Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 57: Աստված ընտրում է Դավթին

Պատմություն 57: Աստված ընտրում է Դավթին
Դավիթը փրկում է գառնուկին

Կարո՞ղ ես կռահել, թե ինչ է տեղի ունեցել։ Այս տղան գառնուկին խլել է արջի ճանկերից։ Արջը եկավ ու հափշտակեց նրան, որպեսզի ուտի։ Բայց տղան վազեց նրա ետևից ու փրկեց գառնուկին արջի երախից։ Եվ երբ արջը կանգնեց ետևի թաթերի վրա, տղան բռնեց նրան ու գետին տապալեց։ Իսկ մի ուրիշ անգամ նա առյուծի ձեռքից ազատեց մի ոչխարի։ Ինչ քաջ տղա է, չէ՞։ Ճանաչո՞ւմ ես նրան։

Սա պատանի Դավիթն է։ Նա ապրում է Բեթլեհեմ քաղաքում։ Նրա պապը Ովբեդն է՝ Հռութի և Բոոսի որդին։ Հիշո՞ւմ ես նրանց։ Իսկ Դավթի հոր անունն է Հեսսե։ Դավիթն արածեցնում է իր հոր ոչխարներին։ Երբ նա ծնվեց, արդեն տասը տարի էր, ինչ Սավուղը թագավորում էր Իսրայելում։

Հասնում է ժամանակը, և Եհովան ասում է Սամուելին. «Վերցրո՛ւ այն հատուկ յուղից ու գնա Հեսսեի տուն՝ Բեթլեհեմ։ Ես նրա որդիներից մեկին ընտրել եմ, որ թագավոր դառնա»։ Տեսնելով Հեսսեի ավագ որդուն՝ Եղիաբին, Սամուելն իր մտքում ասում է. «Անկասկած, սա է Եհովայի ընտրածը»։ Բայց Եհովան ասում է. «Նրա հասակի բարձրությանն ու վայելուչ արտաքինին մի՛ նայիր։ Ես նրան չեմ ընտրել որպես թագավոր»։

Այնուհետև Հեսսեն Սամուելի մոտ է կանչում իր որդի Աբինադաբին։ Բայց Սամուելն ասում է. «Ո՛չ, Եհովան նրան էլ չի ընտրել»։ Ապա կանչում են Սամմա որդուն, սակայն Եհովան նրան էլ չի ընտրել։ Հեսսեն իր յոթ որդիներին հերթով ներկայացնում է Սամուելին, բայց Եհովան նրանցից ոչ մեկին էլ չի ընտրել։ Վերջում Սամուելը հարցնում է. «Սրա՞նք են քո բոլոր տղաները»։

Հեսսեն պատասխանում է. «Մնաց միայն կրտսերը, բայց նա այստեղ չէ, ոչխարներին է արածեցնում»։ Շուտով բերում են Դավթին, և Սամուելը նկատում է, որ նա մի գեղեցկադեմ տղա է։ «Ահա և նա,— ասում է Եհովան։— Օծի՛ր նրան յուղով»։ Սամուելն այդպես էլ անում է։ Սակայն Դավիթը Իսրայելի թագավոր պիտի դառնա դեռ որոշ ժամանակ հետո։

Ա Թագաւորաց 17։34, 35; 16։1-13։



Հարցեր

  • Նկարում պատկերված պատանու անունը ի՞նչ է, և որտեղի՞ց գիտենք, որ նա քաջ տղա է։
  • Դավիթը որտե՞ղ է ապրում, և ի՞նչ են նրա հոր ու պապի անունները։
  • Եհովան ինչո՞ւ է ասում Սամուելին, որ նա գնա Բեթլեհեմ՝ Հեսսեի տուն։
  • Ի՞նչ է տեղի ունենում, երբ Հեսսեն իր յոթ որդիներին բերում է Սամուելի մոտ։
  • Երբ Դավթին բերում են, Եհովան ի՞նչ է հայտնում Սամուելին։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Ա Թագաւորաց 17։34, 35 համարները։

    Այս դեպքերն ինչպե՞ս են շեշտում այն միտքը, որ Դավիթը քաջ էր ու ապավինում էր Եհովային (Ա Թագ. 17։37)։

  • Կարդա՛ Ա Թագաւորաց 16։1-14 համարները։

    Եհովայի խոսքերը, որ արձանագրված են Ա Թագաւորաց 16։7-ում ինչպե՞ս են օգնում մեզ լինել անաչառ և խուսափել, մարդու արտաքինին նայելով, կանխակալ կարծիք կազմելուց (Գործք 10։34, 35; Ա Տիմոթ. 2։4)։

    Սավուղի օրինակն ինչպե՞ս է ցույց տալիս, որ երբ Եհովան իր սուրբ ոգին վերցնում է որևէ անհատից, դատարկ մնացած տեղը այսպես ասած կարող է լցվել չար ոգով կամ սխալ գործելու ներքին ցանկությամբ (Ա Թագ. 16։14; Մատթ. 12։43-45; Գաղ. 5։16)։

Իմացիր ավելին

Աստվածաշնչյան քարտ. Դավիթ

Հավանաբար լսած կլինես Դավթի և Գողիաթի պատմությունը։ Բայց Դավթի մասին ուրիշ շատ հետաքրքիր բաներ էլ կարող ես իմանալ։