Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 75: Չորս տղաներ Բաբելոնում

Պատմություն 75: Չորս տղաներ Բաբելոնում

Նաբուգոդոնոսոր թագավորն իր հետ Բաբելոն է տանում իսրայելացի կրթված մարդկանցից լավագույններին։ Այնտեղ նա նրանց միջից ընտրում է ամենաբարետես ու խելացի երիտասարդներին։ Նկարում դու տեսնում ես նրանցից չորսին, որոնցից մեկը Դանիելն է, իսկ մնացած երեքին բաբելոնացիներն անվանում են Սեդրաք, Միսաք և Աբեդնագով։

Նաբուգոդոնոսորն ուզում է հատուկ ուսուցում տալ երիտասարդներին իր պալատում ծառայելու համար։ Երեք տարի ուսանելուց հետո նրանցից ամենախելացիներին պիտի ընտրեր որպես իր օգնականներ տարբեր խնդիրներ լուծելու համար։ Թագավորն ուզում է, որ ուսուցման ողջ ժամանակաշրջանում նրանք լինեն ուժեղ և առողջ։ Ուստի, պատվիրում է ծառաներին նրանց կերակրել այն նույն սննդարար ուտելիքներով, որից որ օգտվում են ինքն ու իր ընտանիքի անդամները։

Դանիելը, Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը ներկայացնում են իրենց համոզմունքները

Նայի՛ր պատանի Դանիելին։ Գիտե՞ս, թե նա ինչ է ասում Նաբուգոդոնոսորի ներքինապետ Ասփանեզին։ Նա ասում է, որ ինքը չի ցանկանում ուտել թագավորի սեղանի առատ կերակուրները։ Բայց Դանիելի խոսքերից Ասփանեզն անհանգստանում է. «Թագավորն արդեն որոշել է ձեր ուտելիքն ու խմելիքը,— ասում է նա։— Եթե նա ձեր հասակակիցների պես ձեզ առողջ չտեսնի, ինձ սպանել կտա»։

Ուստի Դանիելը գնում է այն տնտեսի մոտ, որին Ասփանեզը նշանակել է իրեն ու իր երեք ընկերներին ուտելիք մատակարարելու համար։ «Խնդրում եմ, տո՛ւր մեզ փորձնական տասը օր,— ասում է նա։— Այդ ընթացքում մեզ միայն բանջարեղենով ու խմելու ջրով ապահովիր։ Իսկ հետո մեզ համեմատիր թագավորական սեղանից օգտվող երիտասարդների հետ ու կտեսնես, թե ովքեր ավելի լավ տեսք ունեն»։

Տնտեսը տալիս է իր համաձայնությունը։ Եվ երբ տասը օրը լրանում է, Դանիելն ու իր ընկերները մյուս երիտասարդներից ավելի կայտառ են երևում։ Այդ տեսնելով՝ տնտեսը թույլ է տալիս նրանց հետագայում էլ թագավորական ուտելիքների փոխարեն բանջարեղեն ուտել։

Երեք տարի հետո բոլոր երիտասարդներին բերում են Նաբուգոդոնոսորի մոտ։ Նրանցից ամեն մեկի հետ առանձին զրուցելուց հետո թագավորը տեսնում է, որ Դանիելն ու իր ընկերները նրանց միջի ամենախելացիներն են։ Եվ այսպես՝ թագավորը նրանց պահում է պալատում իրեն օգնելու նպատակով։ Եվ ցանկացած հարցով կամ խնդրով նրանց դիմելիս՝ թագավորը տասնապատիկ ավելի լավ պատասխան է ստանում, քան կտային իր քահանաներն ու իմաստունները։

Դանիէլ 1։1-21։



Հարցեր

  • Ովքե՞ր են նկարում պատկերված չորս պատանիները, և ինչո՞ւ են նրանք գտնվում Բաբելոնում։
  • Նաբուգոդոնոսորը պատանիների համար ի՞նչ պլաններ է ծրագրում և իր ծառաներին ի՞նչ հրաման է տալիս։
  • Դանիելը իր և իր երեք ընկերների համար ուտելիքի և խմիչքի հետ կապված ի՞նչ խնդրանք է ներկայացնում։
  • Տասը օր բանջարեղեն ուտելուց հետո Դանիելն ու իր երեք ընկերները ինչպե՞ս են իրենց զգում՝ համեմատած մյուս երիտասարդների հետ։
  • Ինչպե՞ս է պատահում, որ Դանիելն ու իր երեք ընկերները հայտնվում են թագավորի պալատում, և նրանք ի՞նչ առումով են գերազանցում քահանաներին ու իմաստուններին։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Դանիէլ 1։1-21 համարները։

    Ինչպիսի՞ ջանքեր են պահանջվում գայթակղություններին դիմադրելու ու մեր տկարությունները հաղթահարելու համար (Դան. 1։8; Ծննդ. 39։7, 10; Գաղ. 6։9)։

    Երիտասարդներին այսօր ի՞նչ կերպերով կարող են փորձել կամ նրանց վրա ճնշում գործադրել, որ նրանք անձնատուր լինեն այն բաներին, ինչը ոմանք համարում են «համեղ» կերակուր (Դան. 1։8; Առակ. 20։1; Բ Կորնթ. 6։17-7։1)։

    Չորս պատանիների մասին պատմող աստվածաշնչյան արձանագրությունը օգնում է, որ ի՞նչ գիտակցենք աշխարհիկ գիտելիքներ ձեռք բերելու վերաբերյալ (Դան. 1։20; Ես. 54։13; Ա Կորնթ. 3։18-20)։