Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 66: Չար թագուհի Հեզաբելը

Պատմություն 66: Չար թագուհի Հեզաբելը

Հերոբովամ թագավորի մահից հետո Իսրայելի հյուսիսային 10 ցեղերի վրա իշխում են միայն չար թագավորներ։ Նրանցից ամենանենգը Աքաաբ թագավորն է։ Գիտե՞ս, թե ինչու։ Գլխավոր պատճառը Հեզաբելն է՝ նրա չար կինը։

Հեզաբելը իսրայելացի չէ։ Նա Սիդոնի թագավորի աղջիկն է և երկրպագում է Բահաղ անունով կեղծ աստծուն՝ այդ քայլին դրդելով նաև Աքաաբին ու մնացած իսրայելացիներին։ Հեզաբելն ատում է Եհովային ու նրա մարգարեներից շատերին սպանում։ Իսկ մնացած մարգարեները նրանից պաշտպանվելու նպատակով թաքնվում են քարայրներում։ Հեզաբելն իր ուզածին հասնելու համար ոչնչի առջև կանգ չի առնում՝ ամեն րոպե պատրաստ լինելով անմեղ արյուն թափել։

Մի օր Հեզաբելը տեսնում է, որ Աքաաբ թագավորը շատ տխուր է, ուստի նրան հարցնում է. «Ինչո՞ւ ես այսօր այդքան տխուր»։

— Նաբովթի ասածի համար,— պատասխանում է Աքաաբը։— Ես ուզում էի գնել նրա խաղողի այգին, բայց նա մերժեց ինձ։

— Մի՛ մտահոգվիր,— ասում է Հեզաբելը,— դու կստանաս այն։

Ու Հեզաբելը նամակ է գրում այն քաղաքի գլխավորներից մի քանիսին, որտեղ ապրում էր Նաբովթը։ «Գտեք մի քանի անպետք մարդկանց, ովքեր կհաստատեն, որ Նաբովթը անիծել է Աստծուն ու թագավորին,— պատվիրում է նա նրանց։— Ապա Նաբովթին տարեք քաղաքից դուրս ու քարկոծեք, մինչև որ մեռնի»։

Լսելով Նաբովթի մահվան լուրը՝ Հեզաբելն ասում է ամուսնուն. «Հիմա գնա ու վերցրու նրա խաղողի այգին»։ Համաձայն չե՞ս, որ Հեզաբելը նման արարքների համար պատժի է արժանի։

Հեզաբել թագուհին

Եվ ահա գալիս է ժամանակը, որպեսզի Եհովան ուղարկի Հեուին՝ նրան պատժելու։ Երբ Հեզաբելը լսում է Հեուի գալստյան մասին, ներկում է իր աչքերը ու զուգվում-զարդարվում՝ աշխատելով որքան հնարավոր է գեղեցիկ ու գրավիչ երևալ։ Իսկ երբ Հեուն գալիս ու տեսնում է Հեզաբելին՝ պատուհանի գոգին նստած, իսկույն ձայն է տալիս պալատականներին՝ ասելով. «Ցա՛ծ նետեք դրան»։ Ինչպես տեսնում ես նկարում, մարդիկ հնազանդվում են այդ հրամանին։ Նրանք Հեզաբելին ցած են նետում, ու նա մեռնում է։ Ահա և չար թագուհի Հեզաբելի վախճանը։

Գ Թագաւորաց 16։29-33; 18։1-4; 21։1-16; Դ Թագաւորաց 9։30-37։



Հարցեր

  • Ո՞վ է Հեզաբելը։
  • Ինչո՞ւ է մի օր Աքաաբ թագավորը տխրում։
  • Հեզաբելը ի՞նչ է անում, որ իր ամուսնու՝ Աքաաբի համար ձեռք բերի Նաբովթի խաղողի այգին։
  • Եհովան ո՞ւմ է ուղարկում Հեզաբելին պատժելու համար։
  • Ինչպես տեսնում ես նկարում, ի՞նչ է տեղի ունենում, երբ Հեուն գալիս է Հեզաբելի պալատ։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Գ Թագաւորաց 16։29-33; 18։3, 4 համարները։

    Աքաաբ թագավորի օրոք իրավիճակը Իսրայելում ի՞նչ աստիճան էր վատացել (Գ Թագ. 14։9)։

  • Կարդա՛ Գ Թագաւորաց 21։1-16 համարները։

    Ինչպե՞ս Նաբովթը ցույց տվեց, որ քաջ ու Եհովային նվիրված անձնավորություն է (Գ Թագ 21։1-3; Ղեւտ. 25։23-28)։

    Աքաաբի պատմությունից ի՞նչ ենք սովորում այն մասին, թե ինչպես կարող ենք հաղթահարել վհատությունը (Գ Թագ 21։4; Հռովմ. 5։3-5)։

  • Կարդա՛ Դ Թագաւորաց 9։30-37 համարները։

    Ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, թե Հեուն ինչպիսի նախանձախնդրություն դրսևորեց Եհովայի կամքը կատարելու մեջ (Դ Թագ 9։4-10; Բ Կորնթ. 9։1, 2; Բ Տիմոթ. 4։2)։

Իմացիր ավելին

Աստված, որն ատում է անարդարությունը

Բեռնիր այս առաջադրանքը և տես, թե ինչ կարող ես սովորել Աքաբի, Հեզաբելի, Բաբովթի և Եղիայի մասին պատմությունից։