Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն

Պատմություն 97: Հիսուսի մուտքը՝ որպես թագավոր

Պատմություն 97: Հիսուսի մուտքը՝ որպես թագավոր

Երկու կույր մուրացկաններին բուժելուց կարճ ժամանակ հետո Հիսուսը գալիս է Երուսաղեմի մոտ գտնվող փոքրիկ մի գյուղ։ Նա դիմում է իր աշակերտներից երկուսին. «Մտե՛ք գյուղ և այնտեղ մի էշի մտրուկ կգտնեք։ Արձակե՛ք ու բերե՛ք նրան ինձ մոտ»։

Երբ էշին բերում են, Հիսուսը նստում է նրա վրա և ուղևորվում դեպի Երուսաղեմ, որը շատ հեռու չէ։ Քաղաքին մոտենալիս մի մեծ բազմություն դուրս է ելնում նրան դիմավորելու։ Նրանցից շատերն իրենց վերնազգեստները հանում են ու փռում Հիսուսի ճանապարհին, իսկ մյուսները՝ արմավենու ճյուղերով են ծածկում նրա ճանապարհը՝ գոչելով. «Օրհնյա՜լ է Եհովայի անունով եկող թագավորը»։

Մարդիկ դիմավորում են Հիսուսին

Հնում այսպիսի մի սովորություն կար. Իսրայելի նոր թագավորները ժողովրդին ներկայանալու համար Երուսաղեմ էին գալիս էշի մտրուկի վրա նստած։ Ահա թե ինչու է Հիսուսն այդպես վարվում։ Իսկ ժողովրդի կողմից նման ընդունելությունը վկայում է, որ նրանք ցանկանում են տեսնել Հիսուսին որպես իրենց թագավոր։ Բայց բոլորը չէ, որ այդպես են տրամադրված։ Դա պարզ երևում է տաճարում Հիսուսի հետ պատահած դեպքից։

Այնտեղ Հիսուսը բուժում է կույրերին ու հաշմանդամներին։ Այս բանը տեսնելով՝ երեխաները բարձրաձայն փառաբանում են նրան։ Իսկ դա քահանաներին խիստ զայրացնում է, և նրանք դիմում են Հիսուսին. «Լսո՞ւմ ես, թե երեխաներն ինչ են ասում»։

— Իհարկե,— պատասխանում է նա։— Մի՞թե չեք կարդացել Գրքերում, որ երեխաների շուրթերով Աստված գովություն պիտի անի։— Եվ երեխաները շարունակում են փառաբանել Աստծու նշանակած Թագավորին։

Մենք էլ ենք ցանկանում այս երեխաների նման լինել, այնպես չէ՞։ Որոշ մարդիկ գուցե փորձեն արգելել մեզ, որ չխոսենք Աստծու Թագավորության մասին։ Բայց ճիշտը կլինի այն, որ շարունակենք ծանոթացնել ուրիշներին այն հիասքանչ բաների հետ, որոնք Հիսուսն ապագայում կիրագործի։

Երբ Հիսուսն ապրում էր երկրի վրա, որպես թագավոր իշխելու համար ժամանակը դեռևս չէր եկել։ Իսկ այն ե՞րբ պիտի գա։ Հիսուսի աշակերտներին այս հարցը շատ է հետաքրքրում։ Դրա մասին կիմանանք հաջորդ գլխում։

Մատթէոս 21։1-17; Յովհաննէս 12։12-16։



Հարցեր

  • Երբ Հիսուսը գալիս է Երուսաղեմի մոտ գտնվող մի փոքրիկ գյուղ, իր աշակերտներին ի՞նչ է պատվիրում։
  • Ըստ նկարի՝ ի՞նչ է տեղի ունենում, երբ Հիսուսը մոտենում է Երուսաղեմ քաղաքին։
  • Փոքրիկ երեխաներն ի՞նչ են անում, երբ տեսնում են, որ Հիսուսը բուժում է կույր ու հաշմանդամ մարդկանց։
  • Հիսուսն ի՞նչ է ասում բարկացած քահանաներին։
  • Ինչպե՞ս կարող ենք լինել այն երեխաների պես, որոնք գովաբանում են Հիսուսին։
  • Աշակերտներն ի՞նչ են ուզում իմանալ։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Մատթէոս 21։1-17 համարները։

    Ի տարբերություն հաղթանակած հռոմեական զորավարների՝ Հիսուսն ինչպե՞ս մտավ Երուսաղեմ որպես Թագավոր (Մատթ. 21։4, 5; Զաք. 9։9; Փիլիպ. 2։5-8; Կող. 2։15)։

    Պատանիները ի՞նչ կարող են սովորել իսրայելացի երեխաներից, որոնք բարձրաձայն ասում էին 118-րդ սաղմոսից վերցված որոշ խոսքեր, երբ Հիսուսը մտավ տաճար (Մատթ. 21։9, 15; Սաղ. 118։25, 26; Բ Տիմոթ. 3։15; Բ Պետ. 3։18)։

  • Կարդա՛ Յովհաննէս 12։12-16 համարները։

    Ի՞նչ են խորհրդանշում արմավենու ճյուղերը, որ մարդիկ գործածեցին Հիսուսին ողջունելիս (Յովհ. 12։13; Փիլիպ. 2։10; Յայտն. 7։9, 10)։

Իմացիր ավելին

ՀԻՍՈՒՍՆ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՅԱՆՔԸ

Թագավորը Երուսաղեմ է մտնում էշի քուռակի վրա նստած

Կատարվում է մի մարգարեությունը, որը հինգ հարյուր տարի առաջ էր ասվել։