Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 52: Գեդեոնն ու իր 300 ռազմիկները

Պատմություն 52: Գեդեոնն ու իր 300 ռազմիկները

Տեսնո՞ւմ ես, թե ինչ է կատարվում այստեղ։ Սրանք բոլորը իսրայելացի զինվորներ են։ Նրանք կռացած ջուր են խմում, իսկ նրանց կողքին կանգնած է Գեդեոն դատավորը և հետևում է, թե ինչպես ենք նրանք ջուրը խմում։

Հապա ուշադիր նայիր, թե մարդիկ ինչ տարբեր ձևերով են ջուր խմում։ Մի քանիսը դեմքով կռացել են ջրի վրա, բայց նրանցից մեկն ափով է ջուր խմում, հետևաբար կարողանում է տեսնել, թե ինչ է կատարվում շրջապատում։ Սա կարևոր է, քանի որ Եհովան Գեդեոնին պատվիրեց ընտրել այն զինվորներին, ովքեր ջուր խմելիս զգոնություն կցուցաբերեն։ Մնացածները, ըստ Աստծու կարգադրության, պետք է տուն վերադառնային։ Տեսնենք, թե ինչու։

Իսրայելացիները կրկին անախորժությունների են հանդիպել։ Պատճառն այն է, որ նրանք անհնազանդ են գտնվել Եհովային։ Մադիանացիները զորացել են ու ճնշում են գործադրում նրանց վրա։ Ուստի, իսրայելացիներն օգնություն հայցելու համար աղաղակում են Եհովային, ու նա լսում է նրանց։

Եհովան Գեդեոնին պատվիրում է բանակ կազմել, և վերջինս հավաքում է 32 000 պատերազմող տղամարդ։ Մինչդեռ իսրայելացիների դեմ կանգնած է 135 000-անոց բանակ։ Բայցևայնպես, Եհովան ասում է Գեդեոնին. «Քեզ հետ եղող ժողովուրդը շատ է»։ Ինչո՞ւ է Եհովան այսպես ասում։

Պատճառն այն է, որ, եթե իսրայելացիները պատերազմում հաղթեին, նրանց կարող էր թվալ, թե իրենց ուժերով են դրան հասել և որ հաղթանակի համար Եհովայի օգնության կարիքը չունեին։ Ուստի Եհովան պատվիրում է Գեդեոնին. «Ասա՛ բոլոր վախեցողներին, որ տուն վերադառնան»։ Երբ Գեդեոնը կատարում է այս հրահանգը, պատերազմող ռազմիկներից 22 000-ը վերադառնում է տուն։ Այսպիսով՝ նրա հետ մնում է միայն 10 000 մարդ, որոնք պետք է կռվեին թշնամու 135 000 զինվորների դեմ։

Գեդեոնը փորձում է իր մարդկանց

Բայց լսի՛ր, թե Եհովան ինչ է ասում. «Քեզ հետ եղող ժողովուրդը չափազանց շատ է»։ Նա կարգադրում է, որ բոլոր ռազմիկները այս գետակի մոտ բերվեն ու ջուր խմեն այնտեղից. նրանք, ովքեր բերանով ջուր կխմեին, տուն պիտի ուղարկվեին։ «Ես այնպես կանեմ, որ դու հաղթանակ տանես այն 300 մարդկանցով, որոնք խմելիս զգոնություն ցուցաբերեցին»,— խոստանում է Եհովան։

Հասնում է պատերազմի ժամը։ Գեդեոնն իր 300 մարտիկներին բաժանում է երեք խմբի։ Յուրաքանչյուր մարտիկին տալիս է մի շեփոր և մի սափոր, որի մեջ ջահ է դրված։ Կեսգիշերին նրանք հավաքվում են թշնամու բանակատեղի շուրջը։ Ապա բոլորը միաժամանակ հնչեցնում են իրենց շեփորներն ու կոտրում սափորները՝ բացականչելով. «Եհովայի ու Գեդեոնի սուրը»։ Արթնանալով՝ թշնամու զինվորները վախից շփոթահար են լինում ու խուճապի մատնվում։ Բոլորը սկսում են փախչել, և, արդյունքում, իսրայելացիները հաղթանակ են տանում։

Դատաւորաց 6-8 գլուխներ։



Հարցեր

  • Ինչպե՞ս է պատահում, որ իսրայելացիները անախորժությունների մեջ են ընկնում, և ինչո՞ւ։
  • Եհովան ինչո՞ւ է ասում Գեդեոնին, որ նրա բանակի մարդկանց թիվը չափազանց շատ է։
  • Երբ Գեդեոնը պատվիրում է, որ վախեցող մարդիկ տուն վերադառնան, քանի՞ մարդ է մնում։
  • Ինչպես ցույց է տրված նկարում, բացատրի՛ր, թե ինչպես Եհովան Գեդեոնի բանակի մարդկանց թիվը նվազեցրեց մինչև 300։
  • Գեդեոնը ինչպե՞ս է դասավորում իր 300 մարտիկներից բաղկացած զորքը, և ինչպե՞ս է Իսրայել ազգը հաղթանակ տանում։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Դատաւորաց 6։36-40 համարները։

    Գեդեոնը ինչպե՞ս համոզվեց, թե որն է Եհովայի կամքը։

    Իսկ մենք ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե որն է Եհովայի կամքը (Առակ. 2։3-6; Մատթ. 7։7-11; Բ Տիմոթ. 3։16, 17)։

  • Կարդա՛ Դատաւորաց 7։1-25 համարները։

    Ի՞նչ կարող ենք սովորել այն 300 մարդկանցից, որոնք զգուշություն ցուցաբերեցին՝ ի տարբերություն նրանց, ովքեր այդպես չվարվեցին (Դատ. 7։3, 6; Հռովմ. 13։11, 12; Եփես. 5։15-17)։

    Ինչպես որ 300 զինվորները, նայելով Գեդեոնին, սովորեցին նրանից, ինչպե՞ս ենք մենք սովորում Մեծ Գեդեոնից՝ Հիսուս Քրիստոսից՝ նայելով նրան (Դատ. 7։17; Մատթ. 11։29, 30; 28։19, 20; Ա Պետ. 2։21)։

    Դատաւորաց 7։21 համարն ինչպե՞ս է օգնում մեզ լինել գոհունակ, ուր էլ որ նշանակված լինենք ծառայելու Եհովայի կազմակերպության մեջ (Դատ. 7։21; Ա Կորնթ. 4։2; 12։14-18; Յակ. 4։10)։

  • Կարդա՛ Դատաւորաց 8։1-3 համարները։

    Երբ հարցը վերաբերում է եղբոր կամ քրոջ հետ ունեցած անհամաձայնություններին, ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, թե Գեդեոնն ինչպես հարթեց եփրեմյանների հետ ծագած վեճը (Առակ. 15։1; Մատթ. 5։23, 24; Ղուկ. 9։48)։