Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն

Պատմություն 94: Նա սիրում է փոքրիկներին

Պատմություն 94: Նա սիրում է փոքրիկներին

Տե՛ս, թե Հիսուսն ինչպես է գրկել այս փոքրիկ տղային։ Երևում է, որ Հիսուսն իսկապես հոգ է տանում երեխաների մասին։ Նրա դիմաց կանգնածները իր առաքյալներն են։ Տեսնենք, թե Հիսուսն ինչ է ասում նրանց։

Հիսուսն ու իր առաքյալները հենց նոր են վերադարձել երկար ճանապարհորդությունից։ Ճանապարհին առաքյալների միջև վեճ էր ծագել։ Ուստի տեղ հասնելուն պես Հիսուսը հարցնում է նրանց. «Ինչի՞ մասին էիք ճանապարհին իրար հետ վիճում»։ Իրականում Հիսուսը գիտի, թե խոսքն ինչի մասին էր։ Բայց նա հարց է տալիս՝ ստուգելու համար, թե արդյոք առաքյալները կասե՞ն իրեն եղելությունը։

Հիսուսը երեխայի հետ

Բայց նրանք պատասխան չեն տալիս, քանի որ վիճաբանության նյութն այն էր, թե ո՛վ է իրենցից մեծը։ Առաքյալներից ոմանք ցանկանում են մյուսներից ավելի բարձր լինել։ Հիսուսն ինչպե՞ս պետք է բացատրի նրանց, որ սխալ է մյուսներից բարձր լինելու ցանկություն ունենալը։

Նա կանչում է մի փոքրիկ տղայի ու կանգնեցնում նրանց առջև։ Ապա դիմում է իր առաքյալներին. «Ուզում եմ, որ դուք հասկանաք. եթե չփոխվե՛ք ու չդառնա՛ք երեխաների նման, երբեք չեք մտնի Աստծու թագավորությունը։ Ով այս փոքր երեխայի պես դառնա, նա՛ է մեծը թագավորության մեջ»։ Գիտե՞ս, թե Հիսուսն ինչու այսպես ասաց։

Սովորաբար փոքր երեխաներին չի անհանգստացնում այն հարցը՝ իրենք մյուսներից բա՞րձր են, թե՝ ցածր։ Նշանակում է՝ առաքյալները երեխաներից սովորելու բան ունեին և հարկ չկար վիճելու, թե իրենց միջից ով է ավելի մեծ կամ կարևոր։

Հիսուսը շատ անգամներ ցույց է տալիս, թե որքան հոգատար է երեխաների հանդեպ։ Մի քանի ամիս անց ժողովրդի միջից որոշ ծնողներ իրենց երեխաներին Հիսուսի մոտ են բերում։ Առաքյալները փորձում են նրանց ետ պահել, սակայն Հիսուսն առարկում է. «Թողե՛ք այդ երեխաներին ու մի՛ արգելեք ինձ մոտ գալ, որովհետև Աստծու թագավորությունը նրանց նմաններինն է»։ Ապա երեխաներին իր գիրկն է առնում ու օրհնում։ Քեզ չի՞ ուրախացնում այն, որ Հիսուսը սիրում է երեխաներին։

Մատթէոս 18։1-4; 19։13-15; Մարկոս 9։33-37; 10։13-16։



Հարցեր

  • Աշակերտներն ինչի՞ մասին են վիճում երկար ճանապարհորդությունից վերադառնալիս։
  • Հիսուսը ինչո՞ւ է կանչում մի փոքրիկ երեխայի և նրան կանգնեցնում առաքյալների առջև։
  • Առաքյալները ի՞նչ իմաստով պետք է երեխաների պես լինեին։
  • Մի քանի ամիս անց Հիսուսն ինչպե՞ս է ցույց տալիս, որ սիրում է երեխաներին։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Մատթէոս 18։1-4 համարները։

    Հիսուսը ուսուցանելիս ինչո՞ւ էր առակներ գործածում (Մատթ. 13։34, 36; Մարկ. 4։33, 34)։

  • Կարդա՛ Մատթէոս 19։13-15 համարները։

    Երեխաների ո՞ր հատկությունները պետք է ընդօրինակենք, եթե ցանկանում ենք վայելել Թագավորության օրհնությունները (Սաղ. 25։9; 138։6; Ա Կորնթ. 14։20)։

  • Կարդա՛ Մարկոս 9։33-37 համարները։

    Հիսուսը աշակերտներին ի՞նչ դաս սովորեցրեց բարձր դիրք ունենալու վերաբերյալ (Մարկ. 9։35; Մատթ. 20։25, 26; Գաղ. 6։3; Փիլիպ. 2։5-8)։

  • Կարդա՛ Մարկոս 10։13-16 համարները։

    Հիսուսը որքանո՞վ էր մատչելի, և քրիստոնյա երեցները ի՞նչ կարող են սովորել նրա օրինակից (Մարկ. 6։30-34; Փիլիպ. 2։1-4; Ա Տիմոթ. 4։12)։

Իմացիր ավելին

ՀԻՍՈՒՍՆ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՅԱՆՔԸ

Խոսում է ամուսնալուծության և երեխաներին սիրելու մասին

Հիսուսի վերաբերմունքը երեխաների նկատմամբ շատ է տարբերվում աշակերտների վերաբերմունքից։