Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 90: Ջրհորի մոտ՝ սամարացի կնոջ հետ

Պատմություն 90: Ջրհորի մոտ՝ սամարացի կնոջ հետ

Հիսուսը նստել է հանգստանալու Սամարիայում գտնվող այս ջրհորի մոտ, իսկ աշակերտները գնացել են քաղաքից սննդամթերք բերելու։ Այս կինը, որի հետ խոսում է Հիսուսը, եկել է ջրհորից ջուր տանելու։ Հիսուսը խնդրում է նրան. «Ջուր տուր խմեմ»։

Հիսուսը խոսում է սամարացի կնոջ հետ

Այս բանը շատ է զարմացնում կնոջը։ Գիտե՞ս, թե ինչու։ Պատճառն այն է, որ Հիսուսը հրեա է, իսկ նա՝ սամարացի։ Հրեաների մեծ մասը չի սիրում սամարացիներին։ Նրանք անգամ չեն ցանկանում խոսել նրանց հետ։ Բայց Հիսուսը սիրում է բոլոր մարդկանց։ Ուստի նա ասում է. «Եթե իմանայիր ով է քեզանից ջուր խնդրողը, ապա դու ինքդ նրանից ջուր կխնդրեիր, ու նա քեզ կենարար ջուր կտար»։

— Տե՛ր,— զարմանում է կինը,— ջրհորը խորն է, և դու նույնիսկ դույլ չունես։ Որտեղի՞ց կհանես այդ կենարար ջուրը։

— Եթե խմես այս ջրհորի ջրից, դարձյալ կծարավես,— բացատրում է Հիսուսը։— Իսկ ով խմի այն ջրից, որ ես եմ տալիս, հավիտյան կապրի։

— Տե՛ր,— ասում է կինը,— տո՛ւր ինձ այդ ջուրը, որ ես երբեք չծարավեմ ու այլևս ստիպված չլինեմ գալ այստեղից ջուր հանելու։

Կինը կարծում է, թե Հիսուսն իսկական ջրի մասին է խոսում։ Բայց Հիսուսի ասածը Աստծու և նրա Թագավորության հետ կապված ճշմարտության մասին է։ Այս ճշմարտությունն է կենարար ջուրը։ Այն մարդուն կարող է հավիտենական կյանք տալ։

Այժմ Հիսուսն ասում է նրան. «Գնա՛, ամուսնուդ էլ կանչիր ու միասին եկեք այստեղ»։

— Ես ամուսին չունեմ,— պատասխանում է կինը։

— Ճիշտ ես ասում,— ասում է Հիսուսը։— Դու նախկինում հինգ ամուսին ես ունեցել, իսկ այն մարդը, որի հետ հիմա ապրում ես, քո ամուսինը չէ։

Կինը մնում է ապշած. այդ ամենը ճիշտ էր։ Սակայն Հիսուսն ինչպե՞ս էր տեղյակ դրանցից։ Պատճառն այն է, որ Հիսուսն Աստծու կողմից ուղարկված Խոստացյալ մեկն է, և Աստված է Հիսուսին տալիս այս տեղեկությունները։ Այդ պահին քաղաքից վերադառնում են Հիսուսի աշակերտներն ու զարմանում են, որ նա զրուցում է սամարացի կնոջ հետ։

Ի՞նչ կարելի է սովորել այս պատմությունից։ Այն ցույց է տալիս, որ Հիսուսը բարեհամբույր է բոլոր ազգերի մարդկանց հանդեպ։ Մենք նույնպես այդպես պիտի վարվենք։ Մենք չպիտի որոշ մարդկանց մասին վատը մտածենք՝ ելնելով նրանց ազգային պատկանելությունից։ Հիսուսն ուզում է, որ աշխարհի բոլոր մարդիկ ճանաչեն հավիտենական կյանքի առաջնորդող ճշմարտությունը։ Եկեք մենք էլ նրա օրինակին հետևենք։

Յովհաննէս 4։5-43; 17։3։



Հարցեր

  • Ինչո՞ւ է Հիսուսը կանգնել Սամարիայում գտնվող մի ջրհորի մոտ և ի՞նչ է հայտնում այնտեղ կանգնած մի կնոջ։
  • Ինչո՞ւ է կինը զարմանում, ի՞նչ է Հիսուսը ասում նրան և ինչո՞ւ։
  • Կինը կարծում է, թե Հիսուսը ինչպիսի՞ ջրի մասին է խոսում, սակայն Հիսուսը ի՞նչ ջուր ի նկատի ունի։
  • Ինչո՞ւ է կինը զարմանում, որ Հիսուսը ճանաչում է նրան, և որտեղի՞ց Հիսուսը այդքան բան գիտեր նրա մասին։
  • Ի՞նչ դասեր կարող ենք քաղել այն կնոջ պատմությունից, որը կանգնած էր ջրհորի մոտ։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Յովհաննէս 4։5-43 համարները։

    Հետևելով Հիսուսի օրինակին՝ ինչպե՞ս պետք է վերաբերվենք տարբեր ռասաների ու սոցիալական տարբեր ծագում ունեցող մարդկանց (Յովհ. 4։9; Ա Կորնթ. 9։22; Ա Տիմոթ. 2։3, 4; Տիտոս 2։11)։

    Հոգևոր առումով ի՞նչ օգուտներ է ստանում այն անհատը, որը դառնում է Հիսուսի աշակերտը (Յովհ. 4։14; Ես. 58։11; Բ Կորնթ. 4։16)։

    Ինչպե՞ս կարող ենք մեր գնահատանքը ցույց տալ, ինչպես դա արեց սամարացի կինը, որ փափագում էր պատմել ուրիշներին իր սովորած բաների մասին (Յովհ. 4։7, 28; Մատթ. 6։33; Ղուկ. 10։40-42)։

Իմացիր ավելին

Հիսուսը սովորեցնում է մի սամարացի կնոջ

Հիսուսը սամարացի կնոջն ասում է մի բան, որը ակներևաբար նախկինում ոչ մեկի չէր ասել։