Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 56: Սավուղը՝ Իսրայելի առաջին թագավոր

Պատմություն 56: Սավուղը՝ Իսրայելի առաջին թագավոր
Սամուելը Սավուղին օծում է թագավոր

Նայի՛ր, թե ինչպես է Սամուելը յուղ լցնում այս մարդու գլխին։ Սովորաբար այսպես էին վարվում, երբ ուզում էին ցույց տալ, որ տվյալ անձն ընտրվել է որպես թագավոր։ Եհովայի պատվերով Սամուելը յուղով օծում է Սավուղին։ Դա մի յուրահատուկ, անուշահոտ յուղ է։

Սավուղը գտնում էր, որ ինքն արժանի չէ թագավոր լինելու։ «Ես Իսրայելի ամենափոքր՝ Բենիամինի ցեղից եմ,— ասում է նա Սամուելին,— ինչո՞ւ ես ինձ ասում, որ թագավոր եմ լինելու»։ Եհովան սիրում է Սավուղին, քանի որ նա իրեն մեծ ու կարևոր անձնավորություն չի համարում։ Ահա թե ինչն է պատճառը, որ Եհովան որպես թագավոր նրան է ընտրում։

Իրականում Սավուղն ինչ-որ մի աղքատ կամ էլ աննշան մարդ չէ։ Նա ծագումով հարուստ ընտանիքի զավակ է, արտաքնապես բավականին գեղեցիկ ու բարձրահասակ։ Նրա հասակը իսրայելացիներից մոտ 30 սանտիմետրով ավելի բարձր է։ Սավուղը նաև արագավազ է ու ֆիզիկապես շատ ուժեղ։ Ժողովուրդն ուրախ է, որ Եհովան Սավուղին է ընտրել որպես թագավոր։ Նրանք միաբերան բացականչում են. «Կեցցե՜ թագավորը»։

Իսրայելի թշնամիները ավելի, քան երբևէ հզորացել են։ Նրանք, ինչպես նախկինում, դարձյալ սկսում են ճնշել իսրայելացիներին։ Սավուղի թագավոր ընտրվելուց հետո իսրայելացիների վրա հարձակվում են ամմոնացիները։ Սակայն Սավուղը մի մեծ բանակ է հավաքում ու, արդյունքում, հաղթում նրանց։ Հետևաբար, ժողովուրդն ուրախ է, որ իրենց թագավորը Սավուղն է։

Այդ տարիների ընթացքում Իսրայելը Սավուղի առաջնորդությամբ բազում հաղթանակներ է տանում։ Սավուղը նաև Հովնաթան անունով մի քաջ որդի ունի։ Վերջինիս օգնությամբ իսրայելացիները մի շարք հաղթանակներ են տանում։ Փղշտացիները դեռևս համարվում էին իսրայելացիների ամենաոխերիմ թշնամիները։ Օրերից մի օր հազարավոր մարտիկներից բաղկացած փղշտացիների բանակը դուրս է գալիս իսրայելացիների դեմ պատերազմելու։

Սամուելը պատվիրում է Սավուղին սպասել, մինչև որ ինքը գա ու զոհ, կամ՝ ընծա, մատուցի Եհովային։ Բայց Սամուելն ուշանում է, ուստի Սավուղը, վախենալով, որ փղշտացիները կսկսեն պատերազմը, զոհը ի՛նքն է մատուցում։ Իսկ երբ, վերջապես, Սամուելը գալիս է, նա մեղադրում է Սավուղին անհնազանդության մեջ։ «Եհովան ուրիշին է ընտրելու որպես Իսրայելի թագավոր»,— ասում է Սամուելը։

Հետագայում Սավուղը դարձյալ անհնազանդ է գտնվում։ Այս անգամ Սամուելն ասում է նրան. «Ավելի լավ է Եհովային լսել, քան թե նրան ոչխարներից լավագույնը մատուցել։ Քանի որ չհնազանդվեցիր նրան, Եհովան էլ քեզ զրկելու է Իսրայելի թագավոր լինելուց»։

Այս դեպքը մեզ շատ բան է սովորեցնում։ Այն ցույց է տալիս, թե որքան կարևոր է Եհովային միշտ հնազանդվելը։ Մենք նաև սովորում ենք, որ նույնիսկ լավ մարդը, ինչպիսին Սավուղն էր, կարող է փոխվել ու դառնալ վատը։ Իսկ մենք չենք ուզում վատ մարդ դառնալ, այնպես չէ՞։

Ա Թագաւորաց 9-11 գլուխներ; 13։5-14; 14։47-52; 15։1-35; Բ Թագաւորաց 1։23։



Հարցեր

  • Նկարում ի՞նչ է անում Սամուելը և ինչո՞ւ։
  • Ինչո՞ւ է Եհովան հավանում Սավուղին, և ինչպիսի՞ մարդ է նա։
  • Սավուղի որդու անունն ի՞նչ է, և այդ որդին ի՞նչ է անում։
  • Ինչո՞ւ է Սավուղը զոհ մատուցում՝ փոխանակ սպասելու, որ Սամուելը դա անի։
  • Ի՞նչ դասեր կարող ենք քաղել Սավուղի մասին պատմող դեպքից։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Ա Թագաւորաց 9։15-21; 10։17-​27 համարները։

    Սավուղի համեստությունը ինչպե՞ս օգնեց նրան հապճեպ քայլեր չձեռնարկել, երբ մի քանի մարդիկ ոչ հարգալից կերպով արտահայտվեցին իր մասին (Ա Թագ. 9։21; 10։21, 22, 27; Առակ. 17։27)։

  • Կարդա՛ Ա Թագաւորաց 13։5-14 համարները։

    Սավուղը ի՞նչ մեղք գործեց Գաղգաղայում (Ա Թագ. 10։8; 13։8, 9, 13)։

  • Սավուղը ի՞նչ մեղք գործեց Գաղգաղայում (Ա Թագ. 10։8; 13։8, 9, 13)։

    Կարդա՛ Ա Թագաւորաց 15։1-35 համարները։

    Սավուղը ի՞նչ լուրջ մեղք գործեց կապված ամաղեկացիների Ագագ թագավորի հետ (Ա Թագ. 15։2, 3, 8, 9, 22)։

    Սավուղը ինչպե՞ս փորձեց արդարացնել իր գործելակերպը և իր մեղքը ուրիշի վրա գցել (Ա Թագ. 15։24)։