Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն

Պատմություն 81: Նրանք ապավինեցին Աստծուն

Պատմություն 81: Նրանք ապավինեցին Աստծուն

Մոտ 50 000 մարդ Բաբելոնից երկար ճանապարհորդություն է կատարում դեպի Երուսաղեմ։ Բայց տեղ հասնելուն պես պարզ է դառնում, որ երբեմնի Երուսաղեմից մնացել էր միայն ավերակների մի մեծ կույտ։ Ոչ ոք այնտեղ չի ապրում։ Հարկավոր է ամեն ինչ նորից սկսել։

Առաջին հերթին կառուցված բաների թվում է զոհասեղանը՝ մի տեղ, որտեղ Եհովային մատուցվում են կենդանիների զոհաբերություններ կամ ընծաներ։ Մի քանի ամիս հետո ժողովուրդը սկսում է տաճարի շինարարությունը։ Բայց մերձակա վայրերում ապրող թշնամիները չեն ուզում, որ իսրայելացիներն այն կառուցեն։ Ուստի փորձում են վախեցնել նրանց, որ դադարեցնեն շինարարությունը։ Վերջիվերջո, թշնամիները հասնում են այն բանին, որ Պարսկաստանի նոր թագավորի կողմից հրաման է արձակվում դադարեցնել տաճարի շինարարությունը։

Անցնում են տարիներ։ Արդեն 17 տարի է, ինչ իսրայելացիները վերադարձել են Բաբելոնից։ Եհովան իր Անգե և Զաքարիա մարգարեներին ուղարկում է ժողովրդին քաջալերելու, որ վերսկսեն շինարարական աշխատանքները։ Ժողովուրդը, ապավինելով Աստծու օգնությանը, այդպես էլ անում է։ Նրանք նորից սկսում են կառուցել տաճարը, թեև թագավորը արգելել է։

Եվ ահա պարսից պաշտոնյա Թաթանային գալիս է ու հարցնում, թե ով է իսրայելացիներին թույլ տվել տաճարը կառուցել։ Վերջիններս պատասխանում են, որ երբ իրենք դեռ Բաբելոնում էին, Կյուրոս թագավորն ասել էր նրանց. «Գնացե՛ք Երուսաղեմ ու կառուցեք ձեր Աստծու՝ Եհովայի տաճարը»։

Թաթանային նամակ է ուղարկում Բաբելոն ու հարցում կատարում, թե արդյոք Կյուրոսի կենդանության օրոք նման հրաման արձակվել է։ Շուտով Պարսկաստանի նոր թագավորից եկած պատասխանը հաստատում է, որ Կյուրոսն իրոք տվել է այդպիսի հրաման։ Թագավորն այսպես է գրում. «Թույլ տուր իսրայելացիներին, որ կառուցեն իրենց Աստծու տաճարը, իսկ դուք օգնե՛ք նրանց»։ Մոտավորապես չորս տարվա ընթացքում տաճարի շինարարությունն ավարտվում է. իսրայելացիներն անչափ երջանիկ են։

Անցնում են երկար տարիներ. տաճարի շինարարության ավարտից հաշված՝ մոտ 48 տարի։ Երուսաղեմի ժողովուրդն ապրում է աղքատության մեջ, իսկ Աստծու տաճարը դեռևս անշուք տեսք ունի։ Այդ մասին իմանում է Բաբելոնում բնակվող մի իսրայելացի՝ Եզրաս անունով։ Իսկ գիտե՞ս, թե նա ինչ է անում։

Եզրասը դիմում է Պարսկաստանի թագավոր Արտաշեսին, և այս բարի թագավորը նրան շատ ընծաներ է տալիս Երուսաղեմ տանելու համար։ Եզրասը Բաբելոնում բնակվող իսրայելացիներին խնդրում է, որ իրեն օգնեն այդ ընծաները տանել Երուսաղեմ։ Գնալու ցանկություն հայտնողների թիվը հասնում է մոտ 6 000-ի։ Նրանք մեծ քանակությամբ արծաթ, ոսկի և ուրիշ արժեքավոր իրեր ունեն իրենց հետ տանելու։

Եզրասին խիստ անհանգստացնում է այն միտքը, որ չլինի թե ճանապարհին ավազակները հարձակվեն իրենց վրա։ Այդ մարդիկ կարող են խլել արծաթն ու ոսկին, իսկ իրենց՝ սպանել։ Ուստի Եզրասը հավաքում է ժողովրդին, ինչպես որ տեսնում ես այս նկարում։ Ապա բոլորը միասին աղոթքով դիմում են Եհովային՝ խնդրելով նրա պաշտպանությունն այդ դժվարին ճանապարհորդության ընթացքում դեպի Երուսաղեմ։

Եզրասը աղոթում է մարդկանց հետ

Եհովան իսկապես պաշտպանում է նրանց։ Չորս ամիս ճանապարհորդելուց հետո նրանք ապահով հասնում են Երուսաղեմ։ Արդյո՞ք այս պատմությունը հերթական անգամ մեզ չի հավաստիացնում, որ Եհովան կարող է պաշտպանել նրանց, ովքեր իրեն են ապավինում։

Եզրաս 2-8 գլուխներ։



Հարցեր

  • Քանի՞ մարդ ճանապարհ ընկավ Բաբելոնից դեպի Երուսաղեմ, բայց երբ նրանք տեղ են հասնում, ի՞նչ են տեսնում։
  • Իսրայելացիներն ի՞նչ են սկսում կառուցել, սակայն նրանց թշնամիներն ի՞նչ են անում։
  • Ովքե՞ր են Անգեն ու Զաքարիան, ու նրանք ի՞նչ են հայտնում ժողովրդին։
  • Ինչո՞ւ է Թաթանային նամակ ուղարկում Բաբելոն և ի՞նչ պատասխան է ստանում։
  • Եզրասն ինչպե՞ս է վարվում, երբ իմանում է, որ պետք է վերանորոգել Աստծու տաճարը։
  • Ինչպես ցույց է տրված նկարում, Եզրասն ինչի՞ մասին է աղոթում, նրա աղոթքն ինչպե՞ս է պատասխանվում, և ի՞նչ ենք սովորում դրանից։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Եզրաս 3։1-13 համարները։

    Եթե երբևիցե հայտնվենք այնպիսի վայրում, որտեղ Աստծու ժողովրդի ժողովներ չկան, ի՞նչ պետք է շարունակենք անել (Եզր. 3։3, 6; Գործք 17։16, 17; Եբր. 13։15)։

  • Կարդա՛ Եզրաս 4։1-7 համարները։

    Զորաբաբելը միջդավանանքային հարցերում ի՞նչ օրինակ թողեց Եհովայի ժողովրդի համար (Ելից 34։12; Ա Կորնթ. 15։33; Բ Կորնթ. 6։14-17)։

  • Կարդա՛ Եզրաս 5։1-5, 17; 6։1-22 համարները։

    Ինչո՞ւ հակառակորդներին չհաջողվեց կանգնեցնել տաճարի շինարարությունը (Եզր. 5։5; Ես. 54։17)։

    Եբրայեցի ծերերի ձեռնարկած քայլը ինչպե՞ս է քաջալերում քրիստոնյա երեցներին, որպեսզի նրանք փնտրեն Եհովայի առաջնորդությունը, երբ դժվարությունների են հանդիպում (Եզր. 6։14; Սաղ. 32։8; Հռովմ. 8։31; Յակ. 1։5)։

  • Կարդա՛ Եզրաս 8։21-23, 28-36 համարները։

    Որևէ գործ ձեռնարկելուց առաջ ո՞ր հարցում լավ կլինի հետևել Եզրասի օրինակին (Եզր. 8։23; Սաղ. 127։1; Առակ. 10։22; Յակ. 4։13-15)։