Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն

Պատմություն 70: Հովնանը և հսկայական ձուկը

Պատմություն 70: Հովնանը և հսկայական ձուկը

Նայի՛ր ջրի տակ գտնվող այս մարդուն։ Ի՜նչ մեծ փորձանքի մեջ է նա ընկել։ Ուր որ է այս ձուկը նրան կուլ կտա։ Գիտե՞ս, թե այս մարդն ով է։ Նրա անունը Հովնան է։ Եկ տեսնենք, թե նա ինչպես ընկավ այս փորձանքի մեջ։

Հովնանը Եհովայի մարգարեներից մեկն է։ Եղիսե մարգարեի մահվանից որոշ ժամանակ անց Եհովան նրան ասում է. «Դու պետք է գնաս Նինվե քաղաքը։ Այնտեղի ժողովուրդը խիստ չարացել է, ու ես ուզում եմ, որ դու հայտնես նրանց այդ մասին»։

Հովնանը և հսկայական ձուկը

Բայց Հովնանը չի ուզում գնալ։ Դրա համար էլ նա նստում է մի այնպիսի նավ, որը լողում է լրիվ հակառակ ուղղությամբ։ Եհովան դժգոհ է, և շուտով նա ծովի վրա մի մեծ փոթորիկ է առաջ բերում։ Դրությունը գնալով այնքան է վատանում, որ նավը կանգնում է խորտակման վտանգի առջև։ Նավաստիները, սարսափի մատնված, օգնության համար աղաղակում են իրենց աստվածներին։

Եվ ահա Հովնանը նրանց ասում է. «Ես երկրպագում եմ Եհովա Աստծուն՝ երկինքն ու երկիրը ստեղծողին։ Եվ այժմ գտնվում եմ փախուստի մեջ՝ չկատարելով նրա տված հանձնարարությունը»։ Նավաստիները հարցնում են. «Հիմա ի՞նչ անենք քեզ, որ փոթորիկը դադարի»։

— Ինձ ծովը նետեք, և այն կրկին կհանդարտվի,— ասում է Հովնանը։ Նավաստիները սկզբում չեն ցանկանում այդպես վարվել, բայց տեսնելով, որ ուրիշ ելք չի մնում, Հովնանին դուրս են նետում նավից։ Եվ փոթորիկն անմիջապես դադարում է, իսկ ծովը՝ խաղաղվում։

Երբ Հովնանը սուզվում է ջրի մեջ, մի հսկայական ձուկ կուլ է տալիս նրան, բայց նա չի մահանում։ Երեք օր ու երեք գիշեր մնալով այդ ձկան փորում՝ Հովնանը շատ է ափսոսում, որ ժամանակին չլսեց Եհովային ու չգնաց Նինվե։ Եվ այսպես, ի՞նչ է նա անում, գիտե՞ս։

Հովնանը սկսում է օգնություն աղերսել Եհովայից։ Այդժամ Եհովան այնպես է անում, որ ձուկը նրան փսխի ցամաքի վրա։ Դրանից հետո նա վեր է կենում ու ճանապարհ ընկնում դեպի Նինվե։ Մի՞թե այս պատմությունը մեզ չի սովորեցնում, թե որքան կարևոր է կատարել Եհովայի բոլոր ասածները։

Աստվածաշնչի «Յովնան» գիրք։



Հարցեր

  • Ո՞վ է Հովնանը, և Եհովան նրան ի՞նչ է պատվիրում անել։
  • Հովնանը ի՞նչ է անում՝ չցանկանալով գնալ այն տեղը, ուր Եհովան է նրան ուղարկում։
  • Հովնանը նավաստիներին ի՞նչ է ասում, որ նրանք անեն, որպեսզի փոթորիկը դադարի։
  • Ինչպես ցույց է տրված նկարում, ի՞նչ է տեղի ունենում, երբ Հովնանը ընկղմվում է ջրի մեջ։
  • Հովնանը որքա՞ն է մնում ձկան փորում և այնտեղ ի՞նչ է անում։
  • Մեծ ձկան փորից դուրս գալուց հետո Հովնանը ո՞ւր է գնում, և այս դեպքից ի՞նչ ենք սովորում։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Յովնան 1։1-17 համարները։

    Ըստ երևույթին, Հովնանն ի՞նչ է զգում, երբ Նինվեում քարոզելու հանձնարարություն է ստանում (Յովն. 1։2, 3; Առակ. 3։7; Ժող. 8։12)։

  • Կարդա՛ Յովնան 2։1, 2, 10 համարները։

    Հովնանի օրինակը ինչպե՞ս է մեզ հավաստիացնում այն բանում, որ Եհովան կպատասխանի մեր աղոթքներին (Սաղ. 22։24; 34։6; Ա Յովհ. 5։14)։

  • Կարդա՛ Յովնան 3։1-10 համարները։

    Ի՞նչ քաջալերանք ենք ստանում այն բանից, որ չնայած Հովնանը սկզբում խուսափեց կատարել իր հանձնարարությունը, բայց Եհովան երես չթեքեց նրանից (Սաղ. 103։14; Ա Պետ. 5։10)։

    Հովնանի ու նինվեցիների հետ կապված դեպքը մեզ ի՞նչ է սովորեցնում նախօրոք եզրակացություններ անելու առնչությամբ (Յովն. 3։6-9; Ժող. 11։6; Գործք 13։48)։

Իմացիր ավելին

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՔԱՐՏԵՐ

Աստվածաշնչյան քարտ. Հովնան

Եհովայի ո՞ր հատկությունների մասին ենք իմանում Հովնանի պատմությունից։