Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 83: Երուսաղեմի պարիսպները

Պատմություն 83: Երուսաղեմի պարիսպները
Աշխատողները վերակառուցում են Երուսաղեմի պարիսպները

Նայի՛ր, թե ինչ աշխատանք է կատարվում այստեղ։ Իսրայելացիները զբաղված են Երուսաղեմի պարիսպները վերականգնելով։ 152 տարի առաջ, երբ Նաբուգոդոնոսոր թագավորն ավերեց Երուսաղեմը, նա նաև քանդեց քաղաքի պարիսպները, իսկ դարպասներն այրեց։ Բաբելոնից հայրենիք վերադարձած առաջին իսրայելացիները նոր պարիսպներ չկառուցեցին։

Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս էին իրենց զգում Երուսաղեմի բնակիչներն այն տարիներին, երբ քաղաքն առանց պարիսպների էր մնացել։ Իհարկե, անապահով։ Թշնամիները հեշտությամբ կարող էին գալ ու նրանց վրա հարձակվել։ Բայց ահա եկել է այն օրը, երբ այս մարդը՝ Նեեմիան, օգնում է ժողովրդին վերականգնելու պարիսպները։ Գիտե՞ս, թե ով է Նեեմիան։

Նեեմիան իսրայելացի է՝ եկած Շուշան քաղաքից, որտեղ ապրում են նաև Մուրթքեն ու Եսթերը։ Նա ծառայում է թագավորի պալատում և, հավանաբար, մոտիկից է ճանաչում Մուրթքեին ու Եսթերին։ Բայց Աստվածաշնչից իմանում ենք, որ նա ծառայում էր ոչ թե Եսթերի ամուսնու՝ Ասուերոս թագավորի, այլ նրա հաջորդի՝ Արտաշեսի օրոք։

Եթե հիշում ես, Արտաշեսը այն բարի թագավորն էր, որը Եզրասին օգնեց դրամով Եհովայի տաճարը վերաշինելու համար։ Բայց Եզրասը չվերակառուցեց քաղաքի փլված պարիսպները։ Եկ տեսնենք, թե ինչպես պատահեց, որ այդ գործը ձեռնարկեց Նեեմիան։

Արդեն 13 տարի է անցել այն օրից, երբ Արտաշեսը Եզրասին գումար էր տվել տաճարի վերականգնման աշխատանքների համար։ Նեեմիան հիմա Արտաշես թագավորի գլխավոր մատռվակն է։ Սա նշանակում է, որ միայն ինքն է թագավորին գինի մատուցում ու հսկում, որպեսզի ոչ մեկը նրան չթունավորի։ Սա շատ պատասխանատու աշխատանք է։

Եվ ահա մի անգամ Նեեմիայի եղբայր Անանին մի քանի իսրայելացիների հետ գալիս է նրան այցելության։ Նրանք պատմում են իսրայելացիների կրած դժվարություններից, ինչպես նաև այն մասին, որ Երուսաղեմի պարիսպները շարունակում են քանդված մնալ։ Այդ լուրը Նեեմիային խիստ տխրեցնում է, ու նա դրա մասին աղոթում է Եհովային։

Թագավորի աչքից չի վրիպում Նեեմիայի տխրությունը և օրերից մի օր հարցնում է. «Ինչո՞ւ ես այդքան տխուր»։ Նեեմիան պատասխանում է, որ պատճառը Երուսաղեմի անմխիթար վիճակն է, և որ նրա պարիսպները մինչև հիմա քանդված են մնացել։ «Ի՞նչ է սրտիդ ուզածը»,— հարցնում է թագավորը։

Նեեմիան ղեկավարում է շինարարական աշխատանքները

— Թո՛ւյլ տուր ինձ գնալ Երուսաղեմ,— պատասխանում է Նեեմիան,— և վերաշինել Երուսաղեմի պարիսպները։— Լինելով շատ բարի անձնավորություն՝ Արտաշես թագավորը ոչ միայն չի արգելում Նեեմիային գնալ, այլ նույնիսկ օգնում է նրան՝ որոշ քանակությամբ փայտանյութ տալով շինարարության համար։ Շուտով Նեեմիան հասնում է Երուսաղեմ ու այնտեղի ժողովրդին հայտնում իր ծրագրերի մասին։ Նրանց շատ է դուր գալիս այդ գաղափարը ու միահամուռ կերպով համաձայնվում են. «Եկե՛ք, սկսե՛նք կառուցել»։

Իսրայելացիների թշնամիները, տեսնելով, որ պարիսպները սկսում են բարձրանալ, ասում են. «Մենք կգնանք, կսպանենք նրանց ու կդադարեցնենք աշխատանքը»։ Բայց Նեեմիան տեղեկանում է այդ մասին և, շինարարներին սրեր ու նիզակներ բաժանելով՝ ասում է. «Ոչ մի թշնամուց չվախենա՛ք։ Կռվե՛ք հանուն ձեր եղբայրների, երեխաների, կանանց ու ձեր տների»։

Այդ խոսքերը արիություն են ներշնչում շինարարներին։ Գիշեր ու ցերեկ իրենց զենքերը պատրաստ պահած՝ նրանք շարունակում են աշխատանքը։ Եվ արդյունքում՝ ընդամենը 52 օրում, պարիսպների շինարարությունն ավարտվում է։ Ժողովուրդն արդեն իրեն ապահով է զգում։ Նեեմիան ու Եզրասը սովորեցնում են ժողովրդին Աստծու օրենքները, և մարդիկ երջանիկ են։

Այնուամենայնիվ, այստեղի կյանքը բոլորովին չի հիշեցնում բաբելոնյան գերությունից առաջ ապրած ժամանակները։ Ժողովուրդն ապրում է պարսից թագավորի տիրապետության տակ և նրան պիտի ծառայի։ Բայց Եհովան խոստացել է նրանց ուղարկել մի նոր թագավոր՝ այնպիսի մեկին, որը ժողովրդին լիարժեք երջանկություն ու խաղաղություն կբերի։ Ո՞վ է լինելու այդ թագավորը։ Ինչպե՞ս է նա երկրի վրա խաղաղություն հաստատելու։ Այդ մասին տեղեկություններ են ստացվում միայն մոտ 450 տարի հետո, երբ տեղի է ունենում պատմության մեջ ամենանշանավոր երեխայի ծնունդը։ Բայց այդ մասին՝ հաջորդ գլխում։

Նէեմիա 1-6 գլուխներ։



Հարցեր

  • Այն, որ Երուսաղեմն առանց պարիսպների էր մնացել, ի՞նչ զգացումներ էր արթնացնում իսրայելացիների մեջ։
  • Ո՞վ է Նեեմիան։
  • Ինչո՞վ է զբաղվում Նեեմիան, և ինչո՞ւ է դա կարևոր։
  • Ո՞ր լուրերն են Նեեմիային տխրեցնում, և նա ի՞նչ է անում։
  • Արտաշես թագավորը ինչպե՞ս է բարություն ցուցաբերում Նեեմիայի նկատմամբ։
  • Ինչպե՞ս է Նեեմիան կազմակերպում շինարարական աշխատանքը, որ իսրայելացիների թշնամիները չեն կարողանում կանգնեցնել այն։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Նէեմիա 1։4-6; 2։1-20 համարները։

    Ինչպե՞ս Նեեմիան Եհովայի առաջնորդությունը փնտրեց (Նէեմ. 2։4, 5; Հռովմ. 12։12; Ա Պետ. 4։7)։

  • Կարդա՛ Նէեմիա 3։3-5 համարները։

    Երեցներին ու ծառայող օգնականներին ի՞նչ կարող է սովորեցնել այն, որ տարբերություն կար թեկուացիների և նրանց «երեւելիների» միջև (Նէեմ. 3։5, 27; Բ Թեսաղ. 3։7-10; Ա Պետ. 5։5)։

  • Կարդա՛ Նէեմիա 4։1-23 համարները։

    Ի՞նչն էր մղում իսրայելացիներին շարունակելու շինարարությունը՝ չնայած խիստ հակառակությանը (Նէեմ. 4։6, 8, 9; Սաղ. 50։15; Ես. 65։13, 14)։

    Ինչպե՞ս է իսրայելացիների օրինակը քաջալերում մեզ այսօր։

  • Կարդա՛ Նէեմիա 6։15 համարը։

    Այն, որ Երուսաղեմի պարիսպների շինարարությունը ավարտվեց երկու ամսում, ի՞նչ է ցույց տալիս հավատի զորության մասին (Սաղ. 56։3, 4; Մատթ. 17։19; 19։26)։