Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 67: Հովսափատն ապավինում է Աստծուն

Պատմություն 67: Հովսափատն ապավինում է Աստծուն

Գիտե՞ս, թե ովքեր են այս մարդիկ և ինչ են անում։ Նրանք բոլորը մարտի են գնում։ Առջևից ընթացող տղամարդիկ երգում են։ Բայց գուցե քեզ մոտ հարց առաջանա, թե այդ ինչպե՞ս է, որ երգիչները բոլորովին անզեն են՝ ոչ թուր կա ձեռքներին, ոչ էլ վահան։ Եկ տեսնենք, թե ինչու է այդպես։

Իսրայելացիները գնում են պատերազմի

Հովսափատը Իսրայելի հարավային՝ երկցեղ թագավորության թագավորն է։ Նա ապրում է այն ժամանակաշրջանում, երբ հյուսիսային թագավորության վրա իշխում են Աքաաբը և Հեզաբել թագուհին։ Հովսափատը բարի թագավոր է՝ նման իր հայր Ասային։ Ուստի նրա իշխանության տարիներին հարավային թագավորությունում ժողովուրդը հանգիստ ու խաղաղ կյանք է վայելում։

Բայց ահա մի օր տեղի է ունենում այնպիսի դեպք, որը ժողովրդին սարսափի մեջ է գցում։ Պատգամաբերները Հովսափատին տեղեկացնում են. «Մովաբի երկրից, Ամմոնից ու Սեիր սարից մի մեծ բանակ է մեզ վրա գալիս»։ Բազմաթիվ իսրայելացիներ են հավաքվում Երուսաղեմում, որպեսզի Եհովայից օգնություն աղերսեն։ Նրանք գնում են տաճար, որտեղ Հովսափատը դիմում է աղոթքով. «Ո՜վ, մեր Եհովա Աստված, մենք չգիտենք, թե ինչ անենք։ Մենք անզոր ենք այս մեծ բանակի դիմաց։ Խնդրում ենք, օգնության հասիր, դու ես մեր միակ հույսը»։

Եհովան լսում է և իր ծառաներից մեկի միջոցով պատվիրում հայտնել ժողովրդին. «Պատերազմը ոչ թե ձերն է, այլ՝ իմը։ Դուք չեք պատերազմելու, միայն նայելու եք, ու կտեսնեք, թե Եհովան ինչպես է ձեզ փրկում»։

Հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, Հովսափատն ասում է ժողովրդին. «Ամբողջովին ապավինեք Եհովային»։ Հետո նա երգիչներին դասավորում է զինվորների առջևում, և նրանք սկսում են առաջ ընթանալ՝ փառաբանելով Եհովային։ Կարո՞ղ ես պատկերացնել, թե ինչ է կատարվում, երբ նրանք արդեն մոտենում են պատերազմի դաշտին։ Եհովան այնպես է անում, որ թշնամու զինվորները սկսում են միմյանց դեմ պատերազմել։ Իսրայելացիները տեղ են հասնում և… արի ու տե՜ս. թշնամու բոլոր զինվորները սպանված են։

Տեսնո՞ւմ ես որքան ճիշտ վարվեց Հովսափատը՝ վստահելով Եհովային։ Մենք էլ կարող ենք այդպես վարվել։

Գ Թագաւորաց 22։41-53; Բ Մնացորդաց 20։1-30։


Հարցեր

  • Ո՞վ է Հովսափատը, և ի՞նչ ժամանակներում է նա ապրում։
  • Իսրայելացիներն ինչո՞ւ են վախենում, ու նրանցից շատերն ի՞նչ են անում։
  • Եհովան ինչպե՞ս է պատասխանում Հովսափատի աղոթքին։
  • Նախքան պատերազմը սկսվելը Եհովան ի՞նչ է անում։
  • Ի՞նչ կարող ենք սովորել Հովսափատի օրինակից։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Բ Մնացորդաց 20։1-30 համարները։

    Հովսափատն ինչպե՞ս ցույց տվեց, թե Աստծու հավատարիմ ծառաներն ինչ պետք է անեն, երբ հայտնվեն վտանգավոր իրավիճակներում (Բ Մնաց. 20։12; Սաղ. 25։15; 62։1)։

    Անցյալում Եհովան իր ժողովրդի հետ հաղորդակցվելու համար միշտ որևէ միջոց էր օգտագործում։ Իսկ ի՞նչ միջոց է օգտագործում նա այսօր (Բ Մնաց. 20։14, 15; Մատթ. 24։45-47; Յովհ. 15։15)։

    Երբ սկսվի «Ամենակարող Աստուծոյ այն մեծ օրուայ պատերազմը», մեր իրավիճակն ինչպե՞ս կնմանվի այն իրավիճակին, որի մեջ գտնվում էր Հովսափատը (Բ Մնաց. 20։15, 17; 32։8; Յայտն. 16։14, 16)։

    Ղևտացիների նման՝ այսօր ռահվիրաներն ու միսիոներները ի՞նչ ներդրում ունեն համաշխարհային քարոզչական գործի մեջ (Բ Մնաց. 20։19; Հռովմ. 10։13-15; Բ Տիմոթ. 4։2)։