Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 101: Հիսուսին մահվան են դատապարտում

Պատմություն 101: Հիսուսին մահվան են դատապարտում

Տե՛ս… Ի՜նչ սարսափելի տեսարան է։ Հիսուսին մահապատժի են ենթարկել։ Նրան ցցին են գամել՝ ձեռքերն ու ոտքերը մեխելով։ Բայց ինչո՞ւ են Հիսուսի հետ այդպես վարվում։

Հիսուսը մահանում է

Պատճառն այն է, որ որոշ անձնավորություններ ատում են նրան։ Գիտե՞ս, թե ովքեր են դրանք. մեկը Բանսարկու Սատանան է՝ չար հրեշտակը։ Նա է, որ կարողացել էր Ադամին ու Եվային անհնազանդության դրդել Եհովայի դեմ։ Եվ հիմա նույն Սատանան պատճառ է հանդիսանում, որ Հիսուսի թշնամիներն այս սոսկալի ոճիրը կատարեն։

Նախքան Հիսուսին ցից հանելը, թշնամիները չարչարեցին և ծաղր ու ծանակի ենթարկեցին նրան։ Հիշո՞ւմ ես, թե ինչպես նրանք եկան Գեթսեմանի պարտեզ ու ձերբակալեցին Հիսուսին։ Իսկ ովքե՞ր էին այդ թշնամիները։ Այո՛, նրանք կրոնական առաջնորդներն էին։ Ե՛կ տեսնենք, թե ինչ է պատահում հետո։

Երբ կրոնական առաջնորդները ձերբակալում են Հիսուսին, առաքյալները փախչում են։ Վախից նրանք Հիսուսին թշնամիների հետ մենակ են թողնում։ Սակայն Պետրոս և Հովհաննես առաքյալները շատ հեռու չեն գնում։ Նրանք հետևում են դեպքերի ընթացքին, որպեսզի տեսնեն, թե ինչ է լինելու հետո։

Քահանաները Հիսուսին տանում են Աննա անունով մի ծեր մարդու մոտ, որը նախկինում քահանայապետ էր։ Սակայն ամբոխն այստեղ երկար չի մնում։ Նրանք Հիսուսին տանում են այդ ժամանակվա քահանայապետ Կայիափայի մոտ։ Նրա տանը շատ կրոնական առաջնորդներ են հավաքվել։

Այդտեղ՝ Կայիափայի տանը, նրանք Հիսուսին դատում են։ Ապա մարդիկ են բերվում նրա մասին սուտ վկայություն տալու համար։ Կրոնական առաջնորդները միաձայն պնդում են. «Հիսուսին պետք է սպանե՛լ»։ Հետո թքում են նրա երեսին և բռունցքներով հարվածում։

Այդ ամբողջ ժամանակ Պետրոսը բակում է գտնվում։ Ցուրտ գիշեր է, և մարդիկ կրակ են վառել։ Մինչ նրանք կրակի շուրջ կանգնած տաքանում են, մի կին, որը աղախին էր, նայում է Պետրոսին ու ասում.

— Ա՛յս մարդն էլ էր Հիսուսի հետ։

— Ո՛չ, ես նրա հետ չեմ եղել,— պատասխանում է Պետրոսը։

Երեք անգամ մարդիկ պնդում են, որ Պետրոսն էլ էր Հիսուսի հետ, բայց երեք դեպքերում էլ նա ժխտում է։ Եվ երրորդ անգամ Հիսուսը շրջվում է ու նայում նրան։ Պետրոսը շատ է զղջում իր սուտ խոսելու համար, ուստի մի կողմ է հեռանում ու սկսում լաց լինել։

Ուրբաթ առավոտյան՝ արևածագին, քահանաները Հիսուսին տանում են իրենց մեծ հավաքատեղին՝ Սինեդրիոն։ Այստեղ նրանք խորհրդակցում են, թե ինչպես վարվեն նրա հետ։ Հետո Հիսուսին տանում են Պոնտացի Պիղատոսի՝ Հրեական մարզի կառավարչի մոտ։

— Այս մարդը չարագործ է,— ասում են քահանաները Պիղատոսին։— Նրան սպանել է պետք։

Հիսուսին մի քանի հարց տալուց հետո Պիղատոսն ասում է. «Ես ոչ մի հանցանք չեմ գտնում այս մարդու մեջ»։ Եվ նա Հիսուսին ուղարկում է Գալիլեայի կառավարիչ Հերովդես Անտիպասի մոտ։ Չնայած վերջինս Գալիլեայի կառավարիչն է, բայց այդ ժամանակ գտնվում է Երուսաղեմում։ Նա ևս ոչ մի հանցանք չի գտնում Հիսուսի մեջ և վերջինիս դարձյալ ուղարկում է Պիղատոսի մոտ։

Պիղատոսն ուզում է ազատ արձակել Հիսուսին, սակայն նրա թշնամիները պահանջում են, որ նրա փոխարեն ազատ արձակվի մեկ ուրիշ բանտարկյալ։ Այդ բանտարկյալը ավազակ Բարաբբան է։ Կեսօրին մոտ էր արդեն, երբ Պիղատոսը Հիսուսին դուրս է բերում ժողովրդի առջև. «Ահա՛ ձեր թագավորը»։ Քահանայապետներն աղաղակում են. «Տարե՛ք նրան։ Սպանե՛ք, սպանե՛ք նրան»։ Պիղատոսին ոչինչ չի մնում անելու, եթե ոչ ազատ արձակել Բարաբբային. իսկ Հիսուսին տանում են սպանելու։

Մատթէոս 26։57-75; 27։1-50; Ղուկաս 22։54-71; 23։1-49; Յովհաննէս 18։12-40; 19։1-30։



Հարցեր

  • Գլխավորապես ո՞վ է պատասխանատու Հիսուսի մահվան համար։
  • Առաքյալներն ի՞նչ են անում, երբ կրոնական առաջնորդները ձերբակալում են Հիսուսին։
  • Ի՞նչ է տեղի ունենում քահանայապետ Կայիափայի տանը։
  • Պետրոսը ինչո՞ւ է մի կողմ գնում և լաց լինում։
  • Երբ Հիսուսին նորից բերում են Պիղատոսի մոտ, քահանայապետներն ի՞նչ են աղաղակում։
  • Ուրբաթ օրը՝ կեսօրից անմիջապես հետո, ի՞նչ է տեղի ունենում, և Հիսուսը ի՞նչ է խոստանում իր կողքի հանցագործին, որ գամված էր ցցին։
  • Որտե՞ղ է գտնվելու այն Դրախտը, որի մասին խոսեց Հիսուսը։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Մատթէոս 26։57-75 համարները։

    Հրեական բարձրագույն ատյանի անդամները ինչպե՞ս ցույց տվեցին, որ իրենց սրտերը չար են (Մատթ. 26։59, 67, 68)։

  • Կարդա՛ Մատթէոս 27։1-50 համարները։

    Ինչո՞ւ կարող ենք ասել, որ իրականում Հուդան անկեղծորեն չէր զղջացել (Մատթ. 27։3, 4; Մարկ. 3։29; 14։21; Բ Կորնթ. 7։10, 11)։

  • Կարդա՛ Ղուկաս 22։54-71 համարները։

    Ի՞նչ դաս կարող ենք քաղել այն բանից, որ Պետրոսը ուրացավ Հիսուսին նրա մատնության և ձերբակալության գիշերը (Ղուկ. 22։60-62; Մատթ. 26։31-35; Ա Կորնթ. 10։12)։

  • Կարդա՛ Ղուկաս 23։1-49 համարները։

    Հիսուսն ինչպե՞ս արձագանքեց իր հանդեպ ցուցաբերված անարդարությանը, և ի՞նչ դաս կարող ենք քաղել դրանից (Ղուկ. 23։33, 34; Հռովմ. 12։17-19; Ա Պետ. 2։23)։

  • Կարդա՛ Յովհաննէս 18։12-40 համարները։

    Ի՞նչ է երևում այն բանից, որ թեև Պետրոսը մի պահ ընկավ մարդավախության մեջ, բայց հետո հոգևորապես ամրացավ ու դարձավ հայտնի առաքյալ (Յովհ. 18։25-27; Ա Կորնթ. 4։2; Ա Պետ. 3։14, 15; 5։8, 9)։

  • Կարդա՛ Յովհաննէս 19։1-30 համարները։

    Հիսուսը նյութական իրերի հանդեպ ի՞նչ հավասարակշռված տեսակետ ուներ (Յովհ. 2։1, 2, 9, 10; 19։23, 24; Մատթ. 6։31, 32; 8։20)։

    Մահից առաջ Հիսուսի ասած հաղթական խոսքերը ինչպե՞ս են վկայում այն մասին, որ նա ջատագովում էր Եհովայի գերիշխանությունը (Յովհ. 16։33; 19։30; Բ Պետ. 3։14; Ա Յովհ. 5։4)։

Իմացիր ավելին

Հիսուսին տանում են նախ Հաննայի, ապա Կայիափայի մոտ

Հիսուսի դատաքննությունը արդարադատության ակնհայտ ոտնահարում է։

Սինեդրիոնը հարցաքննում է Հիսուսին և ուղարկում Պիղատոսի մոտ

Հրեա կրոնական առաջնորդները ցույց են տալիս, թե իրականում որն է իրենց մտադրությունը։

Տառապանքներ է կրում ցցի վրա

Հիսուսը ապագայի հույս է տալիս հանցագործներից մեկին, որն իր հետ մահվան է դատապարտվել։

Անգիր սովորիր Հովհաննես 3։16

Անգիր սովորիր Հովհաննես 3։16 համարը և ծառայության ժամանակ օգտագործիր այն։