Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Աստծու Թագավորությունը իշխում է

 ԳԼՈՒԽ 15

Պայքարում ենք Աստծուն ազատորեն երկրպագելու համար

Պայքարում ենք Աստծուն ազատորեն երկրպագելու համար

ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱՆ

Ինչպես է Քրիստոսն օգնել իր հետևորդներին պայքարել պետական գրանցում ստանալու և Աստծու օրենքներին հնազանդվելու իրենց իրավունքի համար

1, 2. ա) Ո՞րն է Աստծու Թագավորության քաղաքացի լինելու միակ ապացույցը։ բ) Ինչո՞ւ են Եհովայի վկաները երբեմն ստիպված լինում պայքարելու իրենց դավանանքի ազատության համար։

ԱՍՏԾՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ քաղաքացի՞ ես։ Եթե Եհովայի վկա ես, ապա անշուշտ այո։ Իսկ ինչպե՞ս կարող ես փաստել դա։ Չէ՞ որ այդ քաղաքացիությունը հաստատող ո՛չ անձնագիր ունես, ո՛չ էլ որևէ այլ փաստաթուղթ։ Միակ ապացույցը այն է, թե ինչպես ես Եհովային երկրպագում։ Աստծուն երկրպագելը ավելին է, քան որոշակի հավատալիքներ ունենալը։ Դրա մեջ է մտնում նաև Աստծու Թագավորության օրենքներին ենթարկվելը։ Մեր երկրպագությունը առնչվում է մեր կյանքի բոլոր ոլորտներին, օրինակ՝ երեխաների դաստիարակությանը և նույնիսկ առողջության հետ կապված հարցերին։

2 Սակայն մեզ շրջապատող աշխարհը միշտ չէ, որ հարգում է մեր քաղաքացիությունը և այն օրենքները, որոնց հետևում ենք։ Որոշ կառավարություններ փորձել են մեր երկրպագությունը սահմանափակել և նույնիսկ լիովին արգելել։ Երբեմն Քրիստոսի հետևորդները ստիպված են եղել պայքարելու, որ պաշտպանեն Մեսիական Թագավորության օրենքներին հպատակվելու ազատության իրենց իրավունքը։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ անցյալում էլ Եհովայի ժողովուրդը հաճախ է պայքարել Աստծուն երկրպագություն մատուցելու ազատության համար։

3. Աստծու ժողովուրդը ստիպված էր ի՞նչ պայքար մղել Եսթեր թագուհու օրերում։

3 Օրինակ՝ Եսթեր թագուհու օրերում Աստծու ժողովուրդը ստիպված էր պայքարել նույնիսկ իր գոյության համար։ Ինչո՞ւ։ Պարսկաստանի բարձրաստիճան պաշտոնյա Համանը, որին կարելի է համեմատել ներկայիս վարչապետի հետ, Ասուերոս թագավորին առաջարկեց վերացնել իր թագավորությունում ապրող բոլոր հրեաներին, քանի որ նրանց «օրենքները տարբերվում էին մյուս բոլոր ժողովուրդների օրենքներից» (Եսթ. 3։8, 9, 13)։ Եհովան, ինչ խոսք, չթողեց իր ժողովրդին։ Նա օրհնեց Եսթերի և Մուրթքեի ջանքերը, որոնք իրենց խնդիրը ներկայացրին Ասուերոս թագավորին Աստծու ժողովրդին պաշտպանելու համար (Եսթ. 9։20–22

4. Ի՞նչ ենք քննարկելու այս գլխում։

4 Ի՞նչ կարելի է ասել մեր օրերի մասին։ Նախորդ գլուխներից արդեն պարզ դարձավ, որ իշխանությունները երբեմն պայքարել են Եհովայի վկաների դեմ։ Այս գլխում կքննարկենք, թե ինչ կերպերով են իշխանությունները փորձել սահմանափակել մեր երկրպագությունը։ Մեր ուշադրությունը կկենտրոնացնենք երեք ոլորտի վրա։ Դրանք են՝ (1) որպես կազմակերպություն գոյություն  ունենալու և Աստծուն երկրպագելու մեր իրավունքը, (2) Աստվածաշնչի սկզբունքներին ներդաշնակ բուժման մեթոդ ընտրելու ազատությունը և (3) երեխաներին Եհովայի չափանիշների համաձայն դաստիարակելու ծնողների իրավունքը։ Յուրաքանչյուր ոլորտ քննելիս կտեսնենք, թե Մեսիական Թագավորության հավատարիմ քաղաքացիները ինչպես են քաջաբար պաշտպանել իրենց քաղաքացիությունը, և ինչպես են նրանց ջանքերը օրհնվել։

Պայքար պետականորեն գրանցվելու և հիմնարար ազատություններից օգտվելու համար

5. Ինչո՞ւ են ճշմարիտ քրիստոնյաները դիմում կառավարությանը պետականորեն գրանցվելու համար։

5 Եհովային երկրպագելու համար պարտադի՞ր է մարդկային կառավարությունների կողմից պետական գրանցում ստանալ։ Ո՛չ։ Սակայն պետական գրանցումը օգնում է, որ առանց խոչընդոտների երկրպագենք Աստծուն, օրինակ՝ հավաքույթներ անցկացնենք Թագավորության և համաժողովների սրահներում, տպագրենք և տարածենք աստվածաշնչյան գրականություն, ազատորեն բարի լուրը քարոզենք մեր շրջապատի մարդկանց։ Շատ երկրներում Եհովայի վկաները պետական գրանցում ունեն և օգտվում են այն նույն իրավունքներից և ազատություններից, որոնք տրված են գրանցում ունեցող մյուս կրոններին։ Սակայն ի՞նչ է լինում, երբ կառավարությունը չի ուզում գրանցել մեզ և փորձում է սահմանափակել մեր հիմնարար ազատությունները։

6. 1940-ականների սկզբներին Եհովայի վկաները ի՞նչ խնդրի առաջ կանգնեցին։

6 Ավստրալիա։ 1940-ականների սկզբներին Ավստրալիայի գեներալ-նահանգապետը մեր հավատալիքները երկրի անվտանգության համար սպառնալիք համարեց։ Մեր գործունեության վրա արգելք դրվեց։ Վկաները այլևս չէին կարող բացահայտ հանդիպումներ անցկացնել և քարոզել, Բեթելի աշխատանքները կանգնեցվեցին, իսկ Թագավորության սրահները առգրավվեցին։ Նույնիսկ աստվածաշնչյան գրականություն ունենալն արգելված էր։ Մի քանի տարի գաղտնի գործելուց հետո Ավստրալիայի Վկաները վերջապես թեթևացում գտան։ 1943թ. հունիսի 14-ին Ավստրալիայի Բարձրագույն ատյանը հանեց արգելքը։

7, 8. Տարիներ շարունակ ի՞նչ պայքար են մղել Ռուսաստանի մեր եղբայրները կրոնի ազատության համար։

7 Ռուսաստան։ Եհովայի վկաները տասնամյակներ շարունակ կոմունիստական վարչակարգի ժամանակ եղել են արգելքի տակ։ Սակայն 1991-ին նրանք վերջապես պետականորեն գրանցվեցին, իսկ 1992-ին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, իրավական ճանաչում ստացան Ռուսաստանի Դաշնության կողմից։ Բայց մեր հակառակորդներից ոմանք, հատկապես նրանք, ովքեր սերտ կապ ունեին ռուսական ուղղափառ եկեղեցու հետ, մտահոգվեցին, տեսնելով Վկաների աճը իրենց երկրում, ուստի 1995–1998թթ.-ին Եհովայի վկաների դեմ 5 առանձին դեպքերով բողոք ներկայացրին իրավապահ մարմիններին քրեական գործ հարուցելու նպատակով։ Յուրաքանչյուր դեպքի առնչությամբ դատախազը չէր կարողանում մեղադրանք առաջադրել, քանի որ ապացույցներ չկային։ Տեսնելով, որ հաջողության չեն հասնում, հակառակորդները այս անգամ՝ 1998-ին, քաղաքացիական հայց ներկայացրին դատարան։ Սկզբում հաղթանակը Վկաների կողմն էր, բայց հակառակորդները բողոքարկեցին որոշումը, և 2001թ. մայիսին Վկաները պարտվեցին։ Այդ նույն տարի հոկտեմբերին գործը նորից քննվեց,  և 2004-ին վճիռ կայացվեց լուծարել Մոսկվայում Եհովայի վկաների գրանցված իրավաբանական մարմինը և արգելել նրանց գործունեությունը։

8 Հալածանքի մեծ ալիք բարձրացավ (կարդա՛  2 Տիմոթեոս 3։12)։ Վկաները սկսեցին ագրեսիվ հարձակումների ենթարկվել։ Կրոնական գրականությունը բռնագրավվում էր, խստիվ արգելված էր երկրպագության համար շինություններ վարձել կամ կառուցել։ Պատկերացրու, թե որքան դժվար էր մեր քույրերի և եղբայրների համար։ 2001-ին Վկաները դիմեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), իսկ 2004-ին լրացուցիչ տեղեկություններ ներկայացրին։ 2010-ին ՄԻԵԴ-ը վճիռ կայացրեց։ Դատարանը հստակ տեսավ, որ Ռուսաստանի կողմից Վկաների վրա դրված արգելքի պատճառը կրոնական անհանդուրժողականությունն է, և վճռեց, որ հիմք չկա ուժի մեջ թողնել ստորին ատյանների վճիռները, քանի որ ապացույց չկա, որ Եհովայի վկաները որևէ բանում հանցավոր են։ Դատարանը նաև նշեց, որ արգելքի նպատակը եղել է Վկաներին իրավունքներից զրկելը։ ՄԻԵԴ-ը իր կայացրած վճռով պաշտպանեց Վկաների՝ կրոնի ազատության իրավունքը։ Թեպետ Ռուսաստանի տարբեր իրավական մարմիններ չեն գործում այս վճռի համաձայն, սակայն, այս հաղթանակներից ոգևորված, Աստծու ժողովուրդը շարունակում է քաջությամբ կատարել իր ծառայությունը։

Տիտոս Մանուսակիս (տես պարբերություն 9)

9–11. Հունաստանում Աստծու ժողովուրդը դավանանքի ազատության համար ի՞նչ պայքար է մղել։

9 Հունաստան։ 1983-ին Տիտոս Մանուսակիսը Կրետեի Իրակլիոն քաղաքում սենյակ վարձեց, որպեսզի Վկաների փոքրիկ խումբը այնտեղ հանդիպումներ անցկացնի (Եբր. 10։24, 25)։ Սակայն շատ չանցած՝ ուղղափառ եկեղեցու քահանան դիմեց իշխանություններին՝ բողոքելով, որ Վկաները սենյակը օգտագործում են իրենց հավաքույթների համար։ Քահանայի վրդովմունքի պատճառն այն էր, որ Եհովայի վկաների հավատալիքները տարբերվում են ուղղափառ եկեղեցու վարդապետությունից։ Իշխանությունները քրեական գործ հարուցեցին Տիտոս Մանուսակիսի և տեղի երեք այլ Վկաների դեմ։ Նրանց տուգանեցին և դատապարտեցին 2 ամիս ազատազրկման։ Աստծու Թագավորության այս հավատարիմ քաղաքացիները դատարանի վճիռը համարեցին դավանանքի ազատության իրենց իրավունքի ոտնահարում։ Ուստի բողոքարկեցին վճիռը, և գործը ի վերջո հասավ ՄԻԵԴ։

10 1996-ին ՄԻԵԴ-ը ճշմարիտ երկրպագության հակառակորդներին անսպասելի հարված հասցրեց։ Դատարանը հայտարարեց, որ «Եհովայի վկաները համապատասխանում են Հունաստանի օրենքով սահմանված «հայտնի կրոն» հասկացությանը, և որ ստորին ատյանների վճիռները «անմիջականորեն խախտում են դիմումատուների կրոնի ազատությունը»։ Դատարանը նաև գտավ, որ Հունաստանի կառավարությունը իրավասու չէ «որոշելու, թե արդյոք կրոնական համոզմունքները և դրանք արտահայտելու կերպերը ճիշտ են, թե ոչ»։ Վկաների դեմ դատավճիռը բեկանվեց և դավանանքի նրանց ազատությունը պաշտպանվեց։

11 Այս հաղթանակը լուծե՞ց Հունաստանում մեր եղբայրների բոլոր խնդիրները։ Ցավոք, ոչ։ Ընդամենը մի քանի տարի անց  Կասանդրա քաղաքում նմանատիպ մի գործ հարուցվեց, որը վերջնական լուծում գտավ 12 տարի անց՝ 2012թ.-ին։ Այս անգամ մեր դեմ մեղադրանքներ էր ներկայացրել ուղղափառ եկեղեցու մի եպիսկոպոս։ Հունաստանի բարձրագույն վարչական դատարանը՝ Պետական խորհուրդը, վճիռ կայացրեց հօգուտ Աստծու ժողովրդի։ Վճռի մեջ ասվում էր, որ Հունաստանի սահմանադրությունը երաշխավորում է կրոնի ազատությունը, և հերքվում էր հաճախ հնչող մեղադրանքը, թե Եհովայի վկաները հայտնի կրոն չեն։ Դատարանը նշեց. «Եհովայի վկաների ուսմունքները գաղտնի չեն, հետևաբար նրանք հայտնի կրոն են դավանում»։ Կասանդրայի փոքր ժողովի անդամները ուրախ են, որ այժմ կարող են հավաքույթներն անցկացնել իրենց Թագավորության սրահում։

12, 13. Ֆրանսիայում ինչպե՞ս հակառակորդները փորձեցին «չարիք պատրաստել օրենքի միջոցով»։

12 Ֆրանսիա։ Այս երկրում Աստծու ժողովրդի որոշ հակառակորդներ «չարիք պատրաստեցին օրենքի միջոցով» (կարդա՛  Սաղմոս 94։20)։ Օրինակ՝ 1990-ականների կեսերին Ֆրանսիայի հարկային տեսչությունը աուդիտ (հաշվեքննություն) անցկացրեց Եհովայի վկաների ասոցիացիայում (Association Les Témoins de Jéhovah, Ֆրանսիայում Եհովայի վկաներին ներկայացնող իրավաբանական անձ)։ Ֆինանսների նախարարը հստակեցրեց, թե որն էր աուդիտի նպատակը. «Աուդիտը կարող էր հանգեցնել դատական կարգով լուծարման կամ քրեական դատավարությունների.... ինչն էլ իր հերթին կապակայունացներ ասոցիացիայի գործունեությունը կամ կստիպեր նրան այլևս չգործել մեր տարածաշրջանում»։ Թեպետ աուդիտի ընթացքում ոչ մի խախտում չհայտնաբերվեց, սակայն չափազանց մեծ հարկ դրվեց ընկերության վրա։ Նրանք հույս ունեին, որ մեր եղբայրները ուրիշ ընտրություն չեն ունենա. կփակեն մասնաճյուղը և կվաճառեն շենքերը, որպեսզի կարողանան հարկը վճարել։ Դա ծանր հարված էր եղբայրներին, սակայն նրանք չհանձնվեցին։ Նրանք քաջաբար դեմ դուրս եկան այս անարդարությանը, և 2005-ին գործը հասավ ՄԻԵԴ։

13 Դատարանը 2011-ի հունիսի 30-ին վճիռ կայացրեց։ Այնտեղ ասվում էր, որ կրոնի ազատության իրավունքը պետք է հետ պահեր պետությանը, բացառությամբ ծայրահեղ դեպքերի, որոշելու, թե արդյոք որևէ կրոնական ուղղության համոզմունքները կամ դրանք արտահայտելու ձևը ճիշտ են, թե ոչ։ Դատարանը նաև նշեց. «Հարկումը.... կզրկեր ընկերությանը կենսական ռեսուրսներից, ուստիև թույլ չէր տա ապահովել իր անդամակիցներին այն ամենով, ինչ անհրաժեշտ է նրանց առանց արգելքի Աստծուն երկրպագելու համար»։ Դատարանը միաձայն վճիռ կայացրեց հօգուտ Եհովայի վկաների։ Ուրախալի է, որ Ֆրանսիայի կառավարությունը վերադարձրեց հարկված գումարը իր տոկոսներով և, դատարանի որոշման համաձայն, մասնաճյուղի գույքի վրա դրված կալանքը հանվեց։

Կարող ես միշտ աղոթել քո հավատակիցների համար, որոնք անարդարությունների են բախվում

14. Ինչպե՞ս կարող ես աջակցել նրանց, ովքեր պայքարում են դավանանքի ազատության համար։

14 Եսթերի և Մուրթքեի պես՝ Եհովայի ժողովուրդն այսօր պայքարում է Աստծուն ազատորեն երկրպագելու համար այնպես, ինչպես նա է պահանջում (Եսթ. 4։13–16)։ Ինչպե՞ս կարող ես աջակցել նրանց։ Կանոնավորաբար աղոթելով քո հոգևոր քույրերի ու եղբայրների համար, որոնք անարդարությունների են բախվում։  Այդ աղոթքները մեծ օգնություն են նրանց համար (կարդա՛  Հակոբոս 5։16)։ Եհովան պատասխանո՞ւմ է այսպիսի աղոթքներին։ Դատարաններում տարած մեր հաղթանակները հենց դա են վկայում (Եբր. 13։18, 19

Բուժման մեթոդ ընտրելու ազատություն

15. Ինչի՞ հիման վրա է Աստծու ժողովուրդը հրաժարվում արյան գործածությունից։

15 Ինչպես տեսանք 11-րդ գլխում, Աստծու Թագավորության քաղաքացիները սուրբգրային հստակ առաջնորդություն են ստացել խուսափելու արյան սխալ գործածությունից, ինչը շատ տարածված է մեր օրերում (Ծննդ. 9։5, 6; Ղևտ. 17։11; կարդա՛  Գործեր 15։28, 29)։ Թեպետ մենք հրաժարվում ենք արյան փոխներարկումից, սակայն թե՛ մեզ և թե՛ մեր հարազատների համար ցանկանում ենք հնարավորինս լավագույն բուժումն ընտրել, այնպիսին, որը չի հակասի Աստծու օրենքներին։ Շատ երկրներում բարձրագույն ատյանները ընդունել են, որ մարդիկ իրավունք ունեն իրենց խղճի և կրոնական համոզմունքների թելադրանքով բուժման մեթոդ ընտրել կամ դրանից հրաժարվել։ Սակայն որոշ երկրներում Աստծու ժողովուրդը այս հարցում մեծ դժվարություններ է ունեցել։ Տեսնենք մի քանի օրինակ։

16, 17. Ի՞նչ իմացավ քույր Տակեդան վիրահատվելուց ամիսներ անց, և ինչպե՞ս Եհովան պատասխանեց նրա աղոթքներին։

16 Ճապոնիա։ 63 տարեկան տնային տնտեսուհի Միսաե Տակեդան առողջական խնդիր ուներ և պետք է ենթարկվեր լուրջ վիրահատության։ Լինելով Աստծու Թագավորության հավատարիմ քաղաքացի՝ նա հստակ բացատրեց բժշկին, որ ցանկանում է բուժվել առանց արյան փոխներարկման։ Սակայն ամիսներ անց նա հանկարծ իմացավ, որ վիրահատության ժամանակ իրեն արյուն են ներարկել։ Դա նրա համար շոկ էր։ Նա հասկացավ, որ իրեն խաբել են և իր իրավունքները ոտնահարել։ Ուստի քույր Տակեդայի բողոքի հիման վրա 1993-ի հունիսին վիրահատող բժիշկների և հիվանդանոցի դեմ դատական գործ հարուցվեց։ Այս համեստ և մեղմ կինը աննկուն հավատ ուներ։ Նա համարձակորեն վկայություն տվեց դատարանի լեփ-լեցուն դահլիճում։ Ավելի քան մեկ ժամ մնաց այնտեղ, թեև ուժերը լքում էին նրան։ Իր մահանալուց մեկ ամիս առաջ նա վերջին անգամ ներկայացավ դատարան։ Մի՞թե մեզ հիացմունք չի պատճառում այս քրոջ քաջությունն ու հավատը։ Քույր Տակեդան ասում էր, որ շարունակ Եհովայից խնդրում է օգնել իրեն այս պայքարում։ Նա վստահ էր, որ իր աղոթքները անպատասխան չեն մնա։ Լսե՞ց Եհովան նրա աղոթքները։

17 Քույր Տակեդայի մահից երեք տարի անց Ճապոնիայի Գերագույն դատարանը վճիռ կայացրեց հօգուտ նրա՝ ընդունելով, որ բուժանձնակազմը սխալ է վարվել՝ նրա կամքին հակառակ արյուն փոխներարկելով։ 2000թ. փետրվարի 29-ին կայացված որոշման մեջ գրված էր, որ նման դեպքերում «անհրաժեշտ է հարգել որոշում կայացնելու անհատի իրավունքը»։ Շնորհիվ քույր Տակեդայի վճռականության Ճապոնիայում Վկաները այժմ կարող են բժշկական օգնություն ստանալ առանց վախենալու, որ իրենց կամքին հակառակ արյուն կներարկեն իրենց։

Պաբլո Ալբառասինի (տես պարբերություն 18–20)

18–20. ա) Արգենտինայի բարձր ատյանները ինչպե՞ս պաշտպանեցին արյան փոխներարկումից հրաժարվելու մարդու իրավունքը, որը արտահայտված էր բժշկական փաստաթղթում։ բ) Արյան փոխներարկման հարցի հետ կապված ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ ենթարկվում ենք Քրիստոսի իշխանությանը։

18 Արգենտինա։ Ինչպե՞ս կարող են Թագավորության քաղաքացիները բուժման մեթոդ ընտրելու հարցում հայտնի դարձնել  իրենց դիրքորոշումը, երբ անգիտակից վիճակում են։ Մենք կարող ենք իրավական ուժ ունեցող փաստաթուղթ լրացնել, որը կխոսի մեր փոխարեն։ Հենց դա էր արել Պաբլո Ալբառասինին։ 2012թ. մայիսին նա ակամայից ականատես եղավ զինված գողության, և հրազենային մի քանի վնասվածք ստացավ։ Անգիտակից վիճակում նա տեղափոխվեց հիվանդանոց, ուստիև անկարող էր որևէ բան ասել արյան փոխներարկման հետ կապված։ Սակայն նրա մոտ կար հստակ ձևակերպված բժշկական փաստաթուղթ, որը նա ստորագրել էր ավելի քան չորս տարի առաջ։ Թեև նրա վիճակը լուրջ էր և որոշ բժիշկներ արյան փոխներարկումը համարում էին անհրաժեշտ կյանքը փրկելու համար, բուժանձնակազմը պատրաստ էր հարգելու նրա ցանկությունը։ Սակայն Պաբլոյի հայրը, ով Եհովայի վկա չէր, դատարանի կարգադրությամբ իրավունք ստացավ չեղյալ համարել որդու ընտրությունը։

19 Փաստաբանը, որը ներկայացնում էր Պաբլոյի կնոջը, իսկույն բողոքարկեց, և ընդամենը ժամեր անց Վերաքննիչ դատարանը ստորին ատյանի կարգադրությունը անվավեր ճանաչեց և սահմանեց, որ պացիենտի ցանկությունը, որն արտահայտված է նրա բժշկական փաստաթղթում, պետք է հարգվի։ Պաբլոյի հայրը դիմեց Արգենտինայի Գերագույն դատարան, որն էլ ոչ մի պատճառ չգտավ կասկածելու, որ Պաբլոն արյան փոխներարկումից հրաժարվելու մասին այդ բժշկական փաստաթուղթը լրացրել է սթափ դատողությամբ և իր կամքով։ Դատարանը նշեց. «Յուրաքանչյուր չափահաս մարդ, որն ի վիճակի է ինքնուրույն որոշում կայացնելու, կարող է բժշկական հարցերի հետ կապված իր դիրքորոշումը նախապես հայտնել՝ ընդունելով կամ մերժելով որոշ բուժմեթոդներ.... Բժիշկը, ով պատասխանատու է նրա բուժման համար, պետք է հաշվի առնի նրա կամքը»։

Իսկ դու լրացրե՞լ ես արյան վերաբերյալ քո բժշկական փաստաթուղթը

20 Եղբայր Ալբառասինին լիովին ապաքինվեց։ Նա ժամանակին լրացրել էր այդ փաստաթուղթը, ինչի համար ինքն ու իր կինը շատ ուրախ էին։ Այդ պարզ, բայց շատ կարևոր քայլն անելով՝ նա ցույց էր տվել, որ ենթարկվում է Քրիստոսին՝ Աստծու Թագավորության Թագավորին։ Իսկ դու և քո ընտանիքի անդամները լրացրե՞լ եք այդ փաստաթուղթը։

Էփրիլ Կադորեյ (տես պարբերություն 21–24)

21–24. ա) Ի՞նչը պատճառ եղավ, որ Կանադայի Գերագույն դատարանը կարևոր վճիռ կայացնի անարյուն բուժմեթոդ ընտրելու երեխաների իրավունքի վերաբերյալ։ բ) Ինչո՞վ է իրավական այս գործը քաջալերական երեխաների համար։

21 Կանադա։ Սովորաբար դատարանները ճանաչում են ծնողների իրավունքը՝ որոշելու, թե որն է լավագույն բուժումը իրենց երեխաների համար։ Երբեմն նրանք այնպիսի վճիռ են կայացրել, ըստ որի՝ պետք է հարգել նույնիսկ հասուն երեխաների ցանկությունը, երբ հարցը վերաբերում է բուժման հետ կապված որոշումներին։ Տեսնենք, թե ինչ պատահեց Էփրիլ Կադորեյ անունով մի աղջկա հետ։ 14 տարեկանում ներքին սուր արյունահոսությամբ նրան շտապ հասցրին հիվանդանոց։ Դրանից մի քանի ամիս առաջ նա լրացրել էր բժշկական փաստաթուղթ, որտեղ նշել էր, որ նույնիսկ արտակարգ իրավիճակում իրեն արյան փոխներարկում չարվի։ Էփրիլին բուժող բժիշկը որոշեց անտեսել հստակ արտահայտված նրա կամքը և դատարանից կարգադրագիր վերցրեց, որպեսզի նրան արյուն ներարկի։ Նրան ստիպողաբար երեք չափաբաժին արյուն ներարկեցին։ Հետագայում Էփրիլը պատմեց, որ այդ ժամանակ իրեն այնպես էր զգում, ասես իրեն բռնաբարել էին։

 22 Էփրիլն ու իր ծնողները դիմեցին բարձր ատյաններ։ Երկու տարվա ընթացքում գործը հասավ Կանադայի Գերագույն դատարան։ Թեպետ դատարանը հակասահմանադրական չճանաչեց այն օրենքը, որի պատճառով ոտնահարվել էր Էփրիլի իրավունքը, սակայն վճիռ կայացրեց հօգուտ նրա և բոլոր այն հասուն երեխաների, որոնք ուզում են օգտվել բուժման մեթոդ ընտրելու իրենց իրավունքից։ Բացի այդ, փոխհատուցվեցին փաստաբանական ծախսերը։ Դատարանը նշեց. «Բուժմանն առնչվող հարցերում 16 տարեկանից ցածր երեխաներին պետք է թույլ տրվի փաստել, որ կոնկրետ բուժմեթոդի վերաբերյալ իրենց դիրքորոշումը սեփական դատողության և հասուն լինելու արդյունք է»։

23 Այս իրավական գործը հատկանշական է նրանով, որ Գերագույն դատարանը անդրադարձավ հասուն երեխաների սահմանադրական իրավունքներին։ Նախկինում Կանադայի դատարանները կարող էին լիազորել բժիշկներին 16 տարեկանից ցածր երեխաների համար կիրառել որևէ բուժմեթոդ, եթե համոզվեին, որ դա լավագույն բուժումն է երեխայի համար։ Սակայն այս վճռից հետո դատարանը այլևս չի կարող այդ տարիքի երեխայի կամքին հակառակ որևէ բուժման մեթոդ լիազորել, մինչև նախ  հնարավորություն չտա նրան փաստելու, որ բավականաչափ հասուն է ինքնուրույն որոշումներ կայացնելու համար։

«Ես ինձ երջանիկ եմ զգում, որ կարողացել եմ իմ փոքրիկ ներդրումն ունենալ Աստծու անվանը փառք բերելու մեջ և փաստել, որ Սատանան ստախոս է»

24 Արժե՞ր արդյոք երեք տարի շարունակ մղել այս պայքարը։ Ինչպես Էփրիլն է ասում՝ այո։ Հիմա նա ողջ-առողջ ծառայում է որպես ռահվիրա։ Նա ասում է. «Ես ինձ երջանիկ եմ զգում, որ կարողացել եմ իմ փոքրիկ ներդրումն ունենալ Աստծու անվանը փառք բերելու մեջ և փաստել, որ Սատանան ստախոս է»։ Այս դեպքից երևում է, որ մեր երեխաները կարող են քաջաբար իրենց դիրքորոշումն արտահայտել՝ ցույց տալով, որ իրենք Աստծու Թագավորության հավատարիմ հպատակներ են (Մատթ. 21։16

Երեխաներին Եհովայի չափանիշներով կրթելու իրավունք

25, 26. Ի՞նչ խնդիր է ծագում, երբ ծնողները ամուսնալուծվում են։

25 Եհովան ծնողներին պարտականություն է տվել. կրթել երեխաներին իր չափանիշների համաձայն (2 Օրենք 6։6–8; Եփես. 6։4)։ Այս առաջադրանքն անելը հեշտ չէ, սակայն շատ ավելի դժվար է, երբ ծնողները ամուսնալուծվում են։ Այս դեպքում երեխաների դաստիարակության հարցում նրանց տեսակետները կարող են խիստ տարբերվել։ Օրինակ՝ Վկա ծնողը համոզված է, որ երեխային հարկավոր է կրթել քրիստոնեական չափանիշների համաձայն, իսկ ոչ Վկա ծնողը կարող է դրան դեմ լինել։ Ինչ խոսք, Վկա ծնողը պետք է գիտակցի, որ ապահարզանը ամուսնական հարաբերությունների վերջն է, ոչ թե ծնող-երեխա հարաբերությունների։

26 Ոչ Վկա ծնողը հնարավոր է դիմի դատարան՝ պահանջելով, որ երեխայի խնամակալությունը իրեն հանձնեն, որպեսզի նրա կրոնական դաստիարակությունը իր հսկողության տակ առնի։ Ոմանք պնդում են, որ երեխային որպես Եհովայի վկա մեծացնելը վնասակար է նրա համար՝ պատճառաբանելով, թե նա կզրկվի ծննդյան և այլ տոներից, իսկ երբ կյանքին վտանգ սպառնա, նրան արյուն չեն ներարկի։ Սակայն ուրախալի է, որ շատ դատարաններ վճիռ կայացնելիս հաշվի են առնում երեխայի լավագույն շահերը, ոչ թե ծնողներից որևէ մեկի կրոնական պատկանելությունը։ Տեսնենք այդպիսի իրավական գործերի մի քանի օրինակ։

27, 28. Օհայո նահանգի Գերագույն դատարանը ինչպե՞ս լուծեց Վկա ծնողի խնամակալության հետ կապված հարցը։

27 Միացյալ Նահանգներ։ 1992թ.-ին Օհայո նահանգի Գերագույն դատարանում լսվեց մի գործ. ոչ Վկա հայրը պահանջում էր որդու խնամակալությունը իրեն հանձնել՝ պնդելով, թե երեխայի համար լավ չէ մեծանալ որպես Եհովայի վկա։ Ստորին ատյանը բավարարել էր նրա այդ պահանջը։ Երեխայի մորը՝ Ջենիֆեր Փեյթըրին, թույլ էին տվել, որ տեսակցի որդուն, սակայն արգելել էին «որևէ կերպ սովորեցնել կամ ծանոթացնել նրան Եհովայի վկաների ուսմունքներին»։ Ստորին ատյանի այս կարգադրությունը այնքան ընդհանուր էր ձևակերպված, որ կարող էր նշանակել, որ Ջենիֆերը նույնիսկ իրավունք չունի իր որդու՝ Բոբիի հետ Աստվածաշնչի կամ դրա մեջ ամփոփված բարոյական չափանիշների մասին խոսել։ Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ էր զգում մայրը։ Նա չափազանց ընկճված էր, բայց ինչպես ինքն է ասում, սովորեց լինել համբերատար և սպասել, որ Եհովան գործի։ Ջենիֆերը  պատմում է. «Եհովան միշտ իմ կողքին էր»։ Նրա փաստաբանը, որին տրամադրել էր Եհովայի կազմակերպությունը, վճիռը բողոքարկեց Օհայոյի Գերագույն դատարան։

28 Դատարանն իր անհամաձայնությունը հայտնեց ստորին ատյանի վճռի վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ «ծնողները հիմնարար իրավունք ունեն կրթելու իրենց երեխաներին և փոխանցելու իրենց բարոյական ու կրոնական արժեքները»։ Նաև նշեց, որ մինչև չապացուցվի, որ Եհովայի վկաների կրոնական արժեքները բացասաբար են ազդում երեխայի ֆիզիկական և մտային առողջության վրա, դատարանը իրավունք չունի կրոնական պատկանելության հիման վրա զրկել ծնողին իր երեխայի խնամակալությունից։ Դատարանը հիմք չտեսավ, որ Վկաների կրոնական համոզմունքները ինչ-որ կերպ կարող են վնասել երեխայի մտային և ֆիզիկական առողջությունը։

Շատ դատարաններ վճիռ են կայացրել հօգուտ Վկա ծնողների՝ երեխայի խնամակալությունը նրանց հանձնելով

29–31. Ինչո՞ւ քույր Հանսենին զրկեցին իր երեխայի խնամակալության իրավունքից, սակայն ի՞նչ վճիռ կայացրեց Դանիայի Գերագույն դատարանը։

29 Դանիա։ Անիտա Հանսենը նման խնդրի առաջ կանգնեց, երբ նախկին ամուսինը դիմեց դատարան, որպեսզի յոթ տարեկան Ամանդային իր խնամակալությանը հանձնեն։ Թեպետ մարզային դատարանը 2000թ.-ին երեխայի խնամակալությունը հանձնել էր քույր Հանսենին, սակայն Ամանդայի հայրը բողոքարկեց վերին ատյան, որտեղ մարզային դատարանի վճիռը բեկանվեց, և երեխային տվեցին հորը։ Դատարանը պատճառաբանեց, որ քանի որ ծնողները կրոնական պատկանելության պատճառով կյանքի վերաբերյալ հակասական հայացքներ ունեն, ճիշտ կլինի, որ հայրը որոշի, թե երեխան ինչ կրոնական դաստիարակություն պետք է  ստանա։ Հետևաբար քույր Հանսենը, ըստ էության, Եհովայի վկա լինելու պատճառով էր, որ զրկվեց դստեր խնամակալության իրավունքից։

30 Այս դժվար փորձության ժամանակ քույր Հանսենը այնքան ծանր ապրումներ էր ունենում, որ երբեմն չէր իմանում՝ ինչի մասին աղոթի։ «Այդ պահերին Հռոմեացիներ 8։26, 27 համարները ինձ շատ էին մխիթարում,— պատմում է նա։— Վստահ էի, որ Եհովան միշտ հասկանում է իմ սրտում եղածը։ Նրա աչքերը միշտ ինձ վրա էին։ Նա միշտ ինձ հետ է եղել» (կարդա՛  Սաղմոս 32։8; Եսայիա 41։10

31 Քույր Հանսենը բողոքարկեց Դանիայի Գերագույն դատարան։ Դատարանը վճռի մեջ նշեց. «Խնամակալության հարց քննելիս պետք է հաշվի առնվի, թե տվյալ պարագայում որն է լավագույնը երեխայի համար»։ Բացի այդ, դատարանը սահմանեց, որ խնամակալության մասին որոշումը պետք է հիմնված լինի այն բանի վրա, թե ինչպես է ծնողներից յուրաքանչյուրը լուծում տարաձայնությունները, ոչ թե՝ «ինչ են սովորեցնում և ինչ տեսակետ ունեն» Եհովայի վկաները։ Ուստի Գերագույն դատարանը հաստատեց, որ քույր Հանսենը լավ ծնող է, և Ամանդայի խնամակալությունը հանձնեց նրան։

32. Ինչպե՞ս է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պաշտպանել Վկա ծնողներին խտրական վերաբերմունքից։

32 Եվրոպական տարբեր երկրներ։ Եղել են դեպքեր, երբ երեխաների խնամակալության հարցով դատական գործերը անցել են երկրի բոլոր ատյաններով և հասել մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Երկու դատական գործերի հետ կապված ՄԻԵԴ-ը սահմանել է, որ ստորին ատյանները՝ ներպետական դատարանները, տարբեր մոտեցում են ցուցաբերել Վկա և ոչ Վկա ծնողների նկատմամբ կրոնական պատկանելության պատճառով։ Նման վերաբերմունքը համարելով խտրականություն՝ ՄԻԵԴ-ը նշել է, որ «միայն կրոնական պատկանելության պատճառով մարդկանց մեջ տարբերություն դնելը անընդունելի է»։ Մի Վկա մայր, որին շատ էր օգնել այս վճիռը, ասաց. «Այնքան վիրավորական է, երբ քեզ մեղադրում են քո երեխաներին վնասելու մեջ, այն դեպքում, երբ իրականում փորձում ես նրանց դաստիարակել քրիստոնեական չափանիշներով, ինչը, համոզված ես, որ լավագույնն է նրանց համար»։

33. Ինչպե՞ս են Վկա ծնողները կիրառում Փիլիպպեցիներ 4։5-ի սկզբունքը։

33 Վկա ծնողները, ովքեր ստիպված են լինում պաշտպանել աստվածաշնչյան սկզբունքներով երեխաներին կրթելու իրենց իրավունքը, ձգտում են խոհեմություն դրսևորել (կարդա՛  Փիլիպպեցիներ 4։5)։ Նրանք գիտակցում են, որ ոչ Վկա ծնողը նույնպես պատասխանատու է երեխայի դաստիարակության համար, եթե իհարկե նա ցանկանում է կատարել իր այդ պարտականությունը։ Իսկ որքա՞ն լուրջ է Վկա ծնողը վերաբերվում երեխային կրթելու իր պատասխանատվությանը։

34. Ի՞նչ են սովորում ծնողները Նեեմիայի օրերի վերաբերյալ արձանագրությունից։

34 Շատ բան կարող ենք սովորել Նեեմիայի օրերի վերաբերյալ աստվածաշնչյան արձանագրությունից։ Հրեաները օրնիբուն աշխատում էին, որպեսզի վերանորոգեն և վերակառուցեն Երուսաղեմի պարիսպները։ Նրանք հասկանում էին, որ այդպիսով իրենց ընտանիքներին կպաշտպանեն շրջապատող թշնամի ազգերից։  Դրա համար էլ Նեեմիան հորդորում էր նրանց «կռվել հանուն իրենց եղբայրների, որդիների, աղջիկների, կանանց ու տների» (Նեեմ. 4։14)։ Հրեաները գիտակցում էին, որ իրենց ողջ ուժերը պետք է ներդնեն այդ պայքարում։ Նրանց նման՝ այսօր Վկա ծնողները ջանք չեն խնայում իրենց երեխաներին ճշմարտության ճանապարհում մեծացնելու համար։ Նրանք հասկանում են, որ երեխաները ամեն օր բացասական ազդեցության են ենթարկվում դպրոցում և շրջապատում։ Այդ ազդեցությունը կարող է նույնիսկ տուն ներթափանցել հեռուստացույցի, ռադիոյի, ինտերնետի և այլ միջոցներով։ Ծնողները միշտ հիշում են, որ ջանք չպետք է խնայեն, որպեսզի պաշտպանեն ու բարերար միջավայր ստեղծեն երեխաների համար, որպեսզի նրանք հոգևորապես բարգավաճեն։

Եհովան է ճշմարիտ երկրպագության հովանավորը

35, 36. Ի՞նչ արդյունքներ է տվել մեր իրավունքները պաշտպանելու նպատակով մղած պայքարը, և ի՞նչ ես վճռել անել։

35 Ազատորեն երկրպագելու իրավունքի համար մղված պայքարում Եհովան, անկասկած, օրհնում է իր ժամանակակից կազմակերպության ներդրած ջանքերը։ Աստծու ժողովուրդը իր իրավունքները պաշտպանելու հետ միաժամանակ զորեղ վկայություն է տվել դատական իշխանություններին և հասարակությանը (Հռոմ. 1։8)։ Նրանց իրավական հաղթանակները նպաստել են, որ նույնիսկ ոչ Վկաների քաղաքացիական իրավունքները պաշտպանվեն։ Սակայն մենք հասարակական կարգը բարեփոխողներ չենք, ոչ էլ ինքնաարդարացման ենք ձգտում։ Մենք պայքարում ենք մեր իրավունքների համար, որպեսզի պաշտպանենք և օրինականապես հաստատենք մաքուր երկրպագությունը (կարդա՛  Փիլիպպեցիներ 1։7

36 Թող որ թանկ գնահատենք այն մարդկանց օրինակը, ովքեր մեծ հավատ դրսևորելով՝ պայքարել են Եհովային ազատ երկրպագելու համար։ Եվ թող որ մենք էլ հավատարիմ մնանք ու վստահ լինենք, որ Եհովան կաջակցի մեզ ու կշարունակի զորացնել, որ կատարենք իր կամքը (Ես. 54։17

Իմացիր ավելին

Խաղաղ ժողովուրդը պաշտպանում է իր բարի անունը

Ինչպես Եհովայի վկաները պաշտպանեցին իրենց բարի անունը Ռուսաստանում