Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 71: Աստված դրախտ է խոստանում

Պատմություն 71: Աստված դրախտ է խոստանում

Ահա դրախտ-երկրի այն մոտավոր պատկերը, որ Աստված ցույց տվեց իր Եսայիա մարգարեին։ Եսայիան ապրում էր Հովնանից անմիջապես հետո։

Մարդիկ դրախտում

«Դրախտ» բառը նշանակում է պարտեզ կամ այգի։ Սա քեզ չի՞ հիշեցնում ինչ-որ մի բան, որն արդեն դու տեսել ես այս գրքի էջերում։ Սա շատ նման է այն պարտեզին, որը Եհովան շինել էր Ադամի ու Եվայի համար, այնպես չէ՞։ Բայց կգա՞ արդյոք մի ժամանակ, երբ ամբողջ երկիրն այսպիսի տեսք կունենա։

Եհովա Աստված իր Եսայիա մարգարեին հանձնարարեց գրի առնել այն դրախտի նկարագրությունը, որ սպասվում է Աստծու ժողովրդին։ Նա թելադրեց. «Գայլն ու գառը միասին խաղաղ կբնակվեն։ Հորթերը և կորյունները միասին պիտի արածեն, ու մի փոքրիկ երեխա կքշի նրանց։ Անգամ փոքրիկ երեխան չի վնասվի, երբ խաղա թունավոր օձի կողքին»։

«Սա երբեք տեղի չի ունենա»,— գուցե առարկեն շատերը։ «Տառապանքը երկրի վրա միշտ եղել է ու կլինի»։ Բայց, մի րոպե. Աստված որտե՞ղ բնակեցրեց Ադամին ու Եվային։

Դրախտում։ Միայն նրան անհնազանդ լինելու պատճառով է, որ առաջին տղամարդն ու կինը կորցրին իրենց չքնաղ բնակարանը, ծերացան և արդյունքում մահացան։ Աստված իրեն սիրողներին խոստանում է տալ հենց այն, ինչը որ կորցրին Ադամն ու Եվան։

Գալիք նոր դրախտում վնաս ու ավերմունք պատճառող ոչ մի բան չի լինելու։ Կատարյալ խաղաղություն է տիրելու։ Բոլոր մարդիկ լինելու են առողջ ու երջանիկ։ Ամեն բան կլինի ճիշտ այնպես, ինչպես որ Աստված սկզբում նախատեսել էր։ Հետագայում կիմանանք նաև այն մասին, թե Աստված ինչպես է իրականացնելու դա։

Եսայիա 11։6-9; Յայտնութիւն 21։3, 4։



Հարցեր

  • Ո՞վ էր Եսայիան, ե՞րբ է նա ապրել, ու Եհովան ի՞նչ է ցույց տվել նրան։
  • «Դրախտ» բառը ի՞նչ է նշանակում և քեզ ինչի՞ մասին է հիշեցնում։
  • Եհովան Եսայիային պատվիրեց, որ ի՞նչ գրի առնի նոր Դրախտի մասին։
  • Ինչո՞ւ Ադամն ու Եվան կորցրին իրենց գեղեցիկ տունը։
  • Եհովան ի՞նչ է խոստանում բոլոր նրանց, ովքեր սիրում են իրեն։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Եսայիա 11։6-9 համարները։

    Աստծու Խոսքում ինչպե՞ս է նկարագրվում այն խաղաղությունը, որ նոր աշխարհում կտիրի կենդանիների ու մարդկանց միջև (Սաղ. 148։10, 13; Ես. 65։25; Եզեկ. 34։25)։

    Եսայիայի խոսքերը հոգևոր իմաստով ինչպե՞ս են կատարվում այսօր Աստծու ժողովրդի առնչությամբ (Հռովմ. 12։2; Եփես. 4։23, 24)։

    Ո՞վ է պատվի արժանի մարդու անձնավորությունը փոխելու համար այսօր և նոր աշխարհում (Ես. 48։17, 18; Գաղ. 5։22, 23; Փիլիպ. 4։7)։

  • Կարդա՛ Յայտնութիւն 21։3, 4 համարները։

    Գրություններն ինչպե՞ս են ցույց տալիս, որ Աստծու՝ մարդկանց հետ բնակվելը ունի փոխաբերական իմաստ և չի նշանակում, որ նա ֆիզիկապես գտնվում է երկրի վրա (Ղեւտ. 26։11, 12; Բ Մնաց. 6։18; Ես. 66։1; Յայտն. 21։2, 3, 22-24)։

    Ի՞նչ արցունքներ ու ցավեր կվերանան (Ղուկ. 8։49-52; Հռովմ. 8։21, 22; Յայտն. 21։4)։