Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Աստծու Թագավորությունը իշխում է

 ԳԼՈՒԽ 21

Աստծու Թագավորությունը ոչնչացնում է իր թշնամիներին

Աստծու Թագավորությունը ոչնչացնում է իր թշնամիներին

ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱՆ

Իրադարձություններ, որ լինելու են մինչև Արմագեդոնը

1, 2. ա) Ո՞ր փաստերն են վկայում, որ 1914թ.-ից մեր Թագավորն իշխում է։ բ) Ի՞նչ ենք քննելու այս գլխում։

ԵՐԲ աչքի անցկացրինք այն ամենը, ինչ իրագործել է Աստծու Թագավորությունը իր թշնամիների օրերում, մեր հավատը անշուշտ ավելի զորացավ (Սաղ. 110։2)։ Մեր Թագավորը հոժարակամ քարոզիչների մի մեծ բանակ է կազմել։ Նա հոգևորապես և բարոյական առումով մաքրել ու զտել է իր հետևորդներին։ Չնայած մեզ բաժանելու թշնամիների ջանքերին՝ այսօր մենք վայելում ենք մեր համաշխարհային միասնությունը։ Թագավորության այս և մյուս ձեռքբերումներն ու հաղթանակները անհերքելիորեն վկայում են, որ 1914-ից սկսած՝ մեր Թագավորը իշխում է իր թշնամիների մեջ։

2 Շուտով Թագավորությունն ավելի ցնցող բաներ է անելու։ Այն կգա, կփշրի ու վերջ կդնի իր թշնամիների իշխանությանը (Մատթ. 6։10; Դան. 2։44)։ Սակայն մինչ այդ նշանակալից իրադարձություններ են լինելու։ Որո՞նք են դրանք։ Աստվածաշնչյան մի քանի մարգարեություններ տալիս են այս հարցի պատասխանը։ Եկեք քննենք դրանցից մի քանիսը և տեսնենք, թե ինչ է մեզ սպասում։

Նախքան «հանկարծահաս կործանումը»

3. Ո՞րն է սպասվող իրադարձություններից առաջինը։

3 Խաղաղություն կհայտարարվի։ Թեսաղոնիկեցիներին գրած նամակում Պողոս առաքյալը նկարագրել է սպասվող իրադարձություններից առաջինը (կարդա՛  1 Թեսաղոնիկեցիներ 5։2, 3)։ Նա նշել է «Եհովայի օրվա» մասին, որը սկսվելու է «Մեծ Բաբելոնի» վրա հարձակումով (Հայտն. 17։5)։ Սակայն նախ ազգերը «խաղաղություն և անվտանգություն» են հայտարարելու։ Այս արտահայտությունը կարող է վերաբերել թե՛ մեկ անգամ արված հայտարարության, թե՛ մի շարք կարևոր հայտարարությունների։ Իսկ կրոնական առաջնորդները կապ ունենալո՞ւ են դրա հետ։ Քանի որ նրանք աշխարհի մասն են, հավանաբար կմիանան ազգերին՝ ասելով. «Խաղաղությո՜ւն է» (Երեմ. 6։14; 23։16, 17; Հայտն. 17։1, 2)։ Խաղաղության և անվտանգության վերաբերյալ այս հայտարարությունը նշան է լինելու, որ ուր որ է սկսվելու է Եհովայի օրը։ Աստծու  Թագավորության թշնամիները ոչ մի կերպ չեն կարողանա փախչել։

4. Ինչո՞ւ է հարկավոր, որ իմանանք խաղաղության և անվտանգություն մասին մարգարեության նշանակությունը։

4 Ինչո՞ւ է հարկավոր, որ իմանանք այս մարգարեության նշանակությունը։ Պողոսը գրել է. «Դուք.... խավարի մեջ չեք, որ այն օրը ձեզ վրա հասնի այնպես, ինչպես գողերի վրա» (1 Թեսաղ. 5։3, 4)։ Մենք, ի տարբերություն մյուսների, հասկանում ենք, թե ուր են տանում այս իրադարձությունները։ Իսկ կոնկրետ ինչպե՞ս կիրականանա խաղաղության ու անվտանգության մասին մարգարեությունը։ Պետք է սպասենք ու կտեսնենք՝ ինչպես են դեպքերը զարգանում աշխարհում։ Ուրեմն թող որ «արթուն մնանք և պահպանենք մեր զգոնությունը» (1 Թեսաղ. 5։6; Սոփ. 3։8

Մեծ նեղության սկիզբը

5. Ո՞րն է լինելու «մեծ նեղության» սկիզբը։

5 Հարձակում կրոնի վրա։ Հիշիր, որ Պողոսը գրել է. «Երբ ասեն՝ «խաղաղություն և անվտանգություն», այդ ժամանակ հանկարծահաս կործանումը անմիջապես կգա նրանց վրա»։ Ինչպես որ կայծակի փայլատակումից անմիջապես հետո ամպրոպի ձայնն է թնդում, այնպես էլ «խաղաղություն և անվտանգություն» հայտարարությունից անմիջապես հետո «հանկարծահաս կործանումն» է լինելու։ Իսկ ի՞նչն է կործանվելու։ Նախ՝ «Մեծ Բաբելոնը»՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունը, որը հայտնի է նաև որպես «պոռնիկ» (Հայտն. 17։5, 6, 15)։ Քրիստոնյա աշխարհի և մյուս բոլոր կեղծ կրոնների կործանումը «մեծ նեղության» սկիզբն է լինելու (Մատթ. 24։21; 2 Թեսաղ. 2։8)։ Շատերի համար այս իրադարձությունը բոլորովին անսպասելի է լինելու։ Ինչո՞ւ։ Քանի որ մինչ այդ պահը պոռնիկը մտածելու է, թե ինքը «թագուհի» է, ով «երբեք սուգ չի տեսնի»։ Բայց հանկարծ հասկանալու է, որ իզուր է այդքան վստահ եղել։ Նա կործանվելու է շատ արագ, ասես «մեկ օրում» (Հայտն. 18։7, 8

6. Ո՞վ է իրականացնելու «Մեծ Բաբելոնի» վրա հարձակումը։

6 Ո՞վ է իրականացնելու «Մեծ Բաբելոնի» վրա հարձակումը։ «Տասը եղջյուր» ունեցող մի «գազան»։ Հայտնություն գիրքը մատնանշում է, որ այդ գազանը խորհրդանշում է Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ), իսկ տասը եղջյուրները՝ ներկայիս բոլոր քաղաքական ուժերը, որոնք աջակցում են այս «ալ կարմիր գազանին» (Հայտն. 17։3, 5, 11, 12)։ Որքա՞ն ավերիչ է լինելու այս հարձակումը։ ՄԱԿ-ի անդամ պետությունները թալանելու են պոռնիկի հարստությունը, ուտելու են և «ամբողջությամբ այրելու են նրան» (կարդա՛  Հայտնություն 17։16 *

7. Ինչպե՞ս կատարվեցին Մատթեոս 24։21, 22 խոսքերը առաջին դարում, և ինչպես են կատարվելու ապագայում։

7 Օրերը կկարճացվեն։ Մեր Թագավորը հայտնել է, թե ինչ է տեղի ունենալու «մեծ նեղության» այս փուլում։ Հիսուսն ասել է. «Հանուն ընտրյալների այդ օրերը կկարճացվեն» (կարդա՛  Մատթեոս 24։21, 22)։ Այս խոսքերի փոքրամասշտաբ կատարումը տեղի ունեցավ մ.թ. 66-ին, երբ Եհովան «կարճացրեց» հռոմեական զորքի հարձակումը Երուսաղեմի վրա  (Մարկ. 13։20)։ Դա հնարավորություն տվեց Երուսաղեմում և Հրեաստանում ապրող քրիստոնյաներին փրկվել։ Իսկ ի՞նչ է լինելու այս խոսքերի լայնամասշտաբ կատարման ժամանակ՝ մեծ նեղության ընթացքում։ Եհովան մեր Թագավորի՝ Հիսուսի միջոցով «կկարճացնի» ՄԱԿ-ի հարձակումը կրոնի վրա, որպեսզի ճշմարիտ կրոնը կեղծ կրոնի հետ չկործանվի։ Այսպես կեղծ կրոնական կազմակերպությունները կվերանան, բայց ճշմարիտ կրոնը կմնա (Սաղ. 96։5)։ Հիմա տեսնենք, թե ինչ է լինելու մեծ նեղության այս փուլի ավարտից հետո։

Իրադարձություններ, որոնց կհաջորդի Արմագեդոնը

8, 9. Հիսուսի մարգարեությունը հավանաբար ի՞նչ երևույթների մասին է, և ինչպե՞ս կարձագանքեն մարդիկ՝ տեսնելով այդ ամենը։

8 Վերջին օրերի վերաբերյալ Հիսուսի մարգարեության մեջ նշված են մի քանի նշանակալից իրադարձություններ, որ լինելու են նախքան Արմագեդոնը։ Առաջին երկուսի մասին գրված է Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի Ավետարաններում (կարդա՛  Մատթեոս 24։29–31; Մարկ. 13։23–27; Ղուկ. 21։25–28

9 Ֆենոմենալ երևույթներ երկնքում։ Հիսուսը մարգարեացել է. «Արևը կխավարի, լուսինը իր լույսը չի տա, աստղերը կընկնեն երկնքից»։ Մարդիկ կրոնական առաջնորդներին այլևս չեն նայի որպես լույսի կամ առաջնորդության աղբյուրի։ Արդյո՞ք Հիսուսը նկատի ուներ նաև, որ երկնքում կլինեն գերբնական երևույթներ։ Հավանաբար՝ այո (Ես. 13։9–11; Հովել 2։1, 30, 31)։ Ինչպե՞ս կարձագանքեն մարդիկ՝ տեսնելով այդ ամենը։ Նրանք «կտառապեն», քանի որ «չեն իմանա ելքը» (Ղուկ. 21։25; Սոփ. 1։17)։ Աստծու Թագավորության բոլոր թշնամիները՝ «ծառաներից» մինչև «թագավորները», «կնվաղեն վախից և այն բաների սպասումից, որ երկրի վրա պիտի գան»։ Նրանք մեր Թագավորի ցասումից թաքնվելու տեղ կփնտրեն, բայց չեն գտնի (Ղուկ. 21։26; 23։30; Հայտն. 6։15–17

10. Ի՞նչ դատ է իրականացնելու Հիսուսը, և ինչպե՞ս են այս իրադարձությանը արձագանքելու Աստծու Թագավորության աջակիցներն ու հակառակորդները։

10 Դատավարություն։ Աստծու Թագավորության բոլոր թշնամիները ստիպված կլինեն տեսնել մի բան, որն իրենց ավելի մեծ սարսափի մեջ կգցի։ Հիսուսն ասել է. «Մարդու Որդուն կտեսնեն ամպերի մեջ մեծ զորությամբ ու փառքով գալիս» (Մարկ. 13։26)։ Զորության այս գերբնական դրսևորումը նշան կլինի, որ Հիսուսը եկել է դատելու։ Վերջին օրերի մասին այս մարգարեության մեկ այլ հատվածում՝ այծերի և ոչխարների առակում, Հիսուսը մանրամասներ է հայտնում այդ իրադարձության վերաբերյալ (կարդա՛  Մատթեոս 25։31–33, 46)։ Աստծու Թագավորության հավատարիմ աջակիցները կհամարվեն «ոչխարներ» և կբարձրացնեն իրենց գլուխները՝ հասկանալով, որ իրենց «ազատագրումը մոտենում է» (Ղուկ. 21։28)։ Իսկ Թագավորության հակառակորդները կհամարվեն «այծեր» և «կողբան և կուրծք կծեծեն»՝ հասկանալով, որ իրենց «հավիտենական մահ» է սպասում (Մատթ. 24։30; Հայտն. 1։7

11. Ի՞նչ պետք է հիշենք գալիք իրադարձությունները քննելիս։

 11 Երբ Հիսուսը վերջացնի «բոլոր ազգերին» դատելը, մի քանի այլ նշանակալից իրադարձություններ էլ տեղի կունենան մինչև Արմագեդոնը (Մատթ. 25։32)։ Ուշադրություն դարձնենք դրանցից երկուսի վրա. Գոգի հարձակումը և օծյալների հավաքումը։ Այս իրադարձությունները քննելիս չմոռանանք, որ Աստծու Խոսքը դրանց տևողության մասին կոնկրետ ոչինչ չի նշում։ Շատ հավանական է, որ դրանցից մեկը չվերջացած՝ մյուսը կսկսվի։

12. Ո՞րն է լինելու Թագավորության դեմ Սատանայի վերջնական հարձակումը։

12 Վերջնական հարձակում։ Մագոգի Գոգը կհարձակվի օծյալ մնացորդի և նրանց ընկերակիցների՝ «ուրիշ ոչխարների» վրա (կարդա՛  Եզեկիել 38։2, 11)։ Հաստատված Թագավորության դեմ այս հարձակումը կլինի Սատանայի վերջին մարտը այն պատերազմում, որ նա մղում է օծյալների դեմ երկնքից ցած գցվելուց ի վեր (Հայտն. 12։7–9, 17)։ Հատկապես այն ժամանակից, երբ օծյալները սկսեցին հավաքվել վերականգնված քրիստոնեական ժողովում, Սատանան փորձել է խեղդել նրանց հոգևոր բարգավաճումը, սակայն ապարդյուն (Մատթ. 13։30)։ Այնուհանդերձ, երբ ոչ մի կեղծ կրոն չլինի, և երբ թվա, թե Աստծու ժողովուրդը «առանց պարսպի է բնակվում, չունի ո՛չ նիգեր, ո՛չ էլ դռներ», Սատանան հիանալի հնարավորություն կհամարի դա։ Նա իր չար կամակատարներին կմղի իրենց ողջ ուժերով հարձակվել Թագավորության աջակիցների վրա։

13. Ինչպե՞ս Եհովան կգործի իր երկրային ծառաներին պաշտպանելու համար։

13 Եզեկիելը նկարագրում է, թե ինչ է լինելու։ Մարգարեության մեջ Գոգի մասին ասվում է. «Դու կգաս քո տեղից՝ հյուսիսի ամենահեռավոր վայրերից, դու և շատ ժողովուրդներ քեզ հետ. բոլորը ձիեր հեծած կգան՝ մի մեծ բազմություն, բազմաթիվ զորք։ Դու անպայման դուրս կգաս իմ Իսրայել ժողովրդի դեմ ինչպես ամպ, որ ծածկում է երկիրը» (Եզեկ. 38։15, 16)։ Ի՞նչ կանի Եհովան այս անկանխելի թվացող հարձակման դեմ։ Եհովան հայտարարում է. «Այդ օրը քթիցս մուխ դուրս կգա» և «Ես սուր կկանչեմ նրա դեմ» (Եզեկ. 38։18, 21; կարդա՛  Զաքարիա 2։8)։ Եհովան կմիջամտի, և դա կլինի Արմագեդոն պատերազմը։

14, 15. Ուրիշ ի՞նչ իրադարձություն է լինելու, երբ սկսված լինի Սատանայի վերջնական հարձակումը։

14 Սակայն մինչ առաջ կգնանք ժամանակի միջով և կիմանանք, թե Արմագեդոնին ինչպես է Եհովան պաշտպանելու իր ժողովրդին, եկեք քննենք մեկ այլ կարևոր իրադարձություն ևս։ Այն տեղի կունենա Սատանայի վերջնական հարձակման սկսվելուց հետո և նախքան Եհովայի միջամտելը՝ Արմագեդոնը։ Ինչպես նշվեց 11-րդ պարբերության մեջ, երկրորդ իրադարձությունը օծյալ մնացորդի հավաքումն է։

15 Օծյալների հավաքումը։ Թե՛ Մատթեոսը և թե՛ Մարկոսը արձանագրել են «ընտրյալների»՝ սուրբ ոգով օծված քրիստոնյաների վերաբերյալ Հիսուսի խոսքերը՝ որպես Արմագեդոնին նախորդող դեպքերի մաս (տես պարբերություն 7)։ Իր մասին խոսելով որպես Թագավորի՝ Հիսուսը մարգարեանում է. «Այդ ժամանակ նա կուղարկի հրեշտակներին ու կհավաքի  իր ընտրյալներին չորս կողմերից՝ երկրի ծայրից մինչև երկնքի ծայրը» (Մարկ. 13։27; Մատթ. 24։31)։ Ի՞նչ հավաքման մասին է այստեղ խոսում Հիսուսը։ Նա չի խոսում օծյալ քրիստոնյաների մնացորդի վրա վերջնական կնիք դնելու մասին, որը լինելու է նախքան մեծ նեղության սկիզբը (Հայտն. 7։1–3)։ Նա խոսում է մի իրադարձության մասին, որը լինելու է մեծ նեղության ընթացքում։ Ուրեմն՝ ակներևաբար երբ Սատանան սկսի վերջնական հարձակումը Աստծու ժողովրդի վրա, կոնկրետ մի պահ կգա, որ երկրի վրա գտնվող օծյալները կհավաքվեն երկնքում։

16. Ի՞նչ են անելու օծյալները Արմագեդոնի ժամանակը։

16 Ի՞նչ կապ ունի օծյալ մնացորդի հավաքումը հաջորդ իրադարձության՝ Արմագեդոնի հետ։ Այն, թե երբ է դա տեղի ունենալու, ցույց է տալիս, որ նախքան Աստծու Արմագեդոն պատերազմի սկիզբը բոլոր օծյալները երկնքում են լինելու։ Այնտեղ Քրիստոսի բոլոր 144000 իշխանակիցները իրավունք են ստանալու Հիսուսի հետ «երկաթե գավազանով» դուրս գալ Աստծու Թագավորության բոլոր թշնամիների դեմ (Հայտն. 2։26, 27)։ Դրանից հետո հզոր հրեշտակների հետ միասին նրանք հետևելու են Հիսուսին՝ պատերազմող Թագավորին, ով դուրս է գալու թշնամու «բազմաթիվ զորքի» դեմ, որոնք արդեն մոտ են լինելու իրենց զոհին՝ Աստծու ժողովրդին (Եզեկ. 38։15)։ Նրանց կատաղի բախումը կլինի Արմագեդոնը (Հայտն. 16։16

Մեծ նեղության գագաթնակետը

Արմագեդոն պատերազմը

17. Ի՞նչ է լինելու «այծերին» Արմագեդոնի ժամանակ։

17 Դատաստանի իրագործում։ Արմագեդոն պատերազմը կլինի մեծ նեղության վերջնակետը։ Այդ ժամանակ Հիսուսը ստանձնելու է ևս մեկ գործ։ «Բոլոր ազգերին» դատելուց բացի նա իրականացնելու է դատավճիռը, այսինքն՝ մահապատժի է ենթարկելու այն բոլոր մարդկանց, ովքեր դատվել են որպես «այծեր» (Մատթ. 25։32, 33)։ «Սրած երկար սուրը» ձեռքին մեր Թագավորը «կհարվածի ազգերին» և բոլոր «այծ» համարվողները՝ «ծառաներից» մինչև «թագավորներ», «կգնան դեպի հավիտենական մահ» (Հայտն. 19։15, 18; Մատթ. 25։46

18. ա) Ինչպե՞ս են դեպքերը զարգանալու «ոչխարների» համար։ բ) Ինչպե՞ս է Հիսուսը ավարտին հասցնելու իր հաղթանակը։

18 Դեպքերի ինչպիսի՜ շրջադարձ է լինելու բոլոր նրանց համար, ովքեր համարվել են «ոչխարներ»։ Թվալու է, թե նրանք ուր որ է ոտնատակ են լինելու Սատանայի անծայր բանակի՝ «այծանման» մարդկանց կողմից, բայց այդ թվացյալ անպաշտպան «ոչխարների» «մեծ բազմությունը» վերապրելու է թշնամու հարձակումից և դուրս է գալու «մեծ նեղությունից» (Հայտն. 7։9, 14)։ Հիսուսը, երբ ոչնչացնի բոլոր այն մարդկանց, ովքեր Աստծու Թագավորության թշնամիներն են, Սատանային և նրա դևերին կնետի անդունդը, որտեղ նրանք հազար տարի կպահվեն անգործունյա, ասել է թե մահացած վիճակում (կարդա՛  Հայտնություն 6։2; 20։1–3

 Ինչպե՞ս պատրաստվենք ապագային

19, 20. Ի՞նչ ենք սովորում Եսայիա 26։20 և 30։21 համարներից։

19 Ինչպե՞ս կարող ենք պատրաստվել այս ցնցող իրադարձություններին։ Տարիներ առաջ «Դիտարաններից» մեկում ասվում էր. «Մեր փրկությունը կախված է լինելու մեր հնազանդությունից»։ Ինչո՞ւ։ Պատասխանը գտնվում է Բաբելոնում գերության մեջ եղող հրեաներին տված Եհովայի նախազգուշացման մեջ։ Եհովան հայտնել էր, որ Բաբելոնը նվաճվելու է, և ասել էր, թե Աստծու ժողովուրդը ինչ պետք է անի դրան պատրաստված լինելու համար։ Նա պատվիրել էր. «Գնա, ի՛մ ժողովուրդ, մտիր քո ներքին սենյակները և քո հետևից փակիր դռները։ Թաքնվիր մի ակնթարթ, մինչև բարկությունն անցնի» (Ես. 26։20)։ Ուշադրություն դարձրու այս համարում օգտագործված բայերի վրա՝ «գնա», «մտիր», «փակիր», «թաքնվիր»։ Բոլորն էլ հրամայական եղանակով են դրված։ Այսինքն դա պատվեր էր։ Հրեաները պետք է մնային իրենց տներում՝ հեռու դրսում կռվող զինվորներից, որոնք գրավում էին քաղաքը։ Ուստի նրանց փրկությունը կախված էր Եհովայի առաջնորդությանը հնազանդվելուց։ *

20 Ի՞նչ ենք սովորում անցյալի այս դեպքից։ Ինչպես որ հնում, այնպես էլ այսօր մեր փրկությունը կախված է Եհովայի առաջնորդությանը հնազանդվելուց (Ես. 30։21)։ Այդ առաջնորդությունը նա տալիս է ժողովների միջոցով։ Ուստի ձգտում ենք սրտանց հնազանդվել այսօր մեզ տրվող առաջնորդությանը (1 Հովհ. 5։3)։ Եթե հիմիկվանից նման կերպ ենք վարվում, ավելի հեշտ կլինի սրտանց հնազանդություն դրսևորել ապագայում, ինչի շնորհիվ կունենանք մեր Հոր՝ Եհովայի և մեր Թագավորի՝ Հիսուսի պաշտպանությունը (Սոփ. 2։3)։ Այդ պաշտպանությունը թույլ կտա մեզ ականատես լինել, թե ինչպես է Աստծու Թագավորությունը բնաջնջելու իր թշնամիներին։ Ի՜նչ անմոռանալի իրադարձություն կլինի դա։

^ պարբ. 6 Տրամաբանական է թվում, որ «Մեծ Բաբելոնի» կործանումը լինելու է կրոնական համակարգի ոչնչացում և ոչ թե մարդկանց՝ հավատացյալների կոտորած։ Ուստի կեղծ կրոնի անդամներից շատերը կենդանի կմնան Բաբելոնի կործանումից և առնվազն արտաքուստ, հավանաբար, կփորձեն ցույց տալ, որ հեռու են կրոնից, ինչպես գրված է Զաքարիա 13։4–6-ում։

^ պարբ. 19 Ավելին իմանալու համար տես «Եսայիայի մարգարեությունը. լույս ողջ մարդկության համար» գիրքը, էջ 282, 283 (անգլ., ռուս.)։

Իմացիր ավելին

Կործանելու զորություն. «Եհովան խիզախ պատերազմող է»

Ինչպե՞ս կարող է «խաղաղության Աստվածը» պատերազմներ մղել։

Մնա Եհովայի պաշտպանության հովտում

Ի՞նչ է պաշտպանության հովիտը, և ինչպե՞ս կարող են Եհովայի երկրպագուները ապաստան գտնել այնտեղ

Ընթերցողների հարցերը, մայիս, 2015

Ո՞վ է «Եզեկիել» գրքի Մագոգի Գոգը

Ովքե՞ր են յոթ հովիվները և ութ իշխաններն այսօր

Եզեկիան, Եսայիան, Միքիան և Երուսաղեմի իշխանները ինչպե՞ս ցույց տվեցին, որ իսկական հովիվներ են։ Ովքե՞ր են յոթ հովիվները և ութ իշխաններն այսօր։