Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Աստծու Թագավորությունը իշխում է

 ԳԼՈՒԽ 18

Ինչպես է ֆինանսավորվում Թագավորության գործունեությունը

Ինչպես է ֆինանսավորվում Թագավորության գործունեությունը

ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱՆ

Եհովայի ժողովուրդը ֆինանսապես աջակցում է Թագավորության գործունեությանը

1, 2. ա) Ի՞նչ պատասխանեց եղբայր Ռասելը այն հարցին, թե ինչպես է ֆինանսավորվում Աստվածաշունչ ուսումնասիրողների գործունեությունը։ բ) Ի՞նչ ենք քննելու այս գլխում։

ՄԻ ԱՆԳԱՄ Չարլզ Ռասելին մոտեցավ ռեֆորմատական եկեղեցու մի սպասավոր և հարցրեց, թե ինչպես է ֆինանսավորվում Աստվածաշունչ ուսումնասիրողների գործունեությունը։

— Մենք հանգանակություն չենք հավաքում,— բացատրեց եղբայր Ռասելը։

— Այդ դեպքում ձեզ որտեղի՞ց այդքան փող,— հարցրեց սպասավորը։

— Կասեմ, բայց դժվար թե հավատաք,— ասաց Ռասելը։— Երբ մարդիկ գալիս են մեր հավաքույթներին, նրանց զամբյուղ չեն փոխանցում մեջը փող գցելու համար։ Բայց նրանք հասկանում են, որ այդ հավաքույթը կազմակերպելու համար ծախսեր են արվել։ Ուստի մտածում են. «Ինչպե՞ս կարող եմ թեկուզ որոշ չափով աջակցել»։

Սպասավորը թերահավատորեն նայեց եղբայր Ռասելին։

— Ես պարզ ճշմարտությունն եմ ասում,— շարունակեց Ռասելը։— Նրանք ինձ հարցնում են. «Ինչպե՞ս կարող եմ աջակցել ձեր գործին»։ Երբ մարդ ստանում է Աստծու օրհնությունը և ունի միջոցներ, ուզում է օգտագործել դրանք Տիրոջ համար։ Իսկ եթե չունի, ապա ինչո՞ւ ստիպել։ *

2 Եղբայր Ռասելն իսկապես պարզ ճշմարտությունն էր ասում։ Ճշմարիտ երկրպագությանը ֆինանսապես աջակցելը նոր բան չէր։ Դեռ հին ժամանակներում Աստծու ժողովուրդը կամավոր նվիրաբերություններ է արել։ Այս գլխում կքննենք մի քանի աստվածաշնչյան օրինակներ։ Կիմանանք նաև, թե ինչպես է ֆինանսավորվում Թագավորության գործունեությունը այսօր։ Քննարկման ընթացքում թող որ յուրաքանչյուրս հարցնի ինքն իրեն. «Իսկ ես ինչպե՞ս կարող եմ աջակցել Թագավորության գործին»։

«Ով հոժար սիրտ ունի, թող Եհովայի համար նվիրաբերի»

3, 4. ա) Իր երկրպագուների հանդեպ ի՞նչ վստահություն ունի Եհովան։ բ) Ինչպե՞ս իսրայելացիները թիկունք կանգնեցին խորանի շինարարությանը։

3 Եհովան վստահում է իր երկրպագուներին։ Նա գիտի, որ եթե նրանց հնարավորություն տրվի, ապա նրանք ուրախությամբ իրենց նվիրվածությունը կդրսևորեն՝ կամավոր նվիրաբերություններ անելով։ Նկատի առնենք երկու օրինակ Իսրայելի պատմությունից։

 4 Իսրայելացիներին Եգիպտոսից դուրս բերելուց հետո Եհովան պատվիրեց նրանց շինել խորան՝ մի վրան երկրպագության համար։ Դրա համար զգալի միջոցներ էին պետք լինելու։ Ուստի Եհովան կարգադրեց Մովսեսին հնարավորություն տալ ժողովրդին մասնակցելու՝ ասելով. «Յուրաքանչյուր ոք, ով հոժար սիրտ ունի, թող Եհովայի համար նվիրաբերի» (Ելք 35։5)։ Ինչպե՞ս արձագանքեց ժողովուրդը, որը ոչ վաղ անցյալում «ամեն տեսակ ծանր ստրկական աշխատանքներ» էր անում (Ելք 1։14)։ Նրանք լիարժեքորեն աջակցեցին՝ նվիրաբերելով ոսկի, արծաթ և այլ թանկարժեք իրեր, որոնց մեծ մասը հավանաբար վերցրել էին իրենց նախկին տերերից՝ եգիպտացիներից (Ելք 12։35, 36)։ Իսրայելացիները նվիրաբերեցին ավելին, քան պետք էր։ Ուստի հարկ եղավ, որ Մովսեսը պատվիրեր, որ «դադարեն բերելուց» (Ելք 36։4–7

5. Ինչպե՞ս արձագանքեց ժողովուրդը, երբ տաճարի շինարարության համար նվիրաբերություններ անելու հնարավորություն ընձեռվեց։

5 Դրանից մոտ 475 տարի անց Դավիթ թագավորը իր ունեցվածքից նվիրաբերություն արեց տաճարի շինարարության համար։ Այն առաջին շինությունն էր, որ ծառայելու էր որպես ճշմարիտ երկրպագության կենտրոն։ Նա նույն հնարավորությունը ընձեռեց իր ազգակիցներին՝ ասելով. «Ո՞վ է ուզում այսօր իր հոժար կամքով ինչ-որ բան նվիրաբերել Եհովային»։ Ժողովուրդը արձագանքեց նրա խոսքերին և լիակատար սրտով ընծաներ մատուցեց Եհովային (1 Տար. 29։3–9)։ Գիտակցելով, թե ով է իրականում այդ բոլոր բարիքների աղբյուրը՝ Դավիթը աղոթքում Եհովային ասաց. «Ամեն բան քեզանից է, և քո ձեռքից ստացածը մենք քեզ տվեցինք» (1 Տար. 29։14

6. Ինչո՞ւ են Թագավորության գործի համար ֆինանսական միջոցներ հարկավոր, և ի՞նչ հարցեր են առաջ գալիս։

6 Կարիք չկար, որ Մովսեսը կամ Դավիթը ստիպեին Աստծու ժողովրդին նյութապես աջակցել շինարարությանը։ Մարդիկ լիահոժար սրտով նվիրաբերություն արեցին։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր օրերի մասին։ Մենք հասկանում ենք, որ Թագավորության գործի համար միջոցներ են անհրաժեշտ։ Այլ կերպ ասած՝ բավականին մեծ գումարներ են պետք Աստվածաշունչ ու աստվածաշնչյան գրականություն հրատարակելու և առաքելու համար, մասնաճյուղեր և հանդիպումների սրահներ կառուցելու և դրանք բարվոք վիճակում պահելու համար, աղետների ժամանակ հավատակիցներին հումանիտար օգնություն տրամադրելու և աջակցելու համար։ Իսկ որտեղի՞ց այդքան գումար։ Կարիք կա՞ ստիպել Թագավորության հպատակներին, որ նվիրաբերություններ անեն։

«Երբեք չենք խնդրի.... մարդկանց, որ ֆինանսապես աջակցեն գործին»

7, 8. Ինչո՞ւ Եհովայի ժողովուրդը փող չի խնդրում ուրիշներից։

7 Եղբայր Ռասելը և նրա ընկերակիցները չհետևեցին քրիստոնյա համարվող մյուս եկեղեցիներում ընդունված դրամահավաքի կերպին։ «Դիտարանի» երկրորդ թողարկման մեջ «Դուք ուզո՞ւմ եք, որ լույս տեսնի «Սիոնի Դիտարանը»» հոդվածում Ռասելն ասում էր. «Մենք վստահ ենք, որ ԵՀՈՎԱՆ է հովանավորում «Սիոնի Դիտարանը», և այդ պատճառով մենք երբեք չենք խնդրի.... մարդկանց, որ ֆինանսապես աջակցեն գործին։  Երբ նա, ով ասում է՝ «իմն է արծաթը և իմն է ոսկին», այլևս չապահովի մեզ անհրաժեշտ միջոցներով, մենք կհասկանանք, որ ժամանակն է դադարեցնել ամսագրի հրատարակումը» (Անգե 2։7–9)։ Արդեն ավելի քան 130 տարի է՝ «Դիտարանը» անընդմեջ լույս է տեսնում, իսկ հրատարակիչները շարունակում են ընդլայնել իրենց գործունեությունը։

8 Եհովայի ժողովուրդը փող չի հավաքում. ֆինանսական աջակցության խնդրագրով չի դիմում ոչ ոքի, հանգանակություն չի հավաքում և չի զբաղվում որևէ տեսակ առևտրով՝ իր գործունեությունը ֆինանսավորելու համար։ Նրանք հավատարիմ են մնում «Դիտարանում» շատ վաղուց գրված խոսքերին. «Մենք տեղին չենք համարում Տիրոջ գործի համար փող խնդրելը, ինչպես որ ընդունված է այլ եկեղեցիներում.... Կարծում ենք, որ Տիրոջ անունով փող հավաքելը վիրավորական է նրա համար և անընդունելի, նա չի օրհնի ո՛չ տվողներին, ո՛չ էլ այն գործը, ինչի համար այդ փողը հավաքում են»։ *

«Թող ամեն մեկը անի այնպես, ինչպես իր սրտում է որոշել»

9, 10. Ո՞րն է պատճառներից մեկը, որ հոժարակամորեն նվիրաբերություններ ենք անում։

9 Մեզ՝ Աստծու Թագավորության հպատակներիս, կարիք չկա, որ ստիպեն նվիրաբերություն անել։ Մենք ուրախ սրտով տրամադրում ենք մեր միջոցները Թագավորության գործի համար։ Ինչո՞ւ։ Հիմնականում երեք պատճառով։

10 Առաջին՝ մենք նվիրաբերում ենք, քանի որ սիրում ենք Եհովային և ուզում ենք «նրա աչքին հաճելի բաներն» անել (1 Հովհ. 3։22)։ Եհովային, անշուշտ, հաճելի է այն մարդը, ով սրտանց է տալիս։ Նկատի առ, թե Պողոս առաքյալն ինչ ասաց այդ մասին (կարդա՛  2 Կորնթացիներ 9։7)։ Ճշմարիտ քրիստոնյան տալիս է ոչ թե դժկամությամբ կամ հարկադրաբար, այլ հոժարակամորեն, քանի որ «իր սրտում է որոշել»։ * Այսինքն՝ նա հասկացել է, որ ֆինանսապես աջակցելու կարիք կա, և մտածել է, թե ինքը ինչ կարող է անել։ Այսպիսի տվողը հաճելի է Աստծուն, որովհետև «Աստված ուրախությամբ տվողին է սիրում»։ Աստվածաշնչի մեկ այլ թարգմանության մեջ այս խոսքերը շարադրված են հետևյալ կերպ. «Աստված սիրում է նրանց, ովքեր սիրում են տալ»։

Մեր փոքրիկները նույնպես սիրում են տալ (Մոզամբիկ)

11. Ի՞նչն է մղում մեզ մեր լավագույնը տալ Եհովային։

11 Երկրորդ՝ նվիրաբերություններ անելով՝ մեր երախտագիտությունն ենք հայտնում Եհովային բազում օրհնությունների համար։ Ուշադրություն դարձրու, թե մարդու սրտում եղածը բացահայտող ինչ սկզբունք կա ամփոփված Մովսիսական օրենքում (կարդա՛  2 Օրենք 16։16, 17)։ Երբ իսրայելացի տղամարդիկ գնում էին տարեկան երեք տոներին, յուրաքանչյուրը պետք է իր հետ ընծա տաներ՝ «համապատասխան այն օրհնությանը», որը ստացել էր Եհովայից։ Ուստի նախքան տոնին գնալը ամեն մեկը պետք է հաշվեր իր օրհնությունները և քններ իր սիրտը՝ մտածելով, թե իր կողմից ինչը կլիներ ամենալավ նվերը։ Նմանապես, երբ մտածում ենք, թե որքան է Եհովան մեզ օրհնել, մղվում ենք մեր լավագույնը նրան տալու։ Սրտանց արված նվերը, որի  մեջ մտնում են նյութական նվիրաբերությունները, արտացոլում են մեր երախտագիտությունը Եհովայի տված անթիվ օրհնությունների համար (2 Կորնթ. 8։12–15

12, 13. Ինչպե՞ս են մեր նվիրաբերությունները ցույց տալիս, որ սիրում ենք Մեսիական Թագավորին, և որքա՞ն է ամեն մեկը նվիրաբերում։

12 Երրորդ՝ հոժարակամ նվիրաբերություններով ցույց ենք տալիս մեր սերը Թագավոր Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Ուշադրություն դարձրու աշակերտներին ուղղված Հիսուսի խոսքերին (կարդա՛  Հովհաննես 14։23)։ Իր երկրային կյանքի վերջին գիշերը նա ասաց. «Եթե որևէ մեկը սիրում է ինձ, կպահի իմ խոսքը»։ Հիսուսի «խոսքի» մեջ մտնում է Թագավորության բարի լուրը ամբողջ աշխարհում քարոզելու պատվերը (Մատթ. 24։14; 28։19, 20)։ Մենք պահում ենք այդ խոսքը՝ մեր ուժերից եկածն անելով՝ մեր ժամանակը, ունակություններն ու նյութական միջոցները տրամադրելով Թագավորության քարոզչության գործին։ Այդպես մենք ցույց ենք տալիս, որ սիրում ենք Մեսիական Թագավորին։

13 Այո՛, լինելով Թագավորության նվիրված հպատակներ՝ մենք ամբողջ սրտով ուզում ենք աջակցել Թագավորությանը նաև մեր նյութական ստացվածքով։ Իսկ թե որքան ենք  նվիրաբերում, ամեն մեկս ինքն է որոշում։ Յուրաքանչյուրը տալիս է իր կարողացածի չափով։ Մեր հավատակիցներից շատերը համեստ կարողությունների տեր են (Մատթ. 19։23, 24; Հակ. 2։5)։ Ուստի այն միտքը, որ Եհովան ու նրա Որդին գնահատում են հոժար սրտով արված նույնիսկ ամենափոքր նվիրաբերությունը, ջերմությամբ է լցնում նրանց սրտերը (Մարկ. 12։41–44

Որտեղի՞ց են գալիս գումարները

14. Երկար տարիներ Եհովայի վկաները ինչպե՞ս են առաջարկել իրենց գրականությունը։

14 Երկար տարիներ Եհովայի վկաները աստվածաշնչյան գրականություն են առաջարկել մարդկանց՝ ասելով, որ դրա դիմաց որոշակի գումար նվիրաբերեն։ Գումարի չափը հնարավորինս հասցված էր նվազագույնի, և նույնիսկ համեստ միջոցների տեր մարդիկ կարողանում էին վերցնել մեր հրատարակությունները։ Ինչ խոսք, եթե անհատը հետաքրքրություն էր ցույց տալիս, սակայն ի վիճակի չէր առաջարկվող գումարը տալ, քարոզիչները առանց երկմտելու տրամադրում էին նրան գրականությունը։ Աստծու ծառաների համար կարևոր էր, որ անկեղծ մարդիկ կարդային և օգուտներ քաղեին դրանից։

15, 16. ա) 1990-ին ի՞նչ փոփոխություն արեց Կառավարիչ մարմինը գրականություն առաջարկելու վերաբերյալ։ բ) Ինչպե՞ս են կամավոր նվիրաբերություններն արվում (տես նաև « Ինչպես են տնօրինվում մեր նվիրաբերությունները» շրջանակը)։

15 1990թ.-ին Կառավարիչ մարմինը փոփոխություն մտցրեց գրականություն առաջարկելու կերպի մեջ։ Այդ տարվանից սկսած՝ ԱՄՆ-ում գրականությունն այլևս գումարի դիմաց չէին առաջարկում։ Ժողովներին ուղարկված նամակում ասվում էր. «Ամսագրերը և գրականությունը պետք է հատկացվի քարոզիչներին և հետաքրքրվող անհատներին՝ դրանց դիմաց առանց գումար պահանջելու և նույնիսկ նվիրաբերության մասին ակնարկելու.... Ովքեր կցանկանան գումար նվիրաբերել մեր կրթական գործունեության ծախսերը փակելու համար, կարող են նվիրաբերել։ Անկախ նրանից՝ մարդիկ նվիրաբերություն կանեն, թե ոչ, նրանք պետք է ստանան իրենց գրականությունը»։ Այս փոփոխությունը ավելի հստակ դարձրեց մեր իրականացրած գործի կրոնական և կամավորության բնույթը և ավելի ակնհայտ դարձավ, որ մենք «Աստծու խոսքի առևտուր անողներ չենք» (2 Կորնթ. 2։17)։ Ժամանակի ընթացքում կամավոր նվիրաբերությունների այս կարգը սկսեց գործել նաև մյուս երկրներում։

16 Իսկ ինչպե՞ս են կամավոր նվիրաբերություններն արվում։ Եհովայի վկաների Թագավորության սրահներում կան դրանց համար նախատեսված արկղեր, որոնք արտաքինից համեստ են և աչք չեն զարնում։ Մարդիկ իրենց նվիրաբերությունը կարող են գցել դրանց մեջ, կամ կարող են ուղարկել Եհովայի վկաների կազմակերպություն։ Ամեն տարի «Դիտարանում» լույս է տեսնում մի հոդված, որտեղ ներկայացվում է, թե ինչպես կարող են ցանկացողները հոժարակամ նվիրաբերություններ անել։

Ինչպե՞ս են օգտագործվում մեր նվիրաբերությունները

17–19. Ինչպե՞ս են օգտագործվում այն նվիրաբերությունները, որոնք արվում են ա) համաշխարհային գործի համար, բ) Թագավորության սրահների շինարարության համար, գ) ժողովի ծախսերի համար։

17 Համաշխարհային գործ։ Մեր նվիրաբերությունները օգտագործվում են համաշխարհային քարոզչական գործունեության ծախսերը փակելու համար։ Այդ ծախսերը արվում են գրականություն տպագրելու, մասնաճյուղեր կառուցելու ու դրանք  բարվոք վիճակում պահելու, ինչպես նաև տարբեր աստվածապետական դպրոցներ անցկացնելու համար։ Գումարը օգտագործվում է նաև միսիոներների, շրջագայող վերակացուների և հատուկ ռահվիրաների կարիքները հոգալու համար։ Մեր արած նվիրաբերությունների շնորհիվ նաև օգնություն է ցույց տրվում աղետներից տուժած մեր հավատակիցներին։ *

18 Թագավորության սրահների շինարարություն։ Այս ֆոնդին արված նվիրաբերությունները օգտագործվում են օգնելու համար ժողովներին, որ կառուցեն Թագավորության սրահ կամ վերանորոգեն այն։ Ամեն անգամ, երբ նվիրաբերություն է արվում, ավելի շատ գումար է լինում ժողովներին տրամադրելու համար։ *

19 Ժողովի ծախսեր։ Ժողովի համար արված նվիրաբերությունները օգտագործվում են Թագավորության սրահի շահագործման ծախսերը հոգալու համար։ Երեցները հնարավոր է առաջարկեն որոշակի գումար ուղարկել մասնաճյուղ համաշխարհային գործի համար՝ ժողովում բանաձև ներկայացնելով։ Ամեն ամիս այն եղբայրը, ով զբաղվում է ժողովի ֆինանսական հաշիվներով, հաշվետվություն է կազմում և ներկայացնում է ժողովին։

20. Ինչպե՞ս կարող ես պատվել Եհովային քո «արժեքավոր բաներով»։

20 Երբ խորհում ենք, թե ինչ հսկայածավալ գործ է արվում ամբողջ աշխարհով մեկ Թագավորությունը քարոզելու և աշակերտներ պատրաստելու համար, մղվում ենք «պատվելու Եհովային [մեր] արժեքավոր բաներով» (Առակ. 3։9, 10)։ Արժեքավոր բաների մեջ են մտնում մեր ֆիզիկական, մտային ունակությունները և հոգևոր հատկությունները։ Անշուշտ, մենք ուզում ենք դրանք լիովին օգտագործել Թագավորության գործը առաջ տանելու համար։ Սակայն հիշենք, որ արժեքավոր բաներից են նաև մեր նյութական միջոցները։ Թող որ վճռենք տալ Եհովային այնքան, որքան կարող ենք և երբ կարող ենք։ Մեր կամավոր նվիրաբերություններով մենք փառք կբերենք Աստծուն և կաջակցենք Մեսիական Թագավորությանը։

^ պարբ. 10 «Դիտարան», հուլիսի 15, 1915թ., էջ 218, 219։

^ պարբ. 8 «Դիտարան», օգոստոսի 1, 1899թ., էջ 201։

^ պարբ. 10 Ըստ մի գիտնականի՝ «որոշել» թարգմանված հունարեն բառը «ունի նախապես վճռելու իմաստ»։ Նա ասում է. «Թեպետ մարդն ինքնաբերաբար ուրախություն է ստանում տալուց, այդուհանդերձ դա պետք է լինի նախապես պլանավորված և կանոնավոր» (1 Կորնթ. 16։2

^ պարբ. 17 Աղետից տուժածներին օգնություն տրամադրելու մասին խոսվում է 20-րդ գլխում։

^ պարբ. 18 Թագավորության սրահների շինարարության մասին խոսվում է 19-րդ գլխում։

Իմացիր ավելին

Ինչպե՞ս կարող ենք հոգ տանել ուրիշներին

Իմացիր, թե ինչպես են ոմանք նվիրաբերություն անում Եհովայի վկաների համաշխարհային գործին աջակցելու համար, որպեսզի կարողանան հոգալ ուրիշների ֆիզիկական և հոգևոր կարիքները։

Զոհաբերություններ կանե՞ս հանուն Թագավորության

Ինչպե՞ս կարող ենք մեր ժամանակը, փողը, ուժը և ունակությունները օգտագործել Աստծու Թագավորությանը աջակցելու համար։