Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 58: Դավիթ ու Գողիաթ

Պատմություն 58: Դավիթ ու Գողիաթ

Ահա փղշտացիները կրկին հարձակվում են իսրայելացիների վրա։ Դավթի երեք ավագ եղբայրները ծառայում են Սավուղի բանակում։ Մի օր Հեսսեն Դավթին ասում է. «Վերցրո՛ւ մի քիչ աղանձ ու հացի բոքոններ և գնա եղբայրներիդ որպիսությունն իմանալու»։

Գողիաթը

Բանակատեղ հասնելուն պես Դավիթը վազում է ռազմադաշտ՝ տեսնելու իր եղբայրներին։ Նա նկատում է, թե ինչպես Գողիաթ անունով մի հսկայամարմին փղշտացի դուրս է գալիս իսրայելացիներին ծաղրելու։ Այս բանը նա անում է արդեն 40 օր՝ առավոտյան ու երեկոյան և հետն էլ գոչում. «Ձեզանից մեկին ուղարկեք ինձ հետ մենամարտելու։ Եթե նա ինձ հաղթի ու սպանի, ապա մենք կդառնանք ձեր ստրուկները։ Իսկ եթե ես նրան հաղթեմ ու սպանեմ, ապա դուք կդառնաք մեր ստրուկները։ Դե, եթե այդքան քաջ եք, գտե՛ք այդպիսի մեկին»։

Դավիթը հարցնում է իր կողքի զինվորներին. «Իսկ ի՞նչ վարձատրություն է սպասում այն մարդուն, որը կհաղթի փղշտացիներին ու այս խայտառակությունը վեր կառնի իսրայելացիների վրայից»։

— Սավուղն այդ մարդուն խոստանում է մեծ հարստություն, ինչպես նաև կնության տալ իր դստերը,— պատասխանում են նրան։

Բայց Գողիաթն այնպիսի մի աժդահա է, որ բոլոր իսրայելացիները վախենում են նրանից։ Նրա հասակը ավելի քան 9 ոտնաչափ է (մոտ 3 մետր), և նրա վահանը մի ուրիշ զինվոր է տանում։

Շուտով Սավուղ թագավորին տեղեկացնում են, որ Դավիթն ուզում է դուրս գալ Գողիաթի դեմ։ Բայց Սավուղն ասում է. «Դու չես կարող կռվել փղշտացու դեմ։ Դու դեռ պատանի ես, իսկ նա ծնված օրից կռիվներում է մեծացել»։ Դավիթը պատասխանում է. «Ես առյուծ ու արջ եմ սպանել՝ ազատելով հորս ոչխարներին։ Այս փղշտացին էլ պիտի նրանց վիճակին արժանանա։ Եհովան իմ օգնականն է»։ Սավուղն ասում է. «Գնա՛, Եհովան քեզ հետ»։

Դավիթն իջնում է գետակի մոտ, ընտրում հինգ ողորկ քար ու դնում դրանք իր մախաղի (հովվական պայուսակի) մեջ։ Ապա վերցնում է իր պարսատիկն ու գնում աժդահային ընդառաջ։ Գողիաթն ապշում է՝ տեսնելով նրան. նա չի կասկածում, որ ինքը, առանց որևէ դժվարության, կհաղթի այդ տղային։

Դավիթը պարսատիկով նետում է քարը

— Արի՛, արի՛,— կանչում է նա։— Արի՛, որ ես քո մարմինը թռչուններին ու գազաններին կերակուր դարձնեմ։— Բայց Դավիթը պատասխանում է. «Դու իմ դեմ զինված ես սրով, նիզակով ու տեգով, իսկ ես դուրս եմ գալիս քո դեմ Եհովայի անունով։ Այսօր Եհովան քեզ իմ ձեռքը կմատնի, ու ես քեզ կսպանեմ»։

Այդ ասելով՝ Դավիթն անմիջապես վազում է դեպի Գողիաթը։ Նա հանում է իր պայուսակի քարերից մեկը, տեղադրում պարսատիկի մեջ ու ամբողջ ուժով այն շպրտում։ Քարը դիպչում է Գողիաթի հենց ճակատին ու մխրճվում գլխի մեջ։ Գողիաթը մեռած ընկնում է գետնին։ Տեսնելով իրենց ուժեղագույն զինվորին տապալված՝ փղշտացիները խուճապահար սկսում են փախչել։ Իսկ իսրայելացիներն ընկնում են նրանց ետևից ու, այդպիսով, շահում պատերազմը։

Ա Թագաւորաց 17։1-54։



Հարցեր

  • Գողիաթը ի՞նչ մարտահրավեր է նետում իսրայելական բանակին։
  • Որքա՞ն մեծ է Գողիաթը, և Սավուղ թագավորը ի՞նչ է խոստանում այն մարդուն, որը կկարողանա սպանել Գողիաթին։
  • Դավիթն ի՞նչ է պատասխանում Սավուղին, երբ վերջինս ասում է, թե նա չի կարող կռվել Գողիաթի դեմ, քանի որ պատանի է։
  • Իր պատասխանի մեջ Դավիթն ինչպե՞ս է ցույց տալիս, որ ապավինում է Եհովային։
  • Ինչպես տեսնում ես նկարում, Դավիթն ինչո՞վ է սպանում Գողիաթին, և դրանից հետո ի՞նչ է պատահում փղշտացիներին։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Ա Թագաւորաց 17։1-54 համարները։

    Դավթի խիզախության գաղտնիքը ո՞րն էր, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրա քաջությունը (Ա Թագ. 17։37, 45; Եփես. 6։10, 11)։

    Քրիստոնյաներն ինչո՞ւ պետք է հեռու մնան այնպիսի մրցակցության ոգի դրսևորելուց, ինչպիսին դրսևորեց Գողիաթը, երբ նրանք խաղեր են խաղում կամ զվարճանում են (Ա Թագ. 17։8; Գաղ. 5։26; Ա Տիմոթ. 4։8)։

    Դավթի խոսքերից ինչպե՞ս է երևում, որ նա հավատում էր, որ Աստված իրեն թիկունք կկանգնի (Ա Թագ. 17։45-47; Բ Մնաց. 20։15)։

    Ինչպե՞ս է այս պատմությունը ցույց տալիս, որ պայքարը իրականում կեղծ աստվածների և ճշմարիտ Աստծու՝ Եհովայի միջև էր, և ոչ թե երկու հակառակորդ բանակների (Ա Թագ. 17։43, 46, 47)։

    Օծյալ մնացորդը Եհովային ապավինելու հարցում ինչպե՞ս է ընդօրինակում Դավթին (Ա Թագ. 17։37; Երեմ. 1։17-19; Յայտն. 12։17)։

Իմացիր ավելին

Դավիթը չէր վախենում

Կարդա աստվածաշնչյան այս հետաքրքիր պատմությունը և իմացիր, թե ինչու էր Դավիթը այդքան քաջ։