Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 102: Հիսուսը ողջ է

Պատմություն 102: Հիսուսը ողջ է

Գիտե՞ս, թե ովքեր են նկարում պատկերված այս մարդիկ։ Կինը Մարիամ Մագդաղենացին է՝ Հիսուսի բարեկամուհին, իսկ սպիտակ հանդերձներով տղամարդիկ հրեշտակներ են։ Մարիամը ներս է նայում այս փոքրիկ սենյակից, որտեղ մահից հետո դրվել էր Հիսուսի մարմինը։ Այդ տեղը կոչվում է դամբարան։ Բայց մարմինն անհետացել է… Տեսնես դա ո՞ւմ ձեռքի գործն է։ Հիմա կիմանանք։

Հրեշտակները խոսում են Մարիամ Մագդաղենացու հետ

Հիսուսի մահից հետո քահանաները Պիղատոսին ասում են. «Երբ Հիսուսը դեռ կենդանի էր, ասում էր, որ երեք օրից հարություն է առնելու։ Այդ պատճառով հրամայիր, որ դամբարանը հսկեն, որպեսզի նրա աշակերտները չկարողանան գողանալ մարմինը և հետո հայտարարել, թե իբր նա հարություն է առել մահացածներից»։ Պիղատոսը կարգադրում է, որպեսզի քահանաները զինվորներ ուղարկեն՝ դամբարանը հսկելու։

Բայց ահա, Հիսուսի մահվան երրորդ օրը՝ վաղ առավոտյան, հայտնվում է Եհովայի հրեշտակը և մի կողմ գլորում դամբարանի մուտքի քարը։ Զինվորները վախից քարանում են։ Վերջապես, երբ նրանք նայում են դամբարանի մեջ, մարմինն այնտեղ չէ։ Նրանցից մի քանիսը շտապում են քաղաք, որպեսզի պատահածի մասին տեղեկացնեն քահանաներին։ Իսկ գիտե՞ս, թե ինչ են անում այդ չար քահանաները։ Նրանք կաշառում են զինվորներին, որ սուտ խոսեն։ «Այսպես կասեք՝ գիշերը, մինչ մենք քնած էինք, աշակերտները եկան և մարմինը գողացան»,— պատվիրում են քահանաները։

Իսկ այդ ընթացքում Հիսուսին մոտիկից ճանաչող մի քանի կանայք գալիս են դամբարան։ Որքա՜ն են զարմանում նրանք, երբ դամբարանը դատարկ են տեսնում։ Այդ պահին հայտնվում են սպիտակ հանդերձներով երկու հրեշտակներ։ «Ինչո՞ւ եք Հիսուսին այստեղ փնտրում,— հարցնում են նրանք։— Նա հարություն է առել. շտապե՛ք և այդ լուրը հայտնե՛ք նրա աշակերտներին»։ Կարո՞ղ ես պատկերացնել, թե ի՜նչ արագությամբ են նրանք վազում։ Ճանապարհին նրանց մի մարդ է կանգնեցնում։ Ի՞նչ ես կարծում, ո՞վ կարող է լինել։ Դա Հիսուսն է։ Նա ասում է. «Գնացե՛ք ու պատմե՛ք իմ աշակերտներին»։

Երբ աշակերտները կանանցից լսում են, որ Հիսուսը կենդանի է, և որ նրան տեսել են, սկսում են կասկածել՝ հավատա՞լ, թե՝ ոչ։ Պետրոսն ու Հովհաննեսը վազում են դամբարանի մոտ, որպեսզի անձամբ համոզվեն, որ իրենց լսած լուրը ճիշտ է, և դամբարանը դատարկ են տեսնում։ Երբ նրանք հեռանում են, Մարիամ Մագդաղենացին մնում է այնտեղ։ Հենց այդ ժամանակ է, որ Մարիամը ներս է նայում ու տեսնում է հրեշտակներին։

Հետաքրքիր է, ի՞նչ պատահեց Հիսուսի մարմնին։ Աստված այնպես արեց, որ այն անհետանա։ Նա Հիսուսին հարություն տվեց ոչ թե այն ֆիզիկական մարմնով, որով նա մահացել էր, այլ նոր ոգեղեն մարմին տվեց, ինչպիսին որ ունեն հրեշտակները երկնքում։ Բայց որպեսզի իր աշակերտները համոզվեն, որ ինքը կենդանի է, Հիսուսը երևում է նրանց այնպիսի մարմնով, որը մարդիկ կարող են տեսնել։ Իսկ թե ինչպես, կիմանանք հաջորդ գլխում։

Մատթէոս 27։62-66; 28։1-15; Ղուկաս 24։1-12; Յովհաննէս 20։1-12։



Հարցեր

  • Ո՞վ է նկարում պատկերված կինը, ովքե՞ր են այն երկու տղամարդիկ, և որտե՞ղ են նրանք գտնվում։
  • Ինչո՞ւ է Պիղատոսը քահանաներին ասում, որ զինվորներին ուղարկեն՝ հսկելու Հիսուսի դամբարանը։
  • Հիսուսի մահվան երրորդ օրը՝ վաղ առավոտյան, մի հրեշտակ ի՞նչ է անում, իսկ ի՞նչ են անում քահանաները։
  • Կանանցից մի քանիսը ինչո՞ւ են զարմանում, երբ գնում են Հիսուսի դամբարան։
  • Պետրոսն ու Հովհաննեսը ինչո՞ւ են վազում Հիսուսի դամբարան և ի՞նչ են տեսնում։
  • Ի՞նչ պատահել Հիսուսի մարմնին, բայց նա ի՞նչ է անում իր աշակերտներին ցույց տալու համար, որ ողջ է։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Մատթէոս 27։62-66 և 28։1-15 համարները։

    Երբ Հիսուսն արդեն հարություն էր առել, ինչպե՞ս քահանաները, փարիսեցիներն ու ծերերը մեղք գործեցին սուրբ ոգու դեմ (Մատթ. 12։24, 31, 32; 28։11-15)։

  • Կարդա՛ Ղուկաս 24։1-12 համարները։

    Հիսուսի հարության մասին պատմող արձանագրությունն ինչպե՞ս է ցույց տալիս, որ Եհովան կանանց համարում է վստահելի վկաներ (Ղուկ. 24։4, 9, 10; Մատթ. 28։1-7)։

  • Կարդա՛ Յովհաննէս 20։1-12 համարները։

    Յովհաննէս 20։8, 9 համարներն ինչպե՞ս են օգնում մեզ հասկանալ համբերության կարևորությունը, երբ ամբողջովին չենք հասկանում աստվածաշնչյան որևէ մարգարեություն (Առակ. 4։18; Մատթ. 17։22, 23; Ղուկ. 24։5-8; Յովհ. 16։12)։

Իմացիր ավելին

Հարություն առած Հիսուսը երևում է շատերին

Ինչպե՞ս է Հիսուսը ցույց տալիս իր աշակերտներին, որ ինքը հարություն է առել։

Ինչպիսի՞ մարմնով Հիսուսը հարություն առավ, ֆիզիկակա՞ն, թե՞ ոգեղեն

Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսը «կենդանացավ ոգով»։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող էին նրա աշակերտները տեսնել ու դիպչել նրան։

Հիսուսի մահն ու հարությունը ինչ կարող են նշանակել քեզ համար

Վեց աստվածաշնչյան կարևոր ճշմարտություններ բացատրում են, թե ինչպես մեկ մարդու մահով շատերը կարող են կյանք ստանալ։