Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն

Պատմություն 112: Նավաբեկություն կղզու մոտ

Պատմություն 112: Նավաբեկություն կղզու մոտ

Նայի՛ր, նավը վթարի է ենթարկվել։ Այն կտոր-կտոր է լինում։ Տեսնո՞ւմ ես ջրի մեջ գտնվող մարդկանց։ Ոմանք արդեն ափ են հասել։ Սա Պողոսը չէ՞։ Հետաքրքիր է, թե ինչպես է նա այստեղ հայտնվել։

Նավաբեկությունից փրկվողները

Հիշիր, որ երկու տարի Պողոսը գտնվում էր Կեսարիայի բանտում։ Հետո նրան մի քանի ուրիշ բանտարկյալների հետ նստեցնում են նավ և ուղարկում Հռոմ։ Կրետե կղզու մոտով նավարկելիս սարսափելի փոթորիկ է սկսվում։ Քամին այնքան կատաղի է, որ նավաստիները չեն կարողանում նավը ղեկավարել։ Ցերեկը արևը չի երևում, գիշերն էլ՝ աստղերը։ Օրերն անցնում են, և նավի վրա գտնվողները փրկվելու վերջին հույսն անգամ կորցնում են։

Այդժամ Պողոսը ոտքի է կանգնում ու գոչում. «Ձեզանից ոչ մեկը չի մեռնելու, միայն նավն է խորտակվելու, որովհետև Աստծու հրեշտակն այս գիշեր երևաց ինձ ու ասաց. «Մի՛ վախեցիր, Պողո՛ս։ Դու դեռ Հռոմի կայսեր առաջ պիտի կանգնես։ Աստված փրկելու է նաև բոլոր քեզ հետ գտնվողներին»»։

Փոթորիկի սկսվելու տասնչորսերորդ օրը՝ կեսգիշերին մոտ, նավաստիները նկատում են, որ ջրի խորությունը քիչ-քիչ նվազում է։ Վախենալով, որ միգուցե նավը գիշերվա մթության մեջ նստի խութերի վրա, նրանք խարիսխները նետում են ջուրը։ Հաջորդ օրը, երբ լույսը բացվում է, նավաստիները ծովախորշ են նկատում և փորձում են նավը ափ հասցնել։

Եվ ահա, երբ նավն ավելի է մոտենում ափին, հարվածում է ծովահատակին ու խրվում ավազի մեջ։ Ալիքները տարուբերում են նավը ու ջարդուփշուր անում այն։ Հարյուրապետը, որը պատասխանատուն է, բղավում է. «Ովքեր լողալ գիտեն, թող ջուրը ցատկեն և լողան դեպի ափ։ Մնացածները թող ցատկեն նրանց ետևից ու, կառչելով նավի տախտակի կտորներից, դուրս գան ցամաք»։ Այդպես էլ անում են։ Ինչպես որ խոստացել էր հրեշտակը, նավի վրա գտնվող բոլոր 276 ուղևորներն էլ փրկվում են։

Այդ կղզին կոչվում է Մալթա։ Տեղացիները շատ բարի են գտնվում և հոգ են տանում նավաբեկությունից փրկվածներին։ Երբ եղանակները բացվում են, Պողոսին նստեցնում են մեկ ուրիշ նավ և ուղարկում Հռոմ։

Գործք 27։1-44; 28։1-14։



Հարցեր

  • Ի՞նչ է պատահում այն նավին, որի վրա գտնվում էր Պողոսը, երբ այն անցնում էր Կրետե կղզու մոտով։
  • Պողոսն ի՞նչ է ասում նավում գտնվողներին։
  • Ինչպե՞ս է պատահում, որ նավը կտոր-կտոր է լինում։
  • Հարյուրապետը ի՞նչ հրահանգներ է տալիս, ու քանի՞ մարդ է ապահով հասնում ափ։
  • Ինչպե՞ս է կոչվում այն կղզին, որտեղ նրանք կանգ են առնում, և ի՞նչ է պատահում Պողոսին, երբ եղանակը բացվում է։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Գործք 27։1-44 համարները։

    Աստվածաշնչյան արձանագրությունների հանդեպ մեր վստահությունն ինչպե՞ս է ամրանում, երբ կարդում ենք Պողոսի՝ դեպի Հռոմ կատարած ճանապարհորդության մասին (Գործք 27։16-19, 27-32; Ղուկ. 1։3; Բ Տիմոթ. 3։16, 17)։

  • Կարդա՛ Գործք 28։1-14 համարները։

    Եթե Մալթա կղզու հեթանոս բնակիչները Պողոսի ու նրա ճանապարհակիցների հանդեպ «մարդասիրութիւն ցոյց տուին», ապա ի՞նչ պետք է ձգտեն անել քրիստոնյաները և հատկապես ի՞նչ կերպ (Գործք 28։1, 2; Եբր. 13։1, 2; Ա Պետ. 4։9)։

Իմացիր ավելին

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՔԱՐՏԵՐ

Աստվածաշնչյան քարտ. Պողոս

Ի՞նչ աշխատանք էր անում Պողոսը, որ կարողանա հոգալ իր կարիքները և շարունակի ծառայել։Իմացիր այս աստվածաշնչյան քարտի միջոցով։