Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 93: Հիսուսը կերակրում է բազում մարդկանց

Պատմություն 93: Հիսուսը կերակրում է բազում մարդկանց

Տեղ հասավ մի սարսափելի լուր. հենց նոր սպանել են Հովհաննես Մկրտչին։ Հերովդիան՝ թագավորի կինը, չէր սիրում նրան։ Նա կարողացավ այնպես անել, որ թագավորը Հովհաննեսին գլխատի։

Իմանալով այդ մասին՝ Հիսուսը շատ է տխրում։ Նա առանձնանում է մի ամայի վայրում, բայց ժողովուրդը գնում է նրա ետևից։ Տեսնելով մարդկանց այդ բազմությունը՝ Հիսուսը խղճում է նրանց ու սկսում է ուսուցանել Աստծու Թագավորության մասին։ Նա նաև բուժում է հիվանդներին։

Այդ երեկո աշակերտները նրա մոտ են գալիս և ասում. «Արդեն ուշ ժամ է, իսկ շրջակայքում ոչ ոք չի ապրում։ Մարդկանց ուղարկիր, թող մոտակա գյուղերից սնունդ գնեն իրենց համար»։

Հիսուսը կերակրում է բազմությանը

— Կարիք չկա ոչ մի տեղ գնալ,— պատասխանում է Հիսուսը,— դուք ինքներդ հոգացե՛ք այդ մասին։— Ու շրջվելով Փիլիպպոսի կողմը՝ հարցնում է նրան. «Որտեղի՞ց բավականաչափ հաց առնենք, որ նրանք ուտեն»։

— Նրանցից ամեն մեկին գոնե մի կտոր հաց տալու համար շատ գումար է հարկավոր,— պատասխանում է Փիլիպպոսը։ Իսկ Անդրեասն ավելացնում է. «Այստեղ մի տղա կա, որն իր մոտ հինգ հաց ու երկու ձուկ ունի։ Բայց դա ի՞նչ է այսքան մարդու համար»։

— Ասա՛ մարդկանց, որ նստեն խոտերի վրա,— պատվիրում է Հիսուսը։ Ապա ուտելիքի համար շնորհակալություն է հայտնում Աստծուն և սկսում հացը մասերի բաժանել։ Իսկ աշակերտները հացի ու ձկան կտորները տալիս են ժողովրդին։ Այնտեղ գտնվողները՝ թվով 5 000 տղամարդիկ և հազարավոր կանայք ու երեխաներ, բոլորն էլ կշտանում են։ Իսկ երբ ամենավերջում աշակերտները սկսում են հավաքել ուտելիքի մնացորդը, դեռ 12 զամբյուղ էլ լիքը լցվում է։

Հետո Հիսուսն իր աշակերտներին խնդրում է նստել նավակը և անցնել Գալիլեայի ծովի մյուս ափը։ Բայց այդ գիշեր այնպիսի մեծ փոթորիկ է բարձրանում, որ քիչ է մնում նավակը խորտակվի։ Աշակերտները տագնապի մեջ են։ Կեսգիշերին հանկարծ նրանք նկատում են ջրի վրայով դեպի իրենց կողմը քայլող ինչ-որ մեկին։ Սարսափից սկսում են աղաղակել, քանի որ չեն հասկանում, թե ինչ են տեսնում։

— Մի՛ վախեցեք, այդ ե՛ս եմ,— լսվում է Հիսուսի ձայնը, բայց նրանք դժվարանում են հավատալ։ Ուստի Պետրոսն ասում է. «Տե՛ր, եթե իսկապես դու ես, հրամայի՛ր, որ ես ջրի վրայով քեզ մոտ գամ»։ Հիսուսը պատասխանում է՝ արի՛։ Պետրոսը նավակից դուրս է գալիս ու ջրի վրայով քայլում դեպի Հիսուսը։ Բայց Պետրոսը վախի մեջ է ընկնում և սկսում է սուզվել։ Այդ պահին օգնության է հասնում Հիսուսն ու փրկում նրան։

Հետագայում Հիսուսը մեկ անգամ ևս կերակրում է հազարավոր մարդկանց՝ այս անգամ ձեռքի տակ ունենալով յոթը հաց ու մի քանի փոքրիկ ձկներ։ Դարձյալ բոլորը ուտում են և կշտանում։ Ի՜նչ հրաշալի ձևով է Հիսուսը հոգ տանում ժողովրդին։ Երբ նա կառավարի որպես Աստծու կողմից նշանակված Թագավոր, մենք այլևս ոչ մի բանի մասին չենք անհանգստանա։

Մատթէոս 14։1-32; 15։29-38; Յովհաննէս 6։1-21։



Հարցեր

  • Ի՞նչ սարսափելի բան է կատարվել Հովհաննես Մկրտչի հետ, և դա ինչպե՞ս է ազդում Հիսուսի վրա
  • Հիսուսն ինչպե՞ս է կերակրում իրեն հետևող բազմությանը, և որքա՞ն սննդամթերք է ավելանում։
  • Աշակերտները ինչո՞ւ են գիշերը վախի մեջ ընկնում, և ի՞նչ է պատահում Պետրոսին։
  • Երկրորդ անգամ Հիսուսն ինչպե՞ս է կերակրում հազարավոր մարդկանց։
  • Ինչո՞ւ հրաշալի կլինի, երբ Հիսուսը իշխի երկրի վրա որպես Աստծու կողմից նշանակված Թագավոր։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Մատթէոս 14։1-32 համարները։

    Մատթէոս 14։23-32 համարներում արձանագրված խոսքերը ի՞նչ են հայտնում Պետրոսի մասին։

    Աստվածաշունչն ինչպե՞ս է ցույց տալիս, որ Պետրոսը հոգևորապես աճեց և իր մեջ հաղթահարեց բռնկվող բնավորության գիծը (Մատթ. 14։27-30; Յովհ. 18։10; 21։7; Գործք 2։14, 37-40; Ա Պետ. 5։6, 10)։

  • Կարդա՛ Մատթէոս 15։29-38 համարները։

    Հիսուսն ինչպե՞ս գնահատանք ցույց տվեց իր Հոր տված նյութական բարիքների համար (Մատթ. 15։37; Յովհ. 6։12; Կող. 3։15)։

  • Կարդա՛ Յովհաննէս 6։1-21 համարները։

    Այսօր քրիստոնյաներն ինչպե՞ս կարող են հետևել Հիսուսի օրինակին իշխանությունների հանդեպ ճիշտ տեսակետ ունենալու հարցում (Յովհ. 6։15; Մատթ. 22։21; Հռովմ. 12։2; 13։1-4)։

Իմացիր ավելին

Հիսուսը կերակրում է մի մեծ բազմության

Գտիր սխալը և ներկիր նկարը։