Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն

Պատմություն 59: Ինչո՞ւ Դավիթը ստիպված է փախչել

Պատմություն 59: Ինչո՞ւ Դավիթը ստիպված է փախչել

Այն բանից հետո, երբ Դավիթը սպանում է Գողիաթին, Իսրայելի զորապետ Աբենները նրան բերում է Սավուղի մոտ։ Դավիթը շատ է դուր գալիս Սավուղին։ Նա Դավթին նշանակում է բանակի հրամանատար և պահում նրան թագավորական պալատում։

Հետագայում, երբ զորքը վերադառնում է փղշտացիների դեմ պատերազմից, կանայք երգում են. «Սավուղը սպանեց հազարավորների, իսկ Դավիթը՝ բյուրավորների»։ Տեսնելով, որ Դավիթն իրենից ավելի մեծ պատվի է արժանանում՝ Սավուղը նախանձով է լցվում նրա հանդեպ։ Բայց, հակառակ Սավուղին, նրա որդի Հովնաթանը Դավթին չի նախանձում։ Դավիթն ու Հովնաթանը շատ են սիրում իրար։ Նրանք միմյանց երդում են տալիս, որ միշտ մնան բարեկամներ։

Սավուղ թագավորը նետում է նիզակը

Դավիթը հիանալի նվագում է քնարի վրա, ու Սավուղին դուր է գալիս Դավթի նվագը։ Բայց մի օր Սավուղի նախանձը նրան սարսափելի քայլի է մղում։ Մինչ Դավիթը քնար էր նվագում, Սավուղը վերցնում է նիզակն ու նետում նրա կողմը՝ գոչելով. «Ես Դավթին պատին պիտի մեխեմ»։ Դավիթը հասցնում է խույս տալ, ու նիզակը չի դիպչում իրեն։ Ավելի ուշ, Սավուղը մեկ անգամ ևս փորձում է այդ ձևով նրան սպանել։ Այսպիսով՝ Դավիթն արդեն հասկանում է, որ հարկավոր է խիստ զգույշ լինել։

Հիշո՞ւմ ես, թե ինչ էր խոստացել Սավուղը։ Նա ասել էր, որ Գողիաթին սպանողը կամուսնանա իր դստեր հետ։ Եվ ահա, վերջապես, նա հայտնում է Դավթին, որ, եթե նրան հաջողվի սպանել 100 փղշտացու, ապա իր դուստր Մեղքողը նրա կինը կդառնա։ Կռահո՞ւմ ես նրա մտքինը։ Իրականում, Սավուղը հույս ունի, որ փղշտացիները կսպանեն Դավթին։ Մինչդեռ վերջիններիս չի հաջողվում դա անել, և Սավուղն իր դուստր Մեղքողին տալիս է Դավթին։

Բայց ահա՝ օրերից մի օր, Սավուղը հայտնում է Հովնաթանին ու իր բոլոր ծառաներին, որ ուզում է սպանել Դավթին։ Հովնաթանը խնդրում է հորը. «Նրան ձեռք մի՛ տուր։ Նա քեզ ոչ մի վատ բան չի արել, ընդհակառակը՝ ինչ որ արել է, քո օգտի համար է արել։ Նա իր կյանքը վտանգի ենթարկելով՝ սպանեց Գողիաթին ու դրանով ուրախություն պատճառեց քեզ»։

Դավիթը խույս է տալիս

Սավուղը լսում է որդուն ու խոստանում Դավթին ձեռք չտալ։ Դավթին ետ են բերում, ու նա առաջվա պես շարունակում է ծառայել Սավուղին նրա պալատում։ Բայց մի օր, երբ Դավիթը նվագում է, Սավուղը դարձյալ փորձում է նիզակի մի հարվածով վերջ տալ նրա կյանքին։ Դավթին այս անգամ էլ է հաջողվում խույս տալ, ու նիզակը խրվում է պատի մեջ. արդեն երրորդ անգամ… Դավիթը հասկանում է, որ իրեն միայն մի ելք է մնում՝ փախչե՛լ։

Այդ գիշեր Դավիթը գնում է իր տուն։ Բայց Սավուղը մի քանի մարդ է ուղարկում նրա ետևից, որ սպանեն նրան։ Մեղքողին հայտնի են իր հոր ծրագրերը։ Ուստի նա հայտնում է ամուսնուն. «Եթե այս գիշեր դու չփախչես, ապա վաղն արդեն կենդանի չես լինի»։ Այդ գիշեր Մեղքողն օգնում է Դավթին՝ նրան պատուհանից իջեցնելով։ Դրանից հետո՝ յոթ տարի շարունակ, Դավիթը ստիպված է թաքնվել այստեղ-այնտեղ, որպեսզի Սավուղը չկարողանա գտնել նրան։

Ա Թագաւորաց 18։1-30; 19։1-18։



Հարցեր

  • Սավուղը ինչո՞ւ է նախանձում Դավթին, իսկ Սավուղի որդի Հովնաթանը ինչո՞վ է տարբերվում իր հորից։
  • Մի օր ի՞նչ է տեղի ունենում, երբ Դավիթը քնար է նվագում Սավուղի համար։
  • Սավուղը Դավթին ի՞նչ է պատվիրում անել նախքան Մեղքողի՝ Սավուղի աղջկա հետ ամուսնանալը, և ինչո՞ւ է Սավուղը այդպիսի բան ասում։
  • Երբ երրորդ անգամ Դավիթը Սավուղի համար քնար է նվագում, ի՞նչ է տեղի ունենում, ինչպես որ տեսնում ես նկարում։
  • Մեղքողը ինչպե՞ս է փրկում Դավթի կյանքը, և Դավիթը յոթ տարի շարունակ ստիպված է լինում ի՞նչ անել։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Ա Թագաւորաց 18։1-30 համարները։

    Դավթի հանդեպ Հովնաթանի անքակտելի սերը ինչպե՞ս է պատկերում այն սերը, որ կա ‘ուրիշ ոչխարների’ և ‘փոքր հոտի’ անդամների միջև (Ա Թագ. 18։1; Յովհ. 10։16; Ղուկ. 12։32; Զաք. 8։23)։

    Հաշվի առնելով այն, որ իրականում Հովնաթանն էր Սավուղի թագաժառանգը՝ Ա Թագաւորաց 18։4 համարն ինչպե՞ս է ցույց տալիս, որ Հովնաթանը ակնառու կերպով հնազանդվում էր ընտրված թագավորին։

    Սավուղի օրինակն ինչպե՞ս է ցույց տալիս, որ նախանձը կարող է լուրջ մեղքի առաջնորդել, և սա ի՞նչ նախազգուշացում է մեզ համար (Ա Թագ. 18։7-9, 25; Յակ. 3։14-16)։

  • Կարդա՛ Ա Թագաւորաց 19։1-17 համարները։

    Հովնաթանը իր կյանքը ինչպե՞ս վտանգի ենթարկեց՝ ասելով այն խոսքերը, որ արձանագրված են Ա Թագաւորաց 19։4, 5 համարներում (Ա Թագ. 19։1, 6)։