Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 68: Երկու տղաներ, որոնք կյանքի բերվեցին

Պատմություն 68: Երկու տղաներ, որոնք կյանքի բերվեցին

Մի պահ պատկերացրու այն ապրումները, որ կունենար քո մայրը, եթե դու մահացած վիճակից դարձյալ կյանք վերստանայիր։ Ինչ խոսք, նա անչափ երջանիկ կլիներ։ Բայց հնարավո՞ր բան է, որ մահացած մարդը կենդանանա։ Արդյոք երբևէ տեղի ունեցե՞լ է նման դեպք։

Դիտենք այս նկարը, որտեղ պատկերված տղամարդը Եղիա մարգարեն է, իսկ կինը՝ Սարեփթա քաղաքում բնակվող մի որբևայրի, որը գիրկն է առել իր զավակին։ Ամեն ինչ սկսվում է այսպես. մի օր տղան հիվանդանում է։ Նրա վիճակը գնալով ավելի ու ավելի է ծանրանում, և նա մահանում է։ Տեսնելով մահացած տղային՝ Եղիան որբևայրուն ասում է. «Հապա ի՛նձ տուր նրան»։

Եղիան, այրի կինը և նրա հարություն առած տղան

Եղիան մահացած երեխային տանում է վերնատուն ու դնում անկողնու վրա։ Ապա աղոթքով դիմում է Եհովային. «Ո՜վ Եհո՛վա, այս երեխային կենդանացրու կրկին»։ Եվ տղան սկսում է շնչել։ Հետո Եղիան տղային իջեցնում է վերնատնից ու հանձնում մորը՝ ասելով. «Տե՛ս, որդիդ կենդանի է»։ Հիմա պա՞րզ է, թե ինչու է նրա մայրը ուրախությունից արտասվում։

Եհովան ունի ևս մի մարգարե՝ Եղիսե անունով։ Նա Եղիա մարգարեի օգնականն է։ Բայց ժամանակի ընթացքում Եհովան նրա միջոցով նույնպես հրաշքներ է կատարում։ Մի օր Եղիսեն գնում է Սունամ քաղաքը, որտեղ մի կին բարություն է անում նրան։ Հետագայում այդ կնոջը մի տղա է ծնվում։

Երբ երեխան արդեն մեծացել էր, օրերից մի օր գնում է դաշտում աշխատող հոր մոտ։ Հանկարծ նա ճչում է. «Ա՜խ, գլո՛ւխս, ցավո՜ւմ է»։ Տուն բերվելուց հետո նա մահանում է։ Պատահածից անչափ վշտացած մայրը անմիջապես գնում է Եղիսեի մոտ։

Եղիսեն գալիս է ու մտնում մահացածի սենյակը։ Նա Եհովային աղոթքով դիմելուց հետո պառկում է երեխայի մարմնի վրա։ Շուտով տղայի մարմինը սկսում է տաքանալ, և նա յոթ անգամ փռշտում է։ Պատկերացրու նրա մոր ուրախությունը, երբ նա ներս է մտնում ու իր որդուն դարձյալ կենդանի տեսնում։

Մինչև հիմա բազմաթիվ մարդիկ են մահացել, ինչը նրանց ընտանիքներին ու բարեկամներին մեծ վիշտ է պատճառել։ Մենք մահացածներին կյանքի բերելու զորությունը չունենք, իսկ Եհովան ունի։ Ավելի ուշ կիմանանք նաև, թե նա ինչպես է միլիոնավոր մարդկանց կենդանություն տալու։

Գ Թագաւորաց 17։8-24; Դ Թագաւորաց 4։8-37։


Հարցեր

  • Ովքե՞ր են նկարում պատկերված երեք մարդիկ, և ի՞նչ է պատահում այդ փոքրիկ տղային։
  • Եղիան տղայի մասին ի՞նչ է աղոթում, և ապա ի՞նչ է տեղի ունենում։
  • Ի՞նչ է Եղիայի օգնականի անունը։
  • Ինչո՞ւ է սունամացի կինը Եղիսեին հրավիրում իր տուն։
  • Ի՞նչ է անում Եղիսեն, և ի՞նչ է պատահում մահացած տղային։
  • Եհովան ի՞նչ զորություն ունի, ինչը երևաց Եղիայի ու Եղիսեի միջոցով։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Գ Թագաւորաց 17։8-24 համարները։

    Ինչպե՞ս են փորձվում Եղիայի հնազանդությունն ու հավատը (Գ Թագ. 17։9; 19։1-4, 10)։

    Սարեփթա քաղաքում բնակվող այրու հավատը ինչո՞վ է ուշագրավ (Գ Թագ. 17։12-16; Ղուկ. 4։25, 26)։

    Սարեփթա քաղաքի այրու պատմությունը ինչպե՞ս է հաստատում ճշմարտացիությունը Հիսուսի խոսքերի, որ արձանագրված են Մատթէոս 10։41, 42 համարներում (Գ Թագ. 17։10-12, 17, 23, 24)։

  • Կարդա՛ Դ Թագաւորաց 4։8-37 համարները։

    Սունամացի կնոջից ի՞նչ ենք սովորում հյուրասիրության մասին (Դ Թագ. 4։8; Ղուկ. 6։38; Հռովմ. 12։13; Ա Յովհ. 3։17)։

    Ի՞նչ կերպերով այսօր կարող ենք բարի գործեր անել Աստծու ծառաների համար (Գործք 20։35; 28։1, 2; Գաղ. 6։9, 10; Եբր. 6։10։

Իմացիր ավելին

Թիկունք կանգնիր ճշմարիտ երկրպագությանը

Ճշմարիտ երկրպագությանն առնչվող ո՞ր հարցերում կարող ես ավելի շատ քաջություն դրսևորել։