Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 96: Հիսուսը բուժում է հիվանդներին

Պատմություն 96: Հիսուսը բուժում է հիվանդներին

Ճամփորդելով երկրով մեկ՝ Հիսուսը բուժում է հիվանդներին։ Գյուղերում ու քաղաքներում ամենուրեք խոսում են նրա կատարած հրաշքների մասին։ Ժողովուրդը Հիսուսի մոտ է բերում հաշմանդամներին, կույրերին, խուլերին և ուրիշ շատ հիվանդների, ու նա բուժում է բոլորին։

Ավելի քան երեք տարի է, ինչ Հիսուսը մկրտվել է Հովհաննեսի կողմից։ Նա տեղեկացնում է իր առաքյալներին, որ շուտով գնալու է Երուսաղեմ, որտեղ նրան սպանելու են, իսկ հետո նորից հարություն է առնելու մահացածներից։ Այժմ Հիսուսը դեռ շարունակում է բուժել հիվանդներին։

Հիսուսը բուժում է հիվանդ կնոջը

Մի Շաբաթ օր Հիսուսն ուսուցանում է ժողովրդին։ Շաբաթը հրեաների համար հանգստի օր է։ Այս նկարում պատկերված կինը ծանր հիվանդ է։ Տասնութ տարի շարունակ նա մեջքը կքած էր ման գալիս՝ չկարողանալով ուղիղ քայլել։ Հենց որ Հիսուսի ձեռքերը դիպչում են նրան, կինն իսկույն ուղղվում է։ Ա՜յ քեզ հրաշք… Նա բուժվել է։

Այս բանը խիստ զայրացնում է կրոնական առաջնորդներին։ «Վեց օր ունեք աշխատելու համար,— բղավում է ամբոխի վրա նրանցից մեկը։— Ա՛յդ օրերին եկեք բժշկվեցեք և ոչ թե՝ Շաբաթ օրը»։

Բայց Հիսուսը նրանց պատասխանում է. «Չա՛ր մարդիկ, մի՞թե ձեզանից ամեն մեկը Շաբաթ օրն իր էշը չի արձակում ու տանում ջուր խմեցնելու։ Իսկ այս կինը, որը 18 տարի շարունակ հիվանդ է եղել, արժանի չէ՞ր բուժվելու»։ Հիսուսի պատասխանը լսելով՝ նրանք ամոթահար են լինում։

Այնուհետև Հիսուսն ու իր առաքյալները ճանապարհվում են դեպի Երուսաղեմ։ Նոր էին դուրս եկել Երիքով քաղաքից, երբ երկու կույր մուրացկաններ, լսելով, որ Հիսուսն է անցնում այդտեղով, ձայն են տալիս. «Հիսո՜ւս, օգնի՛ր մեզ»։

Հիսուսն իր մոտ է կանչում կույրերին ու հարցնում. «Ի՞նչ եք ցանկանում, որ ձեզ համար անեմ»։ Նրանք էլ ասում են. «Տե՛ր, բա՛ց արա մեր աչքերը»։ Հիսուսը դիպչում է նրանց աչքերին ու նույն պահին նրանք սկսում են տեսնել։ Գիտե՞ս, թե Հիսուսն ինչու է կատարում բոլոր այս հոյակապ հրաշքները. նա սիրում է մարդկանց և ուզում է, որ նրանք հավատան իրեն։ Այսպիսով՝ մենք կարող ենք վստահ լինել, որ, երբ նա սկսի որպես Թագավոր կառավարել, երկրի վրա այլևս ոչ մեկը հիվանդ չի լինի։

Մատթէոս 15։30, 31; Ղուկաս 13։10-17; Մատթէոս 20։29-34։



Հարցեր

  • Ի՞նչ է անում Հիսուսը ամբողջ երկրով ճանապարհորդելիս։
  • Իր մկրտությունից մոտ երեք տարի հետո Հիսուսն ի՞նչ է հայտնում իր առաքյալներին։
  • Ովքե՞ր են նկարում պատկերված մարդիկ, և Հիսուսը այս կնոջ համար ի՞նչ է անում։
  • Պատասխանելով կրոնական առաջնորդների առարկություններին՝ Հիսուսն ինչպե՞ս է նրանց ամաչեցնում։
  • Երբ Հիսուսն ու իր առաքյալները գտնվում են Երիքովի մոտ, Հիսուսը ի՞նչ է անում երկու կույր մուրացկանների համար։
  • Հիսուսը ինչո՞ւ է հրաշքներ գործում։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Մատթէոս 15։30, 31 համարները։

    Եհովայի ուժը ինչպե՞ս է հրաշալիորեն դրսևորվում Հիսուսի միջոցով, և դա ինչպե՞ս պետք է ազդի մեր հասկացողության վրա այն բանի վերաբերյալ, թե Եհովան ինչ է խոստացել նոր աշխարհի հետ կապված (Սաղ. 37։29; Ես. 33։24)։

  • Կարդա՛ Ղուկաս 13։10-17 համարները։

    Այն փաստը, որ զարմանալի հրաշքների մի մասը Հիսուսը կատարեց շաբաթ օրը, ինչպե՞ս է ցույց տալիս, թե իր Հազարամյա Իշխանության ընթացքում նա ինչ թեթևացում կբերի մարդկանց (Ղուկ. 13։10-13; Սաղ. 46։9; Մատթ. 12։8; Կող. 2։16, 17; Յայտն. 21։1-4)։

  • Կարդա՛ Մատթէոս 20։29-34 համարները։

    Այս արձանագրությունն ինչպե՞ս է ցույց տալիս, որ Հիսուսը երբեք այնքան զբաղված չէր լինում, որ չկարողանար օգնել մարդկանց, և ի՞նչ ենք սովորում դրանից (Բ Օրին. 15։7; Յակ. 2։15, 16; Ա Յովհ. 3։17)։

Իմացիր ավելին

Ո՞ւմ զորությամբ է հրաշքներ անում

Հիսուսի եղբայրները մտածում են, թե նա խելագարվել է։