Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 77: Նրանք ոչ մի գնով չեն խոնարհվի

Պատմություն 77: Նրանք ոչ մի գնով չեն խոնարհվի

Հիշո՞ւմ ես այս երեք երիտասարդներին։ Այո՛, նրանք Դանիելի ընկերներն են, որոնք մերժեցին ուտել իրենց համար անթույլատրելի կերակուրները։ Բաբելոնացիները նրանց անվանում են Սեդրաք, Միսաք և Աբեդնագով։ Հապա նայի՛ր նրանց հիմա։ Ինչո՞ւ նրանք մյուսների նման չեն խոնարհվում այս հսկա արձանի առջև։ Ե՛կ տեսնենք։

Հիշո՞ւմ ես Տասը պատվիրանները՝ այն օրենքները, որոնք անձամբ Եհովան էր գրել։ Դրանցից առաջինը այսպես է հնչում. «Բացի ինձանից ուրիշ աստվածների չպաշտես»։ Եվ հիմա այս երիտասարդները հնազանդվում են հենց այդ օրենքին, թեև այդ անելը նրանց համար հեշտ չէ։

Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը կանչել է բազում հեղինակավոր մարդկանց՝ երկրպագելու իր կանգնեցրած արձանին։ Նա հենց նոր է ավարտել ժողովրդին ուղղված իր խոսքերը. «Երբ կլսեք շեփորների, տավիղների և ուրիշ երաժշտական գործիքների ձայնը, պետք է ծնկի գաք ու երկրպագե՛ք այս ոսկե արձանին։ Նա, ով չի կատարի իմ հրամանը, անմիջապես կնետվի վառվող հնոցը»։

Իմանալով, որ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը հրաժարվել են երկրպագել արձանին, Նաբուգոդոնոսորը շատ է բարկանում և հրամայում է իր մոտ բերել նրանց։ Թագավորը նրանց մեկ անգամ ևս հնարավորություն է տալիս երկրպագելու։ Բայց երիտասարդները Եհովային են ապավինում։ «Այն Աստվածը, որին ծառայում ենք, ի վիճակի է փրկելու մեզ,— հայտարարում են նրանք Նաբուգոդոնոսորին։— Բայց եթե նույնիսկ մեզ չազատի էլ, միևնույն է, չենք երկրպագի քո կանգնեցրած ոսկե արձանին»։

Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը

Լսելով այս խոսքերը՝ Նաբուգոդոնոսորն ավելի է զայրանում։ Հնոցը մոտակայքում է գտնվում, և նա հրամայում է. «Յոթնապատիկ թեժացրե՛ք հնոցը»։ Ապա իր բանակի ամենաուժեղ մարդկանց կարգադրում է կապել Սեդրաքին, Միսաքին ու Աբեդնագովին և նետել այնտեղ։ Հնոցն այնքան ուժեղ է վառվում, որ նրա բոցը սպանում է այդ հզոր մարդկանց։ Իսկ հնոցը նետված երեք երիտասարդնե՞րը…

Թագավորը նայում է հնոցի մեջ ու խիստ վախենում։ «Չէ՞ որ մենք երեք մարդ կապեցինք ու նետեցինք հնոցը»,— հարցնում է նա։

— Ճիշտ այդպես, թագավոր,— պատասխանում են ծառաները։

— Բայց երեքի փոխարեն ես չորս հոգու եմ տեսնում այնտեղ,— զարմանում է նա,— և նրանցից ոչ մեկը կապկպված չի, ու կրակն էլ չի վնասում նրանց։ Իսկ չորրորդն աստծու է նման։— Թագավորը, մոտենալով հնոցի դռներին, բացականչում է. «Բարձրյալ Աստծու ծառաներ՝ Սեդրա՛ք, Միսա՛ք ու Աբեդնագո՛վ, դո՛ւրս եկեք»։

Նրանք դուրս են գալիս, և բոլորը տեսնում են, որ նրանք ամբողջովին անվնաս են։ Ապա թագավորն ասում է. «Օրհնյա՜լ լինի Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի Աստվածը։ Նա ուղարկեց իր հրեշտակին ու փրկեց նրանց, քանի որ նրանք ոչ մի ուրիշ աստծու առջև չխոնարհվեցին ու չերկրպագեցին, բացի իրենց Աստծուց»։

Արդյոք մենք էլ չպե՞տք է ընդօրինակենք Եհովայի հանդեպ հավատարմություն ցուցաբերելու այս վառ օրինակին։

Ելից 20։3; Դանիէլ 3։1-30։



Հարցեր

  • Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը ժողովրդին ի՞նչ հրաման է տալիս։
  • Ինչո՞ւ Դանիելի երեք ընկերները չեն խոնարհվում ոսկե արձանի առջև։
  • Երբ Նաբուգոդոնոսորը երեք եբրայեցիներին մի ուրիշ հնարավորություն է տալիս խոնարհվելու, նրանք ինչպե՞ս են ցույց տալիս իրենց ապավինությունը Եհովայի հանդեպ։
  • Նաբուգոդոնոսորը հրամայում է, որ իր ծառաներն ի՞նչ անեն Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին։
  • Նաբուգոդոնոսորը ի՞նչ է տեսնում, երբ նայում է հնոցի մեջ։
  • Թագավորն ինչո՞ւ է փառաբանում Սեդրաքի, Միսաքի ու Աբեդնագովի Աստծուն, և ի՞նչ օրինակ են թողել մեզ համար այս երիտասարդները։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Դանիէլ 3։1-30 համարները։

    Երեք եբրայեցի երիտասարդների ո՞ր դիրքորոշումը քրիստոնյաները պետք է ընդօրինակեն այսօր անարատություն պահելու հետ կապված փորձությունների ենթարկվելիս (Դան. 3։17, 18; Մատթ. 10։28; Հռովմ. 14։7, 8)։

    Եհովա Աստված ի՞նչ կարևոր դաս տվեց Նաբուգոդոնոսորին (Դան. 3։28, 29; 4։34, 35)։

Իմացիր ավելին

Փրկվեցին վառվող հնոցից

Իմացիր, թե ինչքան կարևոր է հավատարիմ մնալ այն ամենին, ինչին հավատում ես։