Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 73: Իսրայելի վերջին աստվածավախ թագավորը

Պատմություն 73: Իսրայելի վերջին աստվածավախ թագավորը

Հովսիան ընդամենը ութ տարեկան է, երբ դառնում է հարավային երկու ցեղերի թագավոր։ Թագավորելու համար նա դեռ շատ երիտասարդ է։ Այդ է պատճառը, որ սկզբում որոշ տարեց մարդիկ օգնում են նրան ժողովրդին կառավարելու հարցում։

Յոթը տարի թագավորելուց հետո Հովսիան սկսում է Եհովային փնտրել։ Այդպես վարվելով՝ նա հետևում է լավ թագավորներ Դավթի, Հովսափատի և Եզեկիայի օրինակին։ Լինելով դեռ պատանի՝ Հովսիան հետևյալ խիզախ քայլն է կատարում։

Հովսիա թագավորը և նրա մարդիկ փշրում են կուռքերը

Երկար ժամանակ է արդեն, ինչ իսրայելացիներից շատերը վատ գործեր են կատարում։ Նրանք երկրպագում են կեղծ աստվածների, խոնարհվում կուռքերի առջև։ Ուստի Հովսիան իր կողմնակիցների հետ միասին դուրս է գալիս վերացնելու երկրից կեղծ պաշտամունքը։ Սա ահռելի ջանքեր է պահանջում, քանի որ այդքան շատ մարդ է երկրպագում կեղծ աստվածներին։ Նկարում կարող ես տեսնել, թե Հովսիան ու իր մարդիկ ինչպես են ջարդում կուռքերը։

Այնուհետև, Հովսիան Եհովայի տաճարը վերանորոգելու համար երեք մարդ է նշանակում։ Ժողովրդից գումար է հավաքվում ու հանձնվում այս մարդկանց՝ աշխատանքի համար պահանջվող ծախսերը հոգալու համար։ Այդ աշխատանքների ժամանակ Քեղկիա քահանայապետը մի շատ կարևոր իր է գտնում՝ օրենքների այն գիրքը, որը Եհովան դեռ երկար տարիներ առաջ գրել էր տվել Մովսեսին, և որը վաղուց կորած էր համարվում։

Գիրքը տանում են Հովսիայի մոտ, ու վերջինս պատվիրում է բարձրաձայն կարդալ այն։ Լսելով այն՝ Հովսիան համոզվում է, որ ժողովուրդը չի պահում Եհովայի օրենքը։ Եվ ինչպես տեսնում ես նկարում, դա այն աստիճան է տխրեցնում է իրեն, որ նա պատռում է իր հագուստը։ «Եհովան բարկացած է մեզ վրա, որովհետև մեր հայրերը չեն կատարել այս գրքում գրված օրենքները»,— թախիծով ասում է նա։

Թագավոր Հովսիան և Սաֆան քարտուղարը

Եվ Հովսիան պատվիրում է Քեղկիա քահանայապետին պարզել, թե Եհովան ինչ է մտադիր անել իրենց հետ։ Ուստի Քեղկիան գնում է Ողդա մարգարեուհու մոտ և Հովսիայի մոտ վերադառնում Եհովայից եկած հետևյալ տեղեկությամբ. «Երուսաղեմն ու նրա բնակիչները պատժվելու են այն բանի համար, որ երկրպագել են կեղծ աստվածների, և որ երկիրը լցրել են չար գործերով։ Բայց իմացիր, Հովսիա, որ այդ պատիժը ի կատար չի ածվի քո կենդանության օրոք, քանի որ դու ճիշտ վարվեցիր»։

Բ Մնացորդաց 34։1-28։



Հարցեր

  • Հովսիան քանի՞ տարեկանում է թագավոր դառնում և յոթ տարի թագավորելուց հետո ի՞նչ է անում։
  • Առաջին նկարում Հովսիան ի՞նչ է անում։
  • Տաճարի վերանորոգման ժամանակ քահանայապետը ի՞նչ է գտնում։
  • Ինչո՞ւ է Հովսիան պատռում իր հագուստը։
  • Ողդա մարգարեուհին Եհովայի ո՞ր պատգամն է հայտնում Հովսիային։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Բ Մնացորդաց 34։1-28 համարները։

    Հովսիան ի՞նչ օրինակ է նրանց համար, ովքեր գուցե ծանր մանկություն են ունեցել (Բ Մնաց. 33։21-25; 34։1, 2; Սաղ. 27։10)։

    Իր իշխանության 8-րդ, 12-րդ և 18-րդ տարիներին Հովսիան ի՞նչ կարևոր քայլեր ձեռք առավ ճշմարիտ երկրպագության առաջխաղացման համար (Բ Մնաց. 34։3, 8)։

    Մեր երկրպագության վայրերը բարվոք վիճակում պահելու հարցում ի՞նչ կարող ենք սովորել Հովսիա թագավորի և Քեղկիա քահանայապետի օրինակներից (Բ Մնաց. 34։9-13; Առակ. 11։14; Ա Կորնթ. 10։31)։

Իմացիր ավելին

Աստվածաշնչյան քարտ. Հովսիա

Չնայած իր հոր վատ օրինակին՝ Հովսիան ընտրեց Աստծուն ծառայել։ Ի՞նչն օգնեց նրան անելու այն, ինչ ճիշտ է։