Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն

Պատմություն 63: Իմաստուն թագավոր Սողոմոնը

Պատմություն 63: Իմաստուն թագավոր Սողոմոնը

Սողոմոնը պատանի հասակում թագավոր է դառնում։ Նա սիրում է Եհովային ու հետևում իր հոր՝ Դավթի տված իմաստուն խորհուրդներին։ Եհովան հավանում է նրան ու մի գիշեր երազի մեջ հարցնում է. «Սողոմո՛ն, ի՞նչ կուզեիր ինձանից ստանալ»։

Ի պատասխան՝ Սողոմոնն ասում է. «Ո՜վ Եհովա, իմ Աստված, ես շատ երիտասարդ եմ ու երկիր կառավարել չգիտեմ։ Ուստի, տո՛ւր ինձ իմաստություն, որպեսզի քո ժողովրդին ճիշտ ձևով առաջնորդեմ»։

Եհովային դուր է գալիս Սողոմոնի խնդրանքը։ Հետևաբար, նա ասում է. «Քանի որ դու իմաստություն խնդրեցիր ու ոչ թե երկար կյանք կամ հարստություն, ապա դու կլինես այնքան իմաստուն, որքան աշխարհում դեռ ոչ մի մարդ չի եղել։ Բայց դրա հետ մեկտեղ ես քեզ կտամ նաև այն, ինչ որ չխնդրեցիր՝ թե՛ հարստություն և թե՛ փառք»։

Կարճ ժամանակ անց մի դժվար հարցով երկու կին են գալիս Սողոմոնի մոտ։ «Մենք երկուսով ապրում ենք նույն հարկի տակ,— բացատրում է նրանցից մեկը,— ես մի որդի ունեցա, իսկ դրանից երկու օր հետո արու զավակ ունեցավ նաև այս կինը։ Բայց մի գիշեր նրա որդին մահացավ։ Օգտվելով առիթից, որ ես քնած եմ՝ նա իմ կողքից վերցնում է երեխայիս, ու տեղը իր մահացած որդուն դնում։ Երբ ես արթնացա ու նայեցի մեռած երեխային, իսկույն նկատեցի, որ նա իմը չէ»։

Այդ ժամանակ երկրորդ կինն առարկում է. «Ո՛չ, ողջ մանուկը իմն է, իսկ մեռածը՝ նրանը»։ Առաջին կինը թե՝ ո՛չ, մեռած մանուկը քոնն է, իսկ կենդանին՝ իմը։ Եվ նրանք այսպես վիճում են։ Ինչպե՞ս պիտի վարվի Սողոմոնը։

Նա հրամայում է մի սուր բերել, ապա ասում է. «Ողջ երեխային երկու կտոր արեք. կեսը տվեք մեկին, մյուս կեսը՝ մյուսին»։

— Ո՛չ,— ճչում է իսկական մայրը։— Խնդրում եմ, մի՛ սպանեք նրան, այլ տվեք այդ կնոջը։— Իսկ մյուս կինն ասում է. «Մանուկը ո՛չ ինձ լինի, ո՛չ էլ քեզ։ Կիսե՛ք նրան»։

Սողոմոն թագավորը լուծում է դժվար հարցը

Վերջապես այստեղ Սողոմոնը միջամտում է. «Մի սպանեք երեխային։ Տվեք նրան առաջին կնոջը։ Նա է իսկական մայրը»։ Սողոմոնը գլխի է ընկնում, թե ով է իսկական մայրը, քանի որ վերջինս այնքան է սիրում իր զավակին, որ անգամ պատրաստ է նրան տալու ուրիշին, միայն թե երեխան կենդանի մնա։ Երբ մարդիկ լսում են, թե Սողոմոնն ինչպես լուծեց այդ հարցը, շատ են ուրախանում, որ այդքան իմաստուն թագավոր ունեն։

Սողոմոնի իշխանության տարիներին Աստված իր ժողովրդին օրհնում է բարիքների առատությամբ՝ ցորենով, գարիով, խաղողով, թզով և այլ պտուղներով։ Ժողովուրդը լավ է հագնվում և ապրում է հարմարավետ տներում։ Բոլորն ապրում են առատության մեջ և ոչ մի բանի կարիք չունեն։

Գ Թագաւորաց 3։3-28; 4։29-34։



Հարցեր

  • Եհովան ի՞նչ է հարցնում Սողոմոնին, և Սողոմոնը ինչպե՞ս է պատասխանում։
  • Քանի որ Եհովային դուր է գալիս Սողոմոնի խնդրանքը, նա ի՞նչ է խոստանում Սողոմոնին։
  • Երկու կանայք ի՞նչ դժվարին հարց են ներկայացնում Սողոմոնին։
  • Ինչպես տեսնում ես նկարում, Սողոմոնն ինչպե՞ս է լուծում այդ հարցը։
  • Սողոմոնի իշխանության տարիները ինչի՞ են նմանվում և ինչո՞ւ։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Գ Թագաւորաց 3։3-28 համարները։

    Աստծու կազմակերպության մեջ պատասխանատվություններ ունեցող տղամարդիկ այսօր ի՞նչ կարող են սովորել Սողոմոնի՝ Գ Թագաւորաց 3։7-ում արձանագրված անկեղծ խոսքերից (Սաղ. 119։105; Առակ. 3։5, 6)։

    Ի՞նչ հրաշալի օրինակ է Սողոմոնի աղոթքն այն հարցում, թե ինչ բաների մասին է պատշաճ խնդրել Աստծուց (Գ Թագ 3։9, 11; Առակ. 30։8, 9; Ա Յովհ. 5։14)։

    Այն, թե ինչպես Սողոմոնը վերջ դրեց երկու կանանց միջև ծագած վեճին, ի՞նչ հավաստիացում է տալիս մեզ ապագայում Մեծ Սողոմոնի՝ Հիսուս Քրիստոսի կառավարման հետ կապված (Գ Թագ 3։28; Ես. 9։6, 7; 11։2-4)։

  • Կարդա՛ Գ Թագաւորաց 4։29-34 համարները։

    Եհովան ինչպե՞ս պատասխանեց Սողոմոնի այն խնդրանքին, որ իրեն հնազանդ սիրտ տա (Գ Թագ 4։29)։

    Հաշվի առնելով այն, որ մարդիկ մեծ ջանքեր էին գործադրում, որպեսզի գային ու լսեին Սողոմոնի իմաստությունը՝ ինչպե՞ս պետք է վերաբերվենք Աստծու Խոսքը ուսումնասիրելուն (Գ Թագ 4։29, 34; Յովհ. 17։3; Բ Տիմոթ. 3։16)։

Իմացիր ավելին

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ-ՆԿԱՐՆԵՐ

Սողոմոնը իմաստությամբ է վարվում

Գտիր, թե ինչ է բացակայում այս նկարում, միացրու կետագծերը և ներկիր դրանք։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՔԱՐՏԵՐ

Աստվածաշնչյան քարտ. Սողոմոն

Բեռնիր այս աստվածաշնչյան քարտը և իմացիր ավելին Սողոմոն իմաստուն թագավորի մասին։