Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 108: Դամասկոսի ճանապարհին

Պատմություն 108: Դամասկոսի ճանապարհին

Գիտե՞ս, թե ով է գետնին ընկածը։ Դա Սողոսն է։ Հիշո՞ւմ ես, նա այն երիտասարդն է, որին հանձնված էր Ստեփանոսին քարկոծող մարդկանց վերնազգեստների հսկողությունը։ Հապա նայի՛ր. այս ի՞նչ կուրացուցիչ, պայծառ լույս է։ Վերջապես, ի՞նչ է տեղի ունենում։

Ստեփանոսի սպանվելուց հետո Սողոսը սկսում է հալածանքներ կազմակերպել Հիսուսի հետևորդների դեմ։ Նա նույնիսկ մտնում է տները, որպեսզի նրանց գտնի ու բանտերը նետի։ Աշակերտներից շատերը փախչում են ուրիշ քաղաքներ ու այնտեղ սկսում քարոզել «բարի լուրը»։ Բայց Սողոսը սկսում է իր հետապնդումները նաև ուրիշ վայրերում։ Այս անգամ նա ճանապարհ է ընկել դեպի Դամասկոս։ Բայց ճանապարհին մի զարմանալի բան է կատարվում։

Հանկարծ երկնքից մի պայծառ լույս է փայլատակում Սողոսի շուրջը։ Նա, ինչպես տեսնում ենք նկարում, ընկնում է գետնին։ Այդ պահին մի ձայն դիմում է նրան՝ ասելով. «Սողո՛ս, Սողո՛ս, ինչո՞ւ ես ինձ հալածում»։ Սողոսի հետ գտնվող մարդիկ տեսնում են լույսը, և իրենք էլ են ինչ-որ ձայն լսում, բայց ոչինչ չեն հասկանում։

Սողոսը լույսից կուրանում է

— Ո՞վ ես, Տե՛ր,— հարցնում է Սողոսը։

— Ես Հիսուսն եմ՝ նա, որին դու հալածում ես,— պատասխանում է ձայնը։ Դրանով Հիսուսն ուզում է հասկացնել նրան, որ հալածել իր հետևորդներին՝ դա նույնն է, թե իրե՛ն հալածեն։

Այդժամ Սողոսը հարցնում է. «Ի՞նչ պետք է անեմ, Տե՛ր»։

— Վե՛ր կաց, գնա՛ Դամասկոս,— ասում է Հիսուսը,— և քեզ այնտեղ կասվի, թե ի՛նչ պետք է անես։— Սողոսը բարձրանում է ընկած տեղից, բացում աչքերը, սակայն ոչինչ չի տեսնում. նա կուրացել է։ Եվ իր հետ եղող մարդիկ ստիպված են լինում ձեռքից բռնած նրան առաջնորդել Դամասկոս։

Այժմ Հիսուսը խոսում է Դամասկոսում գտնվող իր աշակերտներից մեկի հետ։ «Վե՛ր կաց, Անա՛նիա, գնա՛ Ուղիղ կոչվող փողոցը։ Հուդայի տանը փնտրիր Սողոս անունով մեկին։ Ես նրան ընտրել եմ, որ ինձ համար հատուկ ծառա լինի»։

Անանիան հնազանդվում է նրան։ Հանդիպելով Սողոսին՝ ձեռքերը դնում է նրա վրա ու ասում. «Տերն ինձ ուղարկեց, որ դու կրկին տեսնես ու լցվես սուրբ ոգով»։ Եվ իսկույն նրա աչքերից թեփերի պես բաներ են ցած թափվում. նա կրկին վերստանում է տեսնելու կարողությունը։

Դրանից հետո Սողոսը սկսում է բարի լուրը անդադար քարոզել տարբեր ազգերի մարդկանց։ Նա հայտնի է դառնում Պողոս առաքյալ անունով, որի մասին մենք դեռ շատ կխոսենք։ Բայց նախ տեսնենք, թե Աստված ո՛ւր է ուղարկում Պետրոս առաքյալին։

Գործք 8։1-4; 9։1-20; 22։6-16; 26։8-20։



Հարցեր

  • Ստեփանոսի սպանվելուց հետո Սողոսը ի՞նչ է անում։
  • Դամասկոսի ճանապարհին ի՞նչ զարմանալի դեպք է տեղի ունենում Սողոսի հետ։
  • Հիսուսը Սողոսին ի՞նչ է պատվիրում։
  • Հիսուսը ի՞նչ հրահանգներ է տալիս Անանիային, ու ինչպե՞ս է պատահում, որ Սողոսը նորից կարողանում է տեսնել։
  • Սողոսը ի՞նչ անունով է հայտնի դառնում, և Աստված ինչպե՞ս է գործում նրա միջոցով։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Գործք 8։1-4 համարները։

    Հալածանքի ալիքը, որ հարվածեց քրիստոնեական ժողովին, ինչպե՞ս նպաստեց քրիստոնեական հավատի տարածմանը, և մեր ժամանակներում համանման ի՞նչ դեպքեր են տեղի ունեցել (Գործք 8։4; Ես. 54։17)։

  • Կարդա՛ Գործք 9։1-20 համարները։

    Ի՞նչ երեք հանձնարարության մասին նշեց Հիսուսը, որ ուզում էր տալ Սողոսին (Գործք 9։15; 13։5; 26։1; 27։24; Հռովմ. 11։13)։

  • Կարդա՛ Գործք 22։6-16 համարները։

    Ինչպե՞ս կարող ենք նմանվել Անանիային, և ինչո՞ւ է դա կարևոր (Գործք 22։12; Ա Տիմոթ. 3։7; Ա Պետ. 1։14-16; 2։12)։

  • Կարդա՛ Գործք 26։8-20 համարները։

    Այն, որ Պողոսը քրիստոնյա դարձավ, ինչպե՞ս է քաջալերում նրանց, ովքեր այսօր անհավատ կողակից ունեն (Գործք 26։11; Ա Տիմոթ. 1։14-16; Բ Տիմոթ. 4։2; Ա Պետ. 3։1-3)։

Իմացիր ավելին

Աստվածաշնչյան քարտ. Պողոս

Ի՞նչ աշխատանք էր անում Պողոսը, որ կարողանա հոգալ իր կարիքները և շարունակի ծառայել։Իմացիր այս աստվածաշնչյան քարտի միջոցով։