Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 88: Հովհաննեսը մկրտում է Հիսուսին

Պատմություն 88: Հովհաննեսը մկրտում է Հիսուսին

Տե՛ս. աղավնին իջնում է այս մարդու գլխին։ Նա Հիսուսն է։ Հիմա նա մոտ 30 տարեկան է։ Իսկ նրա կողքին կանգնածը Հովհաննեսն է։ Մենք արդեն որոշ բաներ գիտենք նրա մասին։ Հիշո՞ւմ ես, երբ Եղիսաբեթը տեսավ իրեն այցելության եկած Մարիամին, նրա ներսում գտնվող մանուկը խաղաց։ Այդ մանուկը դեռ չծնված Հովհաննեսն էր։ Իսկ ի՞նչ են անում Հովհաննեսն ու Հիսուսը հիմա։

Հիսուսի մկրտությունը

Հովհաննեսը հենց նոր Հիսուսին ընկղմեց Հորդանան գետի մեջ։ Մարդուն հենց այսպես են մկրտում. նախ՝ ընկղմում են ջրի մեջ, հետո դուրս հանում նրան։ Քանի որ Հովհաննեսը մկրտում է ժողովրդին, նրան անվանում են Հովհաննես Մկրտիչ։ Գիտե՞ս, թե Հովհաննեսն ինչու մկրտեց Հիսուսին։

Հիսուսն ինքը եկավ ու խնդրեց Հովհաննեսին մկրտել իրեն։ Հովհաննեսը մկրտում է այն անհատներին, ովքեր ցանկանում են ցույց տալ, որ զղջում են իրենց կատարած սխալ գործերի համար։ Բայց ի՞նչ ես կարծում, Հիսուսը երբևէ սխալ արարք գործե՞լ էր, որի համար զղջար։ Ո՛չ, երբեք, քանի որ Աստծու՝ երկնքից եկած Որդին է։ Նշանակում է, նա մեկ ուրիշ պատճառով է խնդրել Հովհաննեսին, որ իրեն մկրտի։ Տեսնենք, թե որն է այդ պատճառը։

Նախքան Հովհաննեսի մոտ գալը Հիսուսն ատաղձագործություն էր անում։ Ատաղձագործն այն մարդն է, որը փայտից իրեր է պատրաստում՝ սեղան, աթոռ, նստարան։ Մարիամի ամուսինը՝ Հովսեփը, ատաղձագործ էր, և նա այդ արհեստը սովորեցրել էր նաև Հիսուսին։ Բայց Եհովան իր Որդուն երկիր չուղարկեց, որ ատաղձագործ դառնար։ Նա Հիսուսին առանձնահատուկ գործով ուղարկեց և ահա հասել է ժամանակը այն իրագործելու։ Հիսուսն իր հոր կամքն անելու պատրաստակամությունը ցույց է տալիս նրանով, որ խնդրում է Հովհաննեսին մկրտել իրեն։ Իսկ Աստված հավանություն տալի՞ս է։

Իհարկե. դա երևում է այն բանից, որ երբ Հիսուսը դուրս է գալիս ջրից, երկնքից մի ձայն է լսվում. «Սա է իմ սիրելի Որդին, որին հավանում եմ»։ Եվ երկինքը կարծես բացվում է, ու այս աղավնին իջնում է Հիսուսի վրա։ Բայց սա իսկական աղավնի չէ։ Այն պարզապես աղավնու տեսք ունի։ Իրականում այն Աստծու սուրբ ոգին է։

Հիմա արդեն Հիսուսը մտածելու շատ բաներ ունի, ուստի գնում է մի ամայի տեղ ու 40 օր առանձնանում։ Այնտեղ Սատանան մոտենում ու երեք անգամ փորձում է նրան, որպեսզի Հիսուսն Աստծու օրենքները մի ինչ-որ բանում խախտի։ Բայց վերջինս դա չի անում։

Դրանից հետո Հիսուսը վերադառնում է ու հանդիպում մի քանի մարդկանց, որոնք դառնում են իր առաջին հետևորդները՝ աշակերտները։ Նրանցից մի քանիսի անուններն են՝ Անդրեաս, Պետրոս (որին նաև կոչում են Սիմոն), Փիլիպպոս և Նաթանայել, (որը նաև կոչվում է Բարթողոմեոս)։ Հիսուսն իր նոր աշակերտների հետ գնում է Գալիլեայի երկրամաս։ Այնտեղ նրանք կանգ են առնում Նաթանայելի ծննդավայրում՝ Կանայում։ Այստեղ Հիսուսը մասնակցում է հարսանեկան մի մեծ խնջույքի ու կատարում իր առաջին հրաշքը։ Գիտե՞ս, թե ինչ հրաշք էր դա։ Նա ջուրը գինի է դարձնում։

Մատթէոս 3։13-17; 4։1-11; 13։55; Մարկոս 6։3; Յովհաննէս 1։29-51; 2։1-12։



Հարցեր

  • Ովքե՞ր են նկարում պատկերված երկու մարդիկ։
  • Ինչպե՞ս են մկրտում մարդուն։
  • Հովհաննեսը սովորաբար ո՞ւմ է մկրտում։
  • Ի՞նչ հատուկ պատճառով է Հիսուսը խնդրում Հովհաննեսին, որ նա մկրտի իրեն։
  • Աստված ինչպե՞ս ցույց տվեց, որ հավանություն է տալիս Հիսուսի մկրտությանը։
  • Ի՞նչ է տեղի ունենում, երբ Հիսուսը գնում է մի ամայի վայր ու մնում այնտեղ 40 օր։
  • Ովքե՞ր են Հիսուսի առաջին հետևորդներից կամ աշակերտներից մի քանիսը, և ո՞րն է Հիսուսի կատարած առաջին հրաշքը։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Մատթէոս 3։13-17 համարները։

    Մկրտվելով՝ Հիսուսը իր աշակերտներին ի՞նչ օրինակ է թողել (Սաղ. 40։7, 8; Մատթ. 28։19, 20; Ղուկ. 3։21, 22)։

  • Կարդա՛ Մատթէոս 4։1-11 համարները։

    Այն, որ Հիսուսը հմտորեն էր գործածում Գրությունները, ինչպե՞ս է մեզ քաջալերում կանոնավորաբար ուսումնասիրել Աստվածաշունչը (Մատթ. 4։5-7; Բ Պետ. 3։17, 18; Ա Յովհ. 4։1)։

  • Կարդա՛ Յովհաննէս 1։29-51 համարները։

    Հովհաննես Մկրտիչը իր աշակերտների ուշադրությունը ո՞ւմ վրա հրավիրեց, և այսօր ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան (Յովհ. 1։29, 35, 36; 3։30; Մատթ. 23։10)։

  • Կարդա՛ Յովհաննէս 2։1-12 համարները։

    Հիսուսը իր կատարած առաջին հրաշքով ինչպե՞ս ցույց տվեց, որ Եհովան իր ծառաներին ոչ մի բարիքից չի զրկում (Յովհ. 2։9, 10; Սաղ. 84։11; Յակ. 1։17)։

Իմացիր ավելին

Հովհաննես Մկրտիչը պատրաստում է ճանապարհը

Երբ որոշ փարիսեցիներ ու սադուկեցիներ գալիս են Հովհաննես Մկրտչի մոտ, նա դատապարտում է նրանց։ Ինչո՞ւ։

Հիսուսի առաջին հրաշքը

Հիսուսը ակնարկում է, որ իր երկնային Հայրը պետք է ուղղություն տա իր քայլերին, ոչ թե իր մայրը։