Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն

Պատմություն 111: Տղան, որը քնով ընկավ

Պատմություն 111: Տղան, որը քնով ընկավ

Վա՜յ… Այս ի՞նչ է պատահել։ Բոլորը շտապում են գետնին անշարժ ընկած այս տղայի մոտ։ Հավանաբար նա օգնության կարիք ունի։ Հապա տե՛ս… Տնից դուրս եկող մարդկանց մեջ է նաև Պողոսը։ Տիմոթեոսն էլ է այնտեղ։ Չլինի՞ թե այս տղան պատուհանից ընկել է։

Պողոսը մոտենում է, որ հարություն տա Եվտիքոսին

Հենց դա էլ պատահել է։ Պողոսն այստեղ՝ Տրովադա քաղաքն էր եկել աշակերտների հետ հանդիպման։ Նա պատրաստվում էր հաջորդ օրը նավով մեկնել ու գիտեր, որ երկար ժամանակ չէր տեսնելու նրանց։ Ուստի նա շարունակեց խոսել մինչև կեսգիշեր։

Եվտիքոս անունով այս տղան նստած էր պատուհանին։ Նա քնով էր անցել և երրորդ հարկի պատուհանից ցած ընկել գետին։ Ահա թե ինչու բոլորի դեմքերը խոր տագնապ են արտահայտում։ Բարձրացնելով տղային՝ նրանք տեսնում են այն, ինչից ամենաշատն էին վախենում. տղան մահացել է։

Երբ Պողոսը տեսնում է այս, մարմնով ընկնում է տղայի վրա և իր գիրկն առնում նրան։ Հետո հանգստացնում է մարդկանց՝ ասելով. «Մի՛ վախեցեք, նա կենդանի է»։ Եվ իրո՜ք… Ա՜յ քեզ հրաշք… Պողոսը նրան կենդանացրել է։ Մարդկանց ուրախությանը չափ չկա։

Ապա բոլորը բարձրանում են վերև ու նստում ընթրելու։ Մինչև լուսաբաց Պողոսը շարունակում է խոսել։ Կարող ես վստահ լինել, որ այս անգամ Եվտիքոսը քնով չի անցնում։ Դրանից հետո Պողոսը, Տիմոթեոսը և իրենց ուղեկիցները նավ են նստում։ Ո՞ւր են նրանք պատրաստվում գնալ։

Պողոսը հենց նոր է ավարտել իր երրորդ քարոզչական շրջագայությունը և հիմա ուղևորվում է դեպի տուն։ Այս ճանապարհորդության ընթացքում միայն Եփեսոս քաղաքում նա մնաց երեք տարի։ Այդ պատճառով էլ այս շրջագայությունը նույնիսկ ավելի երկար տևեց, քան նախորդը։

Հեռանալով Տրովադայից՝ նավը միառժամանակ կանգ է առնում Միլետոսում։ Եվ քանի որ այն Եփեսոսից գտնվում է ընդամենը մի քանի կիլոմետրի վրա, Պողոսը մարդ է ուղարկում այնտեղի ժողովի երեցներին կանչելու, որպեսզի վերջին անգամ խոսի նրանց հետ։ Հանդիպումից հետո, երբ արդեն մեկնելու ժամն է, նրանք շատ են տխրում, որ Պողոսը գնում է։

Վերջապես նավը հասնում է Կեսարիա։ Պողոսը կանգ է առնում Փիլիպպոս աշակերտի տանը. այնտեղ Ագաբոս անունով մարգարեն նախազգուշացնում է Երուսաղեմում նրա բանտարկվելու մասին։ Եվ իրոք, այդպես էլ կատարվում է։ Երկու տարի Կեսարիայի բանտում պահելուց հետո Պողոսին ուղարկում են Հռոմ, որպեսզի կայսրի կողմից դատվի։ Տեսնենք, թե ինչ է պատահում Հռոմ գնալու ճանապարհին։

Գործք 19-26 գլուխներ։



Հարցեր

  • Ո՞վ է նկարում պատկերված տղան, որ ընկել է գետնին, և ի՞նչ է պատահել նրան։
  • Պողոսն ի՞նչ է անում, երբ տեսնում է, որ տղան մահացել է։
  • Պողոսը, Տիմոթեոսը ու նրանց ճամփորդակիցները ո՞ւր են գնում, և ի՞նչ է տեղի ունենում, երբ նրանք կանգ են առնում Միլետոսում։
  • Ագաբոս անունով մարգարեն ինչի՞ մասին է նախազգուշացնում Պողոսին, և ինչպե՞ս է դա իրականանում՝ համաձայն նրա խոսքերի։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Գործք 20։7-38 համարները։

    Ըստ Գործք 20։26, 27 համարներում արձանագրված՝ Պողոսի խոսքերի՝ ինչպե՞ս կարող ենք ‘ամենի արյունից անմեղ’ լինել (Եզեկ. 33։8; Գործք 18։6, 7)։

    Ուսուցանելիս երեցները ինչո՞ւ պետք է ‘հաստատ բռնեն վարդապետության հավատարիմ խոսքը’ (Գործք 20։17, 29, 30; Տիտոս 1։7-9; Բ Տիմոթ. 1։13)։

  • Կարդա՛ Գործք 26։24-32 համարները։

    Հիսուսից ստացած քարոզելու հանձնարարությունը կատարելու համար Պողոսն ինչպե՞ս օգտագործեց այն հանգամանքը, որ Հռոմի քաղաքացի էր (Գործք 9։15; 16։37, 38; 25։11, 12; 26։32; Ղուկ. 21։12, 13)։