Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 105: Սպասում են Երուսաղեմում

Պատմություն 105: Սպասում են Երուսաղեմում

Այս մարդիկ Հիսուսի հետևորդներն են։ Նրանք լսել են Հիսուսին և մնացել Երուսաղեմում։ Մինչ նրանք բոլորը միասին սպասման մեջ են, ամբողջ տունը լցվում է անսպասելի աղմուկով։ Այն սաստիկ փչող քամու ձայն է հիշեցնում։ Ապա աշակերտներից ամեն մեկի գլխավերևում կրակե լեզու է հայտնվում։ Նկարում տեսնո՞ւմ ես այդ կրակե լեզուները յուրաքանչյուրի գլխավերևում։ Ի՞նչ է նշանակում այս ամենը։

Սուրբ ոգին իջել է աշակերտների վրա

Այ քեզ հրա՜շք… Հիսուսը վերադարձել է Հոր մոտ՝ երկինք, ու հիմա իր հետևորդների վրա է թափում Աստծու սուրբ ոգին։ Գիտե՞ս, թե այս ոգին ստանալով ի՛նչ են սկսում նրանք անել. սկսում են տարբեր լեզուներով խոսել։

Երուսաղեմի բնակիչներից շատերը, լսելով այդ աղմուկը, գալիս են տեսնելու, թե ինչ է պատահել։ Նրանց մեջ են նաև ուրիշ ազգերից մարդիկ, որոնք Երուսաղեմ են եկել, որպեսզի մասնակցեն իսրայելացիների Պենտեկոստե տոնին։ Ինչպիսի՜ զարմանալի անակնկալ այդ այցելուների համար, այնպես չէ՞։ Նրանք լսում են, թե ինչպես են աշակերտներն իրենց՝ այդ այլազգի մարդկանց մայրենի լեզվով Աստծու կատարած սքանչելի գործերի մասին պատմում։

— Չէ՞ որ այս մարդիկ գալիլեացիներ են,— ասում են նրանք իրար։— Ինչպե՞ս են նրանք կարողանում խոսել այն լեզուներով, որոնցով խոսում են մեր երկրներում։

Այդ ժամանակ Պետրոսը ոտքի է կանգնում և սկսում է բացատրել։ Նա բարձր ձայնով սկսում է պատմել, թե Հիսուսն ինչպես է սպանվել, և ինչպես է Եհովան հարություն տվել նրան մեռելներից։ «Այժմ Հիսուսը երկնքում է՝ Աստծու աջ կողմում նստած,— շարունակում է իր խոսքը Պետրոսը։— Նա թափել է իր խոստացած սուրբ ոգին. ահա թե ինչու լսեցիք ու ականատես դարձաք այս հրաշքներին»։

Մինչ Պետրոսը պատմում է այս բոլորը, շատերը զղջում են այն բանի համար, թե ինչպես վարվեցին Հիսուսի հետ։ «Ի՞նչ պետք է անենք»,— հարցնում են նրանք։ Պետրոսը պատասխանում է. «Դուք պետք է փոխեք ձեր ապրելակերպն ու մկրտվեք»։ Եվ հենց այդ օրը Հիսուսի հետևորդների թիվն ավելանում է, քանի որ շուրջ 3 000 հոգի մկրտվում են ու դառնում Հիսուսի հետևորդները։

Գործք 2։1-47։



Հարցեր

  • Ինչպես նկարում է պատկերված, ի՞նչ է պատահում Հիսուսի հետևորդներին, որոնք սպասում են նրան Երուսաղեմում։
  • Երուսաղեմում գտնվող այցելուների համար ի՞նչ անակնկալ է լինում։
  • Պետրոսը ժողովրդին ի՞նչ է բացատրում։
  • Լսելով Պետրոսին՝ մարդիկ ի՞նչ են զգում, ու նա ի՞նչ է պատվիրում նրանց։
  • Մ.թ.ա. 33-ի Պենտեկոստեին քանի՞ հոգի են մկրտվում։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Գործք 2։1-47 համարները։

    Պետրոսի խոսքերը, որ արձանագրված են Գործք 2։23, 36 համարներում, ինչպե՞ս են ցույց տալիս, որ ամբողջ հրեա ազգն էր պատասխանատու Հիսուսի մահվան համար (Ա Թեսաղ. 2։14, 15)։

    Պետրոսը ի՞նչ լավ օրինակ է թողել Գրությունների հիման վրա տրամաբանելու հարցում (Գործք 2։16, 17, 29, 31, 36, 39; Կող. 4։6)։

    Պետրոսը ինչպե՞ս է օգտագործում «երկնքի արքայութեան բանալիներ[ից]» առաջինը, որը Հիսուսը խոստացել էր տալ նրան (Գործք 2։14, 22-24, 37, 38; Մատթ. 16։19)։

Իմացիր ավելին

Հարյուրավոր անհատներ տեսնում են Հիսուսին նախքան Պենտեկոստեն

Հարություն առնելուց հետո՝ երկինք համբարձվելուց առաջ, Հիսուսը մի քանի անգամ ասում է իր աշակերտներին, թե ինչ են նրանք ստանալու և ինչպես պետք է օգտագործեն այն։