հոգալու համար (Միք. 5։5

«Հոտին օրինակ լինել»

16. ա) Ի՞նչ պատասխանատվություն ունեն երեցները։ բ) Աստվածաշունչ ուսումնասիրողները ինչպե՞ս էին վերաբերվում հոտը հովվելու պատվերին։

16 Դեռևս 20-րդ դարի սկզբին երեցները գիտակցում էին, որ պատասխանատվություն ունեն օգնելու իրենց հավատակիցներին, որ շարունակեն հավատարմորեն ծառայել Աստծուն (կարդա՛  Գաղատացիներ 6։10)։ 1908թ.-ին «Դիտարանի» հոդվածներից մեկում քննարկվում էր Հիսուսի պատվերը. «Հովվի՛ր իմ գառնուկներին» (Հովհ. 21։15–17)։ Հոդվածում երեցներին ասվում էր. «Շատ կարևոր է, որ հոտին հովվելու վերաբերյալ Տիրոջ հանձնարարությունը մեր սրտում գլխավոր տեղը զբաղեցնի, որպեսզի մենք Տիրոջ հետևորդներին կերակրելու և հոգ տանելու գործը մեծ պատիվ համարենք, ինչպես որ այն իրականում կա»։ 1925-ին «Դիտարանը» կրկին ընդգծեց որպես հովիվ ծառայելու կարևորությունը և հիշեցրեց երեցներին. «Սա Աստծո՛ւ ժողովն է.... և նա հաշիվ է պահանջելու բոլոր նրանցից, ովքեր պատիվ և առանձնաշնորհում ունեն ծառայելու իրենց եղբայրներին»։

17. Ինչպե՞ս է Եհովայի կազմակերպությունը օգնել վերակացուներին դառնալ հմուտ հովիվներ։

17 Ինչպե՞ս է Եհովայի կազմակերպությունը օգնել երեցներին, որ հովվական հմտությունների հարցում «երկաթը փոխարինվի արծաթով»։ Նրանց համար մշակվեց հատուկ կրթական ծրագիր։ 1959թ.-ին վերակացուների համար առաջին անգամ անցկացվեց Թագավորական ծառայության դպրոց։ Դասերից մեկի վերնագիրն էր «Անձնական ուշադրություն ցուցաբերել»։ Պատասխանատու եղբայրներին հորդոր էր տրվում «քարոզիչներին այցելելու գրաֆիկ կազմել»։ Դասընթացի ժամանակ ներկայացվում  էին տարբեր միջոցներ, թե ինչպես կարող են հովիվները այդ այցելությունները կերտիչ դարձնել։ 1966-ից Թագավորական ծառայության դպրոցը սկսեց նոր ծրագրով անցկացվել։ Այստեղ էլ ընդգրկված էր նմանատիպ թեմա՝ «Հովվական գործի կարևորությունը» վերնագրով։ Ո՞րն էր այդ դասի հիմնական նպատակը։ Առաջնորդություն վերցնողները «պետք է սիրով հոգ տանեն Աստծու հոտին, բայց միևնույն ժամանակ չթերանան կատարել իրենց ընտանիքում և քարոզչական գործում ունեցած պարտականությունները»։ Վերջին տարիներին ավելի շատ դասընթացներ են կազմակերպվել երեցների համար։ Ի՞նչ արդյունք է տվել այս կրթական ծրագիրը, որ Եհովայի կազմակերպությունը շարունակաբար տրամադրում է նրանց։ Այսօր ժողովներում հազարավոր եղբայրներ կան, որոնք ունեն համապատասխան որակներ և ծառայում են որպես հոգևոր հովիվներ։

Թագավորական ծառայության դպրոց (Ֆիլիպիններ, 1966)

18. ա) Ի՞նչ ծանր պարտականություն է դրված երեցների ուսերին։ բ) Ի՞նչն է արժեքավոր դարձնում երեցների ծառայությունը Եհովայի և Հիսուսի աչքում։

18 Երեցներին նշանակում է Եհովան մեր Թագավոր Հիսուս Քրիստոսի միջոցով, որպեսզի կատարեն մի ծանր աշխատանք։ Ո՞րն է դա։ Առաջնորդել Աստծու գառնուկներին մարդկության պատմության մեջ այս ամենադժվարին ժամանակներում (Եփես. 4։11, 12; 2 Տիմոթ. 3։1)։ Եհովան ու Հիսուսը շատ թանկ են գնահատում երեցների ծառայությունը, որովհետև այդ եղբայրները հետևում են աստվածաշնչյան հորդորին. «Հովվեք ձեր հոգածությանը հանձնված Աստծու հոտը.... հոժարակամորեն.... ջանասիրությամբ.... հոտին օրինակ լինելով» (1 Պետ. 5։2, 3)։ Հովիվները բազմաթիվ կերպերով օրինակ են ծառայում հոտին և մեծապես նպաստում են ժողովի խաղաղությանն ու ուրախությանը։ Քննենք այդ կերպերից երկուսը։

Ինչպես են երեցներն այսօր հովվում Աստծու հոտը

19. Ի՞նչ ես զգում, երբ երեցների հետ դուրս ես գալիս ծառայության։

19 Առաջին՝ երեցները ծառայության մեջ համագործակցում են ժողովի անդամների հետ։ Ավետարանագիր Ղուկասը Հիսուսի մասին հետևյալն է նշել. «Նա շրջում էր քաղաքից քաղաք  և գյուղից գյուղ՝ քարոզելով ու հռչակելով Աստծու թագավորության բարի լուրը։ Եվ տասներկու առաքյալները նրա հետ էին» (Ղուկ. 8։1)։ Ինչպես որ Հիսուսն էր քարոզում իր առաքյալների հետ, այնպես էլ օրինակելի երեցներն են այսօր ուս ուսի ծառայում իրենց հավատակիցների հետ։ Նրանք գիտակցում են, որ այդպես վարվելով նպաստում են, որ ժողովում առողջ ոգի տիրի։ Ինչպե՞ս են արտահայտվում ժողովի անդամները երեցների հետ համագործակցության մասին։ Ժանին անունով 90-ին մոտ մի քույր ասում է. «Ծառայության մեջ երեցի հետ համագործակցելը նրա հետ զրուցելու և նրան ավելի լավ ճանաչելու հրաշալի հնարավորություն է»։ Իսկ 35-ամյա Սթիվեն անունով մի եղբայր ասում է. «Երբ երեցի հետ գնում եմ տնետուն ծառայության, զգում եմ, որ նա պատրաստ է ինձ օգնել։ Դա ինձ ոգևորում է»։

Ինչպես որ հովիվն է փնտրում կորած գառնուկին, այնպես էլ երեցներն են ջանում գտնել ու ժողով բերել նրանց, ովքեր հոգևորապես թուլացել են

20, 21. Ինչպե՞ս կարող են երեցներն ընդօրինակել Հիսուսի պատմած առակի հովվին։ Բեր օրինակ (տես նաև « Այցելություն ամեն ուրբաթ» շրջանակը)։

20 Երկրորդ՝ Եհովայի կազմակերպությունը սովորեցնում է երեցներին անկեղծ հոգատարություն դրսևորել նրանց հանդեպ, ովքեր հեռացել են ժողովից (Եբր. 12։12)։ Ինչո՞ւ պետք է երեցները օգնեն հոգևորապես թուլացած այս անհատներին, և ինչպե՞ս պետք է դա անեն։ Կորած գառնուկի և հովվի մասին Հիսուսի առակը տալիս է այս հարցերի պատասխանը (կարդա՛  Ղուկաս 15։4–7)։ Երբ հովիվը նկատում է, որ հոտի գառնուկներից մեկը չկա, նա սկսում է փնտրել նրան այնպես, ասես այն իր միակ գառնուկն է։ Ինչպե՞ս են երեցները ընդօրինակում այդ հովվին։ Կորած գառնուկը թանկ էր հովվի համար։ Նմանապես նրանք, ովքեր երկար ժամանակ է՝ չկան ժողովում, թանկագին են երեցների համար։ Հոգևորապես թույլ անհատին օգնելու համար տրամադրած ժամանակն ու ջանքերը նրանք զուր չեն համարում։ Ավելին, ինչպես որ հովիվն է գնում փնտրելու կորած գառնուկին, այնպես էլ երեցներն են նախաձեռնություն վերցնում գտնելու և օգնելու թույլերին։

21 Ի՞նչ է անում հովիվը, երբ գտնում է գառնուկին։ Նա քնքշորեն բարձրացնում է նրան, դնում է ուսերին, բերում ու խառնում է հոտին։ Նույն ձևով էլ երեցի անկեղծ հետաքրքրություն արտահայտող խոսքերը կարող են քնքշորեն բարձրացնել հոգևորապես թուլացած անհատին և օգնել նրան, որ վերադառնա ժողով։ Աֆրիկայում Վիկտոր անունով մի եղբայր, ով դադարել էր շփվել ժողովի հետ, ասում է. «Ութ տարի ես ոչ ակտիվ էի, և երեցները շարունակ փորձում էին օգնել ինձ»։ Նա պատմում է, թե հատկապես ի՞նչը շարժեց իր սիրտը. «Մի օր երեցներից մեկը՝ Ջոնը, ով Ռահվիրայական դպրոցի իմ դասարանից էր, այցելեց ինձ։ Մենք մեր դպրոցի նկարներից նայեցինք։ Դրանք հաճելի հուշեր արթնացրին, և ես հասկացա, որ կարոտել եմ այն օրերը, երբ ուրախ ծառայում էի Եհովային»։ Ջոնի այցելությունից շատ չանցած՝ Վիկտորը վերադարձավ ժողով։ Այսօր նա կրկին ռահվիրա է ծառայում։ Այո՛, այսպիսի հոգատար երեցները իրոք որ նպաստում են մեր ուրախությանը (2 Կորնթ. 1։24 *

 Վերակացության բարեփոխումը ամրացրել է Աստծու ժողովրդի միությունը

22. Ինչպե՞ս են արդարությունն ու խաղաղությունը ամրացնում ժողովի միությունը (տես նաև « Մենք ապշել էինք» շրջանակը)։

22 Ինչպես արդեն նշվեց, Եհովան հայտնել էր, որ իր ժողովրդի մեջ արդարություն և խաղաղություն է տիրելու (Ես. 60։17)։ Այս երկու հատկություններն էլ ամրացնում են ժողովի միությունը։ Ինչպե՞ս։ Աստվածաշնչում կարդում ենք, որ Եհովան մեկն է (2 Օրենք 6։4)։ Արդարության նրա չափանիշները ժողովից ժողով և երկրից երկիր չեն տարբերվում։ Ճշտի և սխալի նրա չափանիշները մեկն են, այսինքն՝ նույնն են «սրբերի բոլոր ժողովների» համար (1 Կորնթ. 14։33)։ Ժողովը կբարգավաճի միայն այն դեպքում, երբ Աստծու սահմանած չափանիշները կիրառվեն։ Իսկ ինչ վերաբերում է խաղաղությանը, մեր Թագավորն ուզում է, որ ժողովներում ոչ միայն վայելենք խաղաղություն, այլև լինենք խաղաղարար (Մատթ. 5։9)։ Դրա համար էլ մենք «հետամուտ ենք լինում այն ամենին, ինչը խաղաղություն է բերում» (Հռոմ. 14։19)։ Այդպիսով՝ նպաստում ենք թե՛ ժողովի խաղաղությանը, թե՛ միությանը (Ես. 60։18

23. Ի՞նչ ենք վայելում այսօր։

23 Դեռևս 1895-ի նոյեմբերին, երբ «Դիտարանում» առաջին անգամ երեցների վերաբերյալ կարգադրություն եղավ, պատասխանատու եղբայրները մեծ հույսեր էին կապում դրա հետ և աղոթում էին դրա համար։ Նրանք ցանկանում էին, որ այս նոր կարգը նպաստի, որ Աստծու ժողովուրդը «միասնական դառնա հավատի մեջ»։ Անցած տասնամյակներին հետադարձ հայացք նետելով՝ նկատում ենք, թե ինչպես են վերակացության հարցում աստիճանական փոփոխությունները ամրացրել երկրպագության մեջ մեր միասնությունը, և մեր սիրտը երախտագիտությամբ է լցվում Եհովայի ու մեր Թագավորի հանդեպ (Սաղ. 99։4)։ Արդյունքում՝ այսօր Եհովայի ողջ ժողովուրդը ամբողջ աշխարհում միասնական է և ուրախ, քանի որ վարվում է «նույն ոգով», քայլում է «նույն ոտնահետքերով» և «ուս ուսի ծառայում է» խաղաղության Աստծուն (2 Կորնթ. 12։18; կարդա՛  Սոփոնիա 3։9

^ պարբ. 11 Այդ ուսումնասիրության արդյունքները տպագրվեցին «Օգնություն Աստվածաշունչը հասկանալու համար» գրքում։

^ պարբ. 21 Տես «Երեցները «համագործակիցներ են և նպաստում են մեր ուրախությանը»» հոդվածը 2013թ. հունվարի 15-ի «Դիտարանում», էջ 27–31։

Իմացիր ավելին

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ)

Եհովան կազմակերպված Աստված է

Հին Իսրայելի և առաջին դարի քրիստոնյաների մասին աստվածաշնչյան արձանագրությունները ինչպե՞ս են ցույց տալիս, որ նրա ծառաները այսօր պետք է կազմակերպված լինեն։

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ)

Հնազանդվիր Եհովայի հովիվներին

Երեցները նշանակված են սուրբ ոգով՝ Աստծու հոտը հովվելու համար։ Գառնուկներն ինչո՞ւ պետք է հնազանդվեն նրանց։

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ)

Միասին դիմավորենք այս հին աշխարհի կործանումը

Աստվածաշնչյան չորս օրինակներ ցույց են տալիս, թե որքան կարևոր է միասնական լինել, և որ ապագայում դա ավելի կարևոր է լինելու։