Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն

Պատմություն 61: Դավիթը թագավոր է հռչակվում

Պատմություն 61: Դավիթը թագավոր է հռչակվում

Սավուղը դարձյալ փորձում է բռնել Դավթին։ Այդ նպատակով նա ընտրում է իր լավագույն ռազմիկներից 3 000 հոգու և ճանապարհ ընկնում նրան որոնելու։ Երբ Դավիթն իմանում է այս մասին, հետախույզներ է ուղարկում ճշտելու, թե Սավուղն ու իր մարդիկ գիշերելու համար որտեղ են ճամբար դրել։ Ապա նա դիմում է իր զինվորներից երկուսին. «Ձեզանից ո՞վ ինձ հետ բանակ կիջնի՝ Սավուղի մոտ»։

Դավիթը կանչում է Սավուղ թագավորին

— Ես կգամ քեզ հետ,— պատասխանում է Աբեսսան՝ Դավթի քրոջ՝ Շարուհեայի որդին։ Մինչ Սավուղն ու իր մարդիկ քնած են, Դավիթն ու Աբեսսան գաղտագողի մտնում են բանակատեղ ու վերցնում Սավուղի գլխի մոտ դրված նիզակն ու ջրի կուժը։ Քանի որ բոլորը խորը քնի մեջ են, ոչ մեկը նրանց չի տեսնում և չի լսում։

Հապա նայի՛ր Դավթին ու Աբեսսային։ Նրանք արդեն բավականին հեռու են ու բլրի գլխին՝ ապահով տեղում են գտնվում։ Դավիթը բարձրաձայն կանչում է Իսրայելի բանակի զորապետին. «Աբեննե՛ր, ինչո՞ւ չես պահպանում քո տիրոջը՝ թագավորին։ Հապա նայի՛ր… Ո՞ւր են նրա նիզակն ու ջրի կուժը»։

Սավուղն արթնանում է քնից։ Ճանաչելով Դավթի ձայնը՝ նա հարցնում է. «Դավի՛թ, այդ դո՞ւ ես»։ Ներքևի նկարում տեսնո՞ւմ ես Սավուղին ու Աբեններին։

— Այո՛, տեր իմ թագավոր,— հնչում է Դավթի պատասխանը։— Ինչո՞ւ ես իմ ետևից ընկել։ Քեզ ի՞նչ վատություն եմ արել։ Ահա քո նիզակը, թագավո՛ր։ Թող քո երիտասարդներից մեկը գա ու վերցնի այն։

Սավուղ թագավորն ու Աբենները

— Ես սխալ եմ գործել,— պատասխանում է Սավուղը,— ու անմտորեն եմ վարվել քո հանդեպ։— Դրանից հետո նրանք բաժանվում են. Դավիթը գնում է իր ճանապարհով, իսկ Սավուղը վերադառնում է տուն։ Բայց Դավթի մտքերն իրեն հանգիստ չեն տալիս. «Միևնույն է, օրերից մի օր Սավուղն ինձ սպանելու է։ Հարկավոր է փախչել փղշտացիների երկիրը»։ Եվ այդպես էլ անում է։ Դավթին հաջողվում է խաբել փղշտացիներին՝ ձևացնելով, թե ինքը հիմա նրանց կողմն է անցել։

Որոշ ժամանակ անց փղշտացիները հարձակվում են իսրայելացիների վրա։ Սավուղն ու Հովնաթանը սպանվում են մարտում։ Հովնաթանի մահը մեծ վիշտ է պատճառում Դավթին, և նա մի հուզիչ երգ է գրում. «Իմ եղբայր Հովնաթան, իմ տխրությունը սահման չունի։ Որքա՜ն թանկ էիր դու ինձ համար»։

Այդ դեպքից հետո Դավիթը վերադառնում է Իսրայելի Քեբրոն քաղաքը։ Այնտեղ կռիվ է ծագել Սավուղի որդու՝ Հեբուսթեի ու Դավթի կողմնակիցների միջև, թե ով պիտի թագավորի։ Վերջապես, Դավթի կողմնակիցները հաղթանակ են տանում։ Դավիթը 30 տարեկան է, երբ թագավոր է հռչակվում։ Քեբրոնում նա թագավորում է յոթ ու կես տարի։ Այստեղ նա ունենում է երեք որդի՝ Ամնոնին, Աբիսողոմին և Ադոնիային։

Եվ ահա գալիս է այն օրը, երբ Դավիթն իր զինվորների հետ շարժվում է դեպի Երուսաղեմ՝ այդ գեղեցիկ քաղաքը գրավելու։ Այս մարտում զորքի գլուխն է անցնում Դավթի քույր Շարուհեայի մյուս որդին՝ Հովաբը։ Այդպիսի նախաձեռնության համար Դավիթը պարգևատրում է Հովաբին՝ դարձնելով իր բանակի հրամանատարը։ Այդ ժամանակից սկսած Դավիթը սկսում է թագավորել Երուսաղեմ քաղաքում։

Ա Թագաւորաց 26։1-25; 27։1-7; 31։1-6; Բ Թագաւորաց 1։26; 3։1-21; 5։1-10; Ա Մնացորդաց 11։1-9։



Հարցեր

  • Դավիթն ու Աբեսսան ի՞նչ են անում, մինչ Սավուղը քնած է լինում իր բանակատեղում։
  • Դավիթը ի՞նչ հարցեր է տալիս Սավուղին։
  • Սավուղից հեռանալուց հետո Դավիթը ո՞ւր է գնում։
  • Ի՞նչն է Դավթին շատ տխրեցնում, ինչն էլ պատճառ է դառնում, որ նա մի գեղեցիկ երգ գրի։
  • Դավիթը քանի՞ տարեկանում է Քեբրոնում թագավոր հռչակվում, և ի՞նչ են նրա որդիներից մի քանիսի անունները։
  • Հետագայում Դավիթը որտե՞ղ է թագավորում։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Ա Թագաւորաց 26։1-25 համարները։

    Դավթի խոսքերը, որ արձանագրված են Ա Թագաւորաց 26։11-ում, ի՞նչ են ցույց տալիս աստվածապետական կարգի հանդեպ նրա տեսակետի մասին (Սաղ. 37։7; Հռովմ. 13։2)։

    Երբ մեծ ջանքեր ենք գործադրում սիրառատ բարություն դրսևորելու համար, բայց արձագանք չենք գտնում, ինչպե՞ս կարող ենք պատշաճ տեսակետ պահպանել Դավթի խոսքերի օգնությամբ, որ արձանագրված են Ա Թագաւորաց 26։23-ում (Գ Թագ 8։32; Սաղ. 18։20)։

  • Կարդա՛ Բ Թագաւորաց 1։26 համարը։

    Քրիստոնյաներն այսօր ինչպե՞ս կարող են այնպիսի «սերտ սեր» զարգացնել միմյանց հանդեպ, ինչպիսին որ գոյություն ուներ Դավթի և Հովնաթանի միջև (Ա Պետ. 4։8; Կող. 3։14; Ա Յովհ. 4։12)։

  • Կարդա՛ Բ Թագաւորաց 5։1-10 համարները։

    Դավիթը քանի՞ տարի իշխեց որպես թագավոր, և այդ ժամանակը ի՞նչ մասերի էր բաժանվում (Բ Թագ. 5։4, 5)։

    Դավիթը ո՞ւմ շնորհիվ էր հզորացել, և դա այսօր ի՞նչ է հիշեցնում մեզ (Բ Թագ. 5։10; Ա Թագ. 16։13; Ա Կորնթ. 1։31; Փիլիպ. 4։13, ԱԱ)։

Իմացիր ավելին

ՍՈՎՈՐԵՑՐԵՔ ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Դավիթը չէր վախենում

Կարդա աստվածաշնչյան այս հետաքրքիր պատմությունը և իմացիր, թե ինչու էր Դավիթը այդքան քաջ։