Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 72: Աստված օգնության է հասնում Եզեկիա թագավորին

Պատմություն 72: Աստված օգնության է հասնում Եզեկիա թագավորին

Ինչո՞ւ է այս մարդն աղոթում Եհովային։ Իսկ այս նամակնե՞րը… Ինչո՞ւ է դրել Եհովայի զոհասեղանի առջև։ Սա Եզեկիան է՝ Իսրայելի հարավային երկու ցեղերի թագավորը։ Նա նեղ կացության մեջ է ընկել։ Իսկ ինչո՞ւ, գիտե՞ս։

Եզեկիա թագավորը աղոթում է Աստծուն

Պատճառը հետևյալն է. Ասորեստանի բանակներն արդեն բնաջնջել են հյուսիսի տասը ցեղերին։ Եհովան չի միջամտել ու չի կանխել այդ ամենը, քանի որ այնտեղի ժողովուրդը խիստ ապականվել էր։ Բայց այժմ նրանք գալիս են կռվելու նաև հարավի երկցեղ թագավորության դեմ։

Քիչ առաջ Եզեկիան Ասորեստանի թագավորից նամակներ է ստացել։ Հենց դրանք են, որ Եզեկիան դրել է Աստծու առջև։ Դրանք լի են Եհովայի հանդեպ ծաղրանքով, իսկ Եզեկիային առաջարկվում է հանձնվել։ Եվ ահա Եզեկիան աղոթում է. «Ո՜վ, Եհո՛վա, փրկիր մեզ Ասորեստանի թագավորի ձեռքից, և թող իմանան բոլոր ազգերը, որ միայն դու ես Աստված»։ Ի՞նչ ես կարծում, կլսի՞ Եհովան Եզեկիային։

Եզեկիան լավ թագավոր է։ Նա նման չէ ո՛չ Իսրայելի տասը ցեղերի վատ թագավորներին, ո՛չ էլ իր չար հորը՝ Աքազին։ Նա միշտ ձգտել է հետևել Եհովայի օրենքներին։ Ուստի երբ Եզեկիան վերջացնում իր աղոթքը, Եհովան Եսայիա մարգարեի միջոցով նրան ուղարկում է հետևյալ տեղեկությունը. «Ասորեստանի թագավորը չի գա Երուսաղեմի վրա։ Նրա զինվորներից ոչ մեկը նույնիսկ չի մոտենա քաղաքին։ Նրանք մի նետ անգամ չպիտի նետեն Երուսաղեմի վրա»։

Իսկ այժմ նայի՛ր մյուս նկարին։ Ովքե՞ր են այս մեռած զինվորները։ Նրանք ասորեստանցիներ են։ Եհովան ուղարկեց իր հրեշտակին, ու նա մի գիշերվա մեջ սպանեց 185 000 հոգու։ Այնպես որ, Ասորեստանի թագավորը ստիպված է նահանջել ու վերադառնալ դեպի իր երկիրը։

Մահացած ասորեստանցի զինվորները

Այսպիսով՝ հարավային երկցեղ թագավորությունը փրկվում է, ու այնտեղի ժողովուրդը միառժամանակ ապրում է խաղաղ կյանքով։ Բայց Եզեկիայի մահից հետո թագավոր է դառնում նրա որդի Մանասեն։ Թե՛ Մանասեն և թե՛ հետագայում նրան հաջորդող իր որդի Ամոնը շատ չար թագավորներ են։ Այդ պատճառով երկիրը կրկին լցվում է չարությամբ ու բռնությամբ։ Իսկ երբ Ամոն թագավորն իր ծառաների կողմից սպանվում է, երկցեղ թագավորության գահ է բարձրանում նրա որդի Հովսիան։

Դ Թագաւորաց 18։1-36;19։1-37; 21։1-25։



Հարցեր

  • Ո՞վ է նկարում պատկերված մարդը, և ինչո՞ւ է նա նեղ դրության մեջ։
  • Այդ ի՞նչ նամակներ է Եզեկիան դրել Աստծու առաջ, ու նա ինչի՞ մասին է աղոթում։
  • Ինչպիսի՞ թագավոր է Եզեկիան, և Եհովան Եսայիա մարգարեի միջոցով նրան ի՞նչ պատգամ է հաղորդում։
  • Եհովայի հրեշտակը ասորեստանցիներին ի՞նչ է անում, ինչպես պատկերված է նկարում։
  • Թեև երկցեղ թագավորության մեջ կյանքը միառժամանակ խաղաղ է, բայց Եզեկիայի մահից հետո ի՞նչ է տեղի ունենում։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Դ Թագաւորաց 18։1-36 համարները։

    Ասորեստանյան բանակի խոսնակ Ռաբսակը ինչպե՞ս փորձեց թուլացնել իսրայելացիների հավատը (Դ Թագ. 18։19, 21; Ելից 5։2; Սաղ. 64։3)։

    Հակառակորդների հետ առնչվելիս Եհովայի վկաներն ինչպե՞ս են հետևում Եզեկիայի օրինակին (Դ Թագ. 18։36; Սաղ. 39։1; Առակ. 26։4; Բ Տիմոթ. 2։24)։

  • Կարդա՛ Դ Թագաւորաց 19։1-37 համարները։

    Եհովայի ժողովուրդը այսօր ինչպե՞ս է ընդօրինակում Եզեկիային, երբ նեղության մեջ է ընկնում (Դ Թագ. 19։1, 2; Առակ. 3։5, 6; Եբր. 10։24, 25; Յակ. 5։14, 15)։

    Ի՞նչ եռակի պարտություն կրեց Սենեքերիմը, և ո՞ւմ է պատկերում նա մարգարեական իմաստով (Դ Թագ. 19։32, 35, 37; Յայտն. 20։2, 3)։

  • Կարդա՛ Դ Թագաւորաց 21։1-6, 16 համարները։

    Ինչո՞ւ կարելի է ասել, որ Մանասեն Երուսաղեմի չար թագավորներից մեկն է եղել (Բ Մնաց. 33։4-6, 9)։