Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն

Պատմություն 50: Երկու խիզախ կանայք

Պատմություն 50: Երկու խիզախ կանայք

Երբ իսրայելացիները դժվարությունների են հանդիպում, աղաղակում են Եհովային։ Եհովան պատասխանում է նրանց աղոթքներին՝ նրանց օգնելու համար քաջ առաջնորդներ նշանակելով։ Աստվածաշունչը այդ առաջնորդներին կոչում է դատավորներ։ Առաջին դատավորը Հեսուն էր, իսկ նրանից հետո դատավորներ եղան Գոթոնիելը, Ավովդը և Սամեգարը։ Բայց իսրայելացիներին օգնողներից երկուսը կանայք են՝ Դեբորան ու Հայելը։

Դեբորան խոսում է Բարակի հետ

Դեբորան մարգարեուհի է։ Եհովան նրան ապագայի մասին տեղեկություններ է հաղորդում, իսկ նա, իր հերթին, Եհովայի խոսքերը ժողովրդին է փոխանցում։ Դեբորան նաև դատավոր է։ Նա նստում է բլրաշատ տեղանքում գտնվող մի արմավենու տակ, և մարդիկ իրենց խնդիրները լուծելու համար նրա օգնությանն են դիմում։

Այդ ժամանակ Քանանում թագավորում է Հաբինը։ Նրա տրամադրության տակ են 900 ռազմական կառքեր, իսկ բանակն այնքան հզոր է, որ իսրայելացիներից շատերը ստիպված են Հաբինի ծառաները դառնալ։ Բանակի զորագլուխն է Սիսարան։

Մի օր Դեբորան լուր է ուղարկում Բարակ դատավորին. «Եհովան այսպես է ասել. «Վերցրու 10 000 մարդ և նրանց հետ բարձրացիր Թաբոր լեռը։ Այնտեղ ես Սիսարային քո ձեռքը կմատնեմ, և դու կհաղթես նրան ու նրա բանակին»»։

Բարակը պատասխանում է Դեբորային. «Ես կգնամ այն դեպքում, եթե դու էլ ինձ միանաս»։ Դեբորան գնում է նրա հետ, բայց նաև ասում. «Հաղթանակի համար դու փառքի չես արժանանա, քանի որ Եհովան Սիսարային մի կնոջ ձեռքը պիտի մատնի»։ Այդպես էլ կատարվում է։

Իջնելով Թաբոր լեռից՝ Բարակը դեմ հանդիման է գնում Սիսարայի զինվորներին։ Հանկարծ Եհովան հեղեղ է առաջ բերում, ու թշնամու շատ զինվորներ խեղդվում են։ Բայց Սիսարան, վայր իջնելով իր կառքից, փախչում է։

Բարակը, Հայելը և Սիսարան

Կարճ ժամանակ անց նա հասնում է Հայելի վրանը։ Հայելը հրավիրում է նրան իր մոտ և կաթ հյուրասիրում։ Կաթը նինջ է բերում նրա վրա, ու նա շուտով խորը քուն է մտնում։ Ապա Հայելը վերցնում է վրանի ցցերից մեկը ու մխրճում այդ չար մարդու գլխի մեջ։ Ավելի ուշ, երբ Բարակը գալիս է, Հայելը ցույց է տալիս նրան մեռած Սիսարային։ Տեսնո՞ւմ ես, թե Դեբորայի բոլոր ասածներն ինչպես կատարվեցին։

Վերջապես, սպանվում է նաև Հաբին թագավորը, և իսրայելացիները որոշ ժամանակ դարձյալ խաղաղ ու ապահով կյանքով են ապրում։

Դատաւորաց 2։14-22; 4։1-24; 5։1-31։



Հարցեր

  • Ովքե՞ր են դատավորները, և ի՞նչ էր առաջին դատավորի անունը։
  • Դեբորան ի՞նչ առանձնաշնորհում ունի, և այն ի՞նչ է իրենից ներկայացնում։
  • Երբ Հաբին թագավորը և նրա զորագլուխ Սիսարան սպառնում են իսրայելացիներին, Դեբորան Եհովայի կողմից ի՞նչ լուր է ուղարկում Բարակ դատավորին և ասում է, որ հաղթանակի համար ո՞վ փառքի կարժանանա։
  • Հայելը ինչպե՞ս է ցույց տալիս, որ քաջ կին է։
  • Ի՞նչ է տեղի ունենում Հաբին թագավորի մահից հետո։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Դատաւորաց 2։14-22 համարները։

    Ինչպե՞ս իսրայելացիները բարկացրին Եհովային, և դրանից ի՞նչ կարող ենք սովորել (Դատ. 2։20; Առակ. 3։1, 2; Եզեկ. 18։21-23)։

  • Կարդա՛ Դատաւորաց 4։1-24 համարները։

    Ներկայումս քրիստոնյա կանայք հավատի և քաջության առնչությամբ ի՞նչ դասեր կարող են քաղել Դեբորայի ու Հայելի օրինակներից (Դատ. 4։4, 8, 9, 14, 21, 22; Առակ. 31։30; Ա Կորնթ. 16։13)։

  • Կարդա՛ Դատաւորաց 5։1-31 համարները։

    Բարակի և Դեբորայի հաղթական երգը ինչպե՞ս կարելի է գործածել որպես աղոթք գալիք Արմագեդոն պատերազմի առնչությամբ (Դատ. 5։3, 31; Ա Մնաց. 16։8-10; Յայտն. 7։9, 10; 16։16; 19։19-21)։