Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 47: Գող՝ Իսրայելում

Պատմություն 47: Գող՝ Իսրայելում
Աքարը թաքցնում է իր գողացածը

Նայի՛ր, թե այս մարդն ինչ է թաքցնում իր վրանում… Մի գեղեցիկ վերարկու, ոսկու մի ձուլակտոր ու մի քանի կտոր արծաթ։ Նա դրանք վերցրել է Երիքով քաղաքից։ Իսկ Երիքովի իրերն ի՞նչ պիտի արվեին։ Հիշո՞ւմ ես։

Ամեն բան պիտի բնաջնջվեր, իսկ ոսկին ու արծաթը պիտի տարվեին Եհովայի խորանի գանձարանը։ Նշանակում է՝ այս մարդիկ անհնազանդ են գտնվել Աստծուն։ Նրանք գողացել են այն, ինչը Աստծուն է պատկանում։ Այս մարդու անունը Աքար է, իսկ մյուսները նրա ընտանիքի անդամներն են։ Եկ տեսնենք, թե ինչ եղավ հետո։

Աքարի կողմից այս իրերը գողանալուց հետո Հեսուն իր ռազմիկների մի մասին ուղարկում է Գայի քաղաքի դեմ պատերազմելու։ Բայց նրանք պարտվում են մարտում. ոմանք սպանվում են, իսկ մնացածները՝ փախչում։ Հեսուն շատ է տխրում։ Նա երեսի վրա ընկնում է գետնին ու աղոթում. «Եհո՛վա, ինչո՞ւ թույլ տվեցիր, որ մեզ հետ նման բան կատարվի»։

Եհովան պատասխանում է. «Վե՛ր կաց։ Իսրայելը մեղք է գործել։ Նրանք վերցրել են այն իրերից, որոնք կա՛մ պիտի ոչնչացվեին, կա՛մ էլ տարվեին Եհովայի խորանը։ Նրանք գողացել են մի գեղեցիկ վերարկու և թաքցրել այն։ Ես չեմ օրհնելու ձեզ այնքան ժամանակ, մինչև որ չոչնչացնեք այդ իրերը ու գողին»։ Եհովան խոստանում է Հեսուին ցույց տալ, թե ով է այդ չար մարդը։

Ուստի Հեսուն հավաքում է ժողովրդին, ու Եհովան չար Աքարին է մատնացույց անում։ Վերջինս խոստովանում է. «Ես մեղք գործեցի։ Երբ տեսա գեղեցիկ վերարկուն, ոսկու ձուլակտորն ու արծաթի կտորները, չկարողացա զսպել դրանց տիրելու ցանկությունս ու վերցրեցի։ Այդ իրերը գտնվում են իմ վրանում՝ հողի տակ թաղված»։

Երբ այս իրերը գտնվում են ու բերվում Հեսուի մոտ, նա ասում է Աքարին. «Ինչո՞ւ այս փորձանքը բերեցիր մեր գլխին։ Հիմա էլ Եհովան քեզ վրա դժբախտություն կբերի»։ Այդ խոսքերից հետո ողջ ժողովուրդը սկսում է քարկոծել նրան ու նրա ընտանիքի անդամներին այնքան ժամանակ, մինչև որ բոլորը մահանում են։ Մի՞թե այս դեպքը ցույց չի տալիս, որ երբեք չպետք է վերցնենք մեզ չպատկանող իրերը։

Այնուհետև Իսրայելը կրկին դուրս է գալիս Գայի քաղաքի դեմ պատերազմելու։ Այս անգամ արդեն Եհովան օգնում է ժողովրդին, ու նրանք հաղթանակ են տանում։

Յեսու 7։1-26; 8։1-29։



Հարցեր

  • Ո՞վ է նկարում պատկերված այս մարդը, որ թաքցնում է Երիքովից վերցրած թանկարժեք իրերը, և ովքե՞ր են նրան օգնողները։
  • Աքարի ու նրա ընտանիքի կատարածը ինչո՞ւ է այդքան լուրջ մեղք։
  • Եհովան ի՞նչ է ասում, երբ Հեսուն հարցնում է, թե ինչու իսրայելացիները պարտություն կրեցին Գայիի պատերազմում։
  • Ի՞նչ է պատահում Աքարին ու նրա ընտանիքի անդամներին, երբ նրանց բերում են Հեսուի մոտ։
  • Ի՞նչ կարևոր դաս ենք սովորում այն բանից, որ Աքարը պատժվեց։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Յեսու 7։1-26 համարները։

    Հեսուի աղոթքները ի՞նչ են հայտնում Արարչի հետ ունեցած նրա փոխհարաբերությունների մասին (Յեսու 7։7-9; Սաղ. 119։145; Ա Յովհ. 5։14)։

    Աքարի հետ պատահած դեպքը ի՞նչ է ցույց տալիս, և այն ի՞նչ նախազգուշական օրինակ է մեզ համար (Յեսու 7։11, 14, 15; Առակ. 15։3; Ա Տիմոթ. 5։24; Եբր. 4։13)։

  • Կարդա՛ Յեսու 8։1-29 համարները։

    Ներկայումս քրիստոնեական ժողովի առջև մենք ի՞նչ պատասխանատվություն ունենք (Յեսու 7։13; Ղեւտ. 5։1; Առակ. 28։13)։