Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Աստծու Թագավորությունը իշխում է

 ԳԼՈՒԽ 14

Աջակցում ենք միմիայն Աստծու Թագավորությանը

Աջակցում ենք միմիայն Աստծու Թագավորությանը

ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱՆ

Թագավորության հանդեպ հավատարիմ մնալով՝ Աստծու ժողովուրդը աշխարհի մաս չի կազմում

1, 2. ա) Ո՞ր սկզբունքով են առաջնորդվում Հիսուսի հետևորդներն առայսօր։ բ) Ինչպե՞ս են թշնամիները փորձել նվաճել մեզ, բայց ի՞նչ արդյունքի են հասել։

ՀԻՍՈՒՍԸ կանգնած էր Պիղատոսի՝ հրեա ազգի ամենաազդեցիկ դատավորի առաջ։ Այն, ինչ Հիսուսն ասաց այդ ժամանակ, սկզբունք է, որով առաջնորդվում են նրա հավատարիմ հետևորդներն առայսօր։ «Իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը չէ,— ասաց նա։— Եթե իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը լիներ, իմ ծառաները կկռվեին, որպեսզի չմատնվեմ հրեաների ձեռքը։ Բայց իմ թագավորությունը այստեղից չէ» (Հովհ. 18։36)։ Պիղատոսը մահվան դատապարտեց Հիսուսին, սակայն թշնամու հաղթանակը կարճ տևեց։ Հիսուսը հարություն առավ։ Հետագայում հռոմեական հզոր կայսրերը փորձեցին վերացնել Քրիստոսի հետևորդներին, սակայն դա նրանց չհաջողվեց։ Քրիստոնյաները տարածեցին Թագավորության լուրը այն ժամանակ հայտնի ողջ աշխարհում (Կող. 1։23

2 Երբ 1914-ին Թագավորությունը հաստատվեց, պատմության մեջ հայտնի ամենահզոր ռազմական ուժերը փորձեցին ջնջել Աստծու ժողովրդին երկրի երեսից։ Սակայն ոչ ոք չի կարողացել նվաճել մեզ։ Շատ կառավարություններ և քաղաքական ուժեր փորձել են ստիպել մեզ հակամարտությունների ժամանակ թիկունք կանգնել իրենց։ Բայց նրանց չի հաջողվել մեզ իրենց կողմը քաշել կամ պառակտել։ Այսօր Թագավորության հպատակներ կան բոլոր երկրներում։ Այդուհանդերձ, մենք միավորված ենք որպես համաշխարհային մի եղբայրություն և խստորեն պահպանում ենք մեր չեզոքությունը աշխարհի քաղաքական հարցերում։ Մեր միասնությունը համոզիչ ապացույց է, որ Աստծու Թագավորությունը իշխում է, և մեր Թագավոր Հիսուս Քրիստոսը շարունակում է առաջնորդել, մաքրել և պաշտպանել իր հպատակներին։ Քննենք, թե ինչպես է նա անում դա, մինչ մենք շարունակում ենք «աշխարհի մասը չլինել», և ուշադրություն դարձնենք մի քանի իրավական հաղթանակների վրա, որ Թագավորը պարգևել է մեզ (Հովհ. 17։14

Հարց, որ կարևոր է դառնում

3, 4. ա) Ի՞նչ դեպքեր տեղի ունեցան, երբ ծնվեց Թագավորությունը։ բ) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Աստծու ժողովուրդը ամբողջությամբ չէր հասկանում չեզոքության հարցը։

3 Թագավորության ծնվելուց անմիջապես հետո երկնքում պատերազմ եղավ, և Սատանան գցվեց երկրի վրա (կարդա՛  Հայտնություն 12։7–10, 12)։ Այստեղ նույնպես պատերազմ սկսվեց,  պատերազմ, որը փորձելու էր Աստծու ժողովրդի հաստատակամությունը։ Նրանք վճռել էին հետևել Հիսուսի օրինակին և չլինել աշխարհի մի մասը։ Սակայն սկզբում ամբողջությամբ չէին հասկանում, թե ինչ է նշանակում բացարձակապես չեզոք լինել քաղաքական հարցերում։

4 Օրինակ՝ «Հազարամյակի արշալույս» հատորյակի 6-րդ հատորում, * որը հրատարակվել է 1904-ին, քրիստոնյաներին հորդոր էր տրվում խուսափել պատերազմի մասնակցելուց։ Սակայն այնտեղ ասվում էր, որ եթե քրիստոնյան զորակոչվում է, պետք է ձգտի կատարել ոչ շարային՝ մարտական գործողությունների հետ կապ չունեցող ծառայություն։ Եթե դա չի հաջողվում, և նրան ուղարկում են պատերազմի դաշտ, նա պետք է զգուշանա, որ մարդ չսպանի։ Այդ ժամանակվա պատկերացումների մասին խոսելիս Հերբերտ Սինյերը, ով ապրում էր Մեծ Բրիտանիայում և մկրտվել է 1905-ին, ասաց. «Այս հարցի հետ կապված կարծիքները շատ տարբեր էին, և հստակ առաջնորդություն չկար, թե արդյոք ճիշտ կլինի ծառայել բանակում և կատարել ոչ շարային ծառայություն»։

5. 1915թ. սեպտեմբերի 1-ի «Դիտարանում» ինչպիսի՞ հստակեցում եղավ չեզոքության հարցի հետ կապված։

5 1915թ. սեպտեմբերի 1-ի «Դիտարանը» որոշ չափով հստակեցրեց չեզոքության հետ կապված հարցը։ «Գրությունների ուսումնասիրություն» գրքում բերված խորհուրդների վերաբերյալ այնտեղ ասվում էր. «Մի՞թե դա չի նշանակի փոխզիջման գնալ»։ Իսկ ինչպե՞ս վարվել, եթե քրիստոնյային մահապատիժ է սպառնում համազգեստ չկրելու և զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Հոդվածում գրված էր. «Ո՞րն է ավելի լավ՝ մեռնել Խաղաղության Իշխանին հնազանդվելու և նվիրված մնալո՞ւ համար, թե՞ ըստ էության այս աշխարհի թագավորներին աջակցելու համար, և դրանով փոխզիջման գնալ ու ոտնահարել մեր երկնային Թագավորի ուսմունքները։ Այս երկուսից, ինչ խոսք, մենք կնախընտրենք առաջինը՝ մեռնել մեր երկնային Թագավորին հավատարիմ մնալու համար»։ Սակայն, չնայած այս ազդեցիկ խոսքերին, հոդվածը հետևյալ եզրահանգումն էր անում. «Այսպես վարվելը պարտադրանք չէ, այլ պարզապես առաջարկ»։

6. Ի՞նչ ես սովորում եղբայր Հերբերտի օրինակից։

6 Որոշ եղբայրների համար չեզոքություն պահելու հարցը հստակ էր, և նրանք պատրաստ էին կրել դրա հետևանքները։ Հերբերտ Սինյերը, որի մասին նշեցինք վերևում, ասաց. «Ինձ համար նույնն էր՝ ռումբերը նավից դատարկել [ոչ շարային ծառայություն], թե դրանք հրանոթի մեջ դնել» (Ղուկ. 16։10)։ Իր խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար եղբայր Սինյերը բանտարկվեց։ Նա և 4 ուրիշ եղբայրներ 16 հոգանոց խմբում էին, որոնք տարբեր կրոններից էին և նույնպես խղճի հիմնավորմամբ հրաժարվել էին զինծառայությունից։ Այս խումբը որոշ ժամանակ մնաց Բրիտանիայի Ռիչմոնդ բանտում և հետագայում կոչվեց «Ռիչմոնդ 16»։ Մի անգամ Հերբերտին և մյուսներին նավով գաղտնի տարան Ֆրանսիայում գտնվող ռազմաճակատ, որտեղ դատապարտեցին գնդակահարության։ Նրանց մի գծով շարեցին հրացանակիրների առաջ, սակայն այդ պահին  կարգադրությունը փոխվեց, և նրանց դատապարտեցին 10 տարի ազատազրկման։

«Հասկացա, որ Աստծու ժողովուրդը բոլորի հետ պետք է խաղաղ փոխհարաբերություններ ունենա, նույնիսկ պատերազմական իրավիճակներում»–Սայմըն Քրեյքըր (տես պարբերություն 7)

7. Ի՞նչ ժամանակահարմար հստակեցում ստացավ Աստծու ժողովուրդը։

7 Երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, Եհովայի ժողովուրդը ավելի հստակ հասկացավ, թե ինչ է նշանակում լինել չեզոք, և ինչպես պետք է վարվեն Հիսուսի օրինակին հետևելու համար (Մատթ. 26։51–53; Հովհ. 17։14–16; 1 Պետ. 2։21)։ 1939-ի նոյեմբերի 1-ի «Դիտարանում» լույս տեսավ «Չեզոքություն» վերնագրով մի շատ կարևոր հոդված, որտեղ ասվում էր. «Այն սկզբունքը, որով պետք է առաջնորդվի Աստծու ժողովուրդը, պատերազմող ազգերի մեջ բացարձակ չեզոք դիրք բռնելն է»։ Այս հոդվածի վերաբերյալ Սայմըն Քրեյքըրը, ով հետագայում ծառայեց Բրուքլինի գլխավոր վարչությունում, ասաց. «Հասկացա, որ Աստծու ժողովուրդը բոլորի հետ պետք է խաղաղ փոխհարաբերություններ ունենա, նույնիսկ պատերազմական իրավիճակներում»։ Այս հոգևոր կերակուրը ճիշտ ժամանակին էր տրված։ Այն պատրաստեց Աստծու ժողովրդին աննախադեպ փորձությունների, որ կրելու էին Թագավորությանը հավատարիմ մնալու համար։

Հակառակությունների «գետը»

8, 9. Ինչպե՞ս կատարվեց Հովհաննես առաքյալի մարգարեությունը։

8 Հովհաննես առաքյալը մարգարեացավ, որ Թագավորության ծնվելուց հետո վիշապը՝ Սատանան, փորձելու էր ջնջել Աստծու  Թագավորության աջակիցներին. նրա բերանից խորհրդանշական գետ էր դուրս գալու և թափվելու էր նրանց վրա * (կարդա՛  Հայտնություն 12։9, 15)։ Ինչպե՞ս կատարվեց այս մարգարեությունը։ 1920-ականներից Աստծու ժողովրդի դեմ հակառակությունների մեծ ալիք բարձրացավ։ Երկրորդ համաշխարհայինի տարիներին Հյուսիսային Ամերիկայում ապրող մյուս եղբայրների պես՝ եղբայր Քրեյքըրը բանտարկվեց Աստծու Թագավորության հանդեպ հավատարմության համար։ Իրականում այդ տարիներին կրոնական համոզմունքների պատճառով պատերազմին մասնակցելուց հրաժարվելու համար ԱՄՆ-ում բանտարկված մարդկանց ավելի քան երկու երրորդը Եհովայի վկաներ էին։

9 Սատանայի և նրա կամակատարների նպատակն էր կոտրել Թագավորության հպատակների հավատարմությունը, անկախ այն բանից, թե որտեղ են նրանք ապրում։ Ամբողջ Աֆրիկայում, Եվրոպայում և Միացյալ Նահանգներում նրանց կանգնեցնում էին դատարանների և հանձնաժողովների առաջ։ Քանի որ նրանք վճռական էին չեզոք մնալու իրենց որոշման մեջ, նրանց բանտարկում էին, ծեծում և հաշմանդամ դարձնում։ Գերմանիայում Աստծու ծառաները սարսափելի ճնշումների ենթարկվեցին, քանի որ չէին ասում «հայլ Հիտլեր» և ոչ մի առումով չէին աջակցում պատերազմին։ Ըստ որոշ հաշվարկների՝ նացիզմի տարիներին 6000 Վկաների փակեցին բանտերում, և ավելի քան 1600 հոգի՝ գերմանացի և այլազգի Վկաներ, տանջանքների զոհ դարձան։ Այնուամենայնիվ, Սատանան չկարողացավ հարատև վնաս հասցնել Աստծու ժողովրդին (Մարկ. 8։34, 35

«Երկիրը.... կուլ տվեց.... գետը»

10. Ի՞նչ է խորհրդանշում «երկիրը», և ինչպե՞ս է այն գործել հօգուտ Աստծու ժողովրդի։

10 Հովհաննես առաքյալի մարգարեությունը բացահայտում է, որ «երկիրը», որը ներկայացնում է այս համակարգի ավելի խելամիտ տարրերը, կուլ էր տալու հալածանքի «գետը», այդպիսով օգնության հասնելով Աստծու ժողովրդին։ Ինչպե՞ս կատարվեց այս մարգարեությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդող տասնամյակների ընթացքում «երկիրը» հաճախ գործել է ի նպաստ Մեսիական Թագավորության հպատակների (կարդա՛  Հայտնություն 12։16)։ Օրինակ՝ տարբեր հեղինակավոր դատարաններ պաշտպանել են Եհովայի վկաների՝ զինվորական ծառայությունից և հայրենասիրական արարողություններից հրաժարվելու իրավունքը։ Տեսնենք, թե ինչ հաղթանակներ է Եհովան պարգևել իր ժողովրդին՝ կապված զինվորական ծառայության հետ (Սաղ. 68։20

11, 12. Ի՞նչ հարցերով եղբայրներ Սիկուրելան և Թլիմենոսը դիմեցին դատարան, և ի՞նչ վճիռ կայացվեց։

11 Միացյալ Նահանգներ։ Էնթոնի Սիկուրելան մեծացել էր Վկաների բազմանդամ ընտանիքում։ 15 տարեկանում նա մկրտվեց։ Իսկ երբ դարձավ 21 տարեկան, զինկոմիսարիատում գրանցվեց որպես կրոնական սպասավոր։ Երկու տարի անց՝ 1950-ին, նա դիմեց վերագրանցվելու որպես խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող։ Չնայած որ ըստ Հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ նրա դիմումը չընդունելու  համար ոչ մի խոչընդոտ չկար, Արդարադատության նախարարությունը մերժեց այն։ Գործը հասավ ԱՄՆ-ի Գերագույն դատարան, որը չեղյալ համարեց ստորին ատյանների որոշումները և վճիռ կայացրեց հօգուտ եղբայր Սիկուրելայի։ Այս վճիռը նախադեպ հանդիսացավ Միացյալ Նահանգների այլ քաղաքացիների համար, ովքեր խղճի հիմնավորմամբ հրաժարվում էին զինծառայությունից։

12 Հունաստան։ 1983-ին Իակովոս Թլիմենոսը, որը հրաժարվել էր ռազմական համազգեստ կրել, մեղադրվեց անհնազանդության մեջ և դատապարտվեց ազատազրկման։ Ազատ արձակվելուց հետո նա ցանկացավ հաշվապահ աշխատել, բայց նրա դիմումը մերժեցին՝ պատճառաբանելով, որ նա քրեական անցյալ ունի։ Նա դիմեց դատարան, սակայն Հունաստանի բոլոր ատյաններում պարտություն կրեց։ Ի վերջո դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ 2000թ.-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատը, որը բաղկացած է 17 դատավորներից, վճիռ կայացրեց հօգուտ Թլիմենոսի, ինչը նախադեպային դարձավ։ Մինչ այդ վճիռը Հունաստանում ավելի քան 3500 եղբայրներ քրեական անցյալ ունեին, քանի որ բանտարկված են եղել չեզոքության համար։ Այս վճռից հետո Հունաստանը օրենք ընդունեց, ըստ որի՝ այդ եղբայրները համարվեցին քրեական դատվածություն չունեցողներ։ Իսկ երբ վերանայվեց Հունաստանի սահմանադրությունը, վերահաստատվեց մի քանի տարի առաջ ընդունված այն օրենքը, որը Հունաստանի բոլոր քաղաքացիներին իրավունք էր տալիս զինծառայության փոխարեն այլընտրանքային ծառայություն անել։

«Նախքան դատարան մտնելը ես եռանդագին աղոթեցի Եհովային, և ներսս խաղաղվեց»–Իվայլո Ստեֆանով (տես պարբերություն 13)

13, 14. Ի՞նչ ենք սովորում Իվայլո Ստեֆանովի և Վահան Բայաթյանի գործերից։

13 Բուլղարիա։ 1994-ին 19 տարեկան Իվայլո Ստեֆանովը զորակոչվեց, սակայն նա հրաժարվեց բանակում ծառայել կամ կատարել որևէ ծառայություն, որը վերահսկվում է զինվորական մարմինների կողմից։ Նրան դատապարտեցին 18 ամիս ազատազրկման։ Նա բողոքարկեց այդ որոշումը՝ պաշտպանելու համար խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իր իրավունքը։ Նրա գործը հասավ մինչև ՄԻԵԴ։ 2001-ին՝ նախքան ՄԻԵԴ-ը կլսեր գործը, Բուլղարիայի կառավարությունը որոշեց խաղաղ համաձայնության գալ այս հարցում։ Կառավարությունը արդարացրեց ոչ միայն եղբայր Ստեֆանովին, այլև Բուլղարիայի այն բոլոր քաղաքացիներին, ովքեր զինծառայության փոխարեն ցանկանում էին կատարել այլընտրանքային ծառայություն։ *

14 Հայաստան։ Վահան Բայաթյանը 2001-ին զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության։ * Նա խղճի հիմնավորմամբ հրաժարվեց զինծառայությունից։ Սակայն բոլոր ներպետական ատյանները մերժեցին ճանաչել նրա այդ իրավունքը։ 2002-ի սեպտեմբերին նա դատապարտվեց երկուս ու կես տարի ազատազրկման, բայց տաս ու կես ամիս անց վաղաժամ ազատ արձակվեց։ Այդ ընթացքում նա դիմեց ՄԻԵԴ։ Նրա գործը քննվեց, և 2009-ի հոկտեմբերի 27-ին ՄԻԵԴ-ը նույնպես վճիռ կայացրեց նրա դեմ։ Դա մեծ հարված էր Հայաստանի այն եղբայրների համար, որոնք կանգնած էին նույն խնդրի առաջ։ Սակայն ՄԻԵԴ-ի  Մեծ պալատը որոշեց վերանայել գործը։ 2011-ի հուլիսի 7-ին դատարանը վճիռ կայացրեց հօգուտ Բայաթյանի։ Սա առաջին անգամ էր, որ ՄԻԵԴ-ը ընդունեց, որ մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքով պաշտպանվում է նաև համոզմունքների հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների իրավունքը։ Այս վճիռը պաշտպանում է ոչ միայն Եհովայի վկաների իրավունքը, այլև հարյուր միլիոնավոր մարդկանց, ովքեր ապրում են Եվրախորհրդի անդամ երկրներում։ *

Հայաստանի եղբայրները ՄԻԵԴ-ի վճռից հետո բանտից ազատ են արձակվել

Հայրենասիրական արարողություններ

15. Ինչո՞ւ է Եհովայի ժողովուրդը հրաժարվում մասնակցել հայրենասիրական արարողություններին։

15 Աստծու ժողովուրդը հավատարիմ է մնում Մեսիական Թագավորությանը՝ ոչ միայն զինծառայությունից հրաժարվելով, այլև հարգալից կերպով մերժելով մասնակցել հայրենասիրական արարողություններին։ Հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ազգայնամոլության մեծ ալիք բարձրացավ ամենուրեք։ Շատ երկրներում քաղաքացիներից պահանջվում էր հայրենիքի հանդեպ իրենց նվիրվածությունն  արտահայտել՝ հանդիսավոր երդում արտասանելով, ազգային հիմնը երգելով և դրոշին պատիվ տալով։ Սակայն մենք բացարձակ նվիրվածություն ենք դրսևորում Եհովայի հանդեպ (Ելք 20։4, 5)։ Արդյունքում՝ հալածանքի տարափ է տեղացել մեզ վրա։ Սակայն այս անգամ ևս Եհովան այնպես է արել, որ «երկիրը» որոշ չափով դեմ կանգնի հակառակության հորձանքին։ Ուշադրություն դարձնենք մի քանի հաղթանակների վրա, որոնք Եհովան շնորհել է մեզ Քրիստոսի միջոցով (Սաղ. 3։8

16, 17. Ի՞նչ խնդրի առաջ կանգնեցին Լիլիան և Ուիլյամ Գոբայտասները, և ի՞նչ ենք հասկանում այդ գործից։

16 Միացյալ Նահանգներ։ 1940-ին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը 8 կողմ և 1 դեմ ձայների մեծամասնությամբ վճիռ կայացրեց Եհովայի վկաների դեմ «Մայներսվիլի դպրոցն ընդդեմ Գոբայտիսների» գործով։ 12 տարեկան Լիլիան Գոբայտասը * և նրա եղբայրը՝ 10 տարեկան Ուիլյամը, հրաժարվեցին պատվել դրոշին և երդում տալ, քանի որ ուզում էին իրենց հավատարմությունը պահել Եհովայի հանդեպ։ Դրա համար նրանց հեռացրին դպրոցից։ Նրանց գործը քննվեց Գերագույն դատարանում, և դատարանը վճռեց, որ դպրոցը սահմանադրությանը համապատասխան է գործել, քանի որ այդ արարողությունները նպաստում են «երկրի միասնությանը»։ Այդ վճիռն ասես կայծ էր խոտի դեզի վրա։ Վկա երեխաներին սկսեցին հեռացնել դպրոցներից, իսկ մեծերին՝ աշխատանքից։ Շատերը կատաղի ամբոխների հարձակումներին ենթարկվեցին։ Մի գրքում այս դեպքերի մասին գրված էր, որ «1941–1943թթ.-ին Եհովայի վկաների դեմ հալածանքը քսաներորդ դարի Ամերիկայում կրոնական անհանդուրժողականության ամենազանգվածային դրսևորումն էր» (The Lustre of Our Country)։

17 Սակայն Աստծու թշնամիների ուրախությունը երկար չտևեց։ 1943-ին Գերագույն դատարանը մեկ այլ գործ լսեց, որը նման էր Գոբայտասների գործին։ Դա «Արևմտյան Վիրջինիա նահանգի կրթության նախարարությունն ընդդեմ Բարնետի» գործն էր։ Այս անգամ Գերագույն դատարանը վճիռ կայացրեց հօգուտ Եհովայի վկաների։ Ամերիկայի պատմության մեջ առաջին անգամ էր, որ Գերագույն դատարանը այդքան կարճ ժամանակ հետո փոխեց իր դիրքորոշումը։ Այդ վճռից հետո Եհովայի ժողովրդի դեմ հարձակումների թիվը կտրուկ նվազեց։ Ժամանակի ընթացքում ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիների իրավունքները հարգելու վրա ավելի մեծ շեշտ դրվեց։

18, 19. Պաբլո Բառոսի խոսքերով՝ ո՞րն էր պատճառը, որ կարողացավ հավատարիմ մնալ, և ինչպե՞ս կարող են Եհովայի մյուս ծառաները ընդօրինակել նրան։

18 Արգենտինա։ Ութ տարեկան Պաբլո և յոթ տարեկան Ուգո Բառոսները 1976-ին հեռացվեցին դպրոցից, քանի որ չմասնակցեցին դրոշի բարձրացման արարողությանը։ Մի անգամ տնօրենը նույնիսկ բոթել էր Պաբլոյին և խփել նրա գլխին։ Իսկ դասերից հետո երեխաներին մոտ մեկ ժամ պահել էր դպրոցում՝ փորձելով ստիպել նրանց, որ մասնակցեն հայրենասիրական արարողություններին։ Հիշելով իրենց գլխով անցածը՝ Պաբլոն ասաց. «Առանց Եհովայի օգնության ես հաստատ չէի դիմանա այդ ճնշմանը և չէի կարողանա հավատարիմ մնալ»։

19 Գործը հասավ դատարան, և դատավորը թիկունք կանգնեց Պաբլոյին և Ուգոյին դպրոցից հեռացնելու տնօրենի որոշմանը։  Սակայն այս գործը բողոքարկվեց Արգենտինայի Գերագույն դատարան, որն էլ 1979թ.-ին փոխեց ստորին ատյանի վճիռը՝ հիմնավորելով, որ «սահմանված պատիժը [հեռացումը] հակասում է կրթություն ստանալու սահմանադրական իրավունքին (հոդված 14) և պարտադիր հիմնական կրթություն տրամադրելու պետության պարտավորությանը (հոդված 5)»։ Մոտ 1000 Վկա երեխաներ օգուտ քաղեցին այս հաղթանակից։ Պաբլոյի և Ուգոյի նման՝ ովքեր հեռացվել էին, հետ ընդունվեցին դպրոց, և Վկա երեխաներին այլևս չհեռացրին։

Մեր երեխաները փորձությունների ժամանակ փաստել են իրենց հավատարմությունը

20, 21. Ռոելի և Էմիլիի դեպքը ինչպե՞ս է զորացնում քո հավատը։

20 Ֆիլիպիններ։ 1990-ին 9-ամյա Ռոել Էմբրալինագը * և 10-ամյա Էմիլին՝ նրա քույրը, 66 ուրիշ Վկա երեխաների հետ հեռացվեցին դպրոցից դրոշին պատիվ չտալու համար։ Ռոելի և Էմիլիի հայրը՝ Լեոնարդոն, փորձեց ընդհանուր լեզու գտնել դպրոցի տնօրինության հետ, սակայն ապարդյուն։ Ուստի նա խնդրագիր ներկայացրեց Գերագույն դատարան։ Սակայն Լեոնարդոն փաստաբան վարձելու համար փող չուներ, որը դատարանում կներկայացներ իրենց շահերը։ Նա մտածում էր, որ շանս չունի  հաղթելու, քանի որ իրավաբանական կրթություն չունի։ Մինչ գործի լսումը երեխաները շարունակում էին ծաղրուծանակի ենթարկվել։ Նրանք ընտանիքով ջերմեռանդորեն աղոթեցին Եհովային, որ առաջնորդություն ցույց տա։

21 Այնպես եղավ, որ ընտանիքին ներկայացրեց Ֆելինո Գանալը, ով փաստաբան էր և աշխատել էր երկրի ամենահայտնի փաստաբանական ընկերություններից մեկում։ Մինչ այդ նա դուրս էր եկել այդ ընկերությունից ու դարձել էր Եհովայի վկա։ Երբ գործը ներկայացվեց Գերագույն դատարան, միաձայն վճիռ կայացվեց հօգուտ Վկաների, և դպրոցից հեռացնելու հրամանը չեղյալ համարվեց։ Ովքեր փորձում էին կոտրել Աստծու ծառաների հավատարիմ մնալու վճռականությունը, դարձյալ պարտություն կրեցին։

Չեզոքությունը միասնական է դարձնում մեզ

22, 23. ա) Ինչի՞ շնորհիվ ենք այսքան շատ իրավական հաղթանակներ տարել։ բ) Մեր համաշխարհային խաղաղ եղբայրությունը ի՞նչ է ապացուցում։

22 Ինչի՞ շնորհիվ են Եհովայի ծառաները այսքան շատ իրավական նշանակալից հաղթանակներ տարել։ Քաղաքական դաշտում մենք ոչ մի ազդեցություն չունենք։ Սակայն տարբեր երկրների տարբեր ատյաններում արդարամիտ դատավորները պաշտպանել են մեզ հակառակորդների գրոհներից և կայացրել են սահմանադրական իրավունքի հետ կապված նախադեպային վճիռներ։ Անկասկած, այդ հաղթանակների հետևում մեր Թագավորն է կանգնած (կարդա՛  Հայտնություն 6։2)։ Բայց ինչո՞ւ ենք մենք մտնում նման պայքարների մեջ։ Մեր նպատակը իրավական համակարգում բարեփոխումներ անելը չէ։ Մեր ցանկությունն այն է, որ շարունակենք առանց խոչընդոտների ծառայել Թագավորին՝ Հիսուս Քրիստոսին (Գործ. 4։29

23 Թեև ապրում ենք քաղաքական պայքարներից պառակտված և ատելությամբ ներծծված աշխարհում, մեր Թագավորն օրհնում է մեր ջանքերը, որ կարողանանք պահել մեր չեզոքությունը։ Սատանային չի հաջողվել մեզ բաժանել և տիրել։ Այսօր Թագավորությունը միլիոնավոր հպատակներ ունի, որոնք «այլևս չեն սովորում պատերազմել»։ Այս համաշխարհային խաղաղ եղբայրությունն իսկապես հրաշք է և անհերքելի ապացույց, որ Աստծու Թագավորությունը իշխում է (Ես. 2։4

^ պարբ. 4 Այս հատորը կոչվել է նաև «Նոր ստեղծագործություն»։ Հետագայում «Հազարամյակի արշալույս» հատորյակը կոչվեց «Գրությունների ուսումնասիրություն»։

^ պարբ. 8 Այս մարգարեության կատարման մասին մանրամասները կարող ես կարդալ «Հայտնություն. փառահեղ գագաթնակետը մոտ է» գրքում, գլուխ 27, էջ 184–186 (անգլ., ռուս.)։

^ պարբ. 13 Ըստ համաձայնության՝ Բուլղարիայի կառավարությունը խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին պետք է նաև ապահովեր այլընտրանքային քաղաքացիական ծառայությամբ, որը վերահսկվելու էր քաղաքացիական մարմինների կողմից։

^ պարբ. 14 Այս գործի հետ կապված մանրամասները կարող ես կարդալ 2012թ. նոյեմբերի 1-ի «Դիտարանում», էջ 29–31։

^ պարբ. 14 20 տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը ազատազրկել է ավելի քան 450 երիտասարդ Վկաների։ 2013թ. նոյեմբերին բանտից դուրս եկան ազատազրկված վերջին Վկաները։

^ պարբ. 16 Իրավական փաստաթղթերում ազգանունը սխալ է գրվել։

^ պարբ. 20 Իրավական փաստաթղթերում ազգանունը սխալմամբ գրվել է Էբրալինագ։