Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 78: Ձեռքը գրում է պատի վրա

Պատմություն 78: Ձեռքը գրում է պատի վրա
Հայտնված ձեռքը գրում է պատին

Ի՞նչ է կատարվում այստեղ։ Այս մարդիկ ճոխ խնջույք են սարքել։ Բաբելոնի թագավորը հազարավոր մեծապատիվ հյուրերի է հրավիրել։ Նրանք խմում են Եհովայի տաճարից բերված ոսկե և արծաթե գավաթներով ու բաժակներով։ Բայց, անսպասելիորեն օդի մեջ մարդու ձեռք է հայտնվում և սկսում գրել պատի վրա։ Բոլորը վախից քարանում են։

Բաղդասարն ու իր հյուրերը

Այժմ Բաբելոնում թագավորում է Նաբուգոդոնոսորի թոռը՝ Բաղդասարը։ Նա հրամայում է իր մոտ բերել բոլոր իմաստուններին։ «Նա, ով որ կարողանա կարդալ այս գրվածքն ու հաղորդել ինձ նրա մեկնությունը,— հայտարարում է թագավորը,— շատ նվերներ կստանա ու երրորդ իշխանը կդառնա թագավորության մեջ»։ Բայց նրանցից ոչ մեկը չի կարողանում ո՛չ կարդալ, ո՛չ էլ մեկնաբանել այն։

Աղմուկը լսելով՝ ընդարձակ ճաշասենյակ է մտնում թագավորի մայրը և դիմում իր որդուն. «Խնդրում եմ, այդքան մի վախենա։ Քո թագավորության մեջ ապրում է մի մարդ, որը ճանաչում է սուրբ աստվածներին։ Քո պապը՝ Նաբուգոդոնոսորը, իր թագավորության օրոք նրան իր բոլոր իմաստունների գլխավորը դրեց։ Այդ մարդու անունը Դանիել է։ Կանչի՛ր նրան, ու նա կտա քեզ այս ամենի բացատրությունը»։

Դանիելին անմիջապես բերել են տալիս պալատ։ Մերժելով որևէ նվեր ընդունել՝ Դանիելը սկսում է պատմել, թե ինչու անցյալում Եհովան թագավորությունը վերցրեց Նաբուգոդոնոսորի՝ Բաղդասարի պապի ձեռքից. «Նա շատ հպարտ մարդ էր, այդ պատճառով էլ Եհովան պատժեց նրան»։

— Իսկ դո՛ւ,— ասում է Դանիելը Բաղդասարին,— իմանալով հանդերձ, թե ինչ պատահեց քո պապին, դարձյալ շարունակում ես Նաբուգոդոնոսորի նման հպարտ պահել քեզ։ Դու բերել ես Եհովայի տաճարի բաժակներն ու գավաթները և խմում ես նրանցով։ Դու երկրպագել ես ոսկուց, փայտից ու քարից շինված աստվածներին ու չես պատվել մեր Մեծ Արարչին։ Ահա թե ինչու է Աստված այս ձեռքն ուղարկել գրելու այս խոսքերը։

Իսկ գրվածքը սա է՝ ՄԱՆԷ, ՄԱՆԷ, ԹԵԿԷՂ ու ՓԱՐՍԻՆ։

— «ՄԱՆԷ»՝ նշանակում է, որ Աստված համրել է քո թագավորության օրերն ու վերջակետ դրել։ «ԹԵԿԷՂ»՝ նշանակում է, որ կշռվեցիր կշեռքով ու պակաս գտնվեցիր։ Իսկ «ՓԱՐՍԻՆ»՝ որ բաժանվեց քո թագավորությունն ու տրվեց մարերին ու պարսիկներին։

Մինչ Դանիելը խոսում է, մարերն ու պարսիկները հարձակվում են Բաբելոնի վրա։ Նրանք գրավում են քաղաքն ու սպանում Բաղդասարին։ Հենց այդ գիշեր էլ իրականանում են պատի վրա գրված խոսքերը։ Իսկ ի՞նչ է պատահելու իսրայելացիներին։ Այդ մասին կիմանանք մի փոքր անց, իսկ հիմա տեսնենք, թե ինչ է տեղի ունենում Դանիելի հետ։

Դանիէլ 5։1-31։



Հարցեր

  • Ի՞նչ է տեղի ունենում, երբ Բաբելոնի թագավորը մեծ խնջույք է կազմակերպում՝ օգտագործելով Երուսաղեմում գտնվող Եհովայի տաճարից բերված գավաթներն ու բաժակները։
  • Բաղդասարը իր իմաստուններին ի՞նչ է ասում, բայց նրանք ի՞նչ չեն կարողանում անել։
  • Թագավորի մայրը նրան ի՞նչ խորհուրդ է տալիս։
  • Դանիելի խոսքերի համաձայն՝ Աստված ինչո՞ւ է ուղարկել այդ ձեռքը, որպեսզի այն գրի պատի վրա։
  • Դանիելն ինչպե՞ս է բացատրում պատի վրա գրված խոսքերի նշանակությունը։
  • Ի՞նչ է տեղի ունենում, մինչ Դանիելը խոսում է։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Դանիէլ 5։1-31 համարները։

    Աստվածավախությունը համեմատիր այն վախի հետ, որ զգաց Բաղդասարը, երբ տեսավ պատի վրայի ձեռքը (Դան. 5։6, 7; Սաղ. 19։9; Հռովմ. 8։35-39)։

    Ինչպե՞ս Դանիելը մեծ քաջություն դրսևորեց, երբ զրուցում էր Բաղդասարի ու նրա մեծատոհմիկ մարդկանց հետ (Դան. 5։17, 18, 22, 26-28; Գործք 4։29)։

    Դանիէլ 5-րդ գլխում ինչպե՞ս է ընդգծվում Եհովայի տիեզերական գերիշխանությունը (Դան. 4։17, 25; 5։21)։