Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Աստծու Թագավորությունը իշխում է

 ԳԼՈՒԽ 20

Օգնություն տրամադրելը՝ որպես սուրբ ծառայություն

Օգնություն տրամադրելը՝ որպես սուրբ ծառայություն

ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱՆ

Քրիստոնեական սերը գործնականում՝ աղետների ժամանակ

1, 2. ա) Ի՞նչ նեղության մեջ հայտնվեցին Հրեաստանի քրիստոնյաները։ բ) Ի՞նչ գործնական կերպով սեր դրսևորեցին հավատակիցները նրանց հանդեպ։

Մ.Թ. մոտ 46 թվականն էր։ Հրեաստանում սաստիկ սով էր։ Հացահատիկի պաշարը սպառվում էր։ Մի բուռ ցորենը մի փեշ փող արժեր։ Հրեաստանում ապրող քրիստոնյաների միջոցները շատ սուղ էին։ Սակայն Եհովան իր ծառաների հետ էր։ Շուտով նրանք զգալու էին, թե որքան հոգատար է իրենց Աստվածը։ Ի՞նչ էր լինելու։

2 Իմանալով, որ Երուսաղեմում և Հրեաստանում ապրող քրիստոնյաները սովի մեջ են՝ Անտիոքի հրեա ու այլազգի քրիստոնյաները քայլեր ձեռնարկեցին իրենց հավատակիցներին օգնելու համար։ Հետո ընտրեցին երկու եղբայրների՝ Բառնաբասին ու Սողոսին, և հավաքված օգնությունը նրանց հետ ուղարկեցին Երուսաղեմի ժողովի երեցներին (կարդա՛  Գործեր 11։27–30; 12։25)։ Միայն պատկերացրու Հրեաստանի եղբայրների գոհունակությունն ու հուզմունքը, երբ տեսան իրենց հավատակիցների՝ գործնականում դրսևորած սերը։

3. ա) Ինչպե՞ս է Աստծու ժողովուրդը հետևում Անտիոքի քրիստոնյաների օրինակին (տես նաև « Մեր օրերում առաջին լայնամասշտաբ օգնությունը» շրջանակը)։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննելու այս գլխում։

3 Սա առաջին արձանագրությունն է այն մասին, թե ինչպես մի վայրում ապրող քրիստոնյաները հումանիտար օգնություն ուղարկեցին մեկ այլ վայրում ապրող քրիստոնյաներին։ Այսօր մենք հետևում ենք Անտիոքի եղբայրների օրինակին։ Երբ իմանում ենք, որ մեր հավատակիցները նեղության մեջ են կամ տուժել են աղետից, անմիջապես օգնության ենք հասնում նրանց։ * Սակայն հասկանալու համար, թե ինչ առնչություն ունի տուժածներին օգնելը մեր ծառայության հետ, քննենք երեք հարց։ Ինչո՞ւ է տուժածներին օգնության ձեռք մեկնելը համարվում մեր ծառայության մի մասը։ Որո՞նք են դրա նպատակները։ Ի՞նչ օգուտ ենք քաղում այս ծառայությունից։

Ինչո՞ւ է տուժածներին օգնելը «սուրբ ծառայություն»

4. Քրիստոնեական ծառայության մասին Պողոսը ի՞նչ բացատրեց կորնթացիներին։

4 Կորնթացիներին գրած իր երկրորդ նամակում Պողոս առաքյալը բացատրեց, որ Աստծուն մատուցվող մեր ծառայությունը ունի երկու երեսակ։ Թեպետ նրա նամակը ուղղված էր օծյալ քրիստոնյաներին, սակայն նրա խոսքերը այսօր վերաբերում են նաև Քրիստոսի «ուրիշ ոչխարներին» (Հովհ. 10։16)։ Ծառայության մի երեսակը «հաշտության ծառայությունն» է, այսինքն՝ քարոզելու և ուսուցանելու գործը (2 Կորնթ. 5։18–20; 1 Տիմոթ.  2։3–6)։ Իսկ մյուսը հավատակիցների համար արվող ծառայությունն է (2 Կորնթ. 8։4)։ Թե՛ «հաշտության ծառայության» և թե՛ «սրբերին» մատուցվող ծառայության մասին խոսելիս Պողոսը օգտագործեց հունարեն դիակոնիա բառը։ Ի՞նչ է սա ցույց տալիս։

5. Ինչո՞ւ էր Պողոսը հավատակիցներին օգնություն տրամադրելու գործը համարում սուրբ ծառայություն։

5 Օգտագործելով հունարեն միևնույն բառը՝ Պողոսը հավատակիցներին օգնություն տրամադրելու գործը դասեց այն բոլոր ծառայությունների շարքին, որ իրականացվում են քրիստոնեական ժողովում։ Առաջին նամակում նա արդեն նշել էր, որ «ծառայությունները զանազան են, մինչդեռ Տերը մեկն է», և գործունեություններն էլ զանազան են, «սակայն այս բոլորը միևնույն ոգին է անում» (1 Կորնթ. 12։4–6, 11)։ Ըստ էության Պողոսը ժողովի տարբեր ծառայությունները համախմբում էր «սուրբ ծառայության» մեջ * (Հռոմ. 12։1, 6–8)։ Ուստիև ակնհայտ է, թե ինչու էր նա հարկ համարում ժամանակ տրամադրել «սրբերին ծառայելու» համար (Հռոմ. 15։25, 26

6. ա) Պողոսի խոսքերի համաձայն՝ ինչո՞ւ է օգնություն տրամադրելու գործը երկրպագության մաս։ բ) Նկարագրիր, թե ինչպես է այսօր կազմակերպվում օգնություն տրամադրելու գործը (տես « Երբ աղետ է լինում» շրջանակը, էջ 214)։

6 Պողոսը օգնեց կորնթացիներին տեսնել, թե ինչու է օգնություն տրամադրելը իրենց ծառայության և Եհովային մատուցվող երկրպագության մասը։ Նա հետևյալ տրամաբանական բացատրությունը տվեց. քրիստոնյաները օգնություն են տրամադրում, քանի որ «հպատակվում են Քրիստոսի մասին բարի լուրին» (2 Կորնթ. 9։13)։ Այսինքն՝ Քրիստոսի սովորեցրածը գործնականում կիրառելու ցանկությունից մղված՝ քրիստոնյաները օգնում են իրենց հավատակիցներին։ Իրենց եղբայրների համար արված բարի գործերը, ինչպես Պողոսն էր նշում, «Աստծու անզուգական բարության» դրսևորումներ են (2 Կորնթ. 9։14; 1 Պետ. 4։10)։ 1975թ. դեկտեմբերի 1-ի «Դիտարանում» կարիքի մեջ եղող մեր եղբայրներին օգնելու մասին ասվում էր. «Երբեք չպետք է կասկածենք, որ Եհովա Աստված և նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, իսկապես կարևորում են ծառայության այս կերպը»։ Այո՛, օգնություն տրամադրելու գործը սուրբ ծառայության արժեքավոր մաս է (Հռոմ. 12։1, 7; 2 Կորնթ. 8։7; Եբր. 13։16

Օգնություն տրամադրելու գործի նպատակները

7, 8. Ո՞րն է տուժածներին օգնելու երեք նպատակներից առաջինը։

7 Որո՞նք են տուժածներին օգնություն տրամադրելու նպատակները։ Պողոսը տալիս է այս հարցի պատասխանը կորնթացիներին գրած երկրորդ նամակում (կարդա՛  2 Կորնթացիներ 9։11–15)։ Այս համարներում նա ընդգծում է երեք հիմնական նպատակ, որոնց մենք հասնում ենք այս ծառայությամբ՝ օգնության ձեռք մեկնելով։ Եկեք քննենք դրանք առանձին-առանձին։

8 Առաջին՝ օգնություն տրամադրելով՝ փառք ենք բերում Եհովային։ Տես, թե վերոհիշյալ համարներում քանի անգամ Պողոսը եղբայրների ուշադրությունը հրավիրեց Եհովա Աստծու վրա։ Առաքյալը հիշեցրեց Աստծուն «շնորհակալություն հայտնելու» և «շատ անգամ շնորհակալություն հայտնելու» մասին (համար 11, 12)։ Նա ասաց, որ քրիստոնյաները «փառաբանում են Աստծուն» և գովաբանում են նրան «անզուգական բարության համար», երբ տեսնում են իրենց օգնելու համար  հավատակիցների թափած ջանքերը (համար 13, 14)։ Ամփոփելով իր խոսքը՝ Պողոսը կրկին ասաց. «Շնորհակալություն Աստծուն» (համար 15; 1 Պետ. 4։11

9. Ինչպե՞ս կարող է այս ծառայությունը փոխել մարդկանց տրամադրվածությունը։

9 Պողոսի պես՝ այսօր Աստծու ծառաներն օգնության ձեռք մեկնելը համարում են Եհովային փառաբանելու և «Աստծու ուսմունքը» զարդարելու միջոց (1 Կորնթ. 10։31; Տիտոս 2։10)։ Իրականում ծառայության այս կերպը մարդկանց միջից Եհովա Աստծու և նրա Վկաների վերաբերյալ սխալ պատկերացումները ջնջելու հարցում հաճախ կարևոր դեր է խաղում։ Օրինակ՝ փոթորկից տուժած գոտում գտնվող մի տան դռանը փակցված էր գրություն՝ «Եհովայի՛ վկաներ, չթակե՛ք այս դուռը»։ Մի օր այդ տան տիրուհին տեսավ, որ փողոցի մյուս կողմում՝ իրենց տան դիմաց, տուժածներին օգնողների մի խումբ վերանորոգում է հարևանի տունը։ Օրեր շարունակ նրանք ուս ուսի համերաշխ աշխատում էին։ Նրանց համագործակցությունից տպավորված՝ կինը ի վերջո գնաց պարզելու, թե ովքեր են։ Երբ իմացավ, որ Եհովայի վկաներ են, նա արտահայտեց իր հիացմունքը և խոստովանեց. «Ես ձեր մասին սխալ կարծիք ունեի»։ Արդյունքը եղավ այն, որ դռան վրայից գրությունն անհետացավ։

10, 11. ա) Ո՞ր օրինակներն են ցույց տալիս, որ մենք իրականացնում ենք ծառայության այս կերպի երկրորդ նպատակը։ բ) Ո՞ր հրատարակությունն է օգնում, որ կամավորները ազատորեն կատարեն այս ծառայությունը (տես « Օգնություն տրամադրելու «այցետոմս»» շրջանակը)։

10 Երկրորդ՝ մեր ջանքերը «սրբերի կարիքները առատորեն բավարարելու համար» են (2 Կորնթ. 9։12ա)։ Մենք ջանում ենք հոգալ մեր եղբայրների և քույրերի առաջնային կարիքների մասին և մեղմել նրանց կրած տառապանքը։ Ինչո՞ւ։ Քանի որ քրիստոնեական ժողովի անդամները կազմում են մեկ մարմին և «եթե մեկ անդամը տառապում է, մյուս բոլոր անդամներն էլ են տառապում նրա հետ» (1 Կորնթ. 12։20, 26)։ Սերն ու կարեկցանքը մղում են բազմաթիվ եղբայրների և քույրերի անմիջապես փոխել իրենց պլանները, զինվել գործիքներով և շտապել աղետի գոտի՝ հավատակիցներին օգնելու (Հակ. 2։15, 16)։ Օրինակ՝ երբ 2011-ին ցունամին ավերեց Ճապոնիան, Միացյալ Նահանգների մասնաճյուղը նամակ ուղարկեց տարածաշրջանային շինարարական կոմիտեներին՝ հարցնելով, թե կարող են «մի քանի հմուտ եղբայրներ» մեկնել աղետի գոտի, որպեսզի օգնեն վերակառուցել Թագավորության սրահները։ Ի՞նչ արձագանք գտավ նամակը։ Ընդամենը մեկ-երկու շաբաթում մոտ 600 կամավոր քույրեր ու եղբայրներ առաջարկեցին իրենց օգնությունը և համաձայնեցին իրենց ծախսերով մեկնել Ճապոնիա։ Միացյալ Նահանգների մասնաճյուղը նշեց. «Մենք ցնցված էինք նման արձագանքից»։ Երբ Ճապոնիայում մի եղբայր հարցրեց արտերկրից եկած կամավորներից մեկին, թե ինչն է մղել նրան գալ, նա պատասխանեց. «Ճապոնիայում ապրող եղբայրները «մեր մարմնի» մասն են։ Նրանց ցավը մեր ցավն է»։ Անձնուրաց սեր դրսևորելով՝ այս կամավորները երբեմն նույնիսկ վտանգել են իրենց կյանքը հավատակիցներին օգնելու համար * (1 Հովհ. 3։16

11 Ոչ Վկաները նույնպես արտահայտում են իրենց գնահատանքը տուժածներին օգնելու մեր ջանքերի վերաբերյալ։ Օրինակ՝ երբ 2013-ին ԱՄՆ-ի Արկանզաս նահանգում աղետ եղավ, մի թերթում Վկա կամավորների արագ արձագանքի մասին  գրվեց. «Եհովայի վկաների կազմակերպությունը տուժածներին օգնելու կամավորների աշխատանքի արդյունավետությունն ու հմտությունը հասցրել է գերազանց մակարդակի»։ Ճիշտ ինչպես Պողոս առաքյալը նշեց, մենք «առատապես բավարարում ենք» մեր եղբայրների կարիքները։

12–14. ա) Ինչո՞ւ է այս ծառայության երրորդ նպատակին հասնելը շատ կարևոր։ բ) Ինչպե՞ս են մեր հավատակիցների խոսքերն ընդգծում, որ կարևոր է շարունակել հոգևոր գործունեությամբ զբաղվել։

12 Երրորդ՝ մենք տուժածներին օգնում ենք վերադառնալ իրենց հոգևոր գործունեությանը։ Ինչո՞ւ է սա կարևոր։ Պողոսը նշեց, որ օգնություն ստացողները կմղվեն «շատ անգամ շնորհակալություն հայտնել Աստծուն» (2 Կորնթ. 9։12բ)։ Նրանք դա կարող են անել՝ հնարավորինս շուտ վերադառնալով իրենց հոգևոր գործունեությանը (Փիլիպ. 1։10)։ 1945թ.-ին «Դիտարանում» ասվում էր. «Պողոսը հավանություն տվեց.... [օգնության համար] նվիրաբերություններ հավաքելուն, քանի որ այն կնպաստեր, որ.... կարիքավոր քրիստոնյա եղբայրների հոգսը թեթևանա, և նրանք ի վիճակի լինեն ավելի ազատորեն և ոգևորությամբ մասնակցել Եհովայի մասին վկայելու գործին»։ Այսօր մեր նպատակը նույնն է։ Վերադառնալով քարոզչական գործին՝ աղետի գոտու մեր հավատակիցները կհուսադրեն ու կմխիթարեն ոչ միայն իրենց հարևաններին, այլև հենց իրենց (կարդա՛  2 Կորնթացիներ 1։3, 4

13 Ահա թե ինչպես արտահայտվեցին մեր հավատակիցներից ոմանք, ովքեր ստանալով այդքան անհրաժեշտ նյութական օգնությունը՝ կրկին սկսեցին մասնակցել քարոզչությանը։ Մի եղբայր ասաց. «Ծառայության գնալը օրհնություն էր իմ ընտանիքի համար։ Այդ ընթացքում, թեև կարճ ժամանակով, բայց կտրվում էինք մեր հոգսերից և փորձում էինք մխիթարել ուրիշներին»։ Իսկ մի քույր ասաց. «Հոգևոր գործերի վրա կենտրոնանալով՝ ասես մոռանում էի շուրջս գտնվող ավերակների մասին։ Դա ինձ ապահովության զգացում էր տալիս»։ Մեկ ուրիշ քույր էլ ասաց. «Թեև շատ բան մեր վերահսկողությունից դուրս էր, և անորոշության մեջ էինք, բայց ծառայությունը ասես փարոս լիներ մեր ընտանիքի համար։ Երբ խոսում էինք մարդկանց հետ նոր աշխարհի հեռանկարի մասին, ամրապնդվում էր մեր հույսն ու վստահությունը, որ ամեն բան նոր է լինելու»։

14 Ժողովի հանդիպումներին մասնակցելը հոգևոր գործունեության մեկ այլ երեսակ է, որին պետք է վերադառնան աղետից տուժած մեր հավատակիցները հնարավորինս շուտ։ Տես, թե ինչ է պատմում մեր քույր Կիյոկոն, ով արդեն մոտ վաթսուն տարեկան է։ Ցունամին սրբել էր նրա ունեցած-չունեցածը։ Նրան մնացել էին միայն հագի շորերը և ոտքերի սանդալները։ Ի՞նչ էր լինելու, ինչպե՞ս էր ապրելու։ Նրա ժողովի երեցը ասաց, որ իրենք շարունակելու են ժողովի հանդիպումները կանոնավորաբար անցկացնել իր մեքենայում։ Կիյոկոն հիշում է. «Ես էի, մեր երեցը, նրա կինը և մի քույր։ Նստած էինք մեքենայում։ Շատ պարզ ու սովորական հանդիպում էր։ Բայց ասես հրաշք եղավ. ցունամիի մասին մտքերը դուրս եկան իմ գլխից, և ներսս խաղաղվեց։ Այդ օրը ես հասկացա, թե իրականում որքան զորեղ ազդեցություն ունի քրիստոնեական ընկերակցությունը»։ Մեկ  ուրիշ քույր աղետից հետո անցկացվող հանդիպումների մասին ասաց. «Դրանք ուժ տվեցին ինձ, որ շարունակեմ ապրել» (Հռոմ. 1։11, 12; 12։12

Օգնության ձեռք մեկնելը հարատև օգուտներ է բերում

15, 16. ա) Ի՞նչ օգուտներ են քաղել հնում օգնություն տրամադրելու գործին աջակցողները։ բ) Այսօր ի՞նչ օգուտներ է տալիս ծառայության այս ձևը բոլորիս։

15 Ծառայության այս ձևի մասին խոսելիս Պողոսը կորնթացիներին նաև բացատրեց, թե ինչ օգուտներ են քաղելու իրենք և մյուսները, ովքեր մասնակցում են այս գործին։ Նա ասաց. «Ձեզ համար աղաչանքներ անելով՝ նրանք [Երուսաղեմի քրիստոնյաները] փափագում են տեսնել ձեզ այն անզուգական բարության համար, որ Աստված տալիս է ձեզ» (2 Կորնթ. 9։14)։ Այլ խոսքով՝ կորնթացիների առատաձեռնությունը մղել էր օգնություն ստացած հրեա քրիստոնյաներին աղոթել Կորնթոսի իրենց թե՛ հրեա և թե՛ այլազգի եղբայրների համար, և նրանց մեջ սերն ու կապվածությունը ավելի էր խորացրել։

16 Առաքյալի խոսքերը մեր օրերում օգնություն տրամադրելու առնչությամբ կիրառելով՝ 1945թ. դեկտեմբերի 1-ի «Դիտարանում» ասվում էր. «Երբ Աստծուն նվիրված ծառաների մի խումբը օգնում է կարիքի մեջ հայտնված մեկ ուրիշ խմբի, դա միավորում է նրանց»։ Հենց այդ միտքն են արտահայտում այսօր մեր կամավորները։ «Օգնության ձեռք մեկնելու գործին մասնակցելով՝ ես ինձ ավելի մոտ եմ զգում իմ եղբայրներին»,— ասաց մի երեց, որն օգնում էր ջրհեղեղից տուժածներին։ Իսկ երախտագիտությամբ լցված մի քույր, որին օգնություն էր տրամադրվել, ասաց. «Մեր եղբայրությունը ամենամոտ բանն է, որ կապում է մեզ նոր աշխարհի հետ» (կարդա՛  Առակներ 17։17

17. ա) Ի՞նչ առումով է Եսայիա 41։13 խոսքը կիրառելի տուժածներին օգնելու առնչությամբ։ բ) Պատմիր օրինակ, թե ինչպես է օգնության ձեռք մեկնելը փառք բերել Եհովային և ամրապնդել մեր միասնությունը (տես նաև « Աշխարհի տարբեր ծայրերից կամավորները օգնության են հասնում» շրջանակը)։

 17 Երբ կամավորները գալիս են աղետի գոտի, մեր տուժած եղբայրները առանձնահատուկ կերպով են զգում Աստծու հետևյալ խոստման կատարումը. «Ես՝ Եհովաս՝ քո Աստվածը, ամուր բռնում եմ քո աջ ձեռքից և ասում. «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»» (Ես. 41։13)։ Աղետը վերապրած մի քույր ասաց. «Ես լրիվ հուսահատվել էի՝ տեսնելով ավերածությունը։ Բայց Եհովան ձեռք մեկնեց ինձ։ Օգնությունը, որ ստացա եղբայրներից, աննկարագրելի էր»։ Իսկ երկրաշարժից տուժած գոտում երկու երեցներ իրենց ժողովների անունից հետևյալ խոսքերը գրեցին. «Աղետի պատճառած ցավը շատ մեծ է, բայց մենք զգացինք Եհովայի օգնությունը, որ տալիս է եղբայրների միջոցով։ Մինչ այդ կարդացել էինք աղետներից տուժածներին օգնելու դեպքերի մասին, իսկ հիմա այդ ամենը մեր աչքի առաջ է»։

Կարո՞ղ ես դու էլ մասնակցել

18. Ի՞նչ պետք է անես, եթե ուզում ես մասնակցել օգնություն տրամադրելու աշխատանքներին (տես նաև « Իմ կյանքի ուղին» շրջանակը)։

18 Ցանկանո՞ւմ ես զգալ այն ուրախությունը, որ պատճառում է օգնության ձեռք մեկնելը։ Եթե այո, ապա հիշիր, որ հաճախ կամավորները ընտրվում են նրանցից, ովքեր մասնակցել են Թագավորության սրահների շինարարությանը։ Սակայն նման նախագծի մասնակցելու համար նախ պետք է դիմում լրացնես, որը կարող ես վերցնել քո ժողովի երեցներից։ Մի երեց, ով մասնակցել է տուժածներին օգնություն տրամադրելու ծառայությանը, հետևյալ խորհուրդն է տալիս. «Աղետի գոտի գնա միայն այն ժամանակ, երբ աղետից տուժածներին օգնելու կոմիտեի կողմից հրավեր ստանաս»։ Դա խելամիտ է, քանի որ այդպես այս ծառայությունը կազմակերպված կլինի։

19. Ի՞նչն է ցույց տալիս, որ մենք Քրիստոսի ճշմարիտ հետևորդներն ենք։

19 Օգնության ձեռք մեկնելը Քրիստոսի՝ «սիրե՛ք իրար» պատվերին հնազանդվելու առանձնահատուկ մի կերպ է։ Այդպես սեր դրսևորելով՝ մենք փաստում ենք, որ Քրիստոսի ճշմարիտ հետևորդներն ենք (Հովհ. 13։34, 35)։ Ինչպիսի՜ օրհնություն է ունենալ այսքան շատ եղբայրներ և քույրեր, որոնք պատրաստ են օգնության հասնել Աստծու Թագավորության հավատարիմ աջակիցներին և դրանով փառք բերել Եհովային։

^ պարբ. 3 Այս գլխում խոսվում է հավատակիցներին օգնություն տրամադրելու մասին։ Սակայն շատ դեպքերում մենք օգնության ձեռք ենք մեկնում նաև ոչ Վկաներին (Գաղ. 6։10

^ պարբ. 5 Պողոսը օգտագործեց դիակոնոս (ծառայող) բառի հոգնակի ձևը, երբ խոսում էր «ծառայող օգնականների» մասին (1 Տիմոթ. 3։12

^ պարբ. 10 Տես «Օգնություն Բոսնիայում ապրող մեր հավատակիցներին» հոդվածը 1994թ. նոյեմբերի 1-ի «Դիտարանում», էջ 23–27 (անգլ., ռուս.)։