Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 48: Իմաստուն գաբավոնացիները

Պատմություն 48: Իմաստուն գաբավոնացիները

Քանանի քաղաքներից շատերը պատրաստվում են պատերազմելու Իսրայելի դեմ։ Նրանք հույս ունեն, որ կհաղթեն։ Բայց մոտակա Գաբավոն քաղաքի բնակիչներն այդպես չեն մտածում։ Նրանք հավատում են, որ իսրայելացիներին Աստված է օգնում, այդ պատճառով էլ չեն կամենում կռվել Աստծու դեմ։ Հետաքրքիր է՝ գաբավոնացիներն ինչպե՞ս են վարվում։

Նրանք որոշում են ձևացնել, իբր թե իրենք մի հեռավոր երկրի բնակիչներ են։ Այդպիսի տպավորություն թողնելու նպատակով նրանցից մի քանիսը մաշված հագուստներ ու քրքրված կոշիկներ են հագնում. իրենց էշերի վրա հին քուրձեր են դնում ու մի քիչ էլ չորացած հաց վերցնում իրենց հետ։ Որից հետո գնում են Հեսուի մոտ ու այսպես խոսում. «Մենք մի հեռավոր երկրից ենք եկել, քանի որ լսել ենք ձեր մեծ Աստծու՝ Եհովայի մասին։ Լսել ենք բոլոր այն հրաշքների մասին, որոնք նա արեց ձեզ համար Եգիպտոսում։ Ուստի մեր առաջնորդները պատվիրեցին մեզ ճանապարհի համար պաշար վերցնել, գալ ու խնդրել ձեզ. «Մենք ձեր ծառաներն ենք։ Խոստացե՛ք, որ մեր դեմ չեք պատերազմի»։ Նայեք-տեսեք՝ մեր հագուստները երկար ճանապարհից մաշվել են, իսկ մեր հացը հնացել ու չորացել է»։

Հեսուն և մնացած առաջնորդները հավատում են գաբավոնացիներին և խոստանում, որ չեն պատերազմի նրանց դեմ։ Սակայն երեք օր անց նրանց պարզ է դառնում, որ իրականում գաբավոնացիներն ապրում են մոտակայքում։

— Ինչո՞ւ մեզ ասացիք, թե հեռավոր երկրից եք եկել,— հարցնում է նրանց Հեսուն։

Գաբավոնացիները պատասխանում են. «Մենք այդ քայլին դիմեցինք, քանի որ ձեր Եհովա Աստվածը խոստացել էր ամբողջ Քանանի երկիրը տալ ձեզ։ Մենք էլ վախեցանք, որ մեզ էլ կսպանեք»։ Այնուհանդերձ, իսրայելացիները պահում են իրենց խոստումը, ու, գաբավոնացիներին սպանելու փոխարեն, նրանց ծառաներ են դարձնում։

Լսելով, որ գաբավոնացիները խաղաղության դաշինք են կնքել Իսրայելի հետ՝ Երուսաղեմի թագավորը բարկանում է։ Ուստի նա դիմում է մյուս չորս թագավորներին. «Եկեք ու ինձ օգնեք Գաբավոնի դեմ կռվելու»։ Եվ ահա այս հինգ թագավորները միաբանվում են ու գնում պատերազմելու։ Ի՞նչ ես կարծում, իսրայելացիների հետ խաղաղության դաշինք կնքելը գաբավոնացիների կողմից իմաստո՞ւն քայլ էր. չէ՞ որ դա պատճառ հանդիսացավ, որ հինգ թագավորները պատերազմի դուրս գան նրանց դեմ։ Դե ինչ, դա դեռ կտեսնենք։

Յեսու 9։1-27; 10։1-5։

Հեսուն և գաբավոնացիները


Հարցեր

  • Գաբավոնի բնակիչները ինչո՞վ են տարբերվում մոտակա քաղաքներում ապրող քանանացիներից։
  • Ինչպես պատկերված է նկարում, գաբավոնացիներն ի՞նչ են անում և ինչո՞ւ։
  • Հեսուն և Իսրայելի առաջնորդները ի՞նչ են խոստանում գաբավոնացիներին, բայց երեք օր անց ի՞նչ է պարզվում։
  • Ի՞նչ է պատահում, երբ մյուս քաղաքների թագավորները լսում են, որ գաբավոնացիները Իսրայելի հետ խաղաղության դաշինք են կնքել։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Յեսու 9։1-27 համարները։

    Թեև Եհովան պատվիրել էր Իսրայել ազգին ‘այդ երկրի բոլոր բնակիչներին բնաջինջ անել’, նա ի՞նչ հատկություններ դրսևորեց՝ խնայելով գաբավոնացիների կյանքը (Յեսու 9։22, 24; Մատթ. 9։13; Գործք 10։34, 35; Բ Պետ. 3։9)։

    Գաբավոնացիների հետ կապած ուխտին հավատարիմ մնալով՝ Հեսուն ի՞նչ հրաշալի օրինակ է թողել ներկայիս քրիստոնյաների համար (Յեսու 9։18, 19; Մատթ. 5։37; Եփես. 4։25)։

  • Կարդա՛ Յեսու 10։1-5 համարները։

    Այսօր մեծ բազմությունը ինչպե՞ս է ընդօրինակում գաբավոնացիներին և այդպիսով ինչի՞ թիրախ է դառնում (Յեսու 10։4; Զաք. 8։23; Մատթ. 25։35-40; Յայտն. 12։17)։