Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 84: Հրեշտակն այցելում է Մարիամին

Պատմություն 84: Հրեշտակն այցելում է Մարիամին

Այս գեղեցկատես երիտասարդ աղջիկը Մարիամն է։ Նա իսրայելացի է ու ապրում է Նազարեթ քաղաքում։ Աստված գիտի, որ նա հրաշալի անձնավորություն է։ Ահա թե ինչու է նա ուղարկում իր Գաբրիել հրեշտակին Մարիամի հետ խոսելու։ Իսկ գիտե՞ս, թե Գաբրիելն ինչ է ասելու նրան։ Հիմա կիմանանք։

— Ողջո՛ւյն քեզ, ո՛վ շնորհընկալ,— ասում է նրան Գաբրիելը։— Եհովան քեզ հետ է։— Մարիամը նախկինում երբեք չի հանդիպել այդ անձնավորությանը։ Նա շփոթված է, որովհետև չի պատկերացնում, թե ինչ կարող է նշանակել այդ ամենը։ Բայց Գաբրիելն անմիջապես ցրում է նրա տագնապները։

Մարիամը

— Մի՛ վախեցիր, Մարիա՛մ,— ասում է նա,— որովհետև Աստծուց շնորհ գտար։ Նա մի զարմանալի բան է կատարելու քեզ համար. դու կհղիանաս ու որդի կծնես և նրա անունը Հիսուս կդնես։

Գաբրիելը շարունակում է բացատրել. «Նա մեծ կլինի ու Բարձրյալի որդի կկոչվի։ Եհովան նրան Դավթի պես թագավոր կդարձնի։ Բայց Հիսուսը հավիտյան է թագավորելու, նրա թագավորությանը վերջ չի լինելու»։

— Բայց այդ ամենն ինչպե՞ս կարող է տեղի ունենալ,— հարցնում է Մարիամը։— Չէ՞ որ ես ամուսնացած չեմ։ Ես տղամարդու հետ չեմ ապրել, ուրեմն ինչպե՞ս կարող եմ երեխա ունենալ։

— Բարձրյալի զորությունը կհովանավորի քեզ,— պատասխանում է Գաբրիելը։— Ու այդ պատճառով երեխան Աստծու Որդի կկոչվի։— Ապա շարունակում է. «Հիշի՛ր քո ազգականուհի Եղիսաբեթին։ Մարդիկ ասում էին, որ նա շատ ծեր է երեխա ունենալու համար, բայց նա շուտով որդի է ունենալու։ Այնպես որ, Աստծու համար անկարելի ոչինչ չկա»։

Մարիամն անմիջապես պատասխանում է. «Ես Եհովայի աղախինն եմ։ Թո՛ղ որ ամեն բան կատարվի քո խոսքերի համաձայն»։ Այս խոսքերից հետո հրեշտակը հեռանում է։

Մարիամը շտապ ճանապարհ է ընկնում Եղիսաբեթի մոտ։ Նրա ձայնը լսելուն պես՝ Եղիսաբեթի ներսում գտնվող մանուկը ուրախությունից խաղում է։ Այդ ժամանակ Եղիսաբեթը լցվում է Աստծու ոգով ու ասում Մարիամին. «Դու ամենաօրհնյալն ես կանանց մեջ»։ Մոտ երեք ամիս այնտեղ հյուրընկալվելուց հետո նա վերադառնում է տուն՝ Նազարեթ քաղաքը։

Մարիամն արդեն ուր որ է պիտի ամուսնանա Հովսեփի հետ։ Բայց իմանալով, որ իր նշանածը երեխայի է սպասում, Հովսեփը փոխում է նրա հետ ամուսնանալու իր մտադրությունը։ Այդ ժամանակ Աստծու հրեշտակը հայտնվում է նրան ու ասում. «Մի՛ վախեցիր Մարիամին քեզ համար կին առնել, որովհետև նրանից ծնված մանուկն Աստծուց է»։ Այսպիսով՝ Մարիամն ու Հովսեփն ամուսնանում են և սպասում Հիսուսի աշխարհ գալուն։

Ղուկաս 1։26-56; Մատթէոս 1։18-25։



Հարցեր

  • Ո՞վ է նկարում պատկերված կինը։
  • Գաբրիելը ի՞նչ է հայտնում Մարիամին։
  • Գաբրիելն ինչպե՞ս է բացատրում Մարիամին, որ նա երեխա է ունենալու, չնայած որ տղամարդու հետ չէր ապրել։
  • Ի՞նչ է տեղի ունենում, երբ Մարիամն այցելության է գնում իր ազգականուհի Եղիսաբեթին։
  • Հովսեփն ի՞նչ է մտածում, երբ իմանում է, որ Մարիամը հղի է, և ինչո՞ւ է նա մտափոխվում։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Ղուկաս 1։26-56 համարները։

    Ղուկաս 1։35 համարն ինչպե՞ս է ցույց տալիս, որ ադամական մեղքը չէր ազդել Մարիամի ձվաբջջի վրա, երբ Աստծու Որդու կյանքը ոգեղեն ոլորտից տեղափոխվեց Մարիամի մեջ (Ղուկ. 1։35; Անգէ 2։11-13; Յովհ. 6։70; Եբր. 7։26; 10։5)։

    Հիսուսն ինչպե՞ս պատվի արժանացավ նույնիսկ ծնվելուց առաջ (Ղուկ. 1։41-43)։

    Մարիամն ի՞նչ հրաշալի օրինակ է թողել մեր օրերի այն քրիստոնյաների համար, ովքեր ծառայության մեջ առանձնաշնորհումներ են ստանում (Ղուկ. 1։38, 46-49; 17։10; Առակ. 11։2)։

  • Կարդա՛ Մատթէոս 1։18-25 համարները։

    Թեև Հիսուսի անունը Էմմանուել չէր, ինչպե՞ս նա որպես մարդ ապրեց այդ անվան նշանակության համաձայն (Մատթ. 1։22, 23; Յովհ. 14։8-10; Եբր. 1։1-3)։

Իմացիր ավելին

Երկու կարևոր լուր՝ Աստծուց

Գաբրիել հրեշտակը երկու լուր է հայտնում, որոնց դժվար է հավատալ։

Մարիամ. աստվածաշնչյան քարտ

Իմացիր, թե ուր տարավ Մարիամը 40 օրական Հիսուսին։ Տպիր, կտրիր և պահիր այս աստվածաշնչյան քարտը։

Մարիամ. «Ահա՛ Եհովայի աղախինը»

Գաբրիել հրեշտակին տված պատասխանից ինչպե՞ս է երևում Մարիամի հավատը։ Ուրիշ ի՞նչ հիանալի հատկություններ դրսևորեց նա։