Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 110: Տիմոթեոսը՝ Պողոսի նոր օգնական

Պատմություն 110: Տիմոթեոսը՝ Պողոսի նոր օգնական

Այս երիտասարդը, որին տեսնում ես Պողոս առաքյալի կողքին կանգնած, Տիմոթեոսն է։ Նա ապրում է Լյուստրայում՝ իր ընտանիքի հետ։ Նրա մոր անունն է Եվնիկե, իսկ տատինը՝ Լոիդա։

Ահա արդեն երրորդ անգամ է, որ Պողոսը կանգ է առնում Լյուստրայում։ Առաջին անգամ Պողոսն ու Բառնաբասը քարոզելու նպատակով եկան այս քաղաքը մոտ մեկ տարի առաջ։ Իսկ հիմա Պողոսը կրկին վերադառնում է իր ընկեր Շիղայի հետ։

Տիմոթեոսն ու Պողոսը

Գիտե՞ս, թե ինչ է Պողոսն առաջարկում Տիմոթեոսին։ «Ուզո՞ւմ ես միանալ ինձ ու Շիղային և մեզ օգնել քարոզելու հեռավոր վայրերում»,— հարցնում է նա։

— Այո,— պատասխանում է Տիմոթեոսը։— Ես ցանկանում եմ ձեզ հետ գալ։— Շուտով նա թողնում է ընտանիքը և գնում Պողոսի ու Շիղայի հետ։ Բայց, նախքան նրանց ճանապարհորդությանն անդրադառնալը, արի տեսնենք, թե մինչ այդ Պողոսն ինչով էր զբաղված։ Արդեն 17 տարի է անցել այն օրից, երբ Հիսուսը երևաց նրան Դամասկոսի ճանապարհին։

Հիշիր, որ Պողոսը գնում էր Դամասկոս՝ որպեսզի Հիսուսի աշակերտներին հալածեր, բայց արդյունքում ինքն է դառնում աշակերտ։ Ավելի ուշ, մի քանի թշնամիներ ծրագրում են սպանել Պողոսին, որովհետև չեն ցանկանում, որ նա Հիսուսի մասին սովորեցնի։ Բայց աշակերտներն օգնում են նրան փախչել։ Նրանք առաքյալին նստեցնում են զամբյուղի մեջ ու քաղաքի պարսպից դուրս իջեցնում։

Այս դեպքերից հետո Պողոսը գնում է Անտիոք՝ քարոզելու։ Այս քաղաքում է, որ Հիսուսի աշակերտներն առաջին անգամ կոչվում են քրիստոնյաներ։ Այստեղից Պողոսն ու Բառնաբասը քարոզչական շրջագայության են ուղարկվում հեռավոր երկրներ։ Նրանց այցելած քաղաքներից մեկը Լյուստրան է, որտեղ ապրում է Տիմոթեոսը։

Եվ հիմա անցել է մոտ մեկ տարի, և Պողոսն իր երկրորդ շրջագայության ժամանակ կրկին գալիս է Լյուստրա։ Իսկ ուզո՞ւմ ես իմանալ, թե ո՛ր ուղղությամբ են շարժվելու Պողոսը, Շիղան և նրանց միացած Տիմոթեոսը։ Նայենք քարտեզին ու տեսնենք, թե նրանք ուր են գնում։

Նախ, նրանք ուղղություն են վերցնում դեպի մոտակա Իկոնիոն քաղաքը, իսկ հետո Անտիոք անունով երկրորդ քաղաքը։ Ապա նրանք բարձրանում են դեպի Տրովադա, հետո Փիլիպպե, Թեսաղոնիկե և Բերիա։ Քարտեզի վրա տեսնո՞ւմ ես Աթենք քաղաքը։ Պողոսն այնտեղ էլ է քարոզում։ Հետո նրանք տարիուկես քարոզում են Կորնթոսում և, վերջապես, կարճատև դադար առնում Եփեսոսում։ Այնուհետև նավով վերադառնում են Կեսարիա ու ճանապարհ ընկնում դեպի Անտիոք, և Պողոսը մնում է այնտեղ։

Եվ այսպես, տեսնում ենք, որ Տիմոթեոսը հարյուրավոր կիլոմետրեր է կտրում Պողոսին օգնելու համար, որպեսզի «բարի լուրը» քարոզվի ու քրիստոնեական նոր ժողովներ հիմնվեն։ Երբ որ մեծանաս, դու էլ Տիմոթեոսի պես կլինե՞ս Աստծուն հավատարիմ ծառայող։

Գործք 9։19-30; 11։19-26; 13-17 գլուխներ; 18։1-22։

Քարտեզ

1. Հռոմ; 2. Մալթա; 3. Բերիա; 4. Թեսաղոնիկե; 5. Կորնթոս; 6. Փիլիպպե; 7. Աթենք; 8. Կրետե; 9. Տրովադա; 10. Եփեսոս; 11. Միլետոս; 12. Կողոսա; 13. Անտիոք; 14. Իկոնիոն; 15. Լյուստրա; 16. Կիպորս; 17. Անտիոք; 18. Կեսարիա; 19. Հոպպե; 20. Դամասկոս; 21. Երուսաղեմ; 22. Մեծ ծով (Միջերկրական)



Հարցեր

  • Ո՞վ է նկարում պատկերված երիտասարդը, որտե՞ղ է նա ապրում, և նրա մոր ու տատի անունները ի՞նչ են։
  • Տիմոթեոսը ի՞նչ է պատասխանում, երբ Պողոսը հարցնում է, թե արդյոք նա կցանկանա միանալ իրեն ու Շիղային՝ հեռավոր վայրերում քարոզելու համար։
  • Որտե՞ղ են Քրիստոսի աշակերտները առաջին անգամ քրիստոնյաներ կոչվում։
  • Երբ Պողոսն ու Բառնաբասը Անտիոքից հեռանում են, ի՞նչ քաղաքներ են այցելում։
  • Տիմոթեոսն ինչպե՞ս է օգնում Պողոսին, և մեր օրերի երիտասարդներն ի՞նչ հարց պետք է տան իրենք իրենց։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Գործք 9։19-30 համարները։

    Պողոս առաքյալն ինչպե՞ս խոհեմություն դրսևորեց, երբ հակառակության հանդիպեց բարի լուրը քարոզելիս (Գործք 9։22-25, 29, 30; Մատթ. 10։16)։

  • Կարդա՛ Գործք 11։19-26 համարները։

    Գործք 11։19-21, 26 համարներում արձանագրված դեպքից ինչպե՞ս է երևում, որ Եհովայի ոգին առաջնորդություն և ուղղություն է տալիս քարոզչական գործում։

  • Կարդա՛ Գործք 13։13-16, 42-52 համարները։

    Գործք 13։51, 52 համարներն ինչպե՞ս են ցույց տալիս, որ աշակերտները թույլ չտվեցին, որ հալածանքը վհատեցնի իրենց (Մատթ. 10։14; Գործք 18։6; Ա Պետ. 4։14)։

  • Կարդա՛ Գործք 14։1-6, 19-28 համարները։

    ‘Նրանց հանձնեցին Տիրոջը’ արտահայտությունն ինչպե՞ս է ազատում մեզ անտեղի մտահոգությունից, երբ աջակցում ենք նորերին (Գործք 14։21-23; 20։32; Յովհ. 6։44)։

  • Կարդա՛ Գործք 16։1-5 համարները։

    Այն, որ Տիմոթեոսը պատրաստակամորեն համաձայնեց թլփատվել, ինչպե՞ս է ընդգծում ամեն բան ‘անել ավետարանի համար’ խոսքերի կարևորությունը (Գործք 16։3; Ա Կորնթ. 9։23; Ա Թեսաղ. 2։8)։

  • Կարդա՛ Գործք 18։1-11, 18-22 համարները։

    Գործք 18։9, 10 համարներն ինչպե՞ս են ցույց տալիս, որ Հիսուսն անձամբ առաջնորդում է քարոզչական գործը, ու դա մեզ ո՞ր հարցում է վստահեցում այսօր (Մատթ. 28։20)։

Իմացիր ավելին

Աստվածաշնչյան քարտ. Տիմոթեոս

Տիմոթեոսը երիտասարդ տարիքում սկսեց ծառայել Աստծուն։ Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել նրան։

Տիմոթեոսը ցանկանում էր օգնել մարդկանց

Ինչպե՞ս կարող ես, Տիմոթեոսի պես, երջանիկ և հետաքրքիր կյանքով ապրել։