Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 62: Դժբախտություններ Դավթի ընտանիքում

Պատմություն 62: Դժբախտություններ Դավթի ընտանիքում

Երբ Դավիթը սկսում է իշխել Երուսաղեմում, Եհովայի օգնությամբ նա բազում հաղթանակներ է տանում իր թշնամիների դեմ։ Եհովան խոստացել էր իսրայելացիներին տալ Քանանի երկիրը։ Եվ ահա Եհովայի օգնությամբ այդ ամբողջ խոստացված երկիրը անցնում է նրանց տիրապետության տակ։

Դավիթը լավ կառավարիչ է։ Նա սիրում է Եհովային։ Այդ է պատճառը, որ Երուսաղեմը գրավելուց հետո նրա առաջին գործը լինում է այն, որ Եհովայի ուխտի տապանակը տեղափոխում է այնտեղ։ Բացի դրանից, նա նաև ուզում է տաճար կառուցել և տապանակը դնել տաճարի ներսում։

Բայց տարիներ անց Դավիթը մեծ սխալ է գործում։ Նա գիտեր, որ չի կարելի տիրանալ մի բանի, ինչը ուրիշին է պատկանում։ Եվ պատահում է այնպես, որ մի երեկո, երբ իր պալատի տանիքին ման է գալիս, ներքև է նայում և գեղեցիկ տեսքով մի կին տեսնում։ Այդ կնոջ անունն է՝ Բերսաբե, իսկ նրա ամուսինը՝ Ուրիան, Դավթի զինվորներից է։

Դավթի մեջ նրան տիրանալու ցանկությունն այնքան բուռն է լինում, որ Բերսաբեին բերել է տալիս պալատ։ Այդ ժամանակ նրա ամուսինը հեռվում էր՝ պատերազմում։ Եվ ի՞նչ. Դավիթը նրա հետ կենակցում է, իսկ ավելի ուշ Բերսաբեն իմանում է, որ հղի է։ Այդ նորությունը Դավթին շատ է մտահոգում, և նա որոշում է իր բանակի հրամանատար Հովաբին լուր ուղարկել, որպեսզի նա Ուրիային պատերազմի թեժ գոտի տեղափոխի, որպեսզի սպանվի։ Երբ Ուրիան զոհվում է, Դավիթն ամուսնանում է Բերսաբեի հետ։

Դավթի արարքը խիստ բարկացնում է Եհովային։ Նա Դավթի մոտ է ուղարկում իր Նաթան մարգարեին, որպեսզի Դավթին հանդիմանի կատարված մեղքերի համար։ Այս դրվագը դու տեսնում ես նկարում։ Դավիթը խորապես զղջում է իր արարքի համար, և դա է պատճառը, որ Եհովան նրան մահով չի պատժում։ Այնուամենայնիվ, Եհովան ասում է. «Քանի որ այդպիսի վատ բաներ արեցիր, քո տան մեջ շատ դժբախտությունների կհանդիպես»։ Եվ իրոք, հետագայում Դավիթը մե՜ծ փորձանքների մեջ է ընկնում։

Նաթանը հանդիմանում է Դավթին

Նախ՝ Բերսաբեից ծնված երեխան մահանում է։ Ապա՝ Դավթի անդրանիկ որդի Ամնոնը, միայնակ մնալով իր քրոջ՝ Թամարի հետ, բռնաբարում է նրան։ Դավթի մյուս որդին՝ Աբիսողոմը, իմանալով այդ մասին, այն աստիճանի է զայրանում, որ սպանում է իր եղբորը։ Ավելի ուշ Աբիսողոմին հաջողվում է շահել ժողովրդի մեծ մասի համակրանքը, և նա ինքնակոչ թագավոր է դառնում։ Վերջիվերջո, Դավիթը Աբիսողոմի դեմ մղվող պայքարում հաղթող է դուրս գալիս, իսկ Աբիսողոմը սպանվում է։ Այո՛, Դավթին դժբախտությունների մե՜ծ բաժին է հասնում։

Իսկ այդ ընթացքում Բերսաբեն մի զավակ է ծնում, որի անունը Սողոմոն են դնում։ Երբ Դավիթը ծերանում է ու հիվանդանում, իր որդին՝ Ադոնիան, փորձում է դառնալ թագավոր։ Ուստի Դավիթը հրամայում է Սադովկ քահանային յուղով օծել Սողոմոնի գլուխը՝ ի նշան այն բանի, որ նա՛ է իրեն փոխարինելու։ Շուտով՝ 70 տարեկան հասակում, Դավիթը մահանում է։ Նա թագավորեց 40 տարի, իսկ իրենից հետո Իսրայելի թագավոր է դառնում Սողոմոնը։

Բ Թագաւորաց 11։1-27; 12։1-18; Գ Թագաւորաց 1։1-48։



Հարցեր

  • Եհովայի օգնության շնորհիվ վերջիվերջո ի՞նչ է պատահում Քանանի երկրին։
  • Ի՞նչ է տեղի ունենում մի օր, երբ Դավիթը շրջում է իր պալատի տանիքում։
  • Եհովան ինչո՞ւ է խիստ բարկանում Դավթի վրա։
  • Ինչպես պատկերված է նկարում, Եհովան ո՞ւմ է ուղարկում Դավթի մոտ՝ նրան իր մեղքերի մասին հայտնելու, և այդ մարդն ասում է, որ Դավթին ի՞նչ է պատահելու։
  • Դավիթն ի՞նչ փորձանքների մեջ է ընկնում։
  • Դավթից հետո ո՞վ է դառնում Իսրայելի թագավոր։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Բ Թագաւորաց 11։1-27 համարները։

    Եհովայի ծառայությամբ զբաղված լինելը ինչպե՞ս է մեզ պաշտպանում։

    Ինչպե՞ս եղավ, որ Դավիթը մեղք գործեց, և դա այսօր ի՞նչ նախազգուշացում է Եհովայի ծառաների համար (Բ Թագ. 11։2; Մատթ. 5։27-29; Ա Կորնթ. 10։12; Յակ. 1։14, 15)։

  • Կարդա՛ Բ Թագաւորաց 12։1-18 համարները։

    Երեցներն ու ծնողները ի՞նչ դաս կարող են քաղել այն բանից, թե Նաթանը ի՞նչ ձևով մոտեցավ Դավթին՝ նրան խորհուրդ տալու համար (Բ Թագ. 12։1-4; Առակ. 12։18; Մատթ. 13։34)։

    Եհովան ինչո՞ւ ողորմածաբար վերաբերվեց Դավթի հետ (Բ Թագ. 12։13; Սաղ. 32։5; Բ Կորնթ. 7։9, 10)։